Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ գործատուներին

Պրոֆեսիոնալ մենեջերի 10 հատկանիշ․ ինչո՞վ են տարբերվում լավագույն մասնագետները

07.04.2024 | 4193 դիտում

Յուրաքանչյուր մասնագետի կյանքում որոշիչ դեր ունի մենեջերը։ Շատերը հեռանում են այս կամ այն աշխատանքից վատ մենեջմենթի պատճառով, սակայն, մյուս կողմից, բազմաթիվ մասնագետներ մենեջերների շնորհիվ ստեղծած աշխատանքային մթնոլորտի և հարաբերությունների շնորհիվ է, որ երկար տարիներ շարունակում են աշխատել միևնույն կազմակերպությունում։

 

Մեր այսօրվա բլոգում կքննարկենք մենեջերի ամենակարևոր 10 հմտությունները, կանդրադառնանք հարցին, թե ինչպես դրանք օգտագործելով խրախուսել աշխատակիցների ներգրավվածությունը, արդյունավետությունը և դրական աշխատանքային միջավայրի ձևավորումը:

 

 

1․ Միջանձնային հաղորդակցության հմտություններ

Մենեջերի՝ արդյունավետ հաղորդակցվելու հմտությունը կարող է միավորել և մոտիվացնել թիմին: Անկախ նրանից, թե հաղորդակցությունը պաշտոնական բնույթ է կրում, թե ոչ պաշտոնական, գրավոր ձևաչափով է իրականացվում, թե բանավոր, շփվեք այնպես, որ ձեր թիմն իրեն հարմարավետ զգա հաղորդակցության մեջ։ Լավ մենեջերները գիտեն երբ և ինչպես հարմարեցնել սեփական հաղորդակցման ոճը իրավիճակին կամ անձին: Որքան արդյունավետ եք հաղորդակցության մեջ, այնքան ավելի հավանական է, որ ձեր թիմը կհասնի հաջողության։

 

2. Լսելու ունակություն

Լավ մենեջերը հարգում և գնահատում է իր թիմի պատկերացումներն ու գաղափարները՝ ուշադրությամբ լսելով յուրաքանչյուրի կարծիքը: Թիմակիցներին լսելը նաև օգնում է ձեզ ավելի լավ հասկանալ կարևորագույն տեղեկատվությունը և կարող է կապեր և վստահություն ստեղծել, ինչը կարևոր է հատկապես, երբ առաջանում են խնդիրներ։

 

 

3. Էմոցիոնալ ինտելեկտ

Լավ մենեջերի էմոցիոնալ կամ հուզական ինտելեկտը ներառում է արդարության և ապրումակցման  դրսևորումը, ինչպես նաև սեփական հույզերը ճանաչելու, օբյեկտիվ լինելու, զսպվածություն և հասկացողություն դրսևորելու կարողությունը: Ապրումակցող առաջնորդը աջակցություն է ցուցաբերում և կարող է միջոցներ ձեռնարկել՝ օգնելու դժվարություններ ունեցող աշխատակցին, ինչպես օրինակ, գերհոգնած աշխատակցին առաջարկում է ճկուն ժամանակացույցի ներդրման հնարավորություն։ 

 

4. Ռազմավարական մտածողություն

Ռազմավարական մտածողությունը ապագան պլանավորելու, գաղափարներ մշակելու և հաջողության հասնելու ռազմավարություններ իրականացնելու կարողությունն է: Լավ մենեջերները հաշվի են առնում հավանական սցենարները, պլանավորում են գործողությունները և գտնում են ռիսկերը մեղմելու կամ դրանցից խուսափելու ուղիներ:

 

5. Ժամանակի կառավարում

Մենեջերը պետք է իմանա, թե երբ և ինչպես է հարկավոր նախագծերին առաջնահերթություն տալ և առաջադրանքներն ավարտելու համար իրատեսական ժամկետներ սահմանել։ Մենեջերի դերը բազմակողմանի է, և ժամանակի կառավարման հմտությունների կատարելագործումը կարող է ձեզ ավելի լավ առաջնորդ դարձնել:

 

 

6. Խնդիրների լուծում

Լավ մենեջերը ժամանակին նկատում և լուծում է խնդիրները՝ աշխատանքային խնդիրներից մինչև գործընկերների միջև վեճեր։ Խնդիրը լուծելու լավագույն միջոցը գտնելու կարողությունը կարող է օգնել ձեզ առանձնանալ որպես լավ մենեջեր և վստահություն հաղորդել ձեր թիմին: 

 

7. Աշխատանքի պատվիրակում

Սա թիմակիցներին առաջադրանքներ հանձնարարելու և այդ առաջադրանքները կատարելու լիազորություն տալու հմտությունն է, որը ենթադրում է առաջադրանքների հանձնարարումը կոնկրետ անձանց, ինչպես նաև վերահանձնարարումը։ Այս հմտությունն օգնում է խթանել հաշվետվողականությունը և պատասխանատվությունը թիմում:

 

 

8. Թիմային աշխատանք

Մենեջերը և՛ թիմի ղեկավարն է, և՛ թիմի անդամը։ Թիմային աշխատանքը խթանում է արդյունավետությունը, ստեղծագործական մտածողությունը և փոխըմբռնումը: Լավ մենեջերներն աջակցում և խրախուսում են համագործակցությունը իրենց թիմում և ընդհանուր առմամբ ընկերության ներսում:

 

9. Մոտիվացիա

Լավ մենեջերները կարող են հզորացնել և ոգեշնչել իրենց թիմին՝ նրանց մոտիվացնելով: Մոտիվատորները կարող են տարբեր լինել՝ խրախուսական և բոնուսային ծրագրերից մինչև պարզապես շնորհակալություն հայտնելը։ Ընկերության մշակույթը և ներքին հանգամանքները ազդում են աշխատակիցների համար լավագույն մոտիվատորների ընտրության վրա:

 

10. Որոշումների կայացում

Մենեջերները հաճախ ստիպված են լինում կայացնել բազմաթիվ որոշումներ, որոնց մի մասն ավելի կարևոր են, քան մյուսները: Արդյունավետ որոշումներ կայացնելը պահանջում է կշռադատված դիտարկում՝ առանց ոչ կարևոր մանրամասները հաշվի առնելու։

 

Հիշեք՝ մենեջերն անում է ավելին, քան պարզապես առաջադրանքների կատարումը վերահսկելը։ Նա արդյունավետորեն ղեկավարում է թիմերը՝ զարգացնելով հմտություններ, որոնք հզորացնում են ուրիշներին:

 

Կհետաքրքրեն նաև