Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ժամանց

Հաջողության 5 դաս՝ Իլոն Մասկից

25.08.2023 | 28209 դիտում

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կրկին հայտնվեց համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում՝ ձեռք բերելով հայտնի Twitter սոցիալական ցանցը և այն անվանափոխելով X։ Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկը գլխավորող Իլոն Մասկը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում հաջողությամբ ընդունում է մարտահրավերները և հաղթահարում դրանք՝ նորարարական լուծումներով։ Ուսումնասիրելով Մասկի անցած ճանապարհը՝ կարելի է քաղել արժեքավոր դասեր, որոնք կարող են մեզ օգնել՝ մասնագիտական և առօրյա կյանքում հաջողությունների հասնելու համար։

 

Իլոն Մասկը հայտնի է իր հեղափոխական գաղափարներով և աշխարհը փոխելու համարձակ հավակնություններով։ SpaceX, Tesla, Neuralink և այլ ընկերությունների հիմնադիրի ամեն քայլափոխին հետևում է ամբողջ աշխարհը՝ փորձելով հասկանալ նրա հաջողության գաղտնիքը։

 

Մասկի յուրահատկությունը կայանում է նրանում, որ նա կարողանում է մտածել արկղից դուրս, փնտրել ոչ սովորական լուծումներ և այնպիսի համարձակ նպատակներ սահմանել, որոնց իրականացումն այլոց անհնարին է թվում: Նա ունի լայն գիտելիքներ ճարտարագիտությունից, ֆիզիկայից, համակարգչային տեխնոլոգիաներից և միևնույն ժամանակ՝ հաջողակ բիզնեսմենին բնորոշ առաջնորդության հմտություններ: Մասկը ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ երազանքներին և նպատակներին հետևելու և դժվարություններից չվհատվելու և չհանձնվելու օրինակ հանդիսանալով նրանց համար։

 

Այսպիսով, ի՞նչ կարելի է սովորել մոլորակի ամենահաջողակ մարդկանցից մեկից։

 

 

Դաս N1. Համառորեն և վճռականությամբ ընթանալ դեպի նպատակը

Հաստատակամությունը և վճռականությունն օգնում են անցնել դեպի նպատակները տանող խորդուբորդ ճանապարհները։ Ինչպես ցանկացած հաջողակ և նորարար մարդ, Մասկը ևս իր կարիերայի ընթացքում բախվել է բազմաթիվ անհաջողությունների և խոչընդոտների, սակայն, ի տարբերություն շատերի, երբեք չի հանձնվել և չի կորցրել հավատը իր տեսլականի նկատմամբ: Փոխարենը, նա օգտագործել է յուրաքանչյուր անհաջողություն որպես սովորելու, գիտելիքները և հմտությունները բարելավելու և ապագայում ավելի արդյունավետ ռազմավարություններով առաջնորդվելու հնարավորություն։

 

Օրինակ, տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան SpaceX ընկերությունը սկզբնական շրջանում մի քանի անհաջող փորձարկումներ է իրականացրել, սակայն, թե՛ Մասկը և թե՛ նրա թիմը շարունակել են կատարելագործել տեխնոլոգիաները և գործընթացներն այնքան, մինչև հասել են հաջողության: Ամեն ինչ հարթ և սահուն չընթացավ նաև Tesla-ի համար․ ընկերությունը բախվեց թերահավատության և քննադատության ավտոարդյունաբերողների կողմից, սակայն Մասկը և նրա թիմը կրկին շարունակեցին իրականացնել իրենց առաքելությունը: 

 

Ձեր կյանքում նման մոտեցում կիրառելու համար նախ և առաջ պետք է ընդունեք աճի միտված մտածելակերպ։ Սա, իհարկե, այնքան էլ դյուրին գործ չէ, որքան կարող է թվալ, քանի որ պահանջելու է շատ ջանքեր։ Աճի միտված մտածելակերպը ենթադրում է, որ մարտահրավերները պետք է ընդունեք որպես սովորելու և աճելու հնարավորություններ: Չպետք է թույլ տաք, որ անհաջողությունները ձեզ հուսահատեցնեն կամ ստիպեն ետ դառնալ սկսած ճանապարհից: Հաջողության հասնելու ճանապարհն ուղիղ գիծ չէ, այլ խոչընդոտներով և արգելքներով լի վազքուղի, որն անհնար է հաղթահարել առանց վերելքների և վայրէջքների: Հավելենք նաև, որ մոտիվացված աշխատանքը, հմտությունները և գիտելիքները շարունակաբար կատարելագործելը բնորոշ են աճին միտված մտածելակերպ ունեցող մարդկանց: 

 

 

Դաս N2. Մեծ տեսլական ունենալու նշանակությունը

Մասկը սովորեցնում է կյանքում և աշխատանքում ունենալ մեծ տեսլական: Նա մշտապես առաջնորդվում է մարդկության համար ավելի լավ ապագա ստեղծելու ցանկությամբ։ Մարսի գաղութացումից մինչև վնասակար գազերի արտանետումների կրճատման նպատակով հատուկ մեքենաների ստեղծում․ մինչ Մասկի գաղափարներն անիրականանալի են թվում շատերի համար, գործարարը համոզված է՝ մարդիկ պետք է մտածեն մեծ գաղափարների մասին և սահմանեն բարձր նպատակներ, եթե ցանկանում ենք մեծ նվաճումների հասնել և մնայուն արժեքներ ստեղծել։

 

Մասկի մեծ տեսլականը ոգեշնչել է նրան՝ նախաձեռնելու այնպիսի հավակնոտ նախագծեր, ինչպիսիք են  բազմակի օգտագործման հրթիռների կառուցումը և էլեկտրական մեքենաների ստեղծումը: Իր մեծ տեսլականի և դրա ուղղությամբ նվիրված և համառ աշխատանքի շնորհիվ նա իր շուրջ համախմբել է լավագույն տաղանդներին, ներդրողներին և գործընկերներին, ովքեր կիսել են նրա հայացքները։

 

Իսկ հիմա մտածեք ինքներդ, թե ինչի եք ձգտում դուք, որն է ձեր մեծ նպատակը, ինչի եք ցանկանում հասնել ձեր կարիերայում և անձնական կյանքում: Կարևոր է հասկանալ, թե ձեր մեծ տեսլականին հասնելու ճանապարհին ինչ խնդիրների կարող եք բախվել և ինչպիսի հնարավորություններ կան՝ դրանք հաղթահարելու համար։ Հստակ տեսլական ունենալուց հետո ձևակերպեք ձեր նպատակները և դրանց հասնելու համար կատարվելիք քայլերը, որոնց ուղղությամբ կարող եք աշխատել այսօրվանից: Հիշեք, որ մեծ տեսլականը մեծ պատասխանատվություն և նվիրում է պահանջում, իսկ լավագույն արդյունքներն անխոնջ ջանքերի շնորհիվ են իրականություն դառնում: 

 

 

Դաս N3. Դիմել ռիսկի՝ ընդունելով ձախողումները

Պատկերացնո՞ւմ եք որևէ նորարարական գործընթաց, որի իրագործումը կապված չէ ռիսկի հետ։ Որքան էլ նորարարական գաղափարը մինչև շուկա հանելը ուսումնասիրվի, փորձարկվի և ապացուցվի դրա կենսական և պահանջված լինելը, միևնույն է, որոշակի ռիսկեր միշտ էլ կլինեն։ Ռիսկի դիմելու արդյունքը կարող է լինել ինչպես աննախադեպ հաջողությունը, այնպես էլ ցավալի ձախողումը։ 

 

Որպես ժամանակակից ամենահայտնի նորարարներից մեկը՝ Իլոն Մասկն իր օրինակով ցույց է տալիս ձախողումը որպես նորարարական գործընթացի մաս ընդունելու կարևորությունը: Մասկը երբեք չի վախեցել համարձակ քայլեր կատարելուց և այնպիսի գաղափարներ առաջ քաշելուց, որոնց կենսունակությունը դեռևս ապացուցված չէ փորձով և կարող է թվալ ռիսկային, անգամ ՝ անհնարին։ Մասկը, սակայն, հավատացած է, որ մեծ գործերը կատարվում են մեծ ռիսկերի դիմելու արդյունքում, իսկ ձախողումը ոչ թե անդառնալիորեն անհաջողության մատնվելն է, այլ կարևոր, հաճախ նաև անհրաժեշտ քայլ, որը տանում է դեպի հաջողություն:

 

Կար ժամանակ, երբ Tesla-ի էլեկտրական մեքենաների պահանջարկը միայն էկոլոգիական խնդիրներով մտահոգ սպառողների համար էր արդիական, ինչն անհամեմատ նեղացնում էր այս նորագույն մեքենաների սպառման շուկան։ Սակայն Մասկը գտավ նաև էլեկտրական մեքենաների համընդհանուր շահագործումը խթանելու միջոցը։

 

Ի՞նչ կարող ենք սովորել Մասկի նման մոտեցումից։ Դիմել մտածված և լավ հաշվարկված ռիսկի և պատրաստ լինել ցանկացած սցենարի՝ նաև ձախողման։ Մասկը խրախուսում է սովորել սեփական սխալներից և չվախենալ համարձակ գաղափարներից․ չէ՞ որ հենց նման գաղափարներն են բերում նորարարությունների, որոնք փոխում են մարդկանց կյանքը և աշխարհը: Ամերիկացի գործարարից սովորենք, որ ձախողումը ոչ թե վերջն է, այլ նոր սկիզբ: 

 

 

Դաս N4. Առաջնորդելու արվեստը

Իլոն Մասկը ցույց տվեց աշխարհին, որ հաջողակ առաջնորդ է, ով կարող է արդյունավետորեն թիմին առաջնորդել ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին: Մասկը բարձր արդյունավետությամբ աշխատող թիմեր հավաքագրելու և նրանց մոտիվացնելու վարպետ է։ Արդյունքում նրա աշխատակիցները կարողանում են արագ և ճշգրիտ կերպով լուծել բարդ խնդիրներ և իրականացնել նորարարական նախագծեր: Մասկը գիտի, թե ինչպես հզորացնել թիմի անդամներին և համախմբել նրանց ջանքերը` ընդհանուր տեսլականի և ռազմավարության ուղղությամբ:

 

Մասկի ընկերություններում հազարավոր աշխատակիցներ աշխատում են ընդհանուր նպատակների շուրջ՝ անկախ նրանից, թե նպատակը դեպի տիեզերք իրականացվող թռիչքների արդյունավետության ապահովումն է թե էլեկտրական մեքենաների ծախսարդյունավետության խթանումը։ Իր առաջնորդական հմտություններով Մասկը սովորեցնում է, թե ինչպես է հարկավոր ակնկալիքները համադրել ջանքերի հետ։ 

 

Զարգացրեք ձեր առաջնորդության, որոշումների կայացման և հաղորդակցության հմտությունները, ինչպես նաև հուզական ինտելեկտը, որպեսզի կարողանաք ոգեշնչել և առաջնորդել ձեր թիմին դեպի հաջողություն: Կառուցեք վստահության, հարգանքի և հաշվետվողականության մշակույթի վրա հիմնված աշխատանքային հարաբերություններ, որոնց պարագայում թիմի անդամներն իրենց պարտավորված կզգան հնարավոր լավագույն արդյունքները գրանցելու գործում։

 

 

Դաս N5. Շարունակական ուսուցում և ինքնակատարելագործում

Փոփոխություններին հարմարվելու և դրանց պայմաններում հաջողելու նպատակով անհրաժեշտ է շարունակ սովորել և ինքնակատարելագործվել: Մասկը ողջ կյանքի ընթացքում սովորում է, փնտրում նոր գիտելիքներ և փորձ: Նա շատ է կարդում, մասնակցում է կոնֆերանսների և աշխատաժողովների։

 

Օրինակ, Մասկի հետաքրքրությունը ֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների նկատմամբ նրան տարավ այդ ոլորտներում սովորելու ճանապարհով: Նորարարության հանդեպ Մասկի հետաքրքրասիրությունը ստիպեց նրան ուսումնասիրել արդյունաբերական նոր ուղղություններ, օրինակ, էլեկտրական մեքենաները: Անհաջողություններից և սխալներից դասեր քաղելու պատրաստակամությունն օգնեց շարունակ կատարելագործել մոտեցումները, որոնց արդյունքում նա ի վերջո հասավ հաջողության:

 

Մասկից սովորեք ինքնակատարելագործվելու և նոր փորձառությունների միջոցով կարողությունները զարգացնելու արվեստը։ Հիշեք, որ սովորելը շարունակական գործընթաց է, որը պայմանավորում է հաջողությունը ցանկացած ոլորտում։

 

Այսպիսով, Իլոն Մասկից սովորելով՝ կարող ենք դրական փոփոխություններ կատարել մեր սեփական կյանքում և աշխատանքում՝ դառնալով ավելի ինքնավստահ և հաջողակ մարդիկ և մասնագետներ:

 

Կհետաքրքրեն նաև