Talent Pool™ - նոր հնարավորություններ գործատուների և աշխատանք փնտրողների համար
Շարունակելով մի կողմից աշխատանք փնտրողների և մյուս կողմից մասնագետներ որոնող ընկերությունների համար հարթակն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ աշխատանքները` Job.am-ը ներկայացնում է իր նոր գործիքակազմը։
Այս անգամ կայքի օգտատերերին ներկայացնում ենք Talent pool և «QR պիտակներ» գործիքները։ Վերջիններիս նպատակն, ընդհանուր առմամբ, հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։ Երկու գործիքներն էլ նոր, լրացուցիչ հնարավորություններ են տալիս թե՛ թեկնածուներին և թե՛ գործատուներին` աջակցելով թիրախային տաղանդների բացահայտմանը։ Հավելենք, որ նշված գործիքներն անվճար են հարթակի օգտատերերի համար։
Talent pool-ը` թեկնածուների ցանց ձեր էջում
Հնարավորություններ գործատուի համար
Ձեր կազմակերպությունում աշխատելու ցանկություն ունեցող տաղանդների հետ արդյունավետ կապեր հաստատելը ռազմավարական քայլ է, որը կարող է վճռորոշ լինել անհրաժեշտ աշխատակցին գտնելու գործում։ Ինչպե՞ս է սովորաբար ընթանում ընկերության թափուր հաստիքների համար մասնագետների որոնումը։ Սովորաբար գործատուն հրապարակում է թափուր աշխատատեղի վերաբերյալ հայտարարություն, սպասում արձագանքների, ընտրում նախնական փուլը հաղթահարած թեկնածուներին (շորթ լիստի կազմում), որից հետո մեկնարկում է հարցազրույցների և առաջադրանքների փուլը։ Իսկ այժմ պատկերացրեք, որ ունենք տաղանդների այնպիսի մի «շտեմարան», ուր կարող եք անհրաժեշտության դեպքում մուտք գործել և ձեր կազմակերպությունում աշխատանքով հետաքրքրված թեկնածուների մեջ փնտրել պոտենցիալ աշխատակցին։ Հենց այս հնարավորությունն է տալիս Talent pool գործիքը։
Թեկնածուների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք Job.am-ի ձեր ընկերության էջում ներդրված կարգավորումների միջոցով նշել, թե արդյոք ցանկանում եք, որպեսզի նրանք կցեն իրենց ռեզյումեները, թե լրացնեն ձեր կազմած հարցաշարը։
Թեկնածուների դիմումների մասին դուք կտեղեկանաք և՛ ծանուցման միջոցով, և՛ ձեր էլեկտրոնային հասցեին ստացվող հաղորդագրությամբ։ Հետաքրքրված դիմորդների տվյալները կարող եք տեսնել հարթակում ձեր ընկերության էջի «Հետաքրքրված թեկնածուներ» բաժնում։
Հնարավորություններ աշխատանք փնտրողների համար
Կա՞ արդյոք այնպիսի կազմակերպություն, որտեղ կցանկանայիք աշխատել։ Պատճառները տարբեր են, թե ինչու ենք ցանկանում աշխատել կոնկրետ այս կամ այն ընկերությունում` սկսած ոլորտում զբաղեցրած դիրքերից մինչև աշխատանքային պայմաններ և ընկերության մշակույթ։ Այժմ կարող եք միայն մեկ քլիքով իրազեկել տվյալ ընկերությանը կամ ընկերություններին, որ ցանկանում եք համալրել նրանց աշխատակիցների շարքերը։ Այցելեք ձեզ հետաքրքրող ընկերության էջը Job.am-ում, սեղմեք «Ցանկանում եմ միանալ թիմին» կոճակը։ Պատրաստ եղեք կցել ձեր ռեզյումեն կամ պատասխանել գործատուի պատրաստած մի քանի հարցերին։ Մի վարանեք այս կամ այն ընկերությունում աշխատելու ձեր պատրաստակամությունը և ցանկությունը հայտնել, մանավանդ, որ այժմ Talent pool գործիքի շնորհիվ դա կարող եք անել արագ և արդյունավետ` վստահ լինելով, որ ձեր ռեզյումեն կհայտնվի ճիշտ հասցեատիրոջ մոտ։
Իսկ ռեզյումե կազմելու համար կարող եք օգտվել մեր անվճար Resume Builder-ից։
«QR պիտակները»` թեկնածուների ներգրավման միջոց
Ձեր ընկերությունում աշխատելու հեռանկարով հետաքրքրված մասնագետներին ներգրավելու ևս մեկ արագ և դյուրին տարբերակ է առաջարկում «QR պիտակներ» գործիքը։
Ինչպես կիրառել
QR պիտակները մեր կողմից տրամադրվում են անվճար։ Կարող եք դրանք փակցնել ինչպես ձեր ընկերության տարածքում՝ պատերի, դռների, պատուհանների վրա, այնպես էլ օգտագործել աշխատանքի տոնավաճառների և այլ միջոցառումների ժամանակ։
Դիմորդները, սկանավորելով QR պիտակները, կհայտնվեն Job.am-ի ձեր ընկերության էջում։ Այստեղ, գտնելով իրենց հետաքրքրող թափուր հաստիքը, նրանք կարող են իսկույն դիմել։ Եթե թափուր աշխատատեղ այդ պահին չունեք կամ թեկնածուները չեն գտնում իրենց հարմար հաստիք, նրանք կարող են պարզապես հետաքրքրություն հայտնել ձեր ընկերությունում աշխատելու վերաբերյալ` կցելով իրենց ռեզյումեն։ Այսպիսով՝ անկախ այն հանգամանքից` տվյալ պահին ունեք թափուր հաստիք, թե ոչ, ձեր ընկերության էջը Job.am-ում դառնում է տաղանդների ներգրավման միջոց։
Այս գործիքը նաև հնարավորություն է տալիս դիտել և վերլուծել ներգրավված տաղանդների վերաբերյալ տվյալները. «QR վիճակագրություն» բաժնում կարող եք տեսնել յուրաքանչյուր QR-ից ձեր էջ կատարված մուտքերի և դիմումների քանակը։
Նկատենք նաև, որ այս գործիքն օգնում է բարձրացնել ձեր ընկերության ճանաչելիությունը՝ այդ ուղղությամբ ձեր կողմից լրացուցիչ ջանքեր չպահանջելով։
Այս գործիքների ակնհայտ առավելությունների կողքին նկատենք ևս մեկը` մոտիվացված և նվիրված թիմակիցներ ձեռք բերելու հնարավորությունը։ Ժամանակակից աշխատաշուկայում ընկերությունները զգալի ջանքեր են գործադրում ոչ միայն լավագույն տաղանդների գտնելու, այլև նրանց պահպանելու համար։ Հարցրեք գործատուներին, թե ինչն են կարևորում աշխատակիցների մոտ։ Ի թիվս այնպիսի հատկանիշների, ինչպիսիք են պրոֆեսիոնալիզմը, գիտելիքները և պարտաճանաչությունը, եթե ոչ բոլորը, ապա շատերը կնշեն նաև նվիրվածությունը։ Իսկ ո՞ր աշխատակիցը կարող է ավելի նվիրված լինել և մոտիվացված աշխատել, եթե ոչ նա, ով բազմաթիվ տարբերակների մեջ ցանկանում է աշխատել հենց ձեր կազմակերպությունում։
Կհետաքրքրեն նաև