Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
HR ոլորտ

Ինչպես գրել մոտիվացիոն նամակ․ թեկնածուների մեջ առանձնանալու ձեր հնարավորությունը

10.03.2024 | 4039 դիտում

Թեև միշտ չէ, որ գործատուն պահանջում է մոտիվացիոն կամ ուղեկցող նամակ, սակայն շատերը կարևորում են այն՝ թեկնածուների հմտությունները, փորձը և հաստիքով հետաքրքրվածությունը գնահատելու գործում։ Արդյունավետ ուղեկցող նամակ գրելու առանցքային նպատակը հստակ կերպով ցույց տալն է, թե ինչպես է ձեր մասնագիտական փորձը համապատասխանում թափուր հաստիքի պահանջներին։

 

Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք այն հիմնական գործոններին, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել արդյունավետ և թիրախային մոտիվացիոն նամակ գրելու համար։

 

 

Ի՞նչ է մոտիվացիոն նամակը

Ընդհանուր առմամբ, ուղեկցող նամակը երեք-չորս պարբերությունից բաղկացած տեքստ է՝ ուղղված գործատուներին։ Այն հնարավորություն է տալիս ներկայացնել և հիմնավորել ձեր հետաքրքրությունը աշխատանքի և ընկերության նկատմամբ և ձեր համապատասխանությունը այդ պաշտոնին: Մոտիվացիոն նամակը սովորաբար կցվում է ռեզյումեին։ Ուղեկցող նամակը պետք է ընդգծի ձեր այն հմտությունները, փորձը և ձեռքբերումները, որոնք կարևոր են այն հաստիքի համար, որին դիմում եք։ Ուղեկցող նամակները թույլ են տալիս մանրամասնել ձեր մասնագիտական գործունեության վերաբերյալ էական կետերը և բացատրել, թե ինչու եք լավագույն թեկնածուն պաշտոնի համար:

 

Լավ գրված մոտիվացիոն նամակը տպավորում է գործատուներին և ձեզ առանձնացնում մյուս դիմորդներից: Մինչ շատ գործատուներ խրախուսում են մոտիվացիոն նամակի առկայությունը, միաժամանակ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել ընդհանրական բնույթի ուղեկցող նամակներից։

 

 

Մոտիվացիոն նամակը՝ որպես ինքնաներկայացման միջոց

Մի շտապեք բացել դատարկ էջ և գրել ձեր մոտիվացիոն նամակի առաջին բառերը։ Նախ հարկավոր է հավաքել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, որոնք ուղենիշ են լինելու ձեր մոտիվացիոն նամակի համար: 

 

Մտածեք ձեր փորձի և այն մասին, թե ինչպես են ձեր հմտությունները և գիտելիքները կապված գործատուի պահանջների հետ: Ի՞նչ տաղանդներ, հմտություններ կամ ձեռքբերումներ կցանկանայիք նշել, որոնք ընկերությունը պետք է իմանա ձեր թեկնածությունը դիտարկելու համար։

 

Մտածեք այն ընկերության մասին, որին գրում եք։ Արդյո՞ք դուք բրենդի օգտատերերից եք, արդյո՞ք տպավորված եք կազմակերպության գործունեությամբ և կոնկրետ ո՞ր ասպեկտի մասին ունեք դրական կարծիք։ Սա անհնար է անել՝ առանց ընկերությունն ուսումնասիրելու։ Ծանոթացեք վերջինիս առաքելությանը, տեսլականին, գործունեության հիմնական ուղղություններին։

 

Ձևաչափ

Ուղեկցող նամակը դիտարկեք որպես բիզնես նամակ, որը պետք է ներառի ամսաթիվ, կոնտակտային տվյալներ, դիմելաձև, երեք կամ չորս պարբերություն՝ այդ թվում բացող և ամփոփիչ։ Մի գրեք չափազանց երկար պարբերություններ և մի գերազանցեք մեկ էջը։

 

 

Խորհուրդներ՝ արդյունավետ մոտիվացիոն նամակ գրելու համար

Նախ և առաջ մտածեք մոտիվացիոն նամակը այն հաստիքին համապատասխանեցնելու մասին, որին դիմում եք։ Եթե ամեն անգամ կարող եք նույն ռեզյումեն ուղարկել (իհարկե, պարբերաբար այն թարմացնելով), ապա մոտիվացիոն նամակի պարագայում հաշվի առեք, որ յուրաքանչյուր հաստիքի համար այն տարբեր է լինելու։

 

Խուսափեք ձեր փորձը ընդհանրական ներկայացնելուց

Ձեր հմտությունները թվարկելու փոխարեն նշեք, թե ինչ պարտականություններ եք իրականացրել, ինչպիսի խնդիրներ եք կարողացել լուծել, շոշափելի ինչպիսի արդյունքների եք հասել։ Բոլորն էլ կարող են պնդել, որ ունեն այս կամ այն հմտությունը, սակայն հստակ օրինակները համոզում են գործատուին, որ դուք իսկապես տիրապետում եք դրանց։ 

 

Գրեք հակիրճ և բովանդակալից

Կենտրոնացեք ձեր մասին ամենակարևոր փաստերի վրա: Ուշադիր կարդացեք աշխատանքի նկարագրությունը, որպեսզի կարողանաք ձեր նամակում ցույց տալ, որ ունեք համապատասխան որակավորում և հմտություններ:

 

Հիշեք, թե մասնագիտական որ ձեռքբերումներով եք ամենաշատը հպարտանում: Ընտրեք մեկը կամ երկուսը և դրանք ուղղակիորեն կապեք այն փորձի կամ որակավորումների վրա, որոնք փնտրում է գործատուն։ Շատ մի խորացեք նկարագրությունների մեջ և օգտագործեք միայն մի քանի մանրամասներ՝ դրանք ձևակերպելով կարճ նախադասություններում: 

 

 

Մինչ ուղարկելը ստուգեք և սրբագրեք

Մի քանի անգամ վերընթերցեք ձեր ուղեկցող նամակը, նախքան այն ուղարկելը։ Ուշադրություն դարձրեք ուղղագրական, քերականական կամ կետադրական սխալներին: Բարձրաձայն կարդալը կարող է օգնել ձեզ ընտրել անհարմար արտահայտությունները կամ, նկատելով չափազանց երկար նախադասություններ, կրճատել դրանք: 

 

Այսպիսով, մոտիվացիոն նամակը հնարավորություն է՝ ընդգծելու համար ձեր կարողությունները և մասնագիտական անհատականությունը: Օգտագործեք այն՝ ներկայացնելու համար ձեր ամենակարևոր ուժեղ կողմերը։

 

Կհետաքրքրեն նաև