Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Աշխատանք ստարտափում․ առավելություններ և թերություններ

11.02.2024 | 4007 դիտում

Ստարտափում աշխատելը դառնում է ավելի ու ավելի տարածված երևույթ հատկապես երիտասարդ մասնագետների շրջանում։ Սկսած ճկուն ժամանակացույցից մինչև աճող ընկերության մեջ բազմաթիվ հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը՝ ստարտափում աշխատանքն առաջարկում է բազմաթիվ առավելություններ: Չնայած վերջիններիս՝ կարևոր է նաև իմանալ որոշակի թերությունների մասին, որոնց ևս կանդրադառնանք մեր այսօրվա բլոգում։

 

Ստարտափը նոր ընկերություն է, որը հիմնադրվել է մեկ կամ մի քանի անձանց կողմից: Ստարտափ ընկերության նպատակն է առաջարկել եզակի ծառայություն կամ ապրանք շուկային և դրանով լուծել սպառողների առջև ծառացած որոշակի խնդիրներ: Հաճախ ստարտափներն ունեն սահմանափակ ֆինանսավորում՝ մինչև բիզնեսի կայանալը և շուկայում ամուր դիրքեր գրավելը։

 

 

Ստարտափում աշխատելու առավելությունները

Ստարտափում աշխատելը մի քանի առավելություններ ունի, հատկապես նրանց համար, ովքեր նոր են աշխատաշուկա մուտք գործում, օրինակ՝ նրանք, ովքեր վերջերս են ավարտել բուհը կամ երիտասարդ մասնագետներ են: 

 

Սովորելու ավելի շատ հնարավորություններ

Շատ ստարտափներ իրենց աշխատակիցներին թույլ են տալիս շատ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել, քան ավելի կայացած ընկերությունները: Դա պայմանավորված է նրանով, որ ստարտափները հաճախ չեն կարող իրենց թույլ տալ աշխատանքի ընդունել մի քանի աշխատակիցների, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր պատասխանատվություն ստորաբաժանումների ներսում: Ստարտափները հաճախ աշխատանքի են ընդունում մասնագետների՝ հիմնվելով յուրաքանչյուրի ունեցած որոշակի հմտությունների վրա, բայց հաճախ աշխատակցին տալիս են ավելի մեծ դեր կազմակերպության ներսում՝ այդպիսով փորձելով լրացնել աշխատողների պակասը։

 

Սա կարող է մեծ նշանակություն ունենալ հատկապես սկսնակ մասնագետների համար, քանի որ այն լայն հնարավորություն է տալիս սովորելու բաներ, որոնք հավանաբար հնարավոր չի լինի սովորել ավելի կայացած կազմակերպությունում: Բացի այդ, քանի որ ստարտափների հիմնադիրներն ու աշխատակիցները հաճախ աշխատում են միասին, դուք ուղիղ կապ կունենաք ստարտափի հիմքերում կանգնած մարդկանց հետ և ամեն քայլափոխի կկարողանաք սովորել նրանցից:


 

 

Նվազագույն վերահսկողություն

Ստարտափում աշխատելու մեկ այլ մեծ առավելություն է նվազագույն վերահսկողությունը, որի ներքո աշխատում են մասնագետները: Քանի որ հաճախ ստարտափներում ներգրավված են քիչ թվով աշխատակիցներ, վերահսկողությունն ավելի դժվար է տարածել յուրաքանչյուր բաժնում: Սա նշանակում է, որ աշխատակիցներին հաճախ թույլատրվում է ինքնուրույն որոշումներ կայացնել իրենց մասնագիտական դերերի շրջանակներում։

 

Ճկուն ժամեր

Շատ ստարտափներ առաջարկում են աշխատանքի ճկուն ժամեր, իսկ որոշները նույնիսկ թույլ են տալիս տնից աշխատել, եթե աշխատակիցներն այդպես ցանկանան: Սա հիանալի առավելություն է տնային ակտիվ կյանքով կամ աշխատանքից դուրս կանոնավոր պարտականություններ ունեցող մասնագետների համար:

 

Այլ առավելություններ

Ստարտափները հաճախ իրենց աշխատակիցներին տալիս են այլ տարբեր առավելություններ՝ աշխատակիցների գոհունակությունն ապահովելու նպատակով: Ստարտափների կողմից առաջարկվող ընդհանուր առավելությունները կարող են ներառել սնունդ աշխատավայրում, մարզասրահի անվճար անդամակցություն, ստարտափի կողմից առաջարկվող ծառայությունների կամ ապրանքների զեղչեր, որոշ դեպքերում նաև ավելի կարճ աշխատանքային շաբաթներ։

 

 

Ստարտափում աշխատելու թերությունները

Ինչպես տեսանք, ստարտափում աշխատելը մի շարք առավելություններ ունի, սակայն կան նաև որոշակի թերություններ, որոնց մասին պետք է տեղյակ լինեք՝ ստարտափում աշխատելու վերաբերյալ որոշում կայացնելիս:

 

Կայուն աշխատանքի հեռանկարի բացակայություն 

Միջազգային շուկայում կատարված տարբեր ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված մի շարք տվյալներ վկայում են, որ բազմաթիվ ստարտափների հաջողվում է բիզնես գործունեություն ծավալել առաջին մոտ հինգ տարիներին: Սա վերաբերում է հատկապես տեխնոլոգիական ստարտափներին, քանի որ տեխնոլոգիական առաջընթացի և նոր ու կատարելագործված նորարարությունների առաջացումը կարող է նրանց դուրս մղել բիզնեսից:

 

Այս պատճառներով, ստարտափում աշխատելը հաճախ չի երաշխավորում աշխատանքի կայունությունը։ Օրինակ՝ որոշ աշխատակիցներ աշխատում են միայն երեք տարի գործող ստարտափի հետ, և այդ ժամանակահատվածից հետո նրանք ստիպված են այլ աշխատանք փնտրել՝ ստարտափի փակման պատճառով:

 

 

Ծանրաբեռնվածություն

Ստարտափում աշխատելը սովորաբար ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, քան ավելի կայացած ընկերությունում: Ոմանց համար սա արդյունավետ է, մինչդեռ մյուսների համար դա կարող է առաջացնել աշխատանքի հետ կապված սթրես՝ նրանց վրա դրված չափազանց մեծ ծանրաբեռնվածության և պատասխանատվության պատճառով: Մասնագիտական այրման և սթրեսի վտանգն ավելի տարածված է այն ստարտափներում, որոնք իրենց աշխատակիցներին տալիս են այնքան պատասխանատվություն և պարտականություններ, որոնք գերազանցում են նրանց կարողությունների սահմանը:

 

Երկար աշխատանքային ժամեր

Ստարտափի շատ աշխատակիցներից պահանջվում է աշխատել երկար ժամեր՝ սահմանափակ արձակուրդներով: Սա հատկապես նկատելի է սկզբնական շրջանում, քանի որ այս նոր ընկերությունները պետք է շատ աշխատեն՝ աճ գրանցելու նպատակով: Թեև աշխատանքային գրաֆիկը ճկուն է, սկսնակ աշխատողներից հաճախ պահանջվում է ավելի երկար աշխատել։

 

Ավելի քիչ վարձատրություն

Շատ ստարտափներ չեն կարողանում իրենց աշխատակիցներին վճարել այնքան, որքան նրանց աշխատանքն իրականում արժե, քանի դեռ ստարտափը չի սկսում գրանցել եկամուտների աճ: Արդյունքում, ստարտափում աշխատելը հաճախ ենթադրում է ավելի քիչ վարձատրություն, քան այն, ինչ կվաստակեիք ավելի կայացած ընկերությունում:

 

 

Այսպիսով, ստարտափում աշխատանքը թեև առաջարկում է աճի և նորարարության եզակի հնարավորություններ, սակայն կարևոր է հաշվի առնել հնարավոր մարտահրավերները, որոնց անդրադարձանք: Համեմատելով դրական և բացասական կողմերը՝ հիշեք, որ ստարտափում աշխատելու որոշում կայացնելու գործում կարևոր են նախ և առաջ ձեր մասնագիտական նպատակները և նախասիրությունները։

 

Կհետաքրքրեն նաև