Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Ոչ միայն հանգիստ․ անձնական և մասնագիտական աճի հեռանկարներն ամռանը

21.07.2023 | 2874 դիտում

 

Ամառը եզակի հնարավորություն է ընձեռում ոչ միայն հանգստանալու, այլև մասնագիտական ուղին վերանայելու, վերաարժևորելու և, իհարկե, զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 

 

Աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռության պահպանումը կարևոր է հատկապես ամռանը, երբ հնարավորություն կա մեկնելու արձակուրդ, թոթափելու հոգնածության բեռը և աշխատանքի վերադառնալու նոր եռանդով։ Չմոռանալով հանգստի, ֆիզիկական և մտավոր առողջության պահպանման կարևորության մասին՝ ժամանակ հատկացրեք ձեր անձնական և մասնագիտական աճի համար։ Նախ և առաջ, մտածեք ձեր կարիերայի մասին՝ որտե՞ղ եք գտնվում և ո՞ւր եք ցանկանում հասնել ապագայում։

 

Ի՞նչ հնարավորություններ է տալիս ամառը՝ մասնագիտական աճի համար և ինչպե՞ս օգտագործել ազատ ժամանակը՝ հմտությունները զարգացնելու նպատակով․ այս հարցերին կանդրադառնանք մեր այսօրվա բլոգում՝ աջակցելով տարվա այս եղանակին ձեր արդյունավետ զարգացումը և ինքնակատարելագործումն ապահովելու հարցում։

 

Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնց շնորհիվ կարող եք ամառը դարձնել ոչ միայն անմոռանալի հանգստի և ժամանցի, այլև օգտակար որոշումների և ազատ ժամանակն արդյունավետորեն տնօրինելու շրջան։

 

 

Ձեռք բերեք նոր հմտություններ և կատարելագործեք հները

Աշխատաշուկան արագ փոփոխվում է, և եթե անգամ ներկայումս ունեք ձեր աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները և հմտությունները, միևնույն է, համոզված եղեք, որ ոլորտը կշարունակի արագ զարգանալ և փոփոխվել՝ առաջ բերելով նորանոր պահանջներ։ Ձեզ ոչինչ չի մնում, քան պարզապես ընդունել դրանք, յուրացնել արդիական գիտելիքներ կամ սովորել օգտագործել նոր տեխնոլոգիաներ, որոնք պետք է դառնան ձեր աշխատանքի անբաժանելի մասը։ Նկատի ունեցեք, որ այն հմտությունները, որոնք մի քանի տարի առաջ պահանջված էին, կարող են ժամանակավրեպ դառնալ։ Հմտությունները թարմացնելը և արդիականացնելը նոր դռներ են բացում ոչ միայն մասնագիտական աճի համար, այլև հնարավորություն են տալիս դիտարկել նոր ոլորտներում աշխատելու հնարավորությունը։ Շարունակական ուսուցումը ներկայիս զարգացող աշխատաշուկայում մրցունակ մասնագետ մնալու հիմնական նախապայմաններից մեկն է։ 

 

Ամառը հարմար ժամանակաշրջան է նոր գիտելիքներ ձեռք բերելու մասին մտածելու համար: Նոր հմտություններ ձեռք բերելու գործընթացում կարևոր է նախ և առաջ բացահայտել ձեր հետաքրքրությունների ոլորտները և կարիերայի աճի ներուժը: Եթե մտածում եք նոր ոլորտում աշխատելու մասին, ապա սկզբում փորձեք պարզել, թե ձեր առկա հմտություններից որոնք օգտակար կլինեն նոր ոլորտում։ Այնուհետև ուսումնասիրեք ձեզ հետաքրքրող հաստիքների համար հիմնական պահանջները և առանձնացրեք այն ամենը, ինչը անհրաժեշտ է յուրացնել։ 

 

Եթե որոշել եք ժամանակ հատկացնել ձեր գիտելիքների և հմտությունների կատարելագործման համար, ապա ընտրեք համապատասխան դասընթաց՝ հաշվի առնելով, թե կոնկրետ ինչ հմտությունների բարելավման կարիք ունեք․ միգուցե ձեզ հարկավոր է կատարելագործել որոշակի տեխնիկական հմտություններ, ուսումնասիրել թվային գործիքներ կամ տիրապետել որոշակի փափուկ հմտությունների, ինչպիսիք են հաղորդակցությունն ու առաջնորդությունը:

 

Ներկայումս առկա են բազմաթիվ ռեսուրսներ, որոնք կարող են օգնել ձեռք բերել նոր գիտելիքներ։ Կարող եք գրանցվել տարբեր սեմինարների, վեբինարների կամ առցանց դասընթացների, որոնք համապատասխանում են ձեր նպատակներին: Առցանց դասընթացները հարմար են այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ավելի ճկուն ժամային գրաֆիկով սովորել։ Կրթական առցանց հարթակները ընտրության լայն հնարավորություններ են տալիս՝ առաջարկելով թե՛ անվճար և թե՛ վճարովի ռեսուրսներ։ 

 

Այնպիսի առցանց հարթակները, ինչպիսիք են Coursera-ն, Udemy-ն և LinkedIn Learning-ը, առաջարկում են տարբեր թեմաներով դասընթացներ։ Ամռան ընթացքում սովորելու համար մոտիվացված մնալու նպատակով ձեր առջև դրեք իրատեսական նպատակներ, մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ՝ ժամանակ հատկացնելով հանգստին և հաճախակի ընդմիջումներին։ 

 

 

Նոր հմտություններ սովորելը կարևոր է, սակայն պակաս արժեքավոր չէ նաև արդեն իսկ առկա հմտությունների կատարելագործումը։ 

 

Ամերիկացի հեղինակ Նապոլեոն Հիլլն ընդգծում է ոչ թե թույլ կողմերի, այլ ուժեղ հմտությունների և կարողությունների վրա կենտրոնանալու կարևորությունը: Ըստ հեղինակի՝ սեփական ուժեղ կողմերը բացահայտելը և հզորացնելը կարևոր է հաջողության և անձնական աճի հասնելու համար: Հիլլը պնդում է, որ մարդիկ պետք է բացահայտեն այն ամենը, ինչը կարողանում են լավագույնս անել և առավելագույնի հասցնել իրենց ներուժի իրացումն այդ ոլորտներում: 

 

Ձեր ուժեղ կողմերը կատարելագործելու նպատակով այցելեք համաժողովների, մասնագիտական միավորումների և ցանցերի միջոցառումների և մասնակցեք ոլորտային քննարկումների։ Անդամակցեք մասնագիտական կազմակերպությունների, որտեղ կծանոթանաք միևնույն ոլորտում գործունեություն ծավալող գործընկերների հետ։ Ընդլայնելով ձեր մասնագիտական կապերը՝ կարող եք նոր գիտելիքներ ձեռք բերել և սեփական հմտությունները զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ բացահայտել։

 

Հմտությունները վերանայելու գործում կարևորեք նաև գործընկերների կարծիքը, հատկապես, եթե նրանց հետ բացի գործընկերայինից ունեք նաև ընկերական հարաբերություններ։ Նրանք տեսնում են ձեր աշխատանքը և կարող են օգտակար խորհուրդներ տալ՝ օգնելով կողմնորոշվել, թե որ հմտությունների ուղղությամբ է հարկավոր աշխատել։ Ընդունեք կառուցողական քննադատությունը որպես հնարավորություն՝ բացահայտելու համար, թե որ ոլորտներում բարելավման կարիք ունեք, ինչը թույլ կտա ջանքերը կենտրոնացնել թույլ կողմերը ուժեղների վերածելու ուղղությամբ:

 

Ձեռք բերեք նոր հոբբի

Սպորտը, արհեստները և այլ զբաղմունքները կարող են օգնել ձեզ բազմազանություն մտցնել առօրյայում։ Հոբբիներն օգնում են սովորել և աճել նաև աշխատանքից դուրս: 

 

Անկախ նրանից, թե որ ոլորտում եք ցանկանում փորձել ձեր ուժերը՝ սովորել երաժշտական գործիք նվագել, զբաղվել նկարչությամբ կամ բացօթյա սպորտով, հիշեք, որ նոր հոբբիները հարթակ են ստեղծում ձեր թաքնված տաղանդներն ու ուժեղ կողմերը բացահայտելու համար: Նոր հետաքրքրությունները կարող են օգնել բացահայտել ձեր ստեղծագործական ներուժը և հմտությունները, որոնք կարող են արժեքավոր լինել ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական կյանքում:

 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մտավոր գործողությունները, ինչպիսիք են նոր լեզու սովորելը կամ որևէ արհեստով զբաղվելը, խթանում են ուղեղի ճանաչողական գործառույթը, բարելավում հիշողությունը, կենտրոնանալու ունակությունը և քննադատական մտածողությունը: Զբաղվելով նոր հոբբիով՝ մարզում եք ձեր ուղեղը՝ դրականորեն ազդելով սովորելու և վերլուծելու կարողությունների զարգացման վրա։

 

Մի շարք հոբբիներ պահանջում են կարգապահություն և հաստատակամություն, որոնց զարգացումը խթանում է աշխատանքում և կյանքում անհրաժեշտ մի շարք հմտությունների զարգացմանը։ Օրինակ, թիմային սպորտով զբաղվելը խթանում է թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտությունները, իսկ լուսանկարչություն սովորելը զարգացնում է մանրուքների նկատմամբ ուշադրությունը և ստեղծագործական մոտեցումը:

 

Ամառը լիցքաթափվելու և դրական էներգիայով լցվելու ժամանակ է, իսկ նոր հոբբին կարող է հիանալի միջոց լինել սթրեսը նվազեցնելու և անհանգստությունը վերացնելու գործում: Ուրախություն և բավարարվածության զգացողություն առաջացնող գործունեությամբ զբաղվելն օգնում է հաղթահարել բացասական զգացողությունները և բարելավում է տրամադրությունը: 

 

Դիտարկեք ֆիզիկական ակտիվություն պահանջող հոբբիները, որոնք նաև կօգնեն ֆիզիկապես վերականգնվել։ Ամառը հարմար ժամանակահատված է քայլարշավների և հեծանվավազքի մասնակցելու, լողավազան այցելելու և այգեգործությամբ զբաղվելու համար։ 

 

 

Հոգ տարեք ձեր մասին

Երկար և տաք օրեր, ժամանցի բազում հետաքրքիր տարբերակներ․ ամառը ստեղծում է բոլոր պայմանները՝ հիշեցնելով սեփական անձի մասին հոգ տանելու կարևորության մասին։

 

Բացօթյա ժամանակ անցկացնելն օգտակար է ֆիզիկական և էմոցիոնալ բարեկեցության համար։ Թե՛ հանգիստ զբոսանքը այգում և թե՛ ընկերների հետ խնջույքը բնության գրկում լավ տարբերակներ են առօրյայից հեռանալու և հանգստանալու համար։

 

Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը՝ առաջնահերթություն տալով քնի կանոնավոր ռեժիմին, առողջ սննդին և որակյալ հանգստին։ Վայելեք արևի ճառագայթները, եղեք ֆիզիկապես ակտիվ և զբաղվեք ձեր սիրած գործերով։ Սահմանեք ամառը որպես ձեր մասին հոգ տանելու, աճի և հանգստի ժամանակաշրջան և հետամուտ եղեք հավատարիմ մնալ ձեր որոշմանը։ 

 

Վերանայեք ձեր ռեզյումեն

Անկախ նրանից, թե արդյոք փնտրում եք աշխատանք, թե ոչ, պարբերաբար վերանայեք ձեր ռեզյումեն՝ թարմացումներ կատարելու նպատակով։ Ավելացրեք ամռան ընթացքում ձեռք բերած մասնագիտական հմտությունների մասին տեղեկատվություն։ Հաճախ աշխատանքային բազմազբաղ օրերին ռեզյումեն վերանայելու ժամանակ չի լինում, մինչդեռ ամռանը կարող եք գտնել այդ ժամանակը և կատարել բոլոր անհրաժեշտ հավելումները։ Փորձեք նաև ռեզյումեի մի քանի տարբերակ մշակել՝ նախատեսված տարբեր հաստիքների դիմելու համար։ 

 

Այսպիսով, օգտագործեք տարվա այս եղանակը ոչ միայն հանգստանալու, այլև սեփական մասնագիտական աճի ուղղությամբ աշխատելու համար՝ դարձնելով այս ամառը հիշարժան ոչ միայն ընտանիքի և ընկերների հետ անցկացրած հանգստի պահերով, այլև ձեր մասնագիտական աճի վերաբերյալ կայացված կարևոր որոշումներով։ 

 

Կհետաքրքրեն նաև