Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Վերադարձ արձակուրդից. խորհուրդներ՝ աշխատանքային առօրյային վերադառնալու համար

18.08.2023 | 5415 դիտում

Դե ինչ, արձակուրդային հանգիստ և հաճելի օրերը մնացին անցյալում։ Հանգստանալու և ուժերը վերականգնելու ձեր իրավունքն իրացնելուց հետո ժամանակն է վերադառնալ աշխատանքի։ Եվ ահա դուք գրասենյակում եք։ Հեռախոսն անդադար զանգում է, գործընկերներից շարունակ նամակներ եք ստանում աշխատանքային զրուցարանում․ բոլորն արդեն տեղյակ են, որ դուք վերադարձել եք արձակուրդից։ Այն հանգստությունը և լավ տրամադրությունը, որը ձևավորվել էր արձակուրդի ընթացքում, կարծես հետզհետե հօդս է ցնդում։ Ձեզ պատում է վատ տրամադրությունը, դառնում եք դյուրագրգիռ, հոգնածության զգացում ունեք աշխատանքի անցնելուց ընդամենը մի քանի ժամ անց, դժվարանում եք կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա, կորցնում եք մոտիվացիայի զգացումը։

 

Իսկապես, անցումը հանգստից դեպի աշխատանք կարող է որոշակի անհանգստության և լարվածության պատճառ դառնալ՝ անգամ մինչ աշխատավայր ժամանելը՝ պայմանավորված ձեզ սպասող ծավալուն աշխատանքի մասին մտքերով։ Երբեմն արձակուրդից դեպի աշխատանք չափազանց կտրուկ անցումը կարող է անդրադառնալ ձեր ֆիզիկական առողջության վրա՝ առաջացնելով գլխացավ կամ քնի խանգարում: 

 

Այսպիսով, հրատապ ուշադրության կարիք ունեցող բազմաթիվ խնդիրների ազդեցությամբ աճող լարվածությունը և անհանգստությունը կարող են սթրեսային դարձնել արձակուրդից հետո ձեր աշխատանքային առաջին օրերը։ Նման հեռանկարից խուսափելու համար հարկավոր է մինչ աշխատանքային բուն գործընթացին անցնելը որոշակիորեն նախապատրաստվել։

 

 

Ինչու՞ է կարևոր արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալուն նախապատրաստվելը 

Ընդմիջումից հետո դրական տրամադրությամբ աշխատանքի վերադառնալ և աշխատել նույն կամ գուցե ավելի մեծ արդյունավետությամբ։ Սա հնարավոր է միայն եթե որոշակի նախապատրաստական գործողություններ եք իրականացնում, ինչը կարևոր է մի շարք պատճառներով։ Ահա դրանցից մի քանիսը․

 

     ✓ Դուք վստահորեն անցնում եք աշխատանքի։

     ✓ Կարողանում եք արդյունավետորեն աշխատել՝ մնալով կենտրոնացած և մոտիվացված։

     ✓ Տեղեկացված եք ձեր՝ արձակուրդում գտնվելու ընթացքում աշխատավայրում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

     ✓ Ապահովում եք դրական տրամադրվածությամբ ձեր վերադարձն աշխատանքին։

 

Իսկ այժմ անդրադառնանք մի քանի խորհրդի, որոնք ձեզ կնախապատրաստեն սահուն կերպով և առանց ավելորդ մտահոգությունների և անհանգստության աշխատանքի վերադառնալուն։

 

 

Տանը հանգստանալու համար օր հատկացրեք

Եթե նախատեսել եք արձակուրդն անցկացնել ճանապարհորդելով, ապա մտածեք աշխատանքի վերադառնալուց առաջ առնվազն մեկ օր հատկացնել տանը՝ ոչ արձակուրդային միջավայրում հանգստանալուն։ Այս ժամանակը թույլ կտա թոթափել արձակուրդային տրամադրությունները: Առանց շտապելու ավարտին հասցրեք տնային գործերը և պատրաստվեք հաջորդ օրն աշխատանքի գնալուն։ 

 

Վերականգնեք ուժերը՝ հաջորդ օրվա համար

Աշխատանքի վերադառնալուց առաջ գիշերը շուտ քնեք՝ ամբողջ աշխատանքային օրվա համար եռանդով լեցուն մնալու նպատակով: Շատ հաճախ քնի նշանակությունը թերագնահատվում է և միայն այն ժամանակ, երբ ուժասպառ ենք լինում, գիտակցում ենք առողջ քնի կարևորությունը։ Շուտ արթնացեք, որպեսզի բավարար ժամանակ ունենաք ձեր առավոտյան նախասիրությունների համար` սուրճ խմելու, վազքի և այլն։ Անպայման նախաճաշեք աշխատանքի գնալուց առաջ։

 

 

Շուտ սկսեք աշխատանքը

Փորձեք աշխատանքային օրը սկսել մի փոքր շուտ, որպեսզի լրացուցիչ ժամանակ ունենաք թարմացումներին տեղեկանալու և առաջիկա անելիքները պլանավորելու համար։ Բացի այդ, շուտ սկսելով հնարավորություն կունենաք օրվա ընթացքում հաճախակի կարճ ընդմիջումներ անել և լիցքաթափվել։ 

 

Մի փոքր վաղ գալը թույլ կտա նաև կիսատ թողած գործերի համար ժամանակ հատկացնել։ Եթե գտնվել եք բավականին հեռատես և մինչ արձակուրդ մեկնելը կատարել եք բոլոր աշխատանքները՝ ոչինչ թերի չթողնելով, ապա այժմ կարող եք համոզվել, թե որքան տեղին էր ձեր այդ քայլը։ 

 

Վերականգնեք բաց թողածը

Աշխատանքի վերադառնալու առաջին օրը փորձեք տրամադրել բաց թողնվածը վերականգնելուն։ Առաջին օրը մի պլանավորեք հանդիպումներ, կամ առնվազն՝ օրվա առաջին կեսին։ 

 

Գործընկերների հետ կարճ քննարկումը կօգնի տեղեկանալ ձեր բացակայության ընթացքում կատարված աշխատանքների մասին։ Ստացված տեղեկատվությունը նկատի ունենալով՝ կկարողանաք սահմանել ձեր առաջնահերթ գործողությունները։ Օրվա ավարտին հստակ պատկերացում կունենաք աշխատանքների ընթացքի մասին, ինչը կօգնի առաջիկա անելիքները դասակարգել՝ ըստ կարևորության և հրատապության։

 

Եթե արձակուրդի մեկնելուց առաջ ձեր պարտականությունների մի մասը պատվիրակել եք գործընկերներին, ապա այժմ պետք է նրանց հետ քննարկեք կատարված աշխատանքները և ամեն ինչ կրկին վերցնեք ձեր հսկողության տակ։

 

 

Առաջնահերթություն տվեք կարևոր հարցերին

Վերադառնալով գրասենյակ՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե ձեզ սպասում է հսկայական ծավալի աշխատանք։ Իրականում, դրանց մի մասը կարող է սպասել, և դրանց կարող եք անդրադառնալ, օրինակ, հաջորդ շաբաթվա ընթացքում։ Հիշեք՝ ձեր էլեկտրոնային փոստում կուտակված ոչ բոլոր նամակներն են պահանջում հրատապ պատասխան։ 

 

Առաջնահերթություններ սահմանելիս ձեզ կօգնեն ժամանակի կառավարման մեթոդները։ Փորձեք կիրառել 80/20 կանոնը, ըստ որի՝ արդյունքների 80%-ը ձևավորվում  է գործադրված ջանքերի 20%-ից: Կենտրոնացեք այն 20% առաջադրանքների կատարման վրա, որոնք ապահովում են արդյունքների 80%-ը: Առանձնացրեք հրատապ և կարևոր առաջադրանքները, նշեք հստակ վերջնաժամկետներ յուրաքանչյուրի համար և պահպանեք դրանք: 

 

Շատերը նախընտրում են աշխատանքը սկսել ամենահեշտ առաջադրանքից, որը կմոտիվացնի և կօգնի քիչ-քիչ վերադառնալ աշխատանքային առօրյա։ Մյուսները գերադասում են նախ և առաջ, այսպես ասած «ուտել գորտին»՝ սկսել ամենաբարդ և տհաճ թվացող առաջադրանքից, որն ամենաշատ մտավոր անհանգստությունն է պատճառում, քանզի այն կատարելով` ավելի հեշտ կլինի կենտրոնանալ մնացած առաջադրանքների վրա, որոնք այլևս չեն պահանջի նույնպիսի ջանքեր: Առաջնորդվեք այն մոտեցումով, որը ձեզ համար ամենաարդյունավետն է։

 

Կազմեք շաբաթվա անելիքների ցանկ

Ամեն օրվա համար անելիքների ցուցակ ունենալն օգտակար է առաջնահերթ առաջադրանքները սահմանելու գործում, իսկ արձակուրդից վերադառնալուց հետո այն էլ ավելի կարևոր է դառնում։ Մինչ գործնական հաղորդագրությունների մեջ խորանալը, գրի առեք շաբաթվա հիմնական անելիքները: Իհարկե, դրանք կարող են փոփոխվել շաբաթվա ընթացքում, սակայն նման ցանկ ունենալը կօգնի կենտրոնացած աշխատել։ Հիմնական անելիքների թվում կարող է լինել, օրինակ, բոլոր էլեկտրոնային նամակներին արձագանքելը։

 

Եթե արձակուրդից առաջ հաջողել եք հանգստանալու մասին մտքերից մի պահ կտրվել և կազմել վերադառնալուց հետո՝ առաջին շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքների ցանկը, ապա առանց լարվածության կարող եք վերադառնալ աշխատանքի՝ իմանալով, թե ինչ է ձեզ սպասում։ Ահա թե ինչու է կարևոր արձակուրդ մեկնելուց առաջ մտածել վերադարձի մասին։

 

 

Մի շտապեք

Միանգամից բոլոր աշխատանքները կատարելը և բոլոր խնդիրները լուծելը կարող է գայթակղիչ միտք թվալ։ Այնուամենայնիվ, նման նախաձեռնությունը կարող է հյուծել ձեզ աշխատանքի առաջին մի քանի օրերի ընթացքում: Մի փորձեք միանգամից ամեն ինչ անել: Առաջին իսկ օրվանից գերհոգնածության զգացումը կարող է բացասաբար անդրադառնալ ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատանքի արդյունավետության վրա։ Սահմանեք իրատեսական նպատակներ և ընդունեք, որ միգուցե ձեր նախատեսածից ավելի ժամանակ պահանջվի բոլոր նամակներին պատասխանելու և թարմացումներին ծանոթանալու համար։

 

Խուսափեք տարբեր առաջադրանքներ միանգամից կատարելու պրակտիկայից։ Կենտրոնացեք մեկ առաջադրանքի վրա, ապա անցեք հաջորդին։ Դա կօգնի ժամանակ խնայել՝ անընդհատ ստիպված չլինելով մի թեմայից անցում կատարել մյուսին։ Արձակուրդից վերադառնալուց հետո աշխատանքային առաջին մի քանի օրերին խուսափեք արտաժամյա աշխատելուց: 

 

Մի մոռացեք օրվա ընթացքում կարճ ընդմիջումներ անելու մասին, մի զրկեք ձեզ սիրելի սուրճը կամ թեյը վայելելու սովորությունից և ճաշի ընդմիջմանը համակարգչի դիմացից հեռացեք։ Դրսում ճաշելն ավելի շատ կօգնի լիցքաթափվել, քան պարզապես գրասեղանի մոտ նստած արագ սնվելը և զուգահեռ աշխատելը։

 

Դրականորեն տրամադրվեք

Արձակուրդի ավարտի մասին ափսոսելու փոխարեն կենտրոնացեք այն դրական փորձառության վրա, որն ունեցաք հանգստի ընթացքում։ Ուշադրությունը կենտրոնացրեք ձեր աշխատանքի այն կողմերին, որոնք մշտապես հաճույքով եք անում: Դա կարող է լինել, օրինակ, գործընկերների հետ համագործակցությունը։ Դա կօգնի գոհունակության զգացումով վերադառնալ աշխատանքի։

 

Հիշեք՝ հանգիստը չի ավարտվում արձակուրդի հետ միասին։ Աշխատանքային ժամերից հետո և ազատ օրերին շարունակեք իրականացնել այն ժամանցային գործողությունները, որոնք ձեզ օգնում էին լիցքաթափվել և ուժերը վերականգնել արձակուրդի ընթացքում։ 

 

Արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալով պայմանավորված անհանգստությունը նորմալ է։ Բարեբախտաբար, այս երևույթը ժամանակավոր է, և ինչպես տեսանք, կան բազմաթիվ միջոցներ՝ այդ զգացողությունը հաղթահարելու և արդյունավետ աշխատանքը շարունակելու համար։ 

 

Կհետաքրքրեն նաև