Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

8 քայլ, որոնք կօգնեն ձեռք բերել նոր հմտություններ և հասնել մասնագիտական հաջողությունների

24.02.2024 | 5063 դիտում

Անկախ նրանից` ձգտում եք մասնագիտական աճի, թե ցանկանում եք փոխել ձեր կարիերան՝ պետք է ժամանակ առ ժամանակ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերեք։  

 

Այս բարդ, սակայն միաժամանակ կարևոր գործում հաջողելու նպատակով հետևեք ստորև մեր կողմից առանձնացված 8 խորհուրդներին։

 

Նորը սովորելու հարցում առաջին գործոնը, որը մեզ հետաքրքրում է, ժամանակն է, մասնավորապես հարցը, թե ինչպե՞ս արագ ձեռք բերել նոր հմտություններ, չէ՞ որ մի կողմից ժամանակն է սուղ, մյուս կողմից էլ՝ ցանկանում ենք արագ տեսնել այն դրական արդյունքները, որոնց հասնելու նպատակով էլ նախաձեռնել ենք նոր հմտություններ սովորելու գործընթացը։ 

 

Սահմանեք նպատակ

Ամեն ինչ սկսվում է հստակ սահմանված նպատակից։ Ի՞նչ հմտություն եք ցանկանում ձեռք բերել, ինչո՞ւ է այն կարևոր և ի՞նչ կտա այն ձեզ։ Նպատակի սահմանումը կօգնի մոտիվացված մնալ և ինչ-որ փուլում կիսատ չթողնել սովորելը։

 

 

Բացահայտեք հնարավոր խոչընդոտները

Ցանկացած նոր նախաձեռնություն սկսելու ճանապարհին կարևոր է պատկերացում կազմել, թե ինչ խոչընդոտների և մարտահրավերների կարող եք հանդիպել, ինչը կօգնի դրանց հաղթահարման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել։ Օրինակ, մեր նախորդ բլոգում անդրադարձել էինք այն հիմնական խոչընդոտներին, որոնց կարող եք հանդիպել կարիերան փոխելիս և նախանշել էինք դրանց հաղթահարման ուղիները։ Նոր հմտություններ ձեռք բերելու համատեքստում հաշվի առեք այնպիսի  խոչընդոտները, ինչպիսիք են ֆինանսները, ժամանակը կամ զբաղվածությունը։ 

 

Կիրառեք 80/20 կանոնը

Գուցե այս կանոնին արդեն իսկ ծանոթ եք ժամանակի արդյունավետ կառավարման համատեքստում։ 80/20 կանոնի առանցքում աշխատանքի արդյունքն է։ Խորհուրդ է տրվում կենտրոնանալ այն 20% առաջադրանքների կատարման վրա, որոնք ապահովում են արդյունքների 80%-ը՝ առաջին հերթին կատարելով ամենաարդյունավետ առաջադրանքները: Այս կանոնը կիրառելի է նաև այլ համատեքստերում՝ այդ թվում նաև ուսումնական գործընթացը կազմակերպելիս։ Այդպիսով՝ ուսուցման մոտեցումների 20%-ը, որոնք կիրառում եք, կարող են հանգեցնել ձեր նպատակի 80%-ի իրականացմանը: Ենթադրենք՝ ձեր նպատակն է տիրապետել հաղորդակցման հիմնական հմտություններին։ 80/20 կանոնի համաձայն՝ դուք կարող եք տիրապետել հաղորդակցման հիմնական և առաջնահերթ հմտությունների 20%-ին (օրինակ՝ վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության հիմնական սկզբունքները յուրացնելու ընթացքում սովորել գրավոր հաղորդագրություններում մասնագիտական բառապաշար օգտագործել կամ մարմնի լեզուն ճիշտ մեկնաբանել), ապա կբարելավեք ձեր ընդհանուր հաղորդակցման հմտությունների 80%-ը։

 

 

Կենտրոնացեք մեկ հմտության վրա

Նոր հմտություններ սովորելիս մի որոշ ժամանակ կենտրոնացեք մեկ հմտության վրա: Միանգամից մի քանի հմտությունների տիրապետելու ուղղությամբ գործադրված ջանքերը կարող են իրենց չարդարացնել։ Ուսուցման նյութերի մեծ ծավալը կարող է ճնշող լինել՝ նպաստելով մոտիվացիայի անկմանը։ Հավելենք նաև, որ բարդ հմտությունները ավելի փոքր, հեշտ կառավարելի բաղադրիչների բաժանելը թույլ է տալիս կենտրոնացված մնալ և քայլ առ քայլ առաջ շարժվել:


 

Կիրառեք սովորածը գործնականում

Փնտրեք հնարավորություններ՝ սովորածը գործնականում կիրառելու համար։ Օրինակ, եթե ցանկանում եք նոր լեզու սովորել, փորձեք շփվել տվյալ լեզվին տիրապետողների հետ։ Որքան շատ հնարավորություններ ունենաք կիրառելու այն, ինչը սովորում եք, այնքան լավ կյուրացնեք նոր տեղեկատվությունը։

 

 

Փնտրեք լրացուցիչ ռեսուրսներ

Փնտրեք լրացուցիչ ռեսուրսներ, որոնք կօգնեն ավելի համապարփակ պատկերացում կազմել այն մասին, ինչը ուսումնասիրում եք։ Օրինակ, եթե դուք նոր համակարգչային հմտություններ եք սովորում, կարող եք համացանցում փնտրել տարբեր նյութեր, որոնցում կգտնեք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Առցանց դասընթացներ, ձեռնարկներ, ուղեցույցներ և գրքեր․ գտեք բազմազան ռեսուրսների մեջ այն ձևաչափերը, որոնք համապատասխանում են ձեր ուսուցման ոճին և արդյունավետ են ձեզ համար։


 

Օգտագործեք սխալները՝ սովորելու համար

Սխալներ թույլ տալը ուսուցման գործընթացի մի մասն է։ Հենց նման մոտեցումը կօգնի սխալների պատճառով չհիասթափվել և շարունակել սովորել։ Պարզապես ձեր ջանքերը կենտրոնացրեք նույն սխալը հաջորդ անգամ չկրկնելու ուղղությամբ և շատ շուտով ինքներդ կնկատեք ձեր առաջընթացը։

 

 

Համբերատար եղեք և հետևեք ձեր առաջընթացին

Նոր հմտությունները լավ սովորելու համար հաճախ կարող է ձեր նախատեսածից ավելի շատ ժամանակ և հետևողականություն պահանջվել: Ձեր առաջընթացին հետևելու և որոշակի ժամանակում արձանագրած հաջողությունները չափելի դարձնելու նպատակով գրառումներ արեք։ Դա ցույց կտա, թե որքան եք առաջ գնացել և դեռ ինչ բացեր ունեք լրացնելու համար։

 

Այսպիսով, կիրառելով վերոնշյալ քայլերը, կկարողանանք արդյունավետ կերպով յուրացնել նոր հմտություններ, ինչը ձեր առջև կբացի անձնական և մասնագիտական աճի նոր հնարավորություններ։ 

 

Կհետաքրքրեն նաև