Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Թեժ հնարավորություններ․ արժե՞ որոնել աշխատանք ամռանը

26.07.2023 | 3281 դիտում

Տարածված կարծիք կա, թե ամռանն աշխատանք փնտրելու համար չարժե ժամանակ ծախսել։ Հակառակ գերիշխող կարծիքի` ամառն իրականում հիանալի ժամանակ է աշխատանք որոնելու համար: Ահա մի քանի պատճառ։

 

     ✓ Քիչ մրցակցություն

Տարվա այս եղանակը թույլ է տալիս որոնել աշխատանք, երբ մրցակիցները հանգստանում են։ Աշնանը, երբ աշխատանք որոնողներն ակտիվանան, կհանդիպեք ավելի մեծ մրցակցության։

 

     Դյուրին անցում նոր պաշտոնին

Աշխատանքի անցնելով ամռանը` հնարավորություն կունենաք նոր աշխատավայրին հարմարվել, փորձ ձեռք բերել և հաստատվել ընկերությունում՝ նախքան զբաղված սեզոնի մեկնարկը: Այս ընթացքում ավելի շատ ժամանակ կունենաք ձեռք բերելու համար այնպիսի հմտություններ, որոնք անհրաժեշտ են նոր պաշտոնում, օրինակ, կազմակերպությունում օգտագործող առաջադրանքների կառավարման ծրագրին տիրապետելը։

 

     Կարճաժամկետ աշխատանքի հնարավորություն

Նկատի ունեցեք նաև, որ ամռանը կարող եք կարճաժամկետ աշխատանքի հնարավորություններ գտնել՝ պայմանավորված տարբեր ոլորտներում արձակուրդի ընթացքում հիմնական աշխատակցին փոխարինելու անհրաժեշտությամբ։ Նրանց համար, ովքեր չունեն ընթացիկ զբաղվածություն, կարող են այսպիսի հնարավորություններն օգտագործել մի կողմից գումար վաստակելու նպատակով, մյուս կողմից՝ հմտությունները պահպանելու և կատարելագործելու, ինչպես նաև նոր կապեր հաստատելու համար։


Ստորև առանձնացրել ենք մի քանի խորհուրդ, թե ինչպես արդյունավետորեն կենտրոնացնել ջանքերը աշխատանք որոնելիս և ինչի ուշադրություն դարձնել հաջողության հասնելու համար։ 

 

 

Եղեք համբերատար

Ամռանն աշխատանքի դիմելիս նկատի ունեցեք, որ հնարավոր է՝ ավելի երկար սպասեք գործատուի արձագանքին։ Սակայն մի շտապեք հուսահատվել և կարծել, որ ձեզ անտեսել են, պարզապես հաշվի առեք, որ ամռանը շատերն են մեկնում արձակուրդ և որոշ ժամանակով բացակայում են գրասենյակից։ 

 

Հաշվի առեք նաև, որ մինչ հավաքագրման գործընթացում ներգրավված գործընկերների մի մասն արձակուրդում է, աշխատանքը շարունակող հավաքագրման մասնագետներն ավելի շատ ժամանակ կունենան թեկնածուների փորձին ավելի մանրամասն ծանոթանալու համար։ Այդ պատճառով պոտենցիալ գործատուի կողմից ուշացող պատասխանը կարող է պայմանավորված լինել ձեր թեկնածության դիտարկմանն ավելի երկար ժամանակ տրամադրելու հանգամանքով։

 

Ստեղծեք պորտֆոլիո կամ վերանայեք այն

Հատկապես փորձառու մասնագետների համար դժվար է միայն ռեզյումեի միջոցով ներկայացնել սեփական փորձի մասին այն ամենը, ինչը կարող է կարևոր նշանակություն ունենալ գործատուի համար՝ որոշում կայացնելու հարցում։ Լավ մշակված պորտֆոլիոն թույլ կտա փորձի մասին ռեզյումեում ամփոփված տեղեկատվությունը հիմնավորել արդյունքներով՝ ավելի հստակ պատկերացում տալով ձեր աշխատանքի մասին։ Եթե ունեք ձեր հմտությունների մասին վկայող փաստաթղթեր՝ վկայականներ, սերտիֆիկատներ, պատվոգրեր կամ մրցանակներ, ապա դրանք ևս կարող եք ներառել պորտֆոլիոյում։

 

Պորտֆոլիոն և ռեզյումեն համադրելու կարևորության մասին կարող եք կարդալ մեր նախորդ բլոգներից մեկում։

 

Հիշեք, որ աշխատանքում մեր հմտությունները հղկվում են և հետևաբար աշխատանքի օրինակները, որոնք ընդգրկել եք մեկ տարի առաջ, անշուշտ վերանայելու և նորերով փոխարինելու կարիք կառաջանա։

 

 

Վերանայեք ռեզյումեն

Պարբերաբար թարմացրեք ձեր ռեզյումեն՝ ավելացնելով ձեռք բերված նոր հմտությունները և հեռացնելով անհամապատասխան և ժամանակավրեպ տեղեկատվությունը։ Օրինակ, եթե հեռավոր 2014 թվականին մասնակցել եք ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ աշխատաժողովի, ապա այժմ նպատակահարմար կլինի այս տեղեկատվությունը հեռացնելը, քանզի վերջին տարիներին տեխնոլոգիական զարգացումների համատեքստում այն ամենը, ինչը սովորել եք աշխատաժողովի ընթացքում, ամենայն հավանականությամբ, արդեն ժամանակավրեպ է։ 

 

Ռեզյումեն պետք է լինի հնարավորինս հակիրճ՝ ներառելով միայն կարևոր և առաջնային տեղեկատվություն ձեր փորձառության մասին։ Ավելացրեք ռեզյումեում ձեր ստանձնած նոր պարտականությունների կամ ձեռք բերած նոր հմտությունների մասին, պահպանեք պարզ և հեշտ ընթեռնելի ձևաչափը և հեռացրեք ցանկացած անհամապատասխան և ավելորդ տեղեկատվություն:
 

Փնտրեք նոր աշխատատեղեր Job.am-ում

Ամեն օր թարմացվող հայտարարությունների մեջ գտեք այն առաջարկը, որը կհետաքրքրի ձեզ, իսկ որպեսզի ստիպված չլինեք ամեն օր այցելել կայք և որոնել, ակտիվացրեք ծանուցումների անվճար ծառայությունը։

 

Կրկնապատկեք աշխատանք գտնելու հնարավորությունները՝ գրանցվելով Job.am-ում և ստեղծելով ձեր առցանց ռեզյումեն կայքում։ Այս դեպքում կարող եք դիմել ձեր նախընտրած հաստիքի համար՝ ընդամենը կոճակի մեկ սեղմումով։ Իսկ եթե նաև ձեր ռեզյումեն դարձնեք հասանելի գործատուների մեր ցանցի համար, ապա գուցե աշխատանքի հաջորդ առաջարկը ստանաք՝ առանց ինքներդ դիմելու։

 

 

Նախապատրաստվեք հարցազրույցների

Ծանո՞թ է մտավախությունը, որ հարցազրույցի ընթացքում կարող է հնչել հարց, որին պատասխանելու համար այդ պահին չգտնեք ճիշտ բառեր։ Թերևս շատերն են ունեցել նման փորձ։ Երբեմն հնչող հարցը կարող է հանկարծակիի բերել։ Օրինակ, մտածեք, թե ինչ պատասխանել «Ինչո՞ւ եք հեռացել նախկին աշխատավայրից» հարցին։ Հարցազրույցի գնալուց առաջ հաճախ տրվող հարցերին նախապատրաստվելը ոչ միայն հնարավորություն կտա ավելի մտածված պատասխաններ տալ, այլև կնվազեցնի անհանգստությունը, կօգնի, որպեսզի վստահորեն մտնեք հարցազրույցի։

 

Հարցերի համար ոչ թե գեղեցիկ պատասխաններ պատրաստեք, որոնք պետք է անգիր սովորեք և, հնարավոր է, հարցազրույցի ընթացքում մոռանաք, այլ բանալի բառերի կամ կարճ արտահայտությունների միջոցով առանձնացրեք այն կարևոր կետերը, որոնք ցանկանում եք նշել։ 

 

Ոչ միայն հստակորեն նախանշեք, թե ինչ եք պատրաստվում ասել հարցազրույցի ընթացքում, այլև խուսափեք այնպիսի տեղեկատվությամբ կիսվելուց, որը կարող է վնասել աշխատատեղի համար ձեր թեկնածությունը դիտարկելու գործատուի պատրաստակամությանը։

 

Կապեր հաստատեք

Այցելեք մասնագիտական միջոցառումների, մասնակցեք քննարկումների, վեբինարների և աշխատաժողովների՝ ընդլայնելով ձեր կապերը ոլորտում։ Ամառային ամիսները շատ հարմար ժամանակահատված են նման միջոցառումների համար, այնպես որ փորձեք դրանք բաց չթողնել։ Մարդկանց հետ հարաբերություններում մի փնտրեք միակողմանի օգուտներ, փոխարենը պատրաստ եղեք կիսվել ձեր գիտելիքներով, փորձով և ռեսուրսներով՝ փոխադարձ աջակցության վրա հիմնված հարաբերություններ կառուցելու նպատակով։

 

Կապեր ստեղծելը կամ նեթվորքինգը շարունակական գործընթաց է: Պարբերաբար կապ հաստատեք նոր ծանոթների հետ, ժամանակ առ ժամանակ քայլեր ձեռնարկեք շփումը պահպանելու նպատակով։ Դա արեք էլեկտրոնային նամակների միջոցով և բաց մի թողեք սոցիալական ցանցերում, օրինակ, LinkedIn-ում, Medium-ում կամ այլ նմանանատիպ հարթակներում միմյանց թարմացումներին հետևելու հնարավորությունը։ 

 

 

Թարմացրեք ձեր էջը LinkedIn-ում

Վերևում անդրադարձանք ամենամեծ պրոֆեսիոնալ սոցիալական ցանցի նշանակությանը՝ կապեր հաստատելու գործում։ Այս հնարավորությունը, սակայն, միակը չէ, որը տալիս է պլատֆորմը։ Հավելենք, որ այն նաև հնարավորություն է տալիս որոնել աշխատանք, իսկ LinkedIn Learning-ի միջոցով կարող եք կարճատև դասընթացների միջոցով ձեռք բերել գիտելիքներ և բարելավել ձեր թե՛ տեխնիկական և թե՛ փափուկ հմտությունները՝ շարունակելով մնալ մրցունակ մասնագետ։

 

LinkedIn-ում էջը կարող է դառնալ ձեր առցանց ռեզյումեն, հետևաբար հարթակում պարբերաբար թարմացրեք կրթության, աշխատանքային փորձի և հմտությունների վերաբերյալ բաժինները և կիսվեք մասնագիտական ձեռքբերումներով։ 

 

Խթանեք անձնային բրենդը

Մասնագիտական համայնքի մասնակցությամբ իրականացվող հանդիպումների, քննարկումների և աշխատաժողովների ընթացքում ակտիվ մասնակցությունը թույլ կտա ձևավորել ձեր անձնային բրենդը։ Առցանց հարթակները ևս կարող են օգտակար լինել անձնային բրենդի խթանման գործում։ Կիսվեք ձեր փորձով՝ ստեղծելով բարձրորակ բովանդակություն, օրինակ փորձեք գրել հոդված ձեր ոլորտում արդիական որևէ խնդրի վերաբերյալ` ցույց տալով ձեր գիտելիքներն ու հմտությունները ոլորտում:

Անձնային բրենդի ձևավորման գործում ևս օգտագործեք LinkedIn-ի ընձեռած հնարավորությունները։ Հարթակում կարող եք կիսվել կարծիքով, հեղինակային հոդվածով կամ ակնարկով, մասնակցել մասնագիտական քննարկումների, շփվել ոլորտում աշխատող գործընկեր մասնագետների հետ։

 

 

Ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ 

Ամառային հաճելի եղանակին ժամանցի փոխարեն աշխատանքի հնարավորություններ որոնելը կարող է դեմոտիվացնող թվալ։ Նման խնդրի չբախվելու համար հստակ ժամանակ հատկացրեք աշխատանքի որոնմանն ուղղված ջանքերին և հանգստին։ Պահպանեք հավասարակշռությունն ընկերների ու ընտանիքի հետ ժամանցի և աշխատանքի որոնման գործընթացի միջև։

 

Ժամանակ չկորցնելով և սկսելով աշխատանքի փնտրտուքներն ամառվանից՝ մեկ քայլ առաջ եք անցնում ձեր որոնումների գործընթացում։ Ջանքեր ներդրեք աշխատանքի որոնման համար ամռան ամիսներին` մինչ մարդիկ կսկսեն հնարավորություններ փնտրել արձակուրդից վերադառնալուց հետո: Սկսեք քայլեր ձեռնարկել այսօր՝ օգտվելով վերոնշյալ խորհուրդներից, վերանայելով ձեր հմտությունները և կարևորելով անձնային բրենդի խթանումը՝ մրցակցային առավելությունների հասնելու համար։

 

Կհետաքրքրեն նաև