Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

5 դժվարություն, որոնց բախվում են տեղահանված անձինք աշխատանք փնտրելիս․ ինչպես հաղթահարել դրանք

29.10.2023 | 5965 դիտում

Աշխատանք փնտրելու գործընթացը երբեմն կարող է բարդ լինել և նախատեսվածից ավելի ժամանակատար։ Այն ավելի է դժվարանում տեղահանված անձանց համար, ովքեր բախվում են լրացուցիչ խնդիրների։ Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար թեմայի առանձնակի կարևորությունը` մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք այն դժվարություններին և խնդիրներին, որոնց կարող են բախվել տեղահանված անձինք։

 

Աշխատանքի որոնման վայրիվերումներով լի ճանապարհին հանդիպող խոչընդոտների և դրանց հաղթահարման մասին իմանալը կտա առավելություններ մրցակցային աշխատաշուկայում և կօգնի հասնել ձեր գլխավոր նպատակին՝ ստանալ այնքան սպասված աշխատանքի առաջարկը։ 

 

Սթրեսային վիճակ

Զգացմունքայնությունը և սթրեսային վիճակը հասկանալի հետևանքն են այն ապրումների, որոնք ունեցել են մեր հայրենակիցները։ Նման վիճակը կարող է տարբեր մարդկանց մոտ տարբեր ինտենսիվությամբ դրսևորվել՝ պայմանավորված անհատների սուբյեկտիվ հատկանիշներով և խառնվածքով։ Սթրեսային վիճակը հիմնականում դրսևորվում է անհանգստության, հիասթափության, ինքնավստահության անկման, մեկուսացման ցանկության և, ի վերջո, դեպրեսիայի տեսքով։

 

Աշխատանք փնտրելու գործընթացի համատեքստում նման հոգեվիճակի խորացմանը կարող են նպաստել այնպիսի գործոններ, ինչպիսիք են որոնումների վրա երկար ժամանակ ծախսելը և գործատուներից ստացվող մերժումները։ Նման դեպքերում անձը կարող է զգալ վիթխարի ծանրաբեռնվածություն․ կորցնելով իր օթևանը և փոխելով բնակավայրը՝ այժմ էլ նա ստիպված է նոր աշխատանք որոնել։ Երբ աշխատանք փնտրելը սպասվածից ավելի երկար է տևում, դա կարող է հանգեցնել սթրեսի՝ ֆինանսական ճնշումների և անորոշության պատճառով: Տարբեր գործատուներից ստացվող մերժումները, ձախողման վախը, նոր աշխատաշուկայում իր տեղը գտնելու հարցում վարանումները կարող են բացասաբար ազդել անձի ինքնագնահատականի վրա։

 

Ինչ անել։ Նախ և առաջ աջակցություն որոնեք։ Ծանր ժամանակներում մենք ավելի շատ ենք զգում մեր մտերիմների, ընկերների և այն մարդկանց կարիքը, ովքեր, հասկանալով մեր վիճակը, փորձում են օգտակար լինել։ Երբեմն միակ բանը, որի կարիքն ունենք, գիտակցելն է, որ մեր խնդիրների հետ մենակ չենք, և միայն մենք չէ, որ ստիպված ենք հաղթահարել նմանատիպ դժվարություններ։

 

Փորձեք կիրառել այնպիսի մոտեցումներ, որոնք օգնում են ազատվել սթրեսից։ Օրինակ, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է օգնել նվազեցնել սթրեսը և բարելավել տրամադրությունը։

 

 

Մերժումներ

Աշխատանք փնտրելու գործում թերևս ամենահիասթափեցնող պահը մերժում ստանալն է։ Հարցրեք ցանկացած մասնագետի, ում հաջողակ եք համարում, և նրանք կփաստեն, որ իրենց մասնագիտական ճանապարհին հաճախ են մերժումներ ստացել։ Նրանց հաջողության գրավականը ի հեճուկս մերժումների դեպի նպատակը շարժվելու կարողության մեջ է։

 

Ինչ անել։ Որքան էլ բարդ լինի, այնուամենայնիվ, փորձեք մերժումները դիտարկել որպես սովորելու հնարավորություններ։ Հաջողության ճանապարհին մերժումները ոչ թե փակուղի են, այլ փորձառության դասեր։ Ընդունեք դրանք որպես աշխատանք գտնելու գործընթացի մաս։ Փորձեք հասկանալ մերժման պատճառները և հաշվի առնել դրանք հերթական հաստիքի համար դիմելիս։ Հասկանալով, թե ինչու չեք ընտրվել, կարող եք պատկերացում կազմել այն ոլորտների մասին, որոնց բարելավման կարիքն ունեք: Վերանայեք հաջորդ գործատուին ներկայանալու ձեր մոտեցումները՝ հիմնվելով ստացված արձագանքների վրա:

 

Մի ընդունեք մերժումը որպես բացասական գնահատական՝ տրված ձեր անձին կամ մասնագիտական որակներին։ Մերժումը չի արտացոլում ձեր՝ որպես մասնագետի արժեքը։ Ինքնավստահությունը չկորցնելու նպատակով ինքներդ ձեզ հիշեցրեք ձեր ձեռքբերումների, հմտությունների և այն հատկանիշների մասին, որոնցով առանձնանում եք։

 

Մոտիվացիայի անկում

Տեղահանման արդյունքում ծանր ապրումներին, բացասական զգացողություններին և մտքերին կարող է ավելանալ աշխատանք փնտրելու երկարատև և անորոշ գործընթացը՝ ճնշելով անձին և նպաստելով մոտիվացիայի անկմանը։ 

 

Ինչ անել։ Երևույթի դեմ պայքարելու համար նախ հարկավոր է այն ընդունել։ Հիշեք, որ յուրաքանչյուր ոք ինչ-որ պահի ունենում է կասկածի և հիասթափության զգացումներ, որոնք, սակայն, չպետք է գերակշռեն։ Ձեր ներուժն արդյունավետորեն օգտագործելու նպատակով նախ փորձեք իրատեսական նպատակներ սահմանել։ Ձեր առջև դրեք փոքր և չափելի նպատակներ, օրինակ, որոշեք, թե ամեն շաբաթ ինչ քայլեր պետք է ձեռնարկեք աշխատանք գտնելու ուղղությամբ։ Մասնակցեք տոնավաճառների և այլ միջոցառումների։ Տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող մարդկանց հետ շփումը և քննարկումները կօգնեն մոտիվացված մնալ։

 

Փնտրեք աջակցություն ընտանիքի և ընկերների շրջանում։ Նրանց խրախուսական խոսքը և խորհուրդներն օգտակար կլինեն իրավիճակին այլ տեսանկյունից նայելու և այն գնահատելու գործում։

 

Երբ մոտիվացիայի անկում եք զգում մտածեք անցյալում ունեցած ձեր ձեռքբերումների մասին: Հիշեք, որ նախկինում հաղթահարել եք նման մարտահրավերները և ունեք հմտություններ ու վճռականություն դա կրկին անելու համար: 

 

 

Հարմարվելու անհրաժեշտություն

Նոր վայրում աշխատանք գտնելու հարցում հարմարվողականությունը հմտություն է, որը պետք է ձեռք բերեք փնտրտուքների ճանապարհին։ Առաջին հերթին խոսքը փոփոխությունների համար բաց լինելու և անհաջողությունների արդյունքում նպատակներից չհրաժարվելու և ետ չկանգնելու մասին է։ Նոր աշխատաշուկայում զբաղվածություն փնտրելիս հիշեք, որ կարող են առաջանալ այնպիսի անսպասելի մարտահրավերներ, ինչպիսիք են կարիերայի  և մասնագիտական ուղղվածության փոփոխությունը։ 


Ինչ անել։ Հետաքրքրասիրությամբ և սովորելու պատրաստակամությամբ վերաբերվեք այն ամենին, ինչը նոր է ձեզ համար՝ ընդունելով, որ յուրաքանչյուր մարտահրավեր աճի հնարավորություն է: Դուք կարող եք գտնել այնպիսի հնարավորություններ, որոնցից օգտվելու համար պահանջվի ձեռք բերել նոր հմտություններ։ 

 

Օգտագործեք դեմ առ դեմ միջոցառումները և առցանց հարթակները՝ նոր վայրում առկա մասնագիտական ցանցերին ծանոթանալու և կապեր հաստատելու նպատակով, ինչը կօգնի հարմարվել նոր միջավայրին։

 

Հարմարվողականությունն օգնում է հաշվի առնել աշխատանքի տարբեր հնարավորությունները, ներառյալ այնպիսիք, որոնք դուք ի սկզբանե չէիք պատկերացնում: Տարբեր հաստիքներ ուսումնասիրելու պատրաստակամությունը կարող է ձեր առջև բացել դռներ, որոնց գոյության մասին պատկերացում անգամ չունեիք:

 

Տեղեկացված լինելու անհրաժեշտություն

Նոր վայրում աշխատանք գտնելու ընթացքում գիտելիքը ձեր ամենազորեղ ուժն է։ Ժամանակակից աշխատաշուկան դինամիկ կերպով փոփոխվում է: Տեղական աշխատաշուկայի, ոլորտի միտումների և վերջին զարգացումների մասին իրազեկ լինելն օգնում է տեղեկացված որոշումներ կայացնել և ձեզ մեկ քայլ առաջ է պահում մրցակիցներից:

 

Աշխատաշուկայի փոփոխությունների մասին տեղեկացված լինելը ենթադրում է, որ դուք տեղյակ եք վերջին զարգացումների, աշխատանքի հնարավորությունների և առկա պահանջարկի փոփոխությունների մասին:

 

Ինչ անել։ Ուսումնասիրեք տեղական աշխատաշուկան, փորձեք հասկանալ, թե որ ոլորտներն ունեն ամենամեծ պահանջարկը։ Առանձնացրեք դրանցից այն մի քանիսը, որոնք ձեզ հետաքրքրում են և բաժանորդագրվեք դրանց վերաբերյալ կայքերի թարմացումներին։ Հետևեք ոլորտին առնչվող բլոգներին և կարդացեք համապատասխան փորձագետների հեղինակած գրքերը և հոդվածները:

 

Միացեք մասնագիտական ասոցիացիաների կամ առցանց հարթակներում առկա խմբերի, որոնք առաջարկում են արժեքավոր տեղեկատվություն և ռեսուրսներ: Հետևեք ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց գրառումներին, ինչը թույլ կտա տեղեկացված լինել ոլորտային նորությունների և իրադարձությունների մասին։

 

Մասնակցեք տեղական ցանցային միջոցառումներին, կոնֆերանսներին, սեմինարներին: Այս իրադարձությունները տեղեկատվության հիանալի աղբյուրներ են և հնարավորություն են տալիս կապ հաստատել մասնագետների հետ և նրանց ուղղել ձեզ հետաքրքրող հարցերը։ 

 

Տարբեր մասնագետների հետ կապ հաստատելու նպատակով օգտագործեք նաև այն հնարավորությունները, որոնք տալիս են այնպիսի սոցիալական ցանցերը, ինչպիսին, օրինակ, LinkedIn-ն է։ Սոցցանցերում հետևեք ձեզ հետաքրքրող ոլորտի առաջատար ընկերություններին։ Հետևեք նաև համապատասխան հեշթեգների, որոնցով մասնագետները և կազմակերպությունները կիսվում են նորություններով և աշխատանքի հնարավորություններով:

 

Առցանց ձևաչափով հասանելի են բազմաթիվ վեբինարներ և դասընթացներ, որոնք կարող են օգնել ձեզ ձեռք բերել նոր հմտություններ և տեղեկացված լինել վերջին միտումների մասին:

 

 

Նոր վայրում աշխատանք փնտրելը լուրջ մարտահրավեր կարող է լինել։ Այնուամենայնիվ, դա նաև մի ուղի է, որը լի է աճի, սովորելու և ինքնաբացահայտման հնարավորություններով: Ձեր առջև ծառացած մարտահրավերները՝ հուզական սթրեսից մինչև տեղեկացվածության պակասը և մոտիվացիայի նվազումը, այդ գործընթացի մասերն են։ 

 

Այժմ, տեղյակ լինելով հիմնական դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին, դուք պատրաստ եք ձեր ջանքերը առավելագույնս նպատակային օգտագործելու միջոցով հասնել հաջողության աշխատանքի որոնման գործում։

 

Կհետաքրքրեն նաև