Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ի՞նչ է քովորքինգը և ո՞ւմ է այն հարմար

31.03.2024 | 2886 դիտում

Կան մարդիկ, ովքեր արդյունավետ են աշխատում, երբ լիովին մենակ են սենյակում: Քիչ չեն նաև նրանք, ովքեր ավելի հարմարավետ են զգում գրասենյակային մարդաշատ միջավայրում։ Հատկապես այն մասնագետների համար, ովքեր հեռավար կամ ֆրիլանս են աշխատում, գուցե քովորքինգի տարբերակը հետաքրքիր լինի։ Հասկանալով վերջինիս բնույթը և ընձեռած հնարավորությունները՝ կարող եք որոշել, թե արդյոք այն համար է ձեզ։

 

 

Ի՞նչ է քովորքինգը 

Քովորքինգը (Coworking) աշխատելու համար նախատեսված տարածք է, որտեղ անծանոթ մարդիկ կարող են կողք կողքի աշխատել առանձին նախագծերի վրա՝ ժամանակավոր հիմունքներով վարձելով տարածք:

 

Սովորաբար, աշխատանքային տարածքն ունի սեղաններ և աթոռներ, անվճար Wi-Fi, գրասենյակային սարքավորումներ, հանդիպումների սենյակներ (որոնք նախատեսված են նաև թիմի հետ զանգերի համար), խոհանոց կամ ճաշասենյակ և հանգստի գոտիներ: Եվրոպական մեծ քաղաքներում քովորքինգի համար նախատեսված որոշ տարածքներ ունեն նաև մարզասրահ։

 

Քովորքինգի տարածքի և սովորական գրասենյակի միջև հիմնական տարբերությունն այն է, որ տարածքի վարձակալը վճարում է իր ներկայության համար՝ ըստ գործող գնային առաջարկի և պայմանավորվածության, աշխատում է այնքան, որքան իրեն պետք է, և ապա տուն գնում։ Բոլոր խնդիրները, որոնք առաջանում են, լուծում է տարածքի սեփականատերը։

 

Նկատենք, որ չնայած հիմնականում քովորքինգի տարածքները վարձակալում են ֆրիլանսերները, սակայն այն կարող է նաև ամբողջ թիմի համար աշխատավայր դառնալ։ Ընկերությունների մենեջերները կարող են  պայմանավորվել քովորքինգի տարածքների հետ՝ ապահովելու համար աշխատավայրեր իրենց հեռավար աշխատակիցների համար:

 

 

Ո՞ւմ է հարմար քովորքինգը

Աշխատանքի կազմակերպման նման ձևաչափը համար է ամենից առաջ ֆրիլանսերների և հեռավար աշխատողների համար։ Հոգնելով իրենց բնակարանի չորս պատերի ներսում աշխատելուց՝ նրանք կարող են տեղափոխվել համատեղ աշխատանքային տարածք: 

 

Եթե ​​ընկերության աշխատակիցներն աշխատում են տարբեր քաղաքներից, հաղորդակցության հեշտության և արդյունավետության բարձրացման համար մենեջերները կարող են վարձակալել համատեղ աշխատանքային տարածք՝ լրացուցիչ գրասենյակներ բացելու փոխարեն:

 

Քովորքինգի տարածքներում հաճախ կարելի է հանդիպել բովանդակության հեղինակների, դիզայներների, ծրագրավորողների, մարքեթոլոգների և այլն։ Այն հարմար է նաև ստարտափերի համար։ Քովորքինգը քոուչներին և դասընթացավարներին հնարավորություն է տալիս ընտրել տարածք խմբային հանդիպումների, խորհրդակցությունների, երկխոսությունների, դասընթացների և անհատական ​​պարապմունքների համար:

 

Որպեսզի կարողանաք գնահատել, թե որքանով է քովորքինգը ձեզ համար արդյունավետ տարբերակ, անդրադառնանք մի քանի դրական և բացասական կողմերի։

 

 

Քովորքինգի առավելությունները

 

Գումարի խնայողություն

Հաճախ քովորքինգի տարածք վարձակալելն ավելի էժան է, քան  ընկերության համար սեփական տարածք ստեղծելը և ապա այն պահպանելը, ինչը ներառում է կահույքը, գրասենյակային սարքավորումները, գրենական պարագաները և այլն:

 

Հարմարավետություն և ժամանակի խնայողություն

Քովորքինգի տարածքը ձեզ ազատում է մաքրման, կոմունալ ծառայությունների, համացանցի կապի ապահովման հետ կապված խնդիրների մասին մտածելու անհրաժեշտությունից։

 

Բարձր արդյունավետություն

Այսպիսի տարածքներում մթնոլորտը նպաստավոր է աշխատանքի համար՝ յուրաքանչյուրը զբաղված է իր գործով։ Ի տարբերություն սեփական բնակարանից հեռավար տարբերակով աշխատանքի՝ այստեղ տնային գործերն ու կենցաղային հարցերը չեն շեղում ձեզ։ Հատկապես այն անհատների համար, ովքեր ունեն տնային պայմաններում կարգապահության ապահովման և մոտիվացիայի խնդիրներ, քովորքինգը հիանալի լուծում է:

 

Տարածքների բազմազանություն

Քովորքինգի տարածքների ընտրության հարցում սովորաբար ունեք առնվազն մի քանի տարբերակ։ Կարող եք դիտարկել դրանք, ընտրել այն մեկը, որն ամենից շատը հավանեք, կամ որն ամենից հարմարը կլինի ձեզ համար, օրինակ՝ մոտ կգտնվի ձեր տանը։

 

Շփում այլ մասնագետների հետ

Քովորքինգի համար նախատեսված տարածքներում կան նաև խոհանոցներ և հանգստի սենյակներ, որտեղ կարող եք հանդիպել, շփվել և փորձի փոխանակում իրականացնել այլ մասնագետների հետ:

 

 

Քովորքինգի թերությունները

 

Անձնական տարածքի բացակայություն

Քովորքինգի ոչ բոլոր տարածքներում կան աշխատասեղաններ, որոնք առանձնացված են ընդհանուր բաց տարածքներից կամ միմյանցից: Արդյունքում ներկաները կարող են լսել ձեր հեռախոսային խոսակցությունը, անցնողները՝ տեսնել ձեր համակարգչի էկրանը։

 

Շեղող միջավայր

Համատեղ աշխատանքի վայրերը կարող են աղմկոտ լինել, երբ մարդիկ հաճախ քայլում են, դուրս գալիս և ապա վերադառնում։

 

Ծախսեր

Թեև վարձակալության արժեքը կարող է տարբեր լինել, սակայն ամեն դեպքում դուք պետք է տարածքի համար վճարեք։

Կհետաքրքրեն նաև