Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
HR ոլորտ

Բացահայտելով յուրաքանչյուր աշխատակցի ներուժը․ դեմ առ դեմ  հանդիպումներ

26.06.2023 | 1683 դիտում

 

Աշխատակիցների հետ դեմ առ դեմ հանդիպումներ անցկացնելը մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կարևորագույն գործառույթներից մեկն է։ Այսպես կոչված 1-on-1 հանդիպումների հիմնական նպատակն աշխատակցի առաջընթացը և աշխատանքի հետ կապված մի շարք կարևոր հարցեր քննարկելն է։ 

 

Այս ձևաչափով հանդիպումը հնարավորություն է տալիս պարբերաբար աշխատակցի հետ քննարկել ընթացիկ աշխատանքները կամ խնդիրները և տրամադրել հետադարձ կապ:

 

Ի՞նչն է ապահովում դեմ առ դեմ հանդիպումների հաջողությունը, ինչպե՞ս ճիշտ պատրաստվել և ի՞նչ հարցեր տալ՝ օգնելով յուրաքանչյուր աշխատողին զարգացնել մասնագիտական հմտությունները և ապահովելով աշխատանքի արդյունավետությունը․ այս ամենի մասին է մեր այօրվա բլոգը։


Կանոնավոր կապ աշխատակիցների հետ կամ դեմ առ դեմ հանդիպումների դերը 

Ինչպես հուշում է անվանումը՝ 1-on-1, սա դեմ առ դեմ հանդիպում է, որի մասնակիցները երկու անձինք են՝ ՄՌԿ մասնագետը և աշխատակիցը։ ՄՌԿ մասնագետները քաջատեղյակ են, որ հաղորդակցությունը թիմի անդամների հետ ամուր հարաբերություններ կառուցելու հիմքն է: Այդ է պատճառը, որ որքան էլ ժամանակատար լինի յուրաքանչյուր աշխատակցի հետ այս ձևաչափով հաղորդակցվելը, այնուամենայնիվ նման հանդիպումների պարտադիր անցկացումը կարևորվում է մասնագետների կողմից։

 

Ի տարբերություն այլ հանդիպումների, ինչպիսիք են, օրինակ, աշխատակիցների կատարողականի հետ կապված հանդիպումները, դեմ առ դեմ հանդիպումը սովորաբար ավելի քիչ պաշտոնական բնույթ է կրում։ Մտահոգությունների արտահայտումից մինչև թիմային աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու գաղափարներ․ անհատական հանդիպումների ընթացքում կարող են քննարկվել տարբեր թեմաներ։ 

 

Անհատական հանդիպումներն օգնում են կանոնավոր կերպով կապի մեջ մնալ յուրաքանչյուր թիմակցի հետ: Սովորաբար դրանք անցկացվում են որոշակի պարբերականությամբ, օրինակ, ամիսը մեկ անգամ։ Նման հանդիպումների հաճախականությունը կարող է տարբեր լինել՝ պայմանավորված տարաբնույթ հանգամանքներով, օրինակ, եթե թիմը շարունակաբար բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում կամ բախվում է նորանոր մարտահրավերների, ապա հնարավոր է դեմ առ դեմ հանդիպումների անցկացումն ավելի հաճախ անհրաժեշտ լինի, օրինակ, ամիսը երկու անգամ։

 

 

Ինչո՞ւ են դեմ առ դեմ հանդիպումները կարևոր

Նախ և առաջ, դեմ առ դեմ հանդիպումները թույլ են տալիս ամուր հարաբերություններ հաստատել թիմակիցների հետ: Ժամանակ տրամադրելով աշխատակիցներին լսելու, նրանց խնդիրներով հետաքրքրվելու, դրանց լուծման նպատակով աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև աշխատակիցների բարեկեցության նկատմամբ անկեղծ հետաքրքրություն ցուցաբերելու համար՝ ՄՌԿ մասնագետները վստահության և հարգանքի վրա հիմնված հարաբերություններ են ստեղծում թիմում և բարձրացնում են աշխատակիցների մոտիվացիան։

 

Դեմ առ դեմ հանդիպումներն օգնում են բացահայտել և ժամանակին լուծել այն խնդիրները, որոնք բացասաբար են ազդում աշխատակցի արդյունավետության վրա։ Անհատական հանդիպումները լավ առիթ են նաև աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացման կարիքների բացահայտման համար։ 

 

Աշխատակիցների հետ պարբերական շփումների շնորհիվ ՄՌԿ մասնագետները կարող են հասկանալ թիմում տիրող մթնոլորտը, աշխատակիցների տրամադրությունները, ինչպես նաև բացահայտել հնարավոր կոնֆլիկտային իրավիճակների հանգեցնող գործոնների առկայությունը։

 

Ինչպե՞ս նախապատրաստվել և անցկացնել դեմ առ դեմ հանդիպում

Դեմ առ դեմ հանդիպումներ նախապատրաստելիս և անցկացնելիս համոզվեք, որ կատարել եք ստորև նշված քայլերը։

 

Նախապես իրազեկեք հանդիպման մասին։ Մի քանի օր առաջ տեղեկացրեք հանդիպման մասին: Սա հնարավորություն կտա աշխատակցին պատրաստվել և մտածել, թե ինչ հարցեր է ուզում նա քննարկել։ Խոսեք աշխատակիցների հետ՝ հանդիպման օրը և ժամը նրանց հիմնական զբաղվածությանը հարմարեցնելու համար: 

 

Ներկայացրեք օրակարգը։ Աշխատակցին հանդիպման մասին իրազեկող նամակում նշեք հանդիպման նպատակը և այն թեմաները, որոնց ցանկանում եք անդրադառնալ, օրինակ, առաջադրանքների կատարման բարելավումը, աշխատավայրում տեղի ունեցող վերջին զարգացումները, առկա խոչընդոտները և դրանք հաղթահարելու առաջարկները և այլն։

 

Որոշ մասնագետներ նախընտրում են զրույցի ընթացքում տրվելիք հարցերը ևս ուղարկել նախապես՝ օգնելով աշխատակցին պատրաստվել հանդիպմանը։ 

 

Հանդիպման տևողությունը կախված է քննարկվող թեմաներից, սակայն լավագույն փորձը հուշում է, որ նպատակահարմար տևողությունը 30-60 րոպեն է։

 

Որոշեք հանդիպման վայրը։ Ընտրեք այնպիսի վայր, որտեղ աշխատակիցն իրեն հարմարավետ կզգա և կտրամադրվի բաց և անկեղծ զրույցի։ Օրինակ, միգուցե կոնֆերանսների սենյակն այնքան էլ լավ ընտրություն չէ, քանի որ միջավայրը չափազանց պաշտոնական է։ Փոխարենը մտածեք ոչ պաշտոնական միջավայրում` մեկ բաժակ սուրճի շուրջ զրույց կազմակերպելու մասին։

 

Վայրի ընտրության հարցում կարող եք լսել նաև աշխատակցի կարծիքը, քանի որ ձեր գլխավոր նպատակը վերջինիս համար հարմար վայր ընտրելն է։ Եթե հանդիպումն անցկացնում եք հեռավար աշխատող թիմակցի հետ, ապա զրույցի մթնոլորտը նրա համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով կարող եք թույլ տալ, որպեսզի աշխատակիցը որոշի, թե արդյոք ուզում է տեսախցիկը միացնել, թե ոչ։ Առաջարկեք նրան ազատ զգալ, ցանկության դեպքում նաև սուրճ կամ թեյ խմել զրույցի ընթացքում։

 

Սկսեք հանդիպումը ժամանակին։ Գնահատելով աշխատակցի ժամանակը և կարևորելով նրա հետ քննարկումը՝ հանդիպումը սկսեք սահմանված ժամին, ինչը թույլ կտա ժամանակին ավարտել այն և վերադառնալ մյուս աշխատանքներին։ 

 

Սկսեք ճշգրտող հարցերով։ Դա կօգնի ձեր և աշխատակցի միջև հանգիստ և լարվածությունից զերծ մթնոլորտ ստեղծել: Կարող եք խոսել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների, օրինակ, այն բարդ առաջադրանքների մասին, որոնց վրա թիմը ներկայումս աշխատում է կամ մեկնաբանել աշխատավայրի նորությունները, օրինակ, առաջիկայում անցկացվելիք թիմբիլդինգը կամ թիմային նոր համալրումները: Նպատակն անկեղծ և թեթև զրույցով հանդիպման սկիզբը դնելն է։

 

 

Կազմեք արդյունավետ հարցեր։ Անհատական հանդիպումը մենախոսություն չէ, հետևաբար ձեր հարցերը պետք է միտված լինեն երկխոսության ծավալմանը։ 

 

Հարցերը միջոց են, որոնցով ՄՌԿ մասնագետը կարող է ուղղորդել զրույցը։ Տվեք բաց հարցեր, որոնք քննարկման սկիզբ կարող են դնել և խուսափեք փակ հարցերից, որոնց դեպքում պատասխանը հնչում է մեկ բառով։ Դեմ առ դեմ հանդիպմանը կարող եք օգտագործել հետևյալ բաց հարցերը․

     ✓ Ի՞նչ դժվարությունների եք բախվում այժմ ձեր աշխատանքում։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ձեզ հաղթահարել դրանք:

     ✓ Որո՞նք են ձեր մասնագիտական նպատակները և ինչպե՞ս կարող ենք դրանց հասնելու գործում օգնել ձեզ:

     ✓ Ինչպիսի՞ առաջադրանքի վրա եք ներկայումս աշխատում:

     ✓ Կա՞ որևէ բան, որը դեռ չենք քննարկել, որի մասին, սակայն, կցանկանայիք խոսել:

 

Անդրադարձեք նախորդ հանդիպումներին։ Վերհիշեք նախորդ հանդիպման ընթացքում քննարկված հիմնական հարցերը, եթե աշխատակցի կողմից խնդիրներ են բարձրացվել, ապա անդրադարձեք դրանց ուղղությամբ ձեռնարկված քայլերին։

 

Հարցրեք առաջընթացի և մարտահրավերների մասին։ Հարցրեք աշխատակցին, թե  ինչպես է նա գնահատում իր մասնագիտական աճը՝ պատկերացում կազմելու համար  աշխատանքի նկատմամբ նրա վերաբերմունքի մասին: Օրինակ, եթե նա ոգևորությամբ խոսում է առաջադրանքը կատարելիս ձեռք բերված նոր հմտությունների մասին, ապա դա կարող է հուշել աշխատակցի նվիրված գործունեության և մասնագիտորեն զարգանալու պատրաստակամության մասին։

 

Հետաքրքրվեք նաև մարտահրավերներով, որոնց աշխատակիցը բախվում է։ Լուծումներ առաջարկեք խնդրահարույց հարցերին և ցույց տվեք, որ պատրաստ եք աջակցել նրանց՝ բարդությունները հաղթահարելու ճանապարհին։

 

Եղեք ակտիվ լսող։ Եթե հանդիպմանը տրամադրված ժամանակի 50%-ից ավելին դուք եք խոսում, ապա վերանայեք ձեր մոտեցումը և փորձեք ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատակցին լսելուն։ Ձեր ողջ ուշադրությունը կենտրոնացրեք աշխատակցի հետ զրույցի վրա և մի փորձեք զուգահեռաբար այլ «փոքրիկ» գործեր անել, օրինակ, ստուգել էլեկտրոնային փոստը կամ արագ զանգեր կատարել։ 

 

Անդրադարձեք հաջողություններին։ Հանդիպման ավարտին ժամանակ հատկացրեք անդրադառնալու համար այն դրական կողմերին, որոնք նկատում եք թիմակցի աշխատանքում, օրինակ, գուցե ձեզ համար բացահայտում են եղել թիմակցի առաջնորդության հմտությունները, որոնցով նա աչքի է ընկել վերջին ծրագրի իրականացման ընթացքում։ Նշեք, որ ուրախ եք թիմում նման գործընկեր ունենալու համար։ Թույլ տվեք, որ աշխատակիցն իրեն գնահատված կզգա:

 

Քննարկեք ակնկալիքները։ Հանդիպման ավարտին կենտրոնացեք այն ակնկալիքների վրա, որոնք ունեք աշխատակցից և որոնց ուղղությամբ կատարվելիք քայլերը քննարկվելու են հաջորդ դեմ առ դեմ հանդիպման ընթացքում։ Այդ ակնկալիքները կարող են կապված լինել հանդիպմանը քննարկված հարցերի հետ: Խոսքը երկարաժամկետ արդյունքների միտված սպասումների մասին չէ և կարող է լինել, օրինակ, աշխատակցի կողմից ներկայիս բարձր արդյունավետության պահպանումը։ Հստակ ակնկալիքներ սահմանելն օգնում է աշխատակցին կենտրոնանալ աճի վրա և հաշվետու լինել իր կատարած աշխատանքի համար:


Այսպիսով, առաջնահերթություն տալով դեմ առ դեմ հանդիպումներին, հնարավորություն ունեք արդյունավետ հաղորդակցության միջոցով ստեղծել դրական հարաբերություններ աշխատակիցների հետ, որով պայմանավորվում է ոչ միայն թիմակիցների, այլև ամբողջ կազմակերպության աշխատանքի արդյունավետությունը։

 

Կհետաքրքրեն նաև