Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
HR ոլորտ

2024-ի 5 ամենակարևոր HR թրենդները

13.01.2024 | 4748 դիտում

HR ոլորտը շարունակում է դինամիկ կերպով զարգանալ՝ պայմանավորված տարբեր գործոնների ազդեցությամբ։ Խոսքն առաջին հերթին տեխնոլոգիական առաջընթացի մասին է։ Պակաս կարևոր չեն նաև աշխատանքի հեռավար և հիբրիդային ձևաչափերի տարածման, կայունության և երկարաժամկետ արդյունքների ձգտող ընկերությունների կողմից աշխատակիցների բարեկեցության կարևորման միտումները։ 

 

Ի՞նչ ուղղություններով է զարգանալու մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտը 2024-ին և ինչպե՞ս ընդունել փոփոխությունները և օգտագործել դրանք աշխատավայրում արդյունավետության բարձրացման նպատակով․ այս հարցերին կանդրադառնանք մեր այսօրվա բլոգում։

 

Նորագույն տեխնոլոգիաների կիրառում՝ HR գործընթացներն օպտիմալացնելու նպատակով

Արհեստական բանականությամբ (AI) օժտված տեխնոլոգիաների ներդրմամբ HR թիմերը կարող են բարելավել արդյունավետությունը և պատկերացում կազմել աշխատուժի մասին: Նմանատիպ տեխնոլոգիաների շնորհիվ մինչ շատ բաներ կանեն «խելացի» համակարգերը, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները կկարողանան իրենց ժամանակը հատկացնել ավելի կարևոր նախագծերին, որոնք նրանցից պահանջում են շատ ժամանակ և ջանքեր։

 

 

Հավելենք նաև, որ HR տեխնոլոգիաների կիրառմանը զուգընթաց մեծանում է տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը։ Առաջատար տեխնոլոգիաները ներկայումս թույլ են տալիս չափել ՄՌԿ գործունեության տարբեր ասպեկտների արդյունավետությունը և որոշումներ կայացնելիս հիմնվել ոչ թե աղոտ կանխատեսումների, այլ հստակ ցուցանիշների վրա։ Նման հնարավորությունը քչերը կուզենան բաց թողնել, հետևաբար ընթացիկ տարվա HR միտումներից մեկն էլ տվյալահեն գնահատումները կլինեն։

 

Job.am-ը մշտապես կարևորում է առաջատար տեխնոլոգիաների և ավտոմատացման միջոցով գործընկերների աշխատանքը բարելավելու խնդիրը։ Այդ է պատճառը, որ հարթակում ներդրված համակարգերի շնորհիվ մի կողմից հեշտացնում ենք թափուր հաստիքի համար թեկնածուների դիմելու գործընթացը և մյուս կողմից էլ ՄՌԿ մասնագետներին աջակցում ենք հավաքագրման, թեկնածուների համակողմանի գնահատման և արդյունավետ որոշումների կայացման գործընթացներում։ 

 

Հավաքագրման ավտոմատացում

Ընկերությունների հաջողության հիմքում անհատների աշխատանքն է։ Լավագույններին գտնելը և ներգրավելը կազմակերպության թիմում ՄՌԿ մասնագետների առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Այս գործընթացը, սակայն, որքան կարևոր, կրկնակի անգամ բարդ է և ժամանակատար։ Այդ է պատճառը, որ այս տարվա ընթացքում ոլորտի զարգացման միտումների մեջ ականատեսը կլինենք նաև հավաքագրման մեջ ավտոմատացման գործընթացների տարածմանը, որոնք էլ ավելի լայն կիրառում կգտնեն ամենատարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններում։

 

 

Այս գործում ևս մենք լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով HR մենեջմենթի առցանց մի գործիք, որի առանձնահատկություններին և ընձեռած հնարավորություններին առավել մասնրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Պետք է նաև հաշվի առնել, որ որքան էլ տեխնոլոգիաների նշանակությունը մեծանա, այնուամենայնիվ, մարդկային գործոնի դերը շարունակելու է մնալ գերակա։ Ի վերջո, առկա լուծումները պարզապես գործիքներ են, որոնց արդյունավետությունը կախված է օգտագործողներից։ Այստեղ է, որ HR մասնագետներից պահանջվելու է ոչ միայն մասնագիտական հարուստ գիտելիքների և հմտությունների պաշար, այլև տեխնոլոգիական գործիքների տիրապետում։ Տարբեր համակարգեր կարող են տրամադրել համապարփակ տվյալներ, սակայն դրանց վրա հիմնված որոշումների կայացումը մնում է արդեն մասնագետների անմիջական գործունեության տիրույթում։

 

Հեռավար աշխատակիցների ինտեգրում

Հեռավար աշխատանքի ձևաչափի տարածումն իր հետ բերում է ինչպես բազմաթիվ դրական փոփոխություններ աշխատանքի կազմակերպման գործում, այնպես էլ առաջացնում է մի շարք մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար ՄՌԿ մասնագետներից պահանջվում են հստակ մշակված ռազմավարական մոտեցումներ։ 

 

 

Արդյունավետ հաղորդակցությունը հեռավար համագործակցության հիմքն է։ Այս հարցում ՄՌԿ մասնագետների լավագույն օգնականներն առցանց հարթակներն են, որոնց միջոցով իրականացվում է աշխատակցի հետ ողջ հաղորդակցությունը՝ առօրյա առաջադրանքներից մինչև անձնական կապերի հաստատում։ Տեսակապերի հարթակներից մինչև ինտերակտիվ համագործակցության համար մշակված հատուկ ծրագրերի միջոցով հեռավար աշխատակիցների հետ կապի պահպանումը կօգնի, որպեսզի վերջիններս իրենց տեղեկացված և թիմում ներգրավված զգան։ 

 

Հմտությունների զարգացում և ուսուցում

Թվայնացվող դարաշրջանում ավելի ու ավելի բարդ և հզոր տեխնոլոգիաներ են առաջ գալիս՝ մասնագետների աշխատանքը տարբեր մակարդակներում կատարելագործելու համար: Ընկերությունների համար հրամայական է դառնում տարբեր բաժինների աշխատակիցների վերապատրաստումը և հմտությունների կատարելագործումը։ 

 

 

Բացառություն չեն նաև ՄՌԿ մասնագետները, ովքեր արագընթաց կերպով զարգացող շուկայում արդյունավետ աշխատելու նպատակով պետք է ձեռք բերեն նոր հմտություններ։ Այս հարցի ամենակարևոր կողմերից մեկը ընկերությունների աջակցությունն է աշխատակիցների վերապատրաստման և նոր տեխնոլոգիաներին ու հմտություններին տիրապետելու գործընթացին։

 

Տաղանդների գնահատում՝ հմտությունների հիման վրա

Հմտությունների վրա հիմնված մոտեցումն աննախադեպ տարածում է գտնում, քանի որ գործատուները թեկնածուների ընտրության հարցում ավելի ու ավելի են հիմնվում նրանց հմտությունների և կարողությունների վրա։ Այսպիսով, ՄՌԿ մասնագետները սկսում են հեռանալ գնահատման այն մոդելից, որը հիմնված է բացառապես ավանդական որակավորումների կամ կրթական աստիճանների վրա:

 

 

Հմտությունների վրա հիմնված տաղանդների գնահատումը ենթադրում է մի շարք առավելություններ։ Հմտությունները հաճախ ավելի շոշափելի և չափելի են, քան մյուս որակները։ Հմտությունների վրա հիմնված գնահատումը թույլ է տալիս հավաքագրման մասնագետներին աշխատանքի կոնկրետ պահանջներին համապատասխանող թեկնածուների որոնել։

 

Ինչպես տեսանք, ընթացիկ տարում HR ոլորտը կշարունակի փոփոխությունների ենթարկվել։ Այդ փոփոխությունները միտված կլինեն ավելի արդյունավետ աշխատանքի խթանմանը, սակայն, միևնույն ժամանակ, կարող են մարտահրավերներ նետել ավանդական աշխատանքային համակարգերին։ Հիմնական միտումը տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված ավտոմատացման գործընթացներն են, որոնց համատեքստում ՄՌԿ մասնագետները պետք է շարունակեն համադրել մարդկային գործոնի դերը ամենատարբեր առաջատար համակարգերի միջոցով իրականացվող աշխատանքի հետ։ 

 

Կհետաքրքրեն նաև