Մասնագիտությունը՝ մանկավարժ․ 10 հայտնիներ, ովքեր ուսուցիչներ են եղել
Աշխարհում հազարավոր մասնագիտություններ կան։ Երբ խոսքը գնում է դրանց մեջ ամենակարևորների մասին, առաջին հերթին շատերի մտապատկերում հայտնվում են բժիշկները և ուսուցիչները։ Նոր ուսումնական տարին այն սկիզբն է, երբ ևս մեկ անգամ վերանայում և արժևորում ենք ուսուցիչների կատարած աշխատանքը։ Իսկ գիտեի՞ք, որ այսօր մեզ հայտնի բազմաթիվ մարդիկ, ովքեր փայլում են կինոյի, գրականության, արվեստի և այլ բնագավառներում, իրենց ուղին սկսել են որպես ուսուցիչ։
Մեր այսօրվա բլոգում կթերթենք աշխարհահռչակ այն 10 անձանց կենսագրական էջերը, ովքեր զբաղվել են այլոց կրթելու գործով։ Ո՞վ գիտե, գուցե հենց դասասենյակներում ձեռք բերված փորձը և ձևավորված հայացքներն են օգնել նրանց հասնել հաջողության ամենատարբեր ոլորտներում։
Սիլվեստր Ստալոնե
Ամերիկացի դերասան և պրոդյուսեր Սիլվեստր Ստալոնեին առաջին հերթին կհիշեն մարտաֆիլմերի սիրահարները։ Չարին պատժող և արդարությունը վերականգնող բազմաթիվ կերպարներ կերտած հոլիվուդյան աստղը երիտասարդ տարիքում Շվեյցարիայում հաճախում էր Ամերիկյան քոլեջ, որտեղ ուսմանը զուգընթաց նաև դասավանդում էր։
Կարծում ենք՝ դժվար չէ գուշակել, թե որ առարկան էր դասավանդում մարտաֆիլմերի ապագա ամենակարկառուն դեմքերից մեկը։ Այո, այո, իրավացի եք, նա աշխատում էր որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Այս գործունեությանը զուգահեռ «Ռոքի» ֆիլմի ապագա աստղը նաև խաղում էր թատրոնում։ Վերադառնալով հայրենի ԱՄՆ՝ նա վերջնական որոշում է կայացնում շարունակել իր դերասանական կարիերան։
Սթինգ
Լեգենդար երաժիշտ, երգիչ և երգահան, Գրեմմիի մրցանակակիր Գորդոն Մեթյու Թոմաս Սամները, նույն ինքը՝ Սթինգը, ծնվել և մեծացել է Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Ուոլսենդ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո նա երկու տարի անգլերեն է դասավանդել Սուրբ Պողոս մասնավոր դպրոցում (St. Paul’s School)։ Դեռ մանկավարժությամբ զբաղվելու տարիներին երիտասարդ ուսուցիչը սկսում է համերգներով հանդես գալ։
Իր հարցազրույցներից մեկում Սթինգն ասել է, որ հենց որպես ուսուցիչ աշխատելու ընթացքում է հասկացել, որ ցանկանում է իր կյանքը կապել երաժշտության հետ։ Սթինգը նշում է, որ ուսուցիչ լինելն աշխարհի ամենակարևոր առաքելություններից մեկն է և հաճախ վրդովմունք է հայտնում, որ այն շարունակում է մնալ ցածր վարձատրվող աշխատանք։
Ջոան Քեթլին Ռոուլինգ
Կախարդության դպրոցի և այնտեղ սովորող կախարդների ու կախարդուհիների մասին ամենահայտնի գրքերի հեղինակը դասավանդելով է սկսել իր մասնագիտական ուղին։ The Guardian թերթում տպագրված հայտարարությունից տեղեկանալով Պորտուգալիայի Պորտո քաղաքում անգլերենի ուսուցչի թափուր հաստիքի մասին՝ երիտասարդ Ջ․ Ք․ Ռոուլինգը որոշում է զբաղվել օտարերկրացիներին իր մայրենիի դասավանդմամբ։
Ջ.Ք. Ռոուլինգը, որը հաջորդիվ պետք է համաշխարհային հռչակ վաստակեր Հարի Փոթերի մասին իր գրքերով, սովորել էր Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Էքսեթերի համալսարանում՝ ստանալով ֆրանսիական և դասական բանասիրության բակալավրի աստիճան։ Պորտուգալիայում անգլիացի գրողը մի քանի տարի դասավանդում է անգլերեն և աշխատանքին զուգընթաց սկսում գրել Հարի Փոթերի մասին շարքի առաջին գլուխները։ Գրողը նաև խոստովանում է, որ օգտագործել է իր նախկին ուսուցիչների հատկանիշները և բնավորության գծերը՝ իր գրքերի կերպարները ստեղծելիս։
Սթիվեն Քինգ
Անուն, որը լսելիս շատերը հիշում են չարագույժ ժպիտով ահասարսուռ ծաղրածուին՝ կարմիր փուչիկը ձեռքին։ Մտաբերեցի՞ք «Այն» (It) ֆիլմի հերոսին, որի կերպարն էկրաններին է հայտնվել հենց Սթիվեն Քինգի համանուն վեպից։ Ամերիկացի հեղինակ, սարսափ և ֆենտեզի ժանրերի գրող Սթիվեն Քինգը միշտ չէ, որ զբաղվել է մարդասպան ծաղրածուների մասին գրելով։ Կար ժամանակ, երբ Քինգը ուսուցիչ էր ԱՄՆ-ի Մեն նահանգի Հեմպդեն ակադեմիայում:
Ուսուցչի աշխատանքին զուգահեռ` Քինգը զբաղված էր մի քանի ամսագրերի պատմվածքներ ներկայացնելով՝ փորձելով հաջողության հասնել որպես գրող։ Այն բանից հետո, երբ իր առաջին վեպը մեծ հաջողություն ունեցավ, նա թողեց ուսուցչի կարիերան։
Լիամ Նիսոն
Հիշո՞ւմ եք հայտնի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հազարավոր մարդկային կյանքեր փրկած Օսկար Շինդլերին մարմնավորող իռլանդացի դերասան Լիամ Նիսոնը ևս որոշակի ժամանակահատված զբաղվել է մանկավարժությամբ, սակայն թողել է աշխատանքը՝ պայմանավորված աշակերտներից մեկի մասնակցությամբ տհաճ միջադեպով։
Բանն այն է, որ մի անգամ, երբ Նիսոնը Անգլիայի Նյուքասլ քաղաքի Սուրբ Մերի քոլեջում էր դասավանդում, աշակերտներից մեկը չի ցանկացել ենթարկվել ուսուցչի հորդորներին և շարունակել է խանգարել դասը։ Ինչպես հաջորդիվ պարզաբանել է ապագա դերասանը՝ նա փորձել է անկարգ աշակերտին դասարանից դուրս հրավիրել, ինչին ի պատասխան վերջինս սպառնացել է ուսուցչին, ով և հարվածել է նրան։
Տհաճ միջադեպը թեև զրկեց Նյուքասլի քոլեջին իր ուսուցիչներից մեկից, սակայն աշխարհին տվեց հայտնի դերասանի, ում խաղը հիացնում է կինոյի հարյուր հազարավոր սիրահարների։
Ջորջ Օրուել
«Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»․ սա մեկն է Ջորջ Օրուելի այն բազմաթիվ արտահայտություններից, որոնք դարձել են թևավոր խոսքեր և հաճախ են մեջբերվում՝ ժամանակակից իրականությունը բնութագրելիս։ Իր «Անասնաֆերմա» և «1984» հակաուտոպիստական և այլաբանական վեպերով հայտնի բրիտանացի հեղինակը ոչ տևական մի ընթացք աշխատել է որպես ուսուցիչ։
Օրուելը 1932-1933 թվականներին աշխատել է Արևմտյան Լոնդոնի Հեյես քաղաքի Հոութորնսի ավագ դպրոցում: Նա դասավանդել է ֆրանսերեն և անգլերեն՝ այդ ընթացքում սկսելով նաև հաստատուն քայլեր կատարել որպես գրող կայանալու գործում:
Օրուելի՝ որպես ուսուցչի փորձը մեծապես ազդել է կրթության և սոցիալական դասի վերաբերյալ նրա հայացքների վրա: Աշխատելով որպես ուսուցիչ՝ նա լիարժեք պատկերացում է կազմել մանկավարժների առջև ծառացած մարտահրավերների և այն մասին, թե ինչպես կարող է սոցիալական հիերարխիան դրսևորվել կրթական հաստատություններում:
Թեև Օրուելի ուսուցչական կարիերան կարճ էր, սակայն, անկասկած, նպաստեց նրա յուրահատուկ աշխարհայացքի ձևավորմանը և ազդեց նրա ստեղծագործությունների վրա:
Բրայան Մեյ
Լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը մինչ Quenn-ին միանալը աշխատել է որպես ուսուցիչ՝ դասավանդելով մաթեմատիկա Լոնդոնի դպրոցներից մեկում։ Վերհիշելով դպրոցում աշխատելու տարիները՝ Բրայանը լրագրողներին պատմել է ուսուցչի աշխատանքում իր հանդիպած մարտահրավերների մասին․ «Հնարավոր չէր երեխաներին ստիպել հաճախել դպրոց, եթե նրանք հետաքրքրված չլինեին ուսուցչի ասածով։ Ես առավելություն ունեի, քանի որ երիտասարդ էի և կարող էի նրանց հետ խոսել իրենց լեզվով», - նշել է նա:
Հետագայում փոփ երաժշտության մեջ հաջողությունները, սակայն, այլ կերպ տնօրինեցին Մեյի մասնագիտական ճակատագիրը, որի արդյունքում նա հրաժեշտ տվեց ուսուցչի կարիերային։
Դեն Բրաուն
Մինչ աշխարհին իր «Դա Վինչիի ծածկագիրը», «Հրեշտակներ և սատանաներ», «Կորուսյալ խորհրդանշան», «Ինֆեռնո», «Ծագում» և այլ վեպերով հիացնելն ամերիկացի գրող Դեն Բրաունը աշխատել է որպես ուսուցիչ։
1993 թվականին հեղինակը կնոջ հետ տեղափոխվել է Նյու Հեմփշիր, որտեղ երեք տարի դասավանդել է անգլերեն և իսպաներեն։ Գրողի հիմնական առաքելությունը, սակայն, ստիպեց նրան հրաժարվել ուսուցչական գործունեությունից՝ իր ամբողջ ժամանակ գրքեր գրելուն հատկացնելու նպատակով։
Սթիվ Վոզնյակ
1976 թ․ ամերիկացի ծրագրավորող Սթիվ Վոզնյակը Սթիվ Ջոբսի հետ միասին հիմնադրեց Apple ընկերությունը։ Աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողներից մեկը ստանձնեց ուսուցանելու բարդ պարտականությունը Apple-ից հեռանալուց հետո՝ 1980-ականների սկզբին։ Վոզնյակը հայտնեց, որ ցանկանում է համակարգչային գիտություն սովորեցնել տարրական դպրոցի աշակերտներին:
Մինչ իր գործընկերոջ՝ Սթիվ Ջոբսի գլխավորությամբ Apple-ը սկսեց շուկա դուրս գալ կատարելագործված ապրանքներով և ծառայություններով՝ ներկայացնելով iPod-ը, iPhone-ը և MacBook-ը, Վոզնյակն այլ ճանապարհով գնաց։ Նա սկսեց դասավանդել հինգերորդից մինչև իններորդ դասարանցիներին։
Հյու Ջեքման
Ավստրալացի հայտնի դերասան, երգիչ և պրոդյուսեր Հյու Ջեքմանը կարճ ժամանակով աշխատել է որպես ուսուցիչ` նախքան իր հիմնական գործունեության ոլորտին անցնելը, որով և նա դարձավ հայտնի ամբողջ աշխարհում:
Ավարտելով Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանը՝ Ջեքմանը կարճ ժամանակով աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ Անգլիայի Ուփինգհեմի դպրոցում: Դասավանդման ժամանակահատվածում ապագա դերասանը նաև մարզել է սպորտային թիմերի։ Այնուամենայնիվ, կինոյի հանդեպ Ջեքմանի սերն ի վերջո ստիպեց նրան շարունակել զբաղվել դերասանական կարիերայով։
Ինչպես տեսանք հայտնիների օրինակով՝ դասարանում միայն աշակերտները չէ, որ սովորում են։ Ուսուցչի աշխատանքային փորձն արժեքավոր հիմք կարող է հանդիսանալ այլ ոլորտներում ուշագրավ ձեռքբերումների հասնելու համար։
Կհետաքրքրեն նաև