Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

CV, թե՞ պորտֆոլիո. ո՞րն է ավելի կարևոր

17.04.2023 | 6064 դիտում

Աչքի ընկնել սեփական հմտություններով և ապացուցել, որ հենց դուք եք լավագույն թեկնածուն տվյալ աշխատանքի համար․ սրանք են ձեր CV-ի և պորտֆոլիոյի գլխավոր նպատակները։ Ինչո՞ւ է կարևոր CV-ն և ո՞ր դեպքում այն բավարար չէ, ինչո՞ւ է անհրաժեշտ պորտֆոլիոն և ինչպես այն կօգնի ցույց տալ ձեր մասնագիտական կարողությունները։ 

Լավ գրված CV-ի «ուժը»

Առաջին «ծանոթությունը» գործատուի հետ տեղի է ունենում CV-ի միջոցով: Ինչպես ասում են, առաջին տպավորություն գործելու համար երկրորդ հնարավորություն չունեք։ Հետևաբար գրագետ, հակիրճ և տվյալ աշխատանքի պահանջներին համապատասխան կազմված CV-ն կարող է դառնալ հավաքագրման հաջորդ փուլ անցնելու ձեր «անցագիրը»: 

CV կազմելիս կարևոր է ընդգրկել ձեր մասին անհրաժեշտ տեղեկատվությունը՝ անձնական տվյալներ, աշխատանքային փորձ, կրթություն, հմտություններ, գրանցած հաջողություններ և ձեռքբերումներ։ Պակաս կարևոր չէ նաև CV-ի արտաքին տեսքը, որը պետք է համահունչ լինի բովանդակության հետ` լինելով հեշտ ընթեռնելի, ներառելով տարբեր բաժիններ և, իհարկե, բացառելով տառասխալները։ 

Առկա են բազմաթիվ գործիքներ, որոնց օգնությամբ կարող եք պատրաստել ձեր CV-ն։ Դրանցից մեկը Job.am կայքում առկա Resume Builder-ն է, որի միջոցով հաշված րոպեների ընթացքում կարող եք առցանց տարբերակով ստեղծել ձեր ռեզյումեն և ներբեռնել այն։ Մի քանի այլ գործիքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել «CV-ն՝ լավ աշխատանք գտնելու գրավական» հրապարակման մեջ։

 

 

Պորտֆոլիո․ ձեր աշխատանքի լավագույն ապացույցը

Կարևորելով CV-ի անհրաժեշտությունը՝ հարկ է նշել, որ միայն CV-ն բավարար չէ բազմաթիվ թեկնածուների մեջ առանձնանալու համար։ Այս հարցում ձեզ կարող է օգնել ձեր աշխատանքները ներառող պորտֆոլիոն, որը կներկայացնի ձեր հմտությունների կոնկրետ ապացույցներ։

Պորտֆոլիոն մասնագետի կատարած աշխատանքի օրինակների հավաքածուն է։ Պորտֆոլիոները կազմվում են տարբեր ձևաչափերով՝ տարբերվելով ըստ մասնագիտությունների։ Օրինակ, գրաֆիկական դիզայների պորտֆոլիոն ներառում է դիզայնի նմուշներ, մինչդեռ բովանդակագրի պորտֆոլիոն սովորաբար ընդգրկում է հրապարակված տեքստային օրինակներ: 

Պորտֆոլիոյի համար ընտրեք ձեր լավագույն աշխատանքները։ Օգտագործեք վերնագրեր՝ հստակորեն նշելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում յուրաքանչյուր աշխատանքը։ Գուցե նպատակահարմար գտնեք ձեր աշխատանքները դասակարգել տարբեր բաժիններում՝ ըստ թեմաների:

Որոշ մասնագիտությունների պարագայում պորտֆոլիոն ավելի կարևոր դեր ունի, քան CV-ն։ Օրինակ, եթե լուսանկարիչը դիմում է աշխատանքի, նա կարող է իր CV-ում նշել իր փորձի, տեխնիկական հմտությունների մասին, սակայն նրա կողմից լուսանկարված և մշակված մի քանի աշխատանքներ պարունակող պորտֆոլիոն կարող է ցույց տալ, թե ինչ որակի աշխատանք կարող է նա կատարել։ Չզարմանաք, եթե հանդիպեք աշխատանքի հայտարարության, որով համագործակցության են հրավիրում, օրինակ, գրաֆիկ դիզայների՝  նշելով, որ անհրաժեշտ է պորտֆոլիո ուղարկել․․․ և ոչ մի խոսք CV-ի մասին։

 

 

CV-ն և պորտֆոլիոն՝ որպես համակողմանի ներկայանալու նախապայման

Այսպիսով, թե՛ CV-ն և թե՛ պորտֆոլիոն կարևոր նշանակություն ունեն աշխատանքի համար դիմելիս։ CV-ի միջոցով ներկայացնում եք ձեր փորձը, կրթությունը և հմտությունները, իսկ պորտֆոլիոյի առկայությամբ հիմնավորում եք գործնականում ձեր մասնագիտական որակների և հմտությունների կիրառումը։ 

Ընդգծենք, որ միմյանց փոխլրացնող CV և պորտֆոլիո ներկայացնելու դեպքում մեծանում է հավաքագրման մասնագետների կողմից ձեր թեկնածությունը դիտարկելու հավանականությունը։

Կարևոր է չմոռանալ CV-ն և պորտֆոլիոն պարբերաբար թարմացնելու մասին։ Ամեն անգամ աշխատանքի դիմելիս վերանայեք ձեր CV-ն և պորտֆոլիոն՝ տվյալ աշխատանքի համար ոչ կարևոր մանրամասները հեռացնելու և մասնագիտական նոր ձեռքբերումներն ավելացնելու նպատակով։ 

 

Կհետաքրքրեն նաև