Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ի՞նչ են փնտրում հավաքագրման մասնագետները ուղեկցող նամակում․ 5 գործոն, որոնք պետք է հաշվի առնեք

26.11.2023 | 6806 դիտում

Ժամանակակից մրցակցային աշխատաշուկայում լավ մշակված ուղեկցող նամակը կարող է դառնալ հենց այն որոշիչ գործոնը, որը կապահովի ձեր ապագա աշխատանքը։

 

Այն ընձեռում է հավաքագրողների ուշադրությունը գրավելու բացառիկ հնարավորություն։ Ուղեկցող նամակը պարզապես մի քանի տողից բաղկացած տեքստ չէ, այն ձեր՝ որպես մասնագետի և անհատականության եզակիությունը ցուցադրելու միջոց է։ 

 

Ուղեկցող նամակն արդյունավետորեն օգտագործելու նպատակով նախ հարկավոր է հասկանալ, թե ի՞նչ են փնտրում հավաքագրողները ձեր մասին պատմող այս փոքրածավալ գրության մեջ: Հենց այս կարևոր թեմայի մասին է մեր այսօրվա բլոգը, որն, անշուշտ, կօգնի ձեզ թիրախային ուղեկցող նամակի միջոցով մեծացնել աշխատանքի առաջարկ ստանալու հնարավորությունները։

 

Եվ այսպես, շարունակեք ընթերցել՝ պարզելու համար, թե ինչ են փնտրում հավաքագրման և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները ձեր ուղեկցող նամակում:

 

 

Անհատականացում 

Հարմարեցրեք ձեր հաղորդագրությունը։ Յուրաքանչյուր հաստիքի համար, որին դիմում եք, ուղեկցող նամակը պետք հարմարեցնեք աշխատանքի պահանջներին և նկարագրությանը համապատասխան։ Ներառեք նամակի հենց սկզբում դիմելաձև։ Եթե հաստիքը հրապարակված է ընկերության անունից և ոչ թե մարդկային ռեսուրսների մասնագետի, ապա կարող եք օգտագործել այսպիսի դիմելաձև․ «Հարգելի ABC ընկերության ՄՌԿ մասնագետ» կամ «Հարգելի գործընկեր»։

 

Ուղեկցող նամակում աշխատանքին ձեր որակավորումների և հմտությունների համապատասխանությունը ներկայացնելիս հղում կատարեք աշխատանքի կոնկրետ մանրամասներին։ Հարմարեցրեք ձեր փորձը ընկերության արժեքներին և նպատակներին։

 

Ոգևորություն 

Արտահայտեք տվյալ պաշտոնում աշխատելու հետ կապված ձեր ոգևորությունը։ Այստեղ կարևոր է ցուցաբերել անկեղծ հետաքրքրություն։ Այս քայլը ճիշտ անելու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել ընկերությունը և առաջարկվող աշխատանքը։

 

Տվյալ աշխատանքին դիմելու ձեր մոտիվացիան և ոգևորությունն արտահայտելու բազմաթիվ տարբերակներ ունեք։ Անդրադառնանք մի քանիսին։ Օրինակ, դուք կարող եք ձեր հետաքրքրությունը և դրական տրամադրվածությունն արտահայտել ընկերության արժեհամակարգի նկատմամբ՝ գրելով․ «Ես հատկապես ոգևորված եմ ABC կազմակերպության X նախաձեռնությամբ (կամ նշեք ընկերության աշխատանքային հիմնարար ուղղություններից կամ արժեքներից մեկը), քանի որ ինքս շատ եմ կարևորում այն նպատակները (այստեղ ավելի կոնկրետ նշեք, թե ինչի մասին է խոսքը), որոնք իրականացվում են դրա արդյունքում»:

 

Կարող եք նաև արտահայտել ձեր հիացմունքն ընկերության գործունեության նկատմամբ։ Այս դեպքում հստակ ձևակերպեք, թե կոնկրետ ինչով է ընկերությունն առանձնանում տվյալ ոլորտում ձեզ համար, օրինակ․ «Ձեր նորարարական մոտեցումը ոլորտի մի շարք ուղղություններում (այստեղ ավելի կոնկրետ նշեք ուղղություններից մեկը կամ երկուսը) միշտ տպավորել է ինձ, և ես ցանկանում եմ իմ գիտելիքները և հմտությունները ներդնել նման (հստակ նշեք, թե կոնկրետ ինչ որակների մասին է խոսքը) մոտեցումներով աշխատող ընկերության գործունեության մեջ»:

 


Համապատասխանություն

Ցույց տվեք, որ լավագույն թեկնածուն եք տվյալ աշխատանքի համար՝ ներառելով այն հիմնական հմտությունները, որոնք ունեք և որոնք հարկավոր են տվյալ աշխատանքի համար։

 

Եվս մեկ անգամ ուշադիր ընթերցեք և առանձնացրեք աշխատանքի նկարագրության մեջ նշված հիմնական հմտությունները և որակավորումները: Մտածեք, թե ինչպես կարող եք հստակ կերպով ցույց տալ, թե ինչպես են ձեր հմտությունները դարձնում ձեզ իդեալական թեկնածու տվյալ հաստիքի համար: Օրինակ, եթե աշխատանքը պահանջում է ծրագրերի կառավարման, հաղորդակցության և տվյալների վերլուծության հմտություններ, գնահատեք ձեր փորձը՝ կապված հենց այս հմտությունների հետ:

 

Նույն սկզբունքով առաջնորդվեք աշխատանքային փորձը ներկայացնելիս։ Օրինակ, եթե աշխատանքը ծրագրերի կառավարման ոլորտում է, ապա համոզվեք, որ ձեր ուղեկցող նամակում առաջնահերթություն եք տվել հենց այս ոլորտում ունեցած փորձին։

 

Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, թե ինչպես եք ներկայացնում համապատասխան հմտությունները։ Դրանք պարզապես թվարկելու փոխարեն ներառեք ուղեկցող նամակի բովանդակության մեջ: Յուրաքանչյուր հմտության համար ներկայացրեք ենթատեքստ՝ կիսվելով համապատասխան փորձով։ Օրինակ, մի գրեք պարզապես․ «Ես ծրագրերի կառավարման ուժեղ հմտություններ ունեմ»։ Փոխարեն կիսվեք կոնկրետ արդյունքներով, որոնք վկայում են, որ ձեր այդ հմտությունները չափելի ազդեցություն են ունեցել:

 

Ձեռքբերումներ

Աշխատավայրում կատարած պարտականությունները թվարկելու փոխարեն ընդգծեք ձեր գործողությունների արդյունքները: Հավաքագրման մասնագետներին հետաքրքրում է, թե ինչի եք հասել և ինչպես են այդ ձեռքբերումները նպաստել ձեր թիմի կամ կազմակերպության ընդհանուր հաջողությանը:

 

Ուղեկցող նամակում ընդգծեք ձեր կոնկրետ ձեռքբերումները՝ մեծ ուշադրություն դարձնելով քանակական արդյունքների ներկայացմանը: Մտածեք, թե ինչպես են հավաքագրման մասնագետները չափում ձեր աշխատանքի որակը, քանի որ յուրաքանչյուր հաստիքի պարագայում դրանք տարբեր են։ Օրինակ, ենթադրենք, թե դիմում եք ծրագրերի ղեկավարի հաստիքի համար։ Ուղեկցող նամակում կարող եք հետևյալ բովանդակությամբ տեղեկատվություն ներառել․ «Որպես ծրագրերի ղեկավար՝ ես ներդրել եմ իմ նախորդ/ներկայիս աշխատավայրում նախագծերի կառավարման նոր համակարգ, որի արդյունքում 20%-ով նվազեցվել է ծրագիրն ավարտին հասցնելու ժամանակը։ Դրա շնորհիվ ունեցել ենք թիմի աշխատանքի ընդհանուր արդյունավետության 15% աճ»:

 

Ուղեկցող նամակում ներկայացնելիք ձեռքբերումները համապատասխանեցրեք աշխատանքի կոնկրետ պահանջներին: Հարմարեցրեք ձեր օրինակները՝ ցուցադրելու համար հենց այն հմտությունները և ձեռքբերումները, որոնք ուղղակիորեն վերաբերում են գործատուի կողմից փնտրվող որակավորումներին:

 

 

Հստակություն

Հստակությունն արդյունավետ հաղորդակցության հիմնական գրավականն է։ Պահպանեք պրոֆեսիոնալ տոնայնությունը, որը բնորոշ է ուղեկցող նամակին։ Եղեք հստակ և խուսափեք շփոթմունքի և թյուրըմբռնման տեղիք տվող արտահայտություններից և ձևակերպումներից։

 

Մտածեք, թե ինչպես պետք է պահպանեք հավասարակշռությունը հակիրճ գրելու և ձեր որակավորումներն արդյունավետ կերպով ներկայացնելու համար բավարար մանրամասներ տրամադրելու միջև:

 

Մինչ ուղեկցող նամակը գրելու գործընթացին անցնելը, հստակ պատկերացրեք նամակի կառուցվածքը։ Օրինակ, սկսեք պարզ և հակիրճ պարբերությամբ, որը ներկայացնում է ձեզ և արտահայտում ձեր հետաքրքրությունը պաշտոնի նկատմամբ: Այստեղ կարևոր է նշել ձեր նամակի նպատակը։

 

Որպես առաջին պարբերություն կարող եք նմանատիպ ձևակերպում օգտագործել․ «Ես գրում եմ՝ արտահայտելու համար իմ հետաքրքրությունը ձեր կայքում հրապարակված հաստիքի (անպայման նշեք հաստիքի անվանումը) նկատմամբ։ Ունենալով ոլորտի (նշեք կոնկրետ ոլորտը) վերաբերյալ գիտելիքներ և փորձ՝ վստահ եմ, որ կարող եմ նպաստել ABC ընկերության հաջողությանը»:

 

Ուղեկցող նամակը Job.am-ում

Հաստիքների մեծամասնության պարագայում ուղեկցող նամակի առկայությունը կարևոր է։ Job.am-ի միջոցով աշխատանքի դիմելիս ձեզ առաջարկվում է գործատուին ուղարկել նաև ուղեկցող նամակ։

 

 

Նման գործառույթ հարթակը ներդրել է՝ ձեզ աչքի ընկնելու և այլ թեկնածուներից տարբերվելու ևս մեկ հնարավորություն ընձեռելու համար։

 

Դե ինչ, ժամանակն է մինչ աշխատանքի դիմելու կոճակը սեղմելը վերանայել ուղեկցող նամակը՝ նկատի ունենալով ներկայացված չափանիշները, որոնք կարևորում են հավաքագրման մասնագետները։

 

Կհետաքրքրեն նաև