Հավաքագրման մարտահրավերները. ինչպե՞ս հաղթահարել դրանք
Ժամանակակից մրցակցային աշխատաշուկայում լավագույն թեկնածուին աշխատանքի ընդունելու ճանապարհին հավաքագրման մասնագետները բախվում են տարբեր մարտահրավերների։ Հնարավոր խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ համապարփակ պատկերացում կազմելը կօգնի կանխատեսել և հաղթահարել դրանք՝ դարձնելով հավաքագրման գործընթացն ավելի արդյունավետ։
Կախված իրավիճակի բնույթից՝ հավաքագրման թիմը կարող է տարբեր մարտահրավերների բախվել։ Մենք առանձնացրել ենք դրանցից մի քանիսը, որոնք ընդհանուր առմամբ բնորոշ են հավաքագրման գործընթացին։ Այսպիսով, որո՞նք են այն ամենատարածված մարտահրավերները, որոնց բախվում են հավաքագրման թիմերը և ինչպե՞ս հաղթահարել դրանք՝ ապահովելով գործընթացի առավելագույն արդյունավետությունը․ հարցերի պատասխանները՝ մեր այսօրվա բլոգում։
Կապը թեկնածուի հետ
Շատ հաճախ թեկնածուները միաժամանակ մի քանի նամակ են ստանում տարբեր կազմակերպությունների հավաքագրման մասնագետներից։ Այս դեպքում հավաքագրման մասնագետը պետք է փորձի իր առաջարկով և մոտեցմամբ տարբերվել մրցակիցներից։ Հիշեք՝ ձեր հաղորդագրությունն իր բովանդակությամբ պետք է առանձնանա մյուսներից։ Այդ պատճառով մի շտապեք համապատասխան թեկնածուին գտնելուն պես իսկույն կապ հաստատել նրա հետ կամ համագործակցության առաջարկի միևնույն նամակն ուղարկել տարբեր թեկնածուների։
Վերջիններիս հետ կապ հաստատելուց առաջ ուսումնասիրեք նրանց մասնագիտական գործունեությունը և մինչ այժմ անցած ուղին, փորձեք հասկանալ, թե ինչն է աշխատանքում կարևոր նրանց համար: Թեկնածուի հետ կապ հաստատելիս մանրամասնեք, թե ինչպես կարող է ձեր ընկերությունը մասնագիտական առումով լինել լավագույն աշխատավայրը նրանց համար։
Դրական բրենդի ստեղծում
Մրցակցային աշխատաշուկայում տաղանդավոր թեկնածուներն ունեն ընտրության բազմաթիվ տարբերակներ։ Այս կամ այն ընկերությանը միանալու որոշում կայացնելիս նրանք հաշվի են առնում ոչ միայն վարձատրության չափը, արտոնությունների փաթեթների առկայությունը, այլև ընկերության մշակույթը և պատահական չէ, որ կան որոշ ընկերություններ, որոնք մարդիկ սովորաբար համարում են հիանալի աշխատավայր։ Գործատուի բրենդն օգնում է նման աշխատավայր համարվելու նպատակով կայուն հեղինակություն ձեռք բերել:
Գործատուի բրենդը օգնում է դրական ընկալում ստեղծել ձեր ընկերության և նրա արժեքների մասին, ինչն ավելի հավանական է դարձնում, որ թեկնածուները որոշում կայացնելիս առավելությունը տան ձեր ընկերությանը։
Լավագույն թեկնածուների որոնում
Այս կամ այն հաստիքի համար լավագույն թեկնածուներին բացահայտելը կարող է բազմաթիվ մարտահրավերային կողմեր ներառել։ Թեկնածուների որոնման գործընթացում օգտվեք տարբեր աղբյուրներից։
Տարբերակները բազմաթիվ են՝ ներքին հավաքագրումից մինչև թափուր աշխատատեղերի հայտարարությունների կայքեր։ Կարող եք նաև կազմակերպության ներսում աշխատակիցներին իրազեկել թափուր հաստիքի մասին և ուղղորդումներ խնդրել։ Մեկ այլ տարբերակ է թեկնածուների որոնումը մասնագիտական ցանցերի՝ ասոցիացիաների և տարբեր մասնագիտական միավորումների շրջանակներում։ Եվ իհարկե, ուշադրությունից բաց մի թողեք թեկնածուների հետ պրոֆեսիոնալ սոցիալական ցանցերի, օրինակ LinkedIn-ի միջոցով կապ հաստատելու հնարավորությունը։
Հեռավար աշխատող թեկնածուների հավաքագրում
Ժամանակակից աշխատաշուկայի հիմնական միտումներից է նաև ամբողջությամբ կամ մասնակի անցումը հեռավար կամ հիբրիդային աշխատանքի։ Նման ձևաչափով աշխատանքի պարագայում թեկնածուներ որոնելը մարտահրավերային է մի քանի պատճառով։ Նախ և առաջ, հավաքագրման գործընթացն այս պարագայում հաճախ իրականացվում է առցանց տարբերակով, որի դեպքում նվազում են դեմ առ դեմ հաղորդակցության և հավաքագրման այն հիմնական ռազմավարությունների կիրառման հնարավորությունները, որոնք ավանդաբար կիրառվել են հավաքագրման մասնագետների կողմից։
Հեռավար աշխատող թեկնածուների հավաքագրելիս հարցազրույցներն անցկացրեք տեսազանգերի միջոցով։ Առաջնահերթությունը տվեք այն թեկնածուներին, ովքեր հեռավար աշխատանքի փորձ ունեն, քանի որ այն պահանջում է եզակի հմտություններ և սովորություններ, ինչպիսիք են հաղորդակցման հմտությունները, ժամանակի կառավարումը և վիրտուալ թիմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողությունը:
Հեռավար թիմերի հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ բլոգներից մեկում։
Հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացում
Աշխատանքի համար ճիշտ թեկնածուին գտնելու գործընթացն արագ կերպով իրականացնելը մարտահրավեր է հավաքագրման շատ թիմերի համար։ Երբեմն համապատասխան թեկնածուների որոնումը կարող է շաբաթներ և անգամ ամիսներ պահանջել։
Երկար որոնումներից խուսափելու նպատակով ունեցեք թեկնածուների բազա։ Պահպանեք նախորդ աշխատանքի ընդունման գործընթացում ձեզ ուղարկված դիմումները։ Հնարավորինս հստակ սահմանեք հաստիքի պահանջները, ինչը կօգնի նեղացնել որոնման շրջանակը և թիրախային կերպով իրականացնել տաղանդների որոնումը։
Թեկնածուի դրական փորձառություն
Թեկնածուի փորձառությունը կարող է վճռական լինել աշխատանքի առաջարկն ընդունելու հարցում։ Թեկնածուներից յուրաքանչյուրին վերաբերվեք որպես անհատի, այլ ոչ թե պարզապես դիմորդի։ Վերջինիս հետ անձնական շփում նախաձեռնելուց առաջ ուսումնասիրեք նրանց ռեզյումեն։ Այս անհատականացված մոտեցումը վկայում է ձեր հետաքրքրության և թեկնածուի մասնագիտական հմտություններն արժևորելու մասին։
Թեկնածուի դրական փորձառությունը ձևավորվում է հստակ և թափանցիկ հաղորդակցության միջոցով։ Հավաքագրման ողջ գործընթացում թեկնածուներին տեղեկացրեք թարմացումների մասին: Իրազեկեք հարցազրույցի փուլերի և թեկնածությունը դիտարկելու ժամանակացույցի մասին։ Պատասխանեք թեկնածուների հարցումներին ժամանակին և պրոֆեսիոնալ կերպով:
Կառուցողական արձագանքները նպաստում են ձեր կազմակերպության դրական հեղինակության ձևավորմանը։ Հնարավորության դեպքում թեկնածուներին տրամադրեք կառուցողական արձագանքներ, նույնիսկ եթե նրանք չեն ընտրվել: Դրանով մի կողմից կօգնեք թեկնածուներին հասկանալ, թե նրանք որ հմտությունները բարելավելու կարիք ունեն, մյուս կողմից՝ ցույց կտաք, որ գնահատում եք նրանց ջանքերն ու ժամանակը, որը ներդրել են ձեր կազմակերպությունում աշխատանքի դիմելու համար։
Հավաքագրման ժամանակի խելամիտ օգտագործում
Թեկնածուների դիմումների դիտարկումը, աշխատանքի պահանջներին համապատասխանող դիմորդների առանձնացումը և վերջնական ցանկի կազմումը տևական ժամանակ և ջանքեր պահանջող գործընթացներ են։ Ներկայումս տեխնոլոգիական գործիքների շնորհիվ այս գործընթացները հնարավոր է իրականացնել մի քանի րոպեում։ Նման գործիք է կիրառում նաև Job.am-ը։ Կայքի արհեստական բանականությամբ հզորացված համակարգը թույլ է տալիս գնահատել դիմորդների փորձի և հմտությունների համապատասխանությունը այն հաստիքին, որի համար նրանք դիմել են։ Այդպիսով հավաքագրման մասնագետները կարող են խնայել իրենց ժամանակը՝ հավաքագրման ավելի կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող փուլերի համար այն օգտագործելու նպատակով։
Անկողմնակալ հավաքագրում
Հավաքագրման թիմերի նպատակն է ընտրել լավագույն թեկնածուին՝ հիմնվելով մասնագիտական որակավորումների վրա և անտեսելով նրա անձնական տվյալները, որոնք աշխատանքի հետ որևէ աղերս չունեն: Անաչառ հավաքագրում իրականացնելու նպատակով անցկացրեք կառուցվածքային հարցազրույցներ՝ բոլոր թեկնածուներին ուղղելով միևնույն հարցերը: Սա օգնում է ապահովել արդար և հավասար վերաբերմունք՝ յուրաքանչյուր թեկնածուին տալով իրենց հմտություններն ու որակավորումները ներկայացնելու համար նույն հնարավորությունը։
Հարցազրույցի փուլում հավաքագրման թիմում ընդգրկեք մի քանի անձանց՝ ինչպես մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից, այնպես էլ կոնկրետ թափուր հաստիքի բաժնից։ Թեկնածուների մասին տարբեր կարծիքները կնպաստեն ավելի համապարփակ գնահատմանը և կնվազեցնեն անհատական կողմնակալության ազդեցությունը:
Հավաքագրման թիմը պետք է խուսափի այնպիսի հարցեր տալուց, որոնք կարող են հանգեցնել խտրականության կամ կողմնակալության, օրինակ՝ տարիքի, ամուսնական կարգավիճակի, սեռի, կրոնի, քաղաքական հայացքների մասին: Կենտրոնացեք թեկնածուների որակավորումների, հմտությունների և աշխատանքային համապատասխան փորձի գնահատման վրա:
Հարցազրույցի հարցերի բարելավում
Յուրաքանչյուր հարցազրույցի համար նախատեսված է սահմանափակ ժամանակ։ Հարգելով և՛ թեկնածուների, և՛ ձեր ժամանակը՝ այնպիսի հարցեր նախապատրաստեք, որոնք թույլ կտան լավագույնս օգտակար տեղեկություններ պարզել թեկնածուի մասին։ Այդ նպատակով մտածեք այնպիսի հարցեր, որոնք կարող են հստակ պատկերացումներ տալ թեկնածուի մասնագիտական որակների մասին։ Օրինակ, թեկնածուին իր մասին պատմել խնդրելու փոխարենը, հարցրեք, թե որ հմտություններն են նրանց դարձնում տվյալ պաշտոնի համար լավագույն թեկնածուն։
Թեկնածուներին տվեք վարքագծային հարցեր։ Խուսափելով վերացական ձևակերպումներից՝ հստակեցրեք հարցերը՝ կենտրոնանալով աշխատանքի հետ կապված կոնկրետ իրավիճակների կամ սցենարների վրա և խնդրեք թեկնածուներին ներկայացնել օրինակներ, թե ինչպես են նրանք վարվել նմանատիպ իրավիճակներում նախկինում:
Կենտրոնացեք հաստիքի հիմնական պարտականությունների վրա և մշակեք հարցեր, որոնք կօգնեն բացահայտել այդ պարտականությունների կատարման որակը։ Օրինակ, եթե աշխատանքի համար կարևոր է թիմային աշխատանքը, խնդրեք թեկնածուներին նկարագրել թիմային միջավայրում համատեղ աշխատելու փորձը:
Օգտագործեք տվյալներ
Տվյալների հավաքագրումը և վերլուծությունը հիմք են հանդիսանում որոշումների արդյունավետ կայացման համար։ Սահմանեք հիմնական ցուցանիշները, որոնք համահունչ են ձեր հավաքագրման նպատակներին: Դրանց թվում կարող են լինել թափուր հաստիքի լրացման ժամանակը, հավաքագրման աղբյուրները, արժեքը և այլն։ Հստակ սահմանեք, թե ինչպիսի ցուցանիշներն են համարվում ձեզ համար դրական և որոնք գոհացնող չեն և հավաքագրման ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտություն են առաջացնում։
Պարզեք, թե որ աղբյուրներն են ձեզ համար ամենաարդյունավետը՝ որակյալ թեկնածուների որոնման գործում։ Գնահատեք յուրաքանչյուր աղբյուրից ձեզ դիմած թեկնածուների քանակն ու որակը։ Մի մոռացեք հաշվարկել նաև ամբողջ հավաքագրման գործընթացի ծախսարդյունավետությունը՝ հետագա գործընթացում ռեսուրսները ճիշտ բաշխելու նպատակով։
Հավաքագրման մարտահրավերների հաղթահարման համար անհրաժեշտ է ցուցաբերել ռազմավարական մոտեցում։ Այս գործում ձեզ կօգնեն և՛ նորագույն տեխնոլոգիաները, և՛ ձեր փորձը։ Հաշվի առնելով վերոնշյալ խորհուրդները՝ կկարողանաք առավելագույն արդյունավետությամբ լուծել հավաքագրման հիմնական խնդիրը՝ համալրել ընկերության թիմը լավագույն տաղանդներով։
Կհետաքրքրեն նաև