Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

8 աշխատանք, որոնք կարող եք կատարել տնից

18.02.2024 | 5191 դիտում

Շատ մասնագետներ այժմ նախընտրում են աշխատել հեռավար՝ պայմանավորված այն առավելություններով, որոնք այդ աշխատանքը տալիս է, օրինակ՝ ճկուն գրաֆիկ, աշխատանք ցանկացած վայրից և այլն։

 

Եթե ցանկանում եք անցնել հեռավար աշխատանքի, ապա դիտարկեք ստորև ներկայացվող մասնագիտությունների ցանկը։

 

Ծրագրավորողներ

Վեբ կայքերի և հավելվածների մշակմամբ զբաղվող այս մասնագետները ոչ միայն ունեն մեծ պահանջարկ, համարվում են ամենաբարձր վարձատրվող աշխատանքներից մեկը կատարողները, այլև կարող են աշխատել աշխարհի ցանկացած կետից։ Ծրագրավորողների աշխատանքը բազմաբնույթ է և ենթադրում է ինչպես նոր կայքերի և հավելվածների ստեղծում, այնպես էլ արդեն իսկ առկա ռեսուրսների թարմացում և կատարելագործում։ Այս ամենը կատարվում է՝ հաշվի առնելով թվային անվտանգության և կայքի ֆունկցիոնալ չափանիշները ապահովելու և պահպանելու հետ կապված պահանջները։ Այս մասնագետները տիրապետում են ծրագրավորման տարբեր լեզուների (օրինակ՝ Python, Java, JavaScript և այլն), ունեն խնդիրներ լուծելու հմտություններ, ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմի կազմում արդյունավետ աշխատելու կարողություն:

 

 

Վաճառքի մասնագետ

Վաճառքի մասնագետները ներկայացնում են ապրանքները կամ ծառայությունները պոտենցիալ հաճախորդներին։ Դա կարող է արվել վերջիններիս հետ հեռախոսազանգերի կամ էլեկտրոնային նամակագրության միջոցով։ Նրանք զարգացնում են հաճախորդների հետ փոխհարաբերությունները, կառուցում գրավիչ հաղորդակցություն, որի արդյունքում հաճախորդն օգտվում է ընկերության առաջարկից։ Նրանց ուշադրության կենտրոնում են հաճախորդների՝ կոնկրետ ապրանքի կամ ծառայության հետ կապված պահանջները, որոնք էլ ընկերությունը փորձում է բավարարել իր առաջարկով։ 

 

Մարքեթինգի խորհրդատու

Ֆրիլանս հարթակներում մեծ է մարքեթինգային խորհրդատուների պահանջարկը։ Նրանք գործողության պլաններ են մշակում ընկերության մարքեթինգի բաժնի համար։ Ամեն անգամ, երբ ընկերությունը շուկա է ուղարկում նոր արտադրանք, պետք է դրա առաջմղման հստակ ռազմավարական պլան կազմի։ Շուկայավարման պլանները սովորաբար անդրադառնում են հիմնական նախաձեռնություններին և առաջարկում են արտադրանքի դիրքավորման մոտեցումներ յուրաքանչյուր նոր առաջարկի համար: Հենց այս գործում իրենց կարևոր դերակատարությունն ունեն մարքեթինգի խորհրդատուները։ Ուսումնասիրելով տարբեր ոլորտների շուկայական ներկայիս պայմանները՝ նրանք առաջարկում են տարբեր շուկայավարման ռազմավարություններ, որոնք բիզնեսների համար շահավետ կարող են լինել։

 

 

Տեխնիկական գրագիր

Տեխնիկական գրագրությունը ենթադրում է բովանդակության պլանավորում և մշակում գործառնական ընթացակարգերի վերաբերյալ։ Տարբեր համակարգերի, ապրանքների և ծառայությունների օգտագործման վերաբերյալ ձեռնարկները, ուղեցույցները և այլ նյութերը, որոնք ստեղծում են այս մասնագետները, նպատակ ունեն օգտագործողներին օգնել, պարզ և հստակ հրահանգների միջոցով ցույց տալ նրանց, թե ինչպես պետք է կիրառեն այս կամ այն գործիքը։ Նրանց առաջադրանքները ներառում են տեխնիկական բնութագրերի ուսումնասիրություն, մշակում և փաստաթղթավորում։ Խոսքն այս դեպքում ինչպես էլեկտրոնային փաստաթղթերի, այնպես էլ տպագիր նյութերի պատրաստման մասին է։

 

Սոցիալական մեդիայի մասնագետ

Սոցիալական մեդիայի մասնագետները պատասխանատու են սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում (օրինակ՝ Facebook, Instagram, Twitter, LinkedIn, Tik Tok և այլն) բովանդակություն տարածելու և կառավարելու համար՝ լսարանին ներգրավելու, բրենդի մասին իրազեկվածությունը բարձրացնելու և, ի վերջո, վաճառքները խթանելու նպատակով։ Այս մասնագետներից պահանջվում են սոցիալական մեդիա հարթակների և դրանց վերլուծական գործիքների իմացություն, կրեատիվ մտածելակերպ, ռազմավարական մտածողություն և սոցիալական մեդիայի արդյունավետությունը օպտիմալացնելու համար տվյալները վերլուծելու կարողություն:

 

 

Ծրագրի ղեկավար

Ծրագրի ղեկավարները վերահսկում են կազմակերպության ներսում նախագծերի պլանավորումը, իրականացումը և ավարտը: Նրանք համակարգում են թիմի անդամների աշխատանքը, սահմանում վերջնաժամկետներ, բաշխում են ռեսուրսները և ապահովում ծրագրի նպատակների իրագործումը: Նրանք աչքի են ընկնում առաջնորդության և հաղորդակցման հմտություններով, կարողանում են արդյունավետորեն կառավարել ժամանակը, հաջողությամբ իրականացնում են բյուջետավորում և ռիսկերի կառավարում։ Նրանք մասնագիտացած են ծրագրի կառավարման այնպիսի մեթաբանությունների մեջ, ինչպիսիք են օրինակ՝ Agile, Waterfall կամ Scrum, իրենց առօրյա աշխատանքում կիրառում են նախագծերի կառավարման տարբեր ծրագրեր, օրինակ՝ Asana, Trello և Jira, որոնք օգնում են կազմակերպել առաջադրանքները, հետևել առաջընթացին և նպաստել թիմի անդամների միջև համագործակցությանը:

 

UI/UX դիզայներ

Այս մասնագետները հետազոտություններ են իրականացնում օգտատերերի կարիքների և նախասիրությունների վերաբերյալ՝ հասկանալու համար նրանց վարքագիծը։ Դա արվում է հարցումների, թեստավորման և օգտատերերի կարծիքների վերլուծության միջոցով։ Այնուհետև նրանք ստեղծում են նախատիպեր (prototypes)՝ դիզայնի վերաբերյալ գաղափարներին տալով որոշակի տեսքը, որը պատկերացում է տալիս տեքստերի և նկարների դասավորվածության, գունային սխեմայի և այլ վիզուալ տարրերի մասին։ UI/UX դիզայներներից հաճախ պահանջվում է համագործակցել բազմաֆունկցիոնալ թիմերի հետ՝ նախագծային լուծումները բիզնես նպատակներին համապատասխանեցնելու համար:

 

 

SEO մասնագետ

Իրենց ջանքերը SEO մասնագետները կենտրոնացնում են որոնման համակարգերի համար տարբեր կայքերի վարկանիշը բարելավելու ուղղությամբ կատարվող աշխատանքների վրա։ Դրանք ներառում են հիմնաբառերի ուսումնասիրությունը (keyword research), մետա նկարագրությունների միջոցով վեբ կայքի բովանդակության օպտիմալացումը և այլն։ Նրանք վերլուծում և գնահատում են կայքերի աշխատանքը՝ օգտագործելով տարբեր գործիքներ, որոնցից թերևս ամենահայտնիները Google Analytics-ը և Google Search Console-ն են։ Այս մասնագետներն ունեն որոնողական համակարգի օպտիմալացման տեխնիկայի վերաբերյալ խորը գիտելիքներ, նրանց ուժեղ կողմերից են վերլուծական հմտությունները։

 

Այսպիսով, եթե ցանկանում եք անցնել հեռավար աշխատանքի, գուցե ժամանա՞կն է ընտրել մեր քննարկած մասնագիտություններից որևէ մեկը և հենց այսօրվանից սկսել առաջին քայլերը դեպի կարիերայի նոր հնարավորություններ։

 

Կհետաքրքրեն նաև