Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Անձնային բրենդը՝ աշխատանք գտնելու գրավական

10.09.2023 | 7939 դիտում

Անձնային բրենդի մասին խոսելիս պատկերացրեք մարքեթինգային ռազմավարություն, որը, սակայն, ուղղված է ոչ թե կազմակերպության կամ այլոց բրենդի խթանմանը, այլ ինքներդ ձեր։ Արդյունավետ անձնային բրենդի ձևավորումը պահանջում է ժամանակ և հետևողական ջանքեր, որոնք, միանշանակ, կարդարացնեն իրենց` օգնելով հասնել անձնական և մասնագիտական հաջողությունների։ 

 

Անձնային բրենդի ձևավորման գործում կարևոր է ուշադրություն դարձնել այն հմտություններին, որոնք ձեզ դարձնում են յուրօրինակ։ Իմանալով, թե ինչպես ձևավորել անձնային բրենդ, կարող եք կառավարել ձեր մասնագիտական իմիջը, որը կգրավի լավագույն գործատուներին։

 

Ինչո՞ւ է կարևոր անձնային բրենդը և ինչպե՞ս ձևավորել այն՝ ապահովելու համար մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ. այս մասին է մեր այսօրվա բլոգը։

 

Ի՞նչ է անձնային բրենդը

Անձնային բրենդը ձեր հմտությունների, փորձի, տաղանդների, որակավորումների և անհատականության վերաբերյալ այլոց ընկալումների ամբողջությունն է։ Անձնային բրենդն արտացոլում է մասնագիտական արժեքները։ Այն ձեր՝ որպես աշխատակցի համապարփակ բնութագիրն է։ 

 

 

Ինչու՞ է անհրաժեշտ անձնային բրենդի ձևավորումը

Ժամանակակից մրցունակ աշխատաշուկայում ամբոխից առանձնանալը չափազանց կարևոր է: Այստեղ է, որ անձնային բրենդը դառնում է առաջնային։ Ազդեցիկ անձնային բրենդը կարևոր է հատկապես, երբ աշխատանք եք փնտրում․ այն կարող է զգալիորեն մեծացնել թափուր աշխատատեղի համար գործատուի կողմից ձեր թեկնածությունը դիտարկելու հնարավորությունները։

 

Ինչպե՞ս ստեղծել անձնային բրենդ

Անձնային բրենդի ձևավորումը պետք է ձեզ դրական լույսի ներքո ներկայացնելու նպատակ հետապնդի։ Սա ենթադրում է որոշակի հստակ քայլերի իրականացում, ինչը կօգնի արդյունավետ և գրագետ անձնային բրենդ ձևավորելու գործում։

 

     ✓ Գտեք ձեր թիրախային լսարանը

Թիրախային լսարանը մարդկանց խումբն է, ում ցանկանում եք ներկայացնել ձեր անձնային բրենդը: Եթե դուք փորձում եք աշխատանք գտնել, ապա դա կարող են լինել գործատուներն՝ ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ կազմակերպությունները: Պարզեք, թե ում եք ուզում թիրախավորել, այնուհետև օգտագործեք այդ լսարանի առանձնահատկությունները` ձեր բրենդը զարգացնելու համար: Եթե որպես հաջորդ աշխատավայր ձեզ կոնկրետ ընկերություն է հետաքրքրում, ապա փորձեք ուսումնասիրել այդ ընկերության աշխատանքային միջավայրը և պատկերացում կազմել կազմակերպության ներսում տիրող արժեհամակարգի մասին։  Իհարկե դժվար է դրսից դիտողի կարգավիճակում հասկանալ կազմակերպության ներքին մշակույթը, սակայն փորձեք ուսումնասիրել վերջինիս կայքէջը, էջերը սոցցանցերում, եթե այնտեղ աշխատող ծանոթներ ունեք, զրուցեք նրանց հետ։ Թիրախային լսարանի մասին հստակ պատկերացումներն օգտակար են հատկապես ընկերության հետ ձեր մշակութային համապատասխանությունն ընդգծելու գործում։

 

 

     ✓ Հասկացեք, թե ինչ արժեք եք ստեղծում

Մտածեք, թե ինչն է ձեզ դարձնում յուրահատուկ, ինչպիսի արժեք կարող եք առաջարկել գործատուներին: Ձեր ամենակարևոր արժեքների թվում են այն հմտությունները, որոնք ունեք և արդյունավետորեն օգտագործում եք աշխատանքում արդյունքներ գրանցելու համար: Ձեր ստացած կրթությունը, տարիների կուտակած փորձը, ինչպես նաև փափուկ հմտությունները ձեզ դարձնում են մրցունակ թեկնածու։ 

 

Այլ արժեքների թվում, որոնք ցանկալի է ընդգծել անձնային բրենդի ձևավորման ընթացքում, ձեր շարունակական կրթության մասին վկայող փաստերն են։ Ժամանակակից աշխարհում ամեն ինչ փոխվում է մեծ արագությամբ և շատ ոլորտներում աշխատակիցները մշտապես նոր գիտելիքներ ձեռք բերելու կարիք ունեն։ Կիսվելով տարբեր դասընթացների և վերապատրաստումների մասնակցության վկայականներով՝ ցույց եք տալիս անընդհատ կատարելագործվելու ձեր ձգտում։

 

Ձեր արժեհամակարգի մասն են նաև ձեր սկզբունքները և համոզմունքները։ Գործատուները ցանկանում են աշխատանքի ընդունել թեկնածուների, ովքեր ունեն արժեքներ, որոնք համապատասխանում են իրենց ընկերության արժեհամակարգին: Եթե թիմային խաղացող եք, կարևորում եք համագործակցությունը և փոխօգնությունը աշխատավայրում, ապա դարձրեք ձեր այդ մոտեցումները անձնային բրենդի մաս։


 

 

     ✓ Մշակեք ձեր բրենդի ուղերձը

Բրենդի ուղերձը բաղկացած է մի քանի նախադասությունից և նկարագրում է այն, ինչը դուք պետք է ներկայացնեք գործատուին՝ տվյալ թափուր հաստիքին ձեր համապատասխանության մեջ նրան համոզելու համար: Անձնային բրենդը ստեղծելիս ինքներդ ձեզ համար հստակ պատասխանեք հետևյալ 3 հարցին․

   • Ինչո՞ւ եմ ես ուզում ստեղծել անձնային բրենդ։

   • Ինչո՞վ է այն ինձ օգնելու հասնել իմ նպատակներին։

   • Ի՞նչ հատկանիշներ եմ ուզում, որ մարդիկ նույնականացնեն իմ անձնային բրենդի հետ: 

 

Պատասխաններն այս հարցերին կօգնեն հակիրճ և ճշգրիտ ուղերձ ձևակերպել: Անձնային բրենդի ուղերձը կարող եք տեղադրել սոցիալական ցանցերի էջերի՝ ձեր մասին տեղեկատվության համար նախատեսված բաժնում։ Այն պետք կգա ձեզ նաև հարցազրույցի ընթացքում, երբ գործատուն խնդրի ներկայանալ կամ հարցնի, թե ինչու պետք է բազմաթիվ թեկնածուներից ընտրեն հենց ձեզ։

 

Անձնային բրենդի ուղերձ ձևակերպելիս ձեզ կօգնի նաև հայտնի Elevator pitch տեխնիկան։ Այս մեթոդի էությունը նրանում է, որ պետք է 30-60 վայրկյանի ընթացքում կարողանաք ներկայացնել ձեզ՝ հնարավորինս հակիրճ, միայն կարևոր տեղեկատվություն փոխանցելով։ Պատկերացրեք, որ գտնվում եք գործատուի հետ վերելակում, և նա խնդրում է ձեզ ներկայանալ, ինչը պետք է հասցնեք անել մինչ վերելակի դռները բացվեն։ Մտածեք, թե որն է այն ամենակարևոր տեղեկատվությունը, որը պետք է իմանա ձեր մասին գործատուն՝ կողմնորոշվելու համար, թե արդյոք հենց ձեզ պետք է վերցնի իր թիմ։

 

 

     ✓ Ստեղծեք ձեր անհատականությունը

Բրենդի անհատականությունը ներառում է հիմնական բնութագրերն ու հատկանիշները, որով դուք առանձնանում եք որպես մասնագետ: Կախված նրանից, թե որոնք են ձեր մասնագիտական նպատակները, դուք կարող եք անձնային բրենդում ներառել այնպիսի հատկանիշներ և որակներ, ինչպիսիք են «աշխատասեր», «արդյունքների միտված», «ստեղծագործ», «բարձր մոտիվացված» և «հուսալի» մասնագետ լինելը:

 

     ✓ Առաջարկեք լուծում

Ձեր անձնային բրենդը ստեղծելիս մտածեք, թե ինչ խնդիր է ցանկանում լուծել գործատուն՝ ձեզ ընդգրկելով իր թիմում: Կենտրոնացեք ծառայությունների վրա, որոնք դուք կարող եք տրամադրել պոտենցիալ գործատուին։ Ձեր առաջարկը ձևակերպելու ընթացքում մտածեք ոչ միայն այն մասին, թե ինչ եք անում, այլ նաև, թե ինչպես եք դա անում, որպեսզի ցուցադրեք ձեր յուրահատուկ մոտեցումն ու պրոֆեսիոնալիզմը:


Թվային բրենդինգ կամ ինչպե՞ս ձևավորել և խթանել անձնային բրենդն առցանց

Այսպես կոչված թվային բրենդինգը գնալով ավելի կարևոր է դառնում, քանի որ այսօր համացանցը թիվ մեկ միջոցն է՝ գործատուների հետ կապ հաստատելու համար։ Ներկայումս հավաքագրման մասնագետները գնալով ավելի պրոակտիվ են դառնում տաղանդներ որոնելիս։ Նրանք չեն սահմանափակվում կայքէջում կամ աշխատանքային կայքում թափուր հաստիքի վերաբերյալ հայտարարությունը տեղադրելով։ Նրանք տարբեր հարթակներում, օրինակ, սոցցանցերում առկա մասնագիտական խմբերում և LinkedIn-ում փնտրում են տաղանդների՝ նրանց հետ անմիջականորեն կապ հաստատելով և բանակցելով։ Սա նշանակում է, որ ժամանակն է վերանայել էջերը սոցցանցերում։

 

Սոցիալական մեդիա հարթակները հիանալի հնարավորություն են ընձեռում՝ խթանելու համար ձեր անձնային բրենդը։ Սկսեք տարբեր սոցիալական հարթակների ուսումնասիրությունից և ընտրեք այնպիսիները, որոնք համապատասխանում են ձեր ոլորտին և որտեղ կգտնեք թիրախային լսարանին: Օգտագործեք այս հարթակները ռազմավարական առումով արժեքավոր բովանդակությամբ կիսելու, ոլորտի ազդեցիկ մարդկանց հետ կապ հաստատելու և մասնագիտական քննարկումներին մասնակցելու համար: 

 

 

Առցանց հարթակներում անձնային բրենդի ձևավորումը սկսեք LinkedIn-ում էջ բացելով։ Եթե արդեն իսկ ունեք էջ, ապա վերանայեք այն։ Համոզվեք, որ ձեր էջում առկա է տեղեկատվություն ձեր հմտությունների, փորձի և ձեռքբերումների մասին: Ցուցադրեք ձեր փորձը՝ պարբերաբար կիսվելով ոլորտին առնչվող բովանդակությամբ և ներգրավվեք մասնագիտական քննարկումների մեջ։ Հետևեք ձեր ոլորտում գործունեություն ծավալող մարդկանց․ հաճախ նրանց հրապարակումները դառնում են քննարկումների մասնակցելու լավ հնարավորություն։ 

 

Լսարանի վստահությունը վաստակելու նպատակով ցուցադրեք ձեր փորձը, որը կարող է օգտակար լինել այլոց համար։ Մտածեք ձեր անձնական բլոգը ստեղծելու մասին, որտեղ կարող եք կիսվել ձեր մտքերով, պատկերացումներով և մասնագիտական ձեռքբերումներով: Եթե փնտրում եք նման հարթակ, ապա փորձեք օգտագործել Medium-ը։ Մարդկային պատմությունների և գաղափարների այս հարթակում կարող եք կիսվել ձեր օգտակար գիտելիքներով և անձնական փորձից քաղված դասերով, ինչպես նաև ընթերցել այլոց պատմությունները։

 

Հետևողականությունն առաջին նախապայմանն է՝ անձնային բրենդի խթանման համար, հետևաբար որքան էլ զբաղված լինեք, փորձեք ժամանակ հատկացնել սոցիալական ցանցերում ակտիվություն ցուցաբերելու համար։

 

Դիմեք գործընկերներին, մենթորներին և ղեկավարներին, ովքեր կարող են երաշխավորել ձեր հմտությունները: Խնդրեք նրանց ձեր աշխատանքի մասին դրական արձագանքներ գրել LinkedIn-ում: Դրա դիմաց ինքներդ երաշխավորեք ուրիշների համար: Դա կօգնի ստեղծել ուժեղ մասնագիտական ցանց և ցույց կտա արդյունավետորեն համագործակցելու ձեր կարողությունը:

 

Օգտագործելով այն մեթոդները, որոնց անդրադարձանք, այսօրվանից սկսեք ձևավորել ձեր անձնային բրենդը։ Զինվեք համբերությամբ և մի ակնկալեք արդյունքներ միանգամից։ Անձնային բրենդի խթանման ուղղությամբ քայլեր ձեռնարկելիս եղեք հետևողական և որոշակի ժամանակ անց արդեն կնկատեք դրական արդյունքները։


 

Կհետաքրքրեն նաև