Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Բիզնես և մարքեթինգ

Հայաստանյան աշխատաշուկան 2023-ին․ Job.am-ի հետազոտության արդյունքները

22.12.2023 | 8208 դիտում

Տարեցտարի փոփոխվում է ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական աշխատաշուկայի պատկերը։ Այս ամենը թե՛ համաշխարհային տնտեսական, քաղաքական և սոցիալական և թե՛ ներպետական տարբեր զարգացումների արդյունք է։

 

Ուսումնասիրելով ավելի քան 10 կայքերում ողջ տարվա ընթացքում հրապարակված հայտարարությունները՝ Job.am-ը վերլուծել է անցնող տարվա աշխատաշուկայի հիմնական միտումները։ Ո՞ր մասնագետներն են համալրել ամենապահանջվածների շարքը, ո՞ր ոլորտներն են ամենից շատ աշխատակիցների պահանջարկ ունեցել և որքա՞ն է կազմել տարբեր մասնագետների միջին աշխատավարձը։ Այս և 2023 թվականի աշխատաշուկայի վերաբերյալ այլ հարցերի պատասխաններն ենք պարզել մեր հետազոտությամբ, որի արդյունքներով այժմ կիսվում ենք ձեզ հետ։

 

Ներկայացվող տեղեկատվությունը թույլ կտա հասկանալ հայաստանյան աշխատաշուկայում առկա միտումները, պատկերացում կազմել ամենապահանջված ոլորտների մասին, ինչն էլ կօգնի մասնագիտություն ընտրելիս կամ փոխելիս ճիշտ որոշում կայացնել։

 

Թափուր աշխատատեղերի հայտարարությունների քանակը 2023 թվականին

Շատ հաճախ աշխատանք փնտրելիս առաջնորդվում ենք որոշակի կարծրատիպերով, օրինակ, իմաստ չունի աշխատանք փնտրել ամռանը, երբ բոլորը կա՛մ արձակուրդում են, կա՛մ պատրաստվում են մեկնել արձակուրդի։ Job.am-ն  արդեն իսկ անդրադարձել է տարվա այդ եղանակին աշխատանք փնտրելու առավելություններին, իսկ այսօր մեր ունեցած վիճակագրական տվյալներն ապացուցում են, որ աշխատաշուկան, այսպես ասած, արձակուրդի չի մեկնում։ 

 

 

Անցնող տարվա ընթացքում ամենաշատը աշխատանքի հայտարարություններ հրապարակվել են հունիս ամսին։ Թեև հուլիսին ցուցանիշները նվազել են, սակայն օգոստոսին դրանք կրկին աճ են գրանցել՝ հավասարվելով փետրվար և սեպտեմբեր ամիսներին հրապարակված աշխատանքների քանակին։



Թափուր աշխատատեղերի քանակը․ 2022 և 2023 թվականների համեմատություն

Ներկայացված գծապատկերում ակնհայտ երևում են 2022 և 2023 թվականներին թափուր աշխատատեղերի քանակների տատանման միտումներն՝ ըստ ամիսների։ Հավելենք նաև, որ անցնող տարվա դեկտեմբեր ամսվա տվյալը կանխատեսված է՝ ընդհանուր օրինաչափությունների և զարգացումների վերլուծության հիման վրա։

 

 

Նկատենք, որ, ի տարբերություն 2022-ի առաջին եռամսյակին հրապարակված աշխատատեղերի քանակի վայրիվերումներին, 2023-ին պատկերն ավելի համաչափ է. թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունների քանակը  մինչև տարվա նախավերջին եռամսյակը յուրաքանչյուր ամիս եղել է գրեթե նույն քանակի՝ կտրուկ կրճատվելով միայն տարեվերջին։

 

Ամենամեծ պահանջարկ ունեցող ոլորտները

Այս կատեգորիայում առաջատարը վերջին տարում վաճառքների և մարքեթինգի ոլորտներն են։ Եթե մարքեթոլոգ եք կամ մտածում եք շուկայավարման մեջ հմտանալու մասին, ապա այժմ ճիշտ ժամանակն է այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու համար։

 

 

Այնուհետև ֆինանսների և հաշվապահության ոլորտն է, իսկ հաջորդիվ՝ ստեղծագործական բնույթի աշխատանքներն են և դիզայնը։ Քիչ չէ աշխատակիցների պահանջարկը նաև լոգիստիկայի, կառավարման (մենեջմենթ) և ադմինիստրատիվ աշխատանքի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման և իրավական ոլորտներում։

 

Աշխատատեղեր մարզերում

Մայրաքաղաքը մշտապես եղել է աշխատատեղերի քանակով առաջատարը, իսկ մարզերի պարագայում պատկերը բավականին տարբերվող է։

 

 

Աշխատատեղերի քանակով մարզերի շարքում առաջատարը Կոտայքն է, ինչը պայմանավորված է մայրաքաղաք Երևանին մոտ գտնվելու հանգամանքով։ Հաջորդը Արմավիրն է, ապա Լոռին, Արագածոտնը և Շիրակը։ Նվազագույն ցուցանիշը գրանցվել է Վայոց Ձորի մարզում։


Ամենապահանջված մասնագետները

Վերջին մեկ տարվա ընթացքում հրապարակված թափուր աշխատատեղերի վերաբերյալ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամենից շատ պահանջված են եղել հաշվապահները․ հրապարակվել է մոտ 1200 հայտարարություն։ 

 

 

 

Վաճառքների ոլորտում մասնագետների պահանջարկի աճը հուշում է, որ ամենայն հավանականությամբ, վերջիններս կգտնեն իրենց տեղը ժամանակակից աշխատաշուկայում։ Շարքը համալրում են նաև իրավաբանները, հաշվետարները, վարորդ-առաքիչները, սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետները և գրաֆիկ դիզայներները։

 

Ամենաշատ աշխատատեղեր առաջարկող կազմակերպությունները

Անդրադառնանք հայկական աշխատաշուկայում անցնող տարվա ընթացքում ամենաշատ աշխատանքի հայտարարություններ տեղադրած ընկերությունների տասնյակին։

 

 

Ընդգծենք, որ մեկ ամսվա ընթացքում նույն հաստիքի վերաբերյալ 1-ից ավելի հրապարակումների քանակը հաշվված է որպես է 1 միավոր։

 

Այսպիսով, շարքը գլխավորում է Digitain ընկերությունը՝ 700-ից ավելի հրապարակված թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարություններով, որին հաջորդում է SoftConstruct-ը՝ ավելի քան 600 հայտարարություններով։ Այս կատեգորիայի ընկերությունների թվում են նաև Թումոն, Ֆասթ բանկը, Արդշինբանկը, Ամերիաբանկը, ինչպես նաև ԱյԴի, ՎՏԲ-Հայաստան և Էվոկա բանկերը։ 

 

ՏՏ և բանկային ոլորտներ

Որպես ամենապահանջված ոլորտների շարքում առաջատարների՝ առանձնացրել ենք նաև ՏՏ ընկերությունների և բանկերի կողմից հրապարակված աշխատատեղերի մասին մեր վերլուծությունը։

 

 

Այսպիսով, ՏՏ ընկերությունների շարքը հաջորդաբար կազմել են հետևյալ գործատուները՝ Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ, Synopsys Armenia, DataArt Armenia, BostonGene Technologies, Technmin և AeroDynamics. Նկատենք, որ այս ցանկում ներառված չեն բուքմեյքերական ընկերությունները։

 

ՏՏ ոլորտի հետ կապված ներկայացնենք նաև այն մասնագիտությունները, որոնք եղել են ամենապահանջվածները։

 

 

Ինչպես տեսնում ենք, ամենաշատը ՏՏ ոլորտի գործատուները որոնել են DevOps մասնագետների, .Net, Android, PHP և iOS ծրագրավորողների: Քիչ չի եղել նաև UI/UX դիզայներների պահանջարկը՝ շուրջ 100 աշխատատեղ։

 

Իսկ բանկերի պարագայում առաջատարների դիրքում են կրկին վերոնշյալ բանկերը։

 

 

Միջին աշխատավարձերն՝ ըստ մասնագիտությունների

Միջին աշխատավարձերի վերաբերյալ հետազոտությունն իրականացրել ենք՝ հիմնվելով Job.am-ի գործատուների նշած տվյալների վրա։

 


Այսպիսին էր 2023 թվականին հայաստանյան աշխատաշուկայի հիմնական բնութագիրը։ Շարունակեք հետևել Job.am-ի թարմացումներին, իրազեկ եղեք աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխություններին, և իհարկե բաց մի թողեք հաջորդ տարում աշխատանք գտնելու հնարավորությունը՝ մեր հարթակի միջոցով։ 

 

Հիշեցնենք, որ կայքում կարող եք ոչ միայն աշխատանք որոնել՝ կիրառելով տարբեր ֆիլտրեր, օրինակ՝ ըստ ոլորտի, աշխատանքային փորձի, քաղաքի և աշխատանքի դրույքի, այլև ստեղծել ռեզյումե՝ նախընտրած աշխատանքին ավելի արագ և հեշտ դիմելու, ինչպես նաև գործատուներին ձեզ գտնելու հնարավորություն տալու նպատակով։

 

Ներկայացված տվյալներն օգտագործելու պարագայում պատշաճ կերպով ակտիվ հղումը Job.am-ին պարտադիր է։

 

Կհետաքրքրեն նաև