Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Հեռավար աշխատանքի օրենսդրական կարգավորումը․ ինչ սպասել վերջին փոփոխություններից

05.11.2023 | 6118 դիտում

Օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։ Ինչպես նշեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ նախագիծը մշակվել է հեռավար աշխատանքի վերաբերյալ կարգավորումները վերանայելու, աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմներ սահմանելու նպատակով։ 

 

Ո՞րն է օրենքում կատարվելիք փոփոխությունների նպատակը, ի՞նչ արդյունք է ակնկալվում հեռավար աշխատողների և գործատուների համար, որո՞նք են հեռավար աշխատանքի դրական կողմերը․ այս մասին է մեր այսօրվա բլոգը։

 

 

Ինչ են ենթադրում փոփոխությունները

Նախ հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվեց հեռավար աշխատանքի կազմակերպման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։ 

 

Հեղինակները նշում էին, որ նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը։ Դեռևս առաջին ընթերցման ժամանակ նշվեց, որ սահմանվել է «հեռավար աշխատանք» եզրույթը: Այսպիսով՝  հեռավար աշխատանքն աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունների կատարումն է՝ առանց աշխատանքի վայր ներկայանալու: Նշվում էր, որ հեռավար աշխատանք կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ աշխատանքի բնույթը դա թույլ է տալիս:

 

Հեռավար ձևաչափով աշխատանքների կազմակերպման համար սահմանվում են հստակ և ճկուն ընթացակարգեր։ Կարգավորումները գործելու են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի գործատուների համար: Նպատակը գործատուների և աշխատողների համար աշխատանքի կազմակերպման այնպիսի տարբերակների ներդրումն է, որոնք ոչ պակաս բարենպաստ պայմաններ կապահովեն, քան աշխատավայրերում կատարվող աշխատանքի պարագայում է։ Միաժամանակ ընդգծվում է, որ փոփոխությունների համատեքստում պահպանվելու են աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները։ 

 

Օրենքը, մասնավորապես, սահմանում է, որ հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները որոշում են գործատուն և աշխատակիցը։

 

Փոփոխությունները վերաբերում են նաև հեռավար ձևաչափով կատարվող աշխատանքի վերահսկմանը։ Այս հարցում ևս օրենքը բավականին ճկուն է և հնարավորություն է տալիս աշխատակցին և գործատուին փոխադարձ համաձայնության եղանակով աշխատանքը պատճաշ կատարելու վերաբերյալ չափանիշներ սահմանել և  որոշումներ կայացնել։  

 

Մշտական կապը ղեկավարության և թիմի հետ մեծապես ազդում է հեռավար աշխատանքի արդյունավետության վրա։ Ամրագրելով, որ հեռավար աշխատանք իրականացնող աշխատակիցը պետք է հասանելի լինի գործատուի համար, օրենքը նաև այս հարցի կարգավորումն է թողնում գործատուի և աշխատակցի հայեցողությանը։

 

Հեռավար աշխատանքի իրականացման ընթացքում անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռքբերման հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերյալ բոլոր հարցերը որոշվելու են գործատուի և աշխատողի գրավոր համաձայնությամբ: 

 

Գործատուների իրավունքների և պարտականությունների համատեքստում կարևոր է նկատել, որ օրենքի համաձայն գործատուի վրա չի դրվում պարտավորություն՝ աշխատողների առողջության և անվտանգության նորմերի պահպանման պահանջների վերաբերյալ:

 

 

Որոնք են հեռավար աշխատանքի դրական կողմերը՝ օրենքի համաձայն

Օրենքում փոփոխությունների նպատակներից մեկը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է։ Հեռավար աշխատանքը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ հասարակական և տնտեսական կյանքի տարբեր ասպեկտների վրա: Այն արդյունավետ է և՛ աշխատողի, և՛ գործատուի համար: Ինչպես նշվում է փաստաթղթում, օրենսդրական այս փոփոխությունների արդյունքում մասնավորապես ակնկալվում է․

✓ արտադրողականության աճ,

✓ բարձր որակավորում ունեցող աշխատուժի թվի մեծացում,

✓ բիզնեսի եկամուտների աճ,

✓ պետության եկամուտների աճ,

✓ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում,

✓ ներառական տնտեսության զարգացում,

✓ տարածքային համաչափ զարգացում,

✓ կանաչ տնտեսության զարգացում,

✓ ներդրումների աճ:

 

Արտադրողականության աճ։ Հեռավար աշխատանքը կարող է նպաստել արտադրողականության աճին, քանի որ աշխատակիցները հաճախ ավելի ճկուն են իրենց ժամանակը և միջավայրը կառավարելու հարցում, երբ ազատ են որոշել, թե որտեղից է իրենց հարմար աշխատել: Ամեն օր երթևեկության վրա ծախսվելիք ժամանակի տնտեսումը և հարմարավետ աշխատանքային միջավայրը կարող են բարձրացնել աշխատակիցների կենտրոնացումը և կատարվող աշխատանքի արդյունավետությունը:

 

Բարձր որակավորում ունեցող աշխատուժի քանակի ավելացում։ Հեռավար աշխատանքը թույլ է տալիս կազմակերպություններին ավելի շատ թեկնածուների դիտարկել: Նրանք կարող են աշխատանքի ընդունել բարձր որակավորում ունեցող անձանց տարբեր աշխարհագրական վայրերից՝ ընկերություն բերելով ավելի բազմազան և հմուտ աշխատուժ:

 

 

Ավելի ներառական աշխատաշուկա։ Հեռավար աշխատանքի վերաբերյալ աշխատանքային օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների արդյունքում ակնկալվում է նաև, որ կավելանա հաշմանդամություն ունեցող աշխատողների թիվը, ում համար աշխատանքի վայր ներկայանալու համար առկա ֆիզիկական խոչընդոտներն այլևս արգելք չեն լինի։

 

Բիզնեսի եկամտի ավելացում։ Ծախսերի կրճատումը՝ ներառյալ գրասենյակային տարածքի ձեռքբերման կամ վարձակալության և կոմունալ ծառայությունների համար նախատեսված վճարների կրճատումը կարող են նպաստել շահույթի բարձրացմանը: 

 

Պետական եկամուտների ավելացում։ Ավելի արդյունավետ աշխատուժի և աճող բիզնեսի առկայության դեպքում կառավարությունները կարող են ակնկալել հարկային եկամուտների ավելացում, որոնք կարող են ներդրվել հանրային ծառայություններում և ենթակառուցվածքներում:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում։ Հեռավար աշխատանքը խթանում է առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և ընդունմանը: Սա ներառում է հաղորդակցման գործիքներ, կիբերանվտանգության միջոցառումներ և տվյալների կառավարման համակարգեր, որոնք բոլորն էլ կարևոր են դառնում հեռավար թիմերի աշխատանքի կազմակերպման գործում։ 

 

Տարածքային համաչափ զարգացում։ Հեռավար աշխատանքը կարող է օգնել նվազեցնել քաղաքային ծանրաբեռնվածությունը, քանի որ մարդիկ ազատ են աշխարհագրական առումով աշխատելու որտեղից ցանկանան: Օրինակ, աշխատանք փնտրող մարզաբնակ անձինք ստիպված չեն լինի տեղափոխվել մայրաքաղաք, ինչը կօգնի ավելի հավասարակշռված զարգացում ապահովել տարածաշրջաններում։

 

Կանաչ տնտեսության զարգացում։ Աշխատանքի գնալու նպատակով երթևեկության կրճատումը դրական է ազդում օդի աղտոտվածության նվազեցման վրա։

 

Ներդրումների աճ։ Հեռավար աշխատանքը խթանում է ներդրումները տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և կրթության ոլորտներում: Ընկերությունները ներդրումներ են կատարում հեռավար աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ գործիքներում, իսկ պետական մարմինները կարող են ներդրումներ կատարել լայնաշերտ հասանելիության և թվային գրագիտության ծրագրերի ընդլայնման մեջ՝ հեռավար աշխատուժին աջակցելու նպատակով:

 

Հավելենք նաև, որ օրենքում փոփոխությունների նախագծի հեղինակներն ընդգծում են, որ հեռավար աշխատանքի անցումը չի կարող բացասաբար անդրադառնալ ստաժի վրա, ինչպես նաև այն չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքից ազատման համար: 

 

Կհետաքրքրեն նաև