Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

10 նշան, որ ժամանակն է փոխել աշխատանքը

20.08.2023 | 9172 դիտում

Աշխատանքը պետք է մոտիվացնի և գոհունակության զգացում առաջացնի։ Առաջ շարժվելու համար անհրաժեշտ է գիտակցել, որ ճիշտ ուղու վրա եք: Եթե նման զգացում չունեք, ապա գուցե նոր աշխատանք փնտրելու մասին մտածելու ժամանակն է։ 

 

Աշխատանքը փոխելու որոշումը կարող է տարբեր պատճառներ ունենալ, որոնք հաճախ այնքան էլ ակնհայտ չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Նոր հնարավորություններ փնտրելու ազդանշանների մասին է մեր այսօրվա բլոգը։

 

 

Ցածր աշխատավարձն առաջացնում է ֆինանսական խնդիրներ: Վերջին տարիներին շարունակական գնաճի պայմաններում աշխատանքի ֆինանսական կողմն էլ ավելի կարևոր է դառնում։ Եթե դուք վարձատրվում եք ավելի ցածր, քան կարծում եք, որ արժանի եք, խոսեք ձեր մենեջերի հետ աշխատավարձի բարձրացման մասին: Եթե դա արդյունք չի տալիս, ապա այլ բան չի մնում, քան նոր և ավելի բարձր վարձատրվող աշխատանք փնտրելը։ 

 

Դուք հաճույքով չեք գնում աշխատանքի: Պատահե՞լ է, որ աշխատանքի գնաք դժկամորեն՝ պարզապես այլ տարբերակ չունենալու պատճառով։ Իրականում, մի որոշ ժամանակահատված ոչ մոտիվացված զգալը նորմալ է և կարող է պայմանավորված լինել, օրինակ, գերհոգնածությամբ։ Սակայն եթե տևական ժամանակ դեմոտիվացված եք զգում և ձեր աշխատանքը սկսում է անհետաքրքիր թվալ, ապա դա ուղղակի վկայում է, որ ժամանակն է փնտրելու այլ զբաղվածություն, որի դեպքում ամեն առավոտ մեծ ոգևորությամբ կշտապեք աշխատանքի։

 

 

Լարվածության և սթրեսի բարձր մակարդակը ազդում է ձեր անձնական կյանքի վրա: Աշխատանքային դժվարությունները երբեմն կարող են սթրեսային լինել։ Շատ հաճախ հնարավոր չի լինում խուսափել աշխատավայրում առաջացող խնդիրներից, սակայն ցանկացած խնդիր պետք է իր լուծումը գտնի տեղում՝ գործընկերների հետ համատեղ քննարկումների արդյունքում։ Եթե աշխատանքային խնդիրները ներթափանցում են անձնական կյանք, ապա կա՛մ խնդիրներն աշխատավայրում թողնելու նպատակով գործուն քայլեր ձեռնարկելու, կա՛մ աշխատանքը փոխելու ժամանակն է։

 

Ձեր ջանքերը չեն գնահատվում: Եթե դուք ջանքեր չեք խնայում հնարավոր լավագույն արդյունքին հասնելու համար և աշխատանքում ներդնում եք ձեր լավագույն գաղափարները, ապա, բնականաբար, ակնկալում եք համապատասխան գնահատանքի արժանանալ։ Եթե անընդհատ ձեզ թերագնահատված եք զգում, եթե աշխատավայրում փորձում են նվազեցնել ձեր կատարած աշխատանքի արժեքը, ապա, ամենայն հավանականությամբ, կցանկանաք այլ աշխատավայրում օգտագործել ձեր ջանքերը, որտեղ դրանք ըստ արժանվույն կգնահատվեն։

 

Ընտանիքի անդամները և ընկերները պարբերաբար խորհուրդ են տալիս նոր աշխատանք գտնել: Ընտանիքն ու ընկերները ձեր մասին շատ բան գիտեն։ Նրանց աչքից չեն վրիպի ձեր վատ տրամադրությունը և անհանգստությունը։ Այս մարդիկ, ովքեր կարևորում են ձեր բարեկեցությունը, կբարձրաձայնեն իրենց մտահոգությունները, եթե նկատեն, որ ինչ-որ բան այն չէ: Եթե ձեր կյանքում կարևոր նշանակություն ունեցող մարդիկ հաճախ կարծիք են հայտնում, որ դուք պետք է նոր աշխատանք գտնեք, ապա գուցե մտածե՞ք նրանց հորդորներին ականջալուր լինելու մասին:


 

Դուք հաճախ եք մտածում այլ աշխատանք ունենալու մասին: Պարզապես այլ ոլորտում կամ կազմակերպությունում նոր աշխատանք ունենալու մասին մտածելը կարող է նշան լինել, որ դուք լիովին բավարարված չեք ձեր ներկայիս զբաղվածությամբ, նույնիսկ եթե երբեք այդ գաղափարին լուրջ ուշադրություն չեք դարձրել։ Եթե այս երևույթը ձեզ ծանոթ է թվում, ապա կազմեք ձեր ներկայիս աշխատանքի դրական և բացասական կողմերի ցուցակ և մտածեք, թե ինչն է ձեզ դուր գալիս ձեր աշխատանքում և ինչն եք ցանկանում փոխել: Եթե բացասական կողմերը գերակշռում են, գուցե նոր աշխատանքի տարբերակներ որոնելու ժամանակն է։

 

Դուք սկսել եք հաճախակի ձանձրանալ։ Եթե դուք ձանձրանում եք անընդհատ միևնույն առաջադրանքները կատարելուց, որոնց ընթացքում ձեր հմտությունները չեն զարգանում, ապա ժամանակն է որոշակի քայլեր ձեռնարկել։ Նոր աշխատանք փնտրելուց առաջ, սակայն, գործատուի հետ խոսեք ձեր առաջադրանքների բնույթը փոխելու մասին։ Միգուցե նաև արդեն պաշտոնի բարձրացման խնդրանքով դիմելու ժամանակն է։ Հնարավոր է՝ գործատուն կարողանա որոշակի քայլեր ձեռնարկել ձեր աշխատանքային պարտականությունները բարելավելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, եթե վերջինս չկարողանա առաջարկել որակական փոփոխություններ, որոնք կգոհացնեն ձեզ, ապա այլ աշխատանք փնտրելը գուցե լավագույն ընտրությունը լինի:

 

 

Ներկայիս աշխատանքում չունեք առաջընթացի հնարավորություններ։ Շատ հաճախ մարդիկ հեռանում են աշխատանքից մասնագիտական առաջընթացի հեռանկարների բացակայության պատճառով։ Կարիերայի երկարաժամկետ նպատակներն օգնում են կենտրոնացած մնալ և շարունակել ընթանալ դեպի մասնագիտական ձեռքբերումներ։ Եթե զգում եք, որ գործնականում քայլեր չեք իրականացնում ձեր առաջընթացի համար, ապա կարող եք մտածել աճի համար ավելի մեծ հնարավորություններ ընձեռող ոլորտում և կազմակերպությունում աշխատելու մասին։ 

 

Ձեր մենեջերի հետ բաց զրույց ունեցեք ձեր ակնկալիքների մասին։ Եթե արդյունքում պարզվում է, որ ընկերությունն ավելին չի կարող ձեզ առաջարկել, ապա պետք է որոշում կայացնեք՝ շարունակե՞լ մնալ նույն տեղում և դիրքում, թե՞ արժե փնտրել այլ հնարավորություններ։

 

Մասնագիտական առաջընթացի մասին խոսելիս կարևոր է նկատի ունենալ ոչ միայն պաշտոնի և վարձատրության բարձրացման, այլև աշխատանքային գործունեության ընթացքում նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորությունները։ Մտածեք, օրինակ, թե գործատուների կողմից ամենապահանջված հմտություններից որոնք կարող եք ձեռք բերել կամ զարգացնել ձեր աշխատանքում։

 

Ունենալով այնպիսի աշխատանք, որը պարբերաբար մարտահրավեր է նետում և մասնագիտական առաջընթացի հնարավորություններ ընձեռում՝ կապահովեք ձեր կարիերայի շարունակական աճը։ Իսկ եթե ձեր ընթացիկ աշխատանքը չի ապահովում նման հեռանկար, ապա գուցե նոր վայրում և նոր պաշտոնում ուժերը փորձելու ժամանակն է։

 

Աշխատավայրում մշտապես բացասական մթնոլորտում է տիրում։ Թեև կոնֆլիկտային իրավիճակները երբեմն աշխատանքային գործընթացների անբաժանելի մասն են կազմում, սակայն շարունակական տարաձայնություններն ավելի լուրջ խնդիրների են հանգեցնում։ Կոնֆլիկտները և անառողջ մթնոլորտը կարող են ոչ միայն բացասաբար ազդել աշխատավայրում ձեր մոտիվացիայի և կատարողականի վրա, այլև դառնալ անհանգստության և սթրեսի պատճառ նաև անձնական կյանքում։ Եթե խնդիրը կապված է մի քանի աշխատակիցների հետ, ապա դա հնարավոր է շտկել, սակայն եթե այն ավելի համատարած բնույթ է կրում, ապա կարող եք մտածել աշխատանքի փոփոխության մասին:

 

 

Տուժում է ձեր առողջությունը։ Ֆիզիկական առողջությունը երբեմն հոգեկան առողջության ցուցանիշն է, ուստի հաճախակի մրսածությունը կամ կանոնավոր գլխացավը կարող է վկայել այն մասին, որ աշխատանքը բացասաբար է ազդում ձեր մտավոր առողջության վրա: Սթրեսը կարող է ազդել նաև ախորժակի վրա՝ որոշ մարդկանց մոտ դրսևորվելով սովորականից ավելի շատ սնվելով, իսկ մյուսների մոտ՝ սնունդից հրաժարվելով: Նման դեպքերում, առաջնահերթությունը տալով սեփական առողջությանը, պետք է կա՛մ սթրեսից ազատվելու միջոցներ գտնեք կա՛մ մտածեք նոր աշխատանք փնտրելու մասին:

 

Ֆիզիկական առողջության համատեքստում կարևոր է չմոռանալ որակյալ քնի անհրաժեշտության մասին, առանց որի անհնար է թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես առողջ լինել։ Վատ քնելու պարագայում կարող եք կորցնել ձեր արդյունավետությունն աշխատավայրում՝ ձեռք բերելով ուշադրության և կենտրոնանալու հետ կապված խնդիրներ։ Եթե աշխատանքի ծավալներով պայմանավորված ստիպված եք քնի հաշվին աշխատել, ապա մտածեք աշխատանքային պարտականությունները թեթևացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կամ աշխատանքը փոխելու մասին, քանի որ քնի խանգարումը ժամանակի ընթացքում կարող է ավելի լուրջ առողջական խնդիրների հանգեցնել։


Եթե դուք դժգոհ եք ձեր աշխատանքից և առկա է վերոնշյալ պատճառներից թեկուզ մեկը, ապա վերանայեք ձեր ներկայիս զբաղվածությունը, երկարաժամկետ մասնագիտական նպատակները և փնտրեք պատճառներ ոչ միայն ընթացիկ աշխատանքից հեռանալու, այլև այն շարունակելու համար: Նոր աշխատանք փնտրելը որքան էլ խոստումնալից թվա, միևնույն է, բարդ խնդիր է, որը պահանջելու է բավականին մեծ ջանքեր և ժամանակ։ Մինչ որոշում կայացնելը հստակ որոշեք, թե ինչ խնդիրներ են ձեզ ստիպում մտածել աշխատանքը փոխելու մասին։ Այդ խնդիրների համար ներկայիս աշխատավայրում լուծումներ չգտնելու պարագայում ձեր ջանքերը կենտրոնացրեք նոր հնարավորություններ փնտրելու ուղղությամբ։

 

Կհետաքրքրեն նաև