Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Բիզնես և մարքեթինգ

Աշխատավայրն ապագայում․ ինչպե՞ս կարող են ընկերությունները նախապատրաստվել

29.05.2023 | 2048 դիտում

Տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված՝ ժամանակակից աշխատավայրը զարգանում է աննախադեպ արագությամբ։ Փոփոխությունների են ենթարկվում աշխատանքային պայմանները, աշխատանքի պլանավորման և հանդիպումների ձևաչափերը, աշխատակից - գործատու հարաբերությունները։ 

 

Ժամանակին համընթաց ձեր բիզնեսը զարգացնելու նպատակով անհրաժեշտ է մշտապես փոփոխվող իրականության պայմաններում ընդունել նոր միտումները և նախապատրաստվել ապագա աշխատավայրին: Սպասվող փոփոխություններին իրազեկ լինելն օգնում է բիզնեսներին՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններ մշակելիս և ռիսկերի կառավարման գնահատում իրականացնելիս։ 

 

Ի՞նչ միտումներով է զարգանում աշխատավայրը և ի՞նչ կարող են անել ընկերություններն այսօր՝ իրենց արդյունավետ գործունեությունը վաղը շարունակելու համար։ Մեր այսօրվա բլոգում կքննարկենք մոտ ապագայում աշխատավայրում սպասվող փոփոխությունները, կանդրադառնանք դրանք արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ քայլերին։


 

Աշխատավայրի փոփոխության վրա ազդող միտումներ

Ավտոմատացում

Արտաքին և ներքին գործընթացների ավտոմատացումը կարող է վճռորոշ լինել ապագայում կազմակերպությունների սահուն գործունեության ապահովման համար: Արդյունքում կարևոր նշանակություն կունենա արդյունավետ հաղորդակցությունը և աջակցությունը աշխատակիցներին՝ նոր տեխնոլոգիաները կիրառելու նպատակով: 

 

Ներքին հաղորդակցության արժևորում

Ներկայումս, երբ բազմաթիվ ընկերություններ անցնում են հեռավար աշխատանքի, ավելի արդիական է դառնում աշխատակիցների հաղորդակցման կազմակերպման թեման։ Ընկերությունները գիտակցում են ներքին հաղորդակցության կարևոր դերը՝ աշխատակիցներին մոտիվացված պահելու և նրանց արդյունավետության բարձրացման հարցում: 

 

Արդյունավետ ներքին հաղորդակցության ապահովման նպատակով արդիական է դառնում վիրտուալ թիմբիլդինգի կիրառումը։

 

Առաջնորդության դերի մեծացում

Ընկերության ղեկավարությունը կարևոր դեր է խաղում աշխատակիցների վստահության ձևավորման և ընկերության նպատակների և տեսլականի շուրջ նրանց համախմբելու գործում։ Հատկապես փոփոխությունների շրջանում անհրաժեշտ է ուժեղ ղեկավարություն, առանց որի հնարավոր չէ հաղթահարել ապագա մարտահրավերների հետևանքները։ 

 

Հմտությունների պահանջարկի փոփոխություն

Ապագայում տեխնոլոգիական լուծումների միջոցով հնարավոր կլինի ավտոմատացնել ավելի ու ավելի շատ աշխատանքներ: Դա թույլ կտա աշխատակիցները իրականացնել այնպիսի պարտականություններ, որոնք տեխնոլոգիաներն ի զորու չեն կատարել, ինչպիսիք են, օրինակ, հաջող փորձի կիրառումը և մարդկանց հետ հաղորդակցվելու հետ կապված առաջադրանքները։ 

 

Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մարդիկ կկարողանան ավելի քիչ ժամանակ ծախսել կրկնվող և կանխատեսելի առաջադրանքների, ինչպես նաև տվյալների հավաքագրման և մշակման վրա: Սա կհանգեցնի ապագայում աշխատակիցների հմտությունների պահանջարկի փոփոխությունների։ Սոցիալական և ճանաչողական բնույթի հմտություններն, ինչպիսիք են օրինակ՝ արդյունավետ միջանձնային հաղորդակցությունը, ստեղծարարությունը, խնդիրներ լուծելու կարողությունը և քննադատական մտածողությունը, ապագայում ավելի մեծ պահանջարկ կունենան:

 

Ճկունության անհրաժեշտություն

Աշխատանքային միջավայրի փոփոխմանն ուղեկցող մարտահրավերները կարող են պահանջել, որ ընկերություններն ավելի նորարար և ճկուն դառնան: Մենեջմենթի կողմից կպահանջվի կանխատեսել փոփոխությունները, հարմարվել դրանց և արագ որոշումներ կայացնել։ 

 

Զուգահեռաբար անհրաժեշտ կլինեն բիզնես ռազմավարությունների հաճախակի վերանայումներ՝ շուկայի նոր միտումներին հարմարվելու և հարկ եղած դեպքում նույնիսկ հիմնական ուղղությունը կտրուկ շրջելու համար։



Ինչպե՞ս պլանավորել աշխատանքը՝ հաշվի առնելով նոր զարգացումները

Աշխատաշուկան զարգանում է իր կանոններով և, ելնելով տարբեր գործոնների ազդեցությունից, պարտադրում խաղի նոր կանոններ։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ստեղծել արդիական և ժամանակի պահանջներին համապատասխանող աշխատավայր։

 

Կիրառեք հեռավար և հիբրիդային աշխատանքի մոդելները

Հեռավար աշխատանքի հնարավորությունների աճի հետ մեկտեղ կարևոր է հեռավար և հիբրիդային աշխատանքի մոդելների ներդրումը: Նման ձևաչափի անցնելիս պատրաստ եղեք մշակել հստակ քաղաքականություն, որտեղ կսահմանեք աշխատանքային ժամերը, հաղորդակցման ուղիները, այն բոլոր սկզբունքները, որոնցով պայմանավորվում է հեռավար աշխատանքի արդյունավետությունը։  

 

Հարկավոր կլինի նաև հեռավար ձևաչափով աշխատող թիմակիցներին անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ապահովել՝ հատկացնելով անհրաժեշտ սարքավորումներ։ 

 

Հեռավար աշխատանքի հնարավորություն ընձեռող կազմակերպությունները սովորաբար առաջարկում են ավելի ճկուն աշխատանքային պայմաններ, օրինակ, կախված հաստիքի առանձնահատկություններից, գործատուն կարող է տալ ոչ միայն աշխատանքային վայրի, այլև ժամերի ընտրության ազատություն, քանի դեռ աշխատակիցն ապահովում է իր արդյունավետ աշխատանքը նման պայմաններում։

 

Սահմանեք հաղորդակցման հստակ ուղիներ․ անկախ գտնվելու վայրից թիմի անդամների միջև անխափան համագործակցության ապահովումն առաջնային է։ Ապահովեք աշխատակիցների հասանելիությունն ընկերության կողմից օգտագործվող հաղորդակցման և համագործակցության հարթակներին։ 

Օգտագործեք հաղորդագրությունների հավելվածներ, նախագծերի կառավարման թվային հարթակներ և տեսահանդիպումների հավելվածներ՝ բոլոր թիմակիցներին մեկ ընդհանուր վիրտուալ տարածություն բերելու և նրանց միջև կապը պահպանելու նպատակով։

 

Սահմանեք ձեր տեխնոլոգիական նպատակները

Առկա տեխնոլոգիաները բազմաթիվ լուծումներ են առաջարկում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բիզնեսներին՝ իրենց ամենօրյա աշխատանքը հեշտացնելու և ավելի ծախսարդյունավետ դարձնելու նպատակով։ 

 

Ուսումնասիրեք արհեստական բանականությամբ հզորացված տեխնոլոգիաների և ավտոմատացման ընձեռած հնարավորությունները ձեր բիզնեսի համար և բացահայտեք կրկնվող առաջադրանքները, որոնք հնարավոր է ավտոմատացնել։

Ներդրեք այնպիսի թվային գործիքներ, որոնք շահավետ կլինեն բիզնես գործընթացները պարզեցնելու, արտադրողականությունը բարձրացնելու և արդյունավետությունը բարելավելու տեսանկյունից։ 


 

Միջոցներ ձեռնարկեք կիբերանվտանգության ապահովման նպատակով

Ժամանակակից թվային աշխատավայրում կիբերանվտանգության ապահովման հարցը դառնում է առաջնահերթություն: Անհրաժեշտություն է առաջանում աշխատողներին թվային անվտանգության ապահովման կանոնների և լավագույն փորձի մասին իրազեկելը՝ դասընթացների և վերապատրաստումների միջոցով։ 

 

Անվտանգության համակարգերի ձեռքբերումը և սպասարկումը ներդրումներ կպահանջեն բիզնեսներից։ Թվային անվտանգության հարցն ավելի կարևոր է հատկապես երբ տիրապետում եք մարդկանց մասին անձնական տվյալների բազայի և պետք է դրանք պաշտպանեք երրորդ կողմի մոտ հայտնվելու վտանգից։

 

Կենտրոնացեք արդյունքների վրա

Աշխատակիցների ընդհանուր գործունեության և ներկայության գնահատումից անցում կատարեք արդյունքների գնահատմանը, ինչը թույլ կտա գնահատել թիմակիցների աշխատանքի արժեքը և ազդեցությունը և ոչ թե պարզապես աշխատանքին նրանց տրամադրած ժամերի քանակը: Այդ նպատակով սահմանեք հստակ նպատակներ և տրամադրեք աշխատակիցներին կանոնավոր հետադարձ կապ, որպեսզի վերջիններս կարողանան կենտրոնանալ արդյունքների և ոչ թե ժամանակի վրա։ 

 

Արդյունքների վրա հիմնված գնահատմամբ խրախուսում եք աշխատակիցների հաշվետվողականությունը, չէ՞ որ նրանց համար ստեղծում եք գործունեության այնպիսի պայմաններ, որոնցում նրանք տնօրինում են իրենց աշխատանքը, ընտրում սահմանված նպատակներին հասնելու այն մեթոդները, որոնք համարում են արդյունավետ և, իհարկե, մոտիվացված են հասնելու ցանկալի արդյունքներին: 

 

Այսպիսի մոտեցումը նաև օգնում է աշխատակիցներին արդյունավետ որոշումներ կայացնել առաջնահերթությունները սահմանելիս՝ առանձնացնելով այն առաջադրանքները և կենտրոնանալով այն գործընթացների վրա, որոնք ուղղակիորեն նպաստում են ակնկալվող արդյունքներին:

 

 

Հավաքագրումն իրականացրեք հմտությունների հիման վրա

Այժմ գործատուները գիտակցում են, որ ավանդական դերերի վրա հիմնված բաժանումը չի համապատասխանում ապագայի աշխատավայրի պահանջներին: Նրանք հավաքագրում են մասնագետների և վերապատրաստում նրանց՝ ուսուցանելով հմտություններ, որոնք հնարավորություններ են բացում բիզնեսի ընդլայնման և կարիերայի զարգացման համար: Տարածվում է այն մոտեցումը, որի համաձայն մարդկանց կարողություններն ավելի կարևոր են, քան այն պաշտոնի անվանումը, որը նրանք կրում են:

 

Կոնկրետ հաստիքներում աշխատողներից պահանջվող հմտությունները կարող են այլևս արդիական չլինել կամ զգալի փոփոխությունների ենթարկվել: Հմտությունների վրա հիմնված հավաքագրման արդյունքում աշխատանքի են ընդունվում բազմակողմանի հմտություններ ունեցող մասնագետներ, ովքեր կարող են հարմարվել նոր դերերին և պարտականություններին՝ ապահովելով կազմակերպության ճկունությունը։

 

Վերապատրաստեք աշխատակիցներին

Ապագա աշխատավայրը կպահանջի նոր հմտություններ և կարողություններ։ Տեխնոլոգիական նոր համակարգերի ներդրման և կիրառման համատեքստում աշխատակիցների վերապատրաստումը և շարունակական ուսուցումն ապահովում են, որպեսզի նրանք տիրապետեն այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են թվային նորագույն գործիքների և գործընթացների կիրառման համար։

 

Խրախուսեք շարունակական ուսուցումը՝ ամուր հիմքերի վրա դնելով ուսուցման մշակույթը ձեր կազմակերպությունում: Առաջարկեք վերապատրաստման ծրագրեր և մենթորության հնարավորություններ, որպեսզի աշխատակիցները կարողանան նոր հմտություններ ձեռք բերել և պահանջված մասնագետ մնալ արագ զարգացող աշխատավայրում:


 

Ձևավորեք մարդակենտրոն մշակույթ

Ապագայի աշխատավայրում կշարունակի կարևորվել աշխատակիցների աճը և կարիերայի զարգացումը։ Ներկայումս աշխատակիցները պահանջում են ավելի շատ ազատություն և ճկունություն` կենտրոնանալով աշխատանքի և կյանքի հավասարակշռության պահպանման վրա:

 

Ուշադրության կենտրոնում պահեք աշխատակիցների առողջությունը և բարեկեցությունը: Մի շարք կազմակերպություններ աշխատակիցներին առաջարկում են բժշկական ապահովագրություն, մարզասրահի անդամակցություն, իսկ որոշներն ունեն սպորտի, յոգայի, խաղերի գոտի՝ հենց կազմակերպության տարածքում։

 

Աշխատակիցների համար ստեղծեք բաց հաղորդակցությամբ և թափանցիկությամբ առանձնացող միջավայր։ Խրախուսեք ընկերության ղեկավարների շփումը թիմերի հետ։ Աջակցեք աշխատակիցների բարեկեցությանը՝ այդ թվում խրախուսելով աշխատանք-անձնական կյանք հավասարակշռության պահպանումը։


Այսպիսով, ապագայի զարգացումներին համապատասխան աշխատավայր ստեղծելու համար բիզնեսները պետք է ընդունեն սպասվող փոփոխությունները, իսկ այդ գործում հաջողելու համար հարկավոր է լինել նորարար և ճկուն, ներդրումներ կատարել ճիշտ գործիքների մեջ և հզորացրել աշխատակիցների կարողությունները։

 

 

Կհետաքրքրեն նաև