ChatGPT-ն` պահանջված հմտություն աշխատանքի ընդունվելիս
2022 թվականի վերջին ամբողջ աշխարհը սկսեց խոսել արհեստական բանականության հնարավորությունների մասին։ OpenAI տեխնոլոգիական հետազոտությունների լաբորատորիան նախորդ տարվա նոյեմբերի 30-ին անվճար հասանելիություն տրամադրեց իր ChatGPT չատբոտին: Յուրաքանչյուր օգտատեր, ով ուներ հասանելիություն համացանցին, կարող էր անձամբ կիրառել այն և սեփական փորձով համոզվել արհեստական բանականության հնարավորությունների մեջ։ Վայրկյանների ընթացքում չատբոտը գեներացնում է օգտատերերի մուտքագրած հարցերի պատասխանները՝ երկխոսության տեսքով։
Արհեստական բանականությունը աշխատավայրում
Շուտով հիացմունքի և զարմանքի ալիքն իր տեղը զիջեց վախին։ Կարծիքներ հնչեցին, որ ChatGPT-ն կփոխարինի տարբեր ոլորտներում աշխատող մի շարք մասնագետների։ Մինչ շատերը լուրջ մտավախություն ունեին, որ մոտ ապագայում արհեստական բանականությունը կարող է իրենց գործազուրկ դարձնել, բազմաթիվ խոշոր կազմակերպություններ որոշեցին օգտվել այս «խելացի» տեխնոլոգիայից և այն կիրառել իրենց աշխատանքում։ ChatGPT-ի հայտնվելուց հետո այն արագորեն ընդունվեց այնպիսի խոշոր ընկերությունների կողմից, ինչպիսիք են Microsoft-ը և Slack-ը, որոնք ներառեցին չատբոտն իրենց արտադրանքներում կամ սկսեցին օգտագործել՝ ավելի արդյունավետ աշխատելու նպատակով:
Այսօր արդեն առկա են տարբեր հետազոտությունների արդյունքներ, որոնք փաստում են, որ ChatGPT-ն օգտագործելը նորագույն պահանջված հմտություն է, որի առկայությունը կազմակերպությունները կարող են հաշվի առնել թեկնածուին աշխատանքի ընդունելիս։
Ամերիկյան Resume Builder կայքը փետրվար ամսին հետազոտություն էր անցկացրել ԱՄՆ-ում գործող թվով 1000 առաջատար բիզնեսների շրջանում՝ պարզելու համար, թե արդյոք նրանք օգտագործում են կամ պատրաստվում են օգտագործել ChatGPT-ն։ Հարցված ընկերությունների 49%-ը նշել է, որ ներկայումս օգտագործում է չատբոտը, 30%-ը նշել է, որ սկսելու են օգտագործել այն առաջիկա ամիսներին, իսկ ներկա օգտատերերի 93%-ը հայտնել է, որ նախատեսում է ավելի ընդլայնել չատբոտի կիրառումը։
Հարցված ընկերությունները նշել են, որ օգտագործում են ChatGPT-ի հնարավորությունները ոչ միայն կոդեր և տեքստեր գրելու, հանդիպումների կամ փաստաթղթերի ամփոփագրերի ստեղծման և հաճախորդների աջակցման գործում, այլև նոր աշխատակիցների հավաքագրելու գործընթացում։ Մասնավորապես, ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետների 77%-ը նշել է, որ չատբոտն օգտագործում է աշխատանքի նկարագրություններ կազմելիս, 66%-ը՝ հարցազրույցի մասնակցության պահանջները մշակելիս, իսկ 65%-ը՝ դիմորդներին պատասխանելիս:
ChatGPT-ի կիրառումը՝ որպես առավելություն աշխատանքի դիմելիս
Հետաքրքրական է, որ հարցման մասնակից բիզնեսի ղեկավարների 90%-ը նշել է, որ ChatGPT-ի կամ արհեստական բանականության այլ տեխնոլոգիայի կիրառման փորձը և հմտությունները դիտարկում է որպես աշխատանքի թեկնածուի առավելություն։
Ստացվում է, որ 10 բիզնեսի ղեկավարներից 9-ը կարևորել է դիմորդների կողմից ChatGPT-ն կիրառելու հմտությունը։ Նրանք ընդգծել են, որ արդեն իսկ նկատվում են միտումներ, երբ ընկերություններն ակնկալում են, որ դիմորդները պետք է ունենան ChatGPT-ի հետ աշխատելու որոշակի փորձառություն։
Մի շարք ՄՌԿ մասնագետներ նկատում են՝ հաշվի առնելով հանգամանքը, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց փոխվում և զարգանում են աշխատողների հմտությունները, ցանկալի է, որ աշխատանք փնտրողները ChatGPT-ն օգտագործելու իրենց կարողության մասին նշեն ռեզյումեներում, իսկ գործատուները՝ պահանջվող կամ նախընտրելի հմտությունների ցանկում, եթե տվյալ աշխատանքում այն կարող է օգտակար լինել։
Հարցված ընկերությունների ՄՌԿ մասնագետներից շատերը վստահություն են հայտնել, որ այն թեկնածուները, ովքեր հմուտ են նորագույն տեխնոլոգիական գործիքների՝ այդ թվում ChatGPT-ի կիրառման մեջ, աշխատաշուկայում միշտ կունենան մրցակցային առավելություն:
Ինչպե՞ս նշել ChatGPT-ն կիրառելու հմտությունը ռեզյումեում
Ռեզյումեում ցանկացած հմտություն նշելիս պետք է հիշել, որ հարկավոր է ներկայացնել միայն այն հմտությունները, որոնք կարևոր են տվյալ աշխատանքի համար և համապատասխանում են այդ աշխատանքի պահանջներին։ Հետևաբար, տարբեր հաստիքների համար դիմելիս ամեն անգամ տարբեր հմտություններ կարող եք ընդգծել։ Նույնը վերաբերում է ChatGPT-ի օգտագործմանը։
Եթե որոշել եք նշել ChatGPT-ի կիրառումը ձեր ռեզյումեում, ապա այն ձեր մյուս հմտությունների շարքում պարզապես թվարկելու փոխարեն ներկայացրեք, թե ինչ արդյունքների եք հասել արհեստական բանականության այս գործիքի օգնությամբ։ Կարևոր է ոչ թե ինքնին չատբոտն օգտագործելու հանգամանքը, այլ այն, թե ինչ կոնկրետ արդյունքների եք հասել և ինչ խնդիրներ եք լուծել այն օգտագործելու շնորհիվ։ Օրինակ, եթե դուք ծրագրավորող եք, ապա կարող եք նշել, թե ինչպես է չատբոտն օգնում ձեզ գրել և վերանայել կոդը՝ նպաստելով, որ դա անեք ավելի մեծ արդյունավետությամբ և ճշգրտությամբ:
Ներկայումս ընկերությունները ցանկանում են ներգրավել լավագույն տաղանդներին, ովքեր տիրապետում են նորագույն տեխնոլոգիաներին, որոնցից է ChatGPT-ն: Արհեստական բանականությամբ հզորացված գործիքներ կիրառելու հմտությունը ցույց է տալիս, որ դուք ծանոթ եք առաջադեմ տեխնոլոգիաներին և հետաքրքրություն եք ցուցաբերում ժամանակակից զարգացումների նկատմամբ։ Ձեր այս հատկանիշն ընդգծելը կարևոր է, քանի որ շարունակաբար կրթվելը և նոր հմտություններ ձեռք բերելը ժամանակակից թվային դարաշրջանում աշխատաշուկայի հրամայականներից մեկն է։ Հիշեք՝ հավաքագրման մասնագետները փնտրում են մարդկանց, ովքեր պատրաստ են սովորել և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ:
Կհետաքրքրեն նաև