Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ գործատուներին

Ինչպե՞ս դիմավորել նորեկներին․ 7 միջոց՝ նոր թիմակիցներին ինտեգրելու համար

28.03.2024 | 3881 դիտում

Փորձեք մտովի վերադառնալ առաջին աշխատանքային օրը նոր աշխատավայրում։ Շատերը կհամաձայնեն, որ ինչ-որ ճնշող զգացողություն են ունեցել։ Ինչպես առաջին տպավորությունն է կարևոր մարդկանց հետ ծանոթանալիս, այնպես էլ առաջին աշխատանքային օրը՝ նոր աշխատանքի մասին կարծիք կազմելու համար։

 

Մեր այսօրվա բլոգում ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն հնարավորինս արդյունավետ և դրական մթնոլորտում սկսել աշխատանքը նոր թիմակցի հետ, որպեսզի վերջինս չզղջա ձեր ընկերությունում աշխատելու առաջարկն ընդունելու համար։


Ցույց տվեք, որ նա սպասված է թիմում

Պատահում է, որ նոր աշխատակիցն առաջին անգամ գալիս է աշխատանքի և պարզում, որ գործընկերներից ոչ մեկը նույնիսկ տեղյակ չէր, որ նա գալու են: Կամ նա ստիպված է լինում սպասել, որպեսզի անմիջական ղեկավարը կամ գործընկերները պատրաստեն նրա համար տեղ աշխատասենյակում կամ որոշեն, թե ինչ համակարգիչ կամ այլ տեխնիկական միջոցներ են տրամադրելու նրան։ Դա կարող է հիասթափեցնող լինել նոր աշխատակցի համար և ստիպել նրան մտածել, որ ընկերությունը լուրջ չի վերաբերում իրեն և հետևաբար, հետագայում էլ մոտեցումը աշխատակցի և նրա կատարած աշխատանքի նկատմամբ նույնը կլինի։

 

Նման իրավիճակից խուսափելու նպատակով մի փոքր ժամանակ հատկացրեք՝ նախապատրաստելու համար նոր թիմակցի աշխատասենյակը մինչ նա կգա։ Տեղեկացրեք գործընկերներին, թե որ օրվանից է իրենց նոր թիմակիցը սկսելու աշխատել:

 

 

Ներկայացրեք ընկերությունը

Նոր աշխատակցի հետ շրջեք գրասենյակում։ Օգնեք կողմնորոշվել տարածքում։ Նրա համար դա կարևոր է, չէ՞ որ նա դեռ որևէ մեկին չի ճանաչում և պատկերացում չունի, թե որտեղ ինչն է գտնվում։ Ծանոթացրեք նրան գործընկերների հետ, ցույց տվեք, թե որտեղ է գտնվում սանհանգույցը, ասացեք, թե որտեղ փնտրի անհրաժեշտ պարագաները, օրինակ, տպագրության համար թղթերը և այլն: 

 

Ժամանակ տրամադրեք աշխատավայրում ուսուցման համար

Ամենայն հավանականությամբ, դուք նախատեսում եք վերապատրաստել նոր աշխատակցին, սակայն նախ համոզվեք, որ վերապատրաստումը ներառում է բոլոր այն մանրուքները, որոնց մասին հարկավոր է, որպեսզի նա իմանա՝ հաղորդակցության միջոցներից օգտվելուց մինչև պատճենահանող սարքն օգտագործելը: 

 

 

Սկսեք փոքր և հեշտ կառավարելի առաջադրանքներից

Մինչ բարդ առաջադրանքներին անցնելը հնարավորություն տվեք հարմարվել նոր զբաղվածությանը: Ավելի փոքր և պակաս բարդ առաջադրանքները նոր աշխատակցին հնարավորություն կտան հունի մեջ ընկնել։ Առաջադրանքներ տալու գործում եղեք հստակ, ընդգրկեք բավականաչափ մանրամասներ, որպեսզի աշխատակիցն ավելի լավ պատկերացնի, թե ինչ է իրենից պահանջվում։

 

Մենթորի աջակցություն առաջարկեք

Բնականաբար, նոր աշխատակիցը առաջին մի քանի շաբաթվա ընթացքում կարող է ինքնավստահության պակաս դրսևորել իր գործողություններում։ Դուք կարող եք օգնել` փորձառու աշխատակիցներից մեկին նշանակելով որպես մենթոր, ում նոր աշխատակիցը կարող է դիմել ցանկացած հարցով։

 

 

Կազմակեպեք ճաշի կամ սուրճի ընդմիջում միասին

Սա կարող եք անել ինչպես գրասենյակի խոհանոցում, այնպես էլ դրսում, օրինակ՝ մոտակա սրճարանում, որտեղ մթնոլորտը հանգիստ է և նպաստավոր զրույցի համար: Սա հնարավորություն է տալիս նոր աշխատակցին հանդիպել գործընկերների հետ ոչ պաշտոնական միջավայրում: Թեթև, աշխատանքից դուրս զրույցի ընթացքում աշխատակիցները կարող են իրենց մասին հետաքրքիր փաստեր ներկայացնել, պատմել իրենց հոբբիների կամ աշխատանքից դուրս սիրելի զբաղմունքների մասին, ինչ կօգնի միմյանց ճանաչել և ընկերական մթնոլորտ ձևավորել։


 

Պահպանեք հետադարձ կապը

Առաջին աշխատանքային օրվա ավարտին ժամանակ գտեք նոր աշխատակցի հետ կարճ զրույցի համար։ Հարցրեք նրան, թե ինչպես է ամեն ինչ անցել, արդյոք նա հարցեր ունի, կա որևէ բան, որը մտահոգության տեղիք է տալիս։ Վերջինիս համար կարևոր է իմանալ, որ դուք հետաքրքրված եք, որպեսզի նրա մոտ ամեն ինչ լավ լինի։  


Այսպիսով, հետևելով վերոնշյալ խորհուրդներին՝ կարող եք համոզված լինել, որ նոր աշխատակիցը դրական պատկերացում կկազմի ընկերության մասին, հեշտությամբ կինտեգրվի թիմում և արդյունավետորեն կկատարի իր աշխատանքը։

 

Կհետաքրքրեն նաև