Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

7 խորհուրդ՝ ամռանը մոտիվացված աշխատելու համար

15.07.2023 | 2309 դիտում

Ամառ, ջերմություն, արև, արձակուրդներ, հանգիստ, բացօթյա միջոցառումներ, ճանապարհորդություն… Մի՞թե հնարավոր է ամռանը կենտրոնանալ աշխատանքի վրա, երբ այնքան հետաքրքիր տարբերակներ կան՝ հանգստանալու և ազատ ժամանակը վայելելու համար։ Այնուամենայնիվ, աշխատել հարկավոր է՝ անկախ պատուհանից այն կողմում առկա եղանակային պայմաններից։ 

 

Տարբեր հետազոտություններ վկայում են, որ ամռանն աշխատակիցների արդյունավետությունը նվազում է։ Տարվա այս եղանակին մարդիկ հակված են ավելի հեշտությամբ շեղվել աշխատանքից, և հաճախ կենտրոնացած աշխատելը շատերի համար դառնում է մարտահրավեր։ 

 

Ինչպե՞ս ամռանը աշխատավայրում մնալ մոտիվացված և շարունակել աշխատել նույն արդյունավետությամբ, ինչպե՞ս տարվա ամենաթեժ ամիսներին գտնել նոր էներեգիա ձեռք բերելու աղբյուրներ և հաջողությամբ շարունակել իրագործել մասնագիտական նպատակները․ այս հարցերի պատասխանները միասին կբացահայտենք մեր այսօրվա բլոգում։

 

Ամառային տաք, գեղեցիկ առավոտ։ Մինչ աշխատանքի անցնելը նայում եք սոցցանցերը և տեսնում ընկերների հրապարկած լուսանկարները՝ արձակուրդից։ Սեփական արձակուրդի մասին մտքերը հեշտությամբ կլանում են ձեր ողջ ուշադրությունը։ Իսկապես, հանգստի մասին մտքերը և սպասումը կարող են ազդել ձեր տրամադրության և մոտիվացիայի վրա։ Ստորև ներկայացնում ենք խորհուրդներ, որոնք կօգնեն առավելագույն արդյունավետությամբ աշխատել ամռանը՝ չմոռանալով ժամանակ հատկացնել նաև հանգստին։

 

 

Խուսափեք ծանրաբեռնվածությունից

Պատկերացրեք՝ ամառային ամիսներին սկսում եք իրականացնել մեծ ծրագրեր, որոնք պահանջում են առավելագույն ուշադրություն և կենտրոնացում։ Հաճախ ծավալուն աշխատանքն այլ տարբերակ չի թողնում, քան լարված աշխատելը՝ վերջնաժամկետների շրջանակներում ամեն ինչ հասցնելու համար։ Նման դեպքերում պլանավորեք հաճելի ժամանց՝ աշխատանքի ավարտից հետո։ Պարգևատրեք ինքներդ ձեզ՝ կատարված աշխատանքի համար։ Առաջիկայում սպասվող հանգստի և լիցքաթափվելու հեռանկարը կմոտիվացնի, որպեսզի կենտրոնանաք և ավարտեք ընթացիկ աշխատանքները։

 

Խուսափեք չափից շատ պարտականություններ ստանձնելուց և իրատեսորեն գնահատեք որոշակի ժամանակահատվածում ակնկալվող արդյունքները։ Կենտրոնացեք ամենակարևոր առաջադրանքների վրա։ Դիմեք գործընկերների օգնությանը և հնարավորության դեպքում որոշակի առաջադրանքներ պատվիրակեք թիմի անդամներին։ Օգտագործեք ժամանակի կառավարման արդյունավետ մեթոդներ, օրինակ, բաժանեք մեծ նախագծերը փոքր և հեշտ կառավարելի մասերի։ Ժամանակի կառավարման տարբեր մեթոդների ծանոթացեք մեր բլոգներից մեկում, փորձեք առաջարկվող տեխնոլոգիաները և ընտրեք ձեզ համար լավագույնս աշխատող տարբերակները։

 

Փոխեք ձեր տարածքը

Ֆիզիկապես հարմարավետ զգալը դրականորեն է ազդում մոտիվացիայի և արդյունավետության վրա: Եթե ձեր ներկայիս աշխատանքային տարածքում պակասում է բնական լույսը կամ աթոռը, որին նստում եք, անհարմար է, ապա փնտրեք ավելի լավ լուսավորությամբ և կահույքով տարածք։ 

 

Երբեմն կարիք ենք ունենում համատեղ տարածքում՝ համագործակցային մթնոլորտում աշխատելու, իսկ երբեմն փնտրում ենք խաղաղ անկյուն՝ կենտրոնանալու և հանգիստ պայմաններում աշխատելու համար։ Փորձեք փոփոխել ձեր ֆիզիկական միջավայրը՝ ընտրելով տվյալ պահին ձեզ համար ամենաարդյունավետ և նախընտրելի վայրը։

 

Օգտագործեք տարվա այս եղանակի ընձեռած հնարավորությունները՝ աշխատավայրը հարմար վայր դարձնելու համար։ Նախ և առաջ, առավելագույնի հասցրեք փակ տարածություններում բնական լույսի քանակը։ Հնարավորության դեպքում տեղադրեք ձեր աշխատասեղանը պատուհանների մոտ, որտեղից արևի լույսը կթափանցի ներս: Բնական լույսը ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը և հաղորդում դրական էներգիա, այլև նվազեցնում է աչքերի լարվածությունը և բարելավում ինքնազգացողությունը:

 

Աշխատասենյակում ունեցեք բույսեր և ծաղիկներ, որոնք ոչ միայն հաղորդում են բնության շունչը, այլև բարելավում են օդի որակը: Երբեմն փոքրիկ իրերի առկայությունը կարող է դրական տրամադրություն հաղորդել, օրինակ կարող եք ձեր երեխաների նկարն ունենալ աշխատասեղանին։ Եթե կան անհատներ, որոնք ոգեշնչում են ձեզ, ապա կարող եք նաև նրանց խոսքերից մեջբերումներ փակցնել պատին։ 

 

Աշխատասեղանին տիրող խառնաշփոթը բոլորի համար չէ, որ խորհրդանշում է ստեղծագործական գործունեությունը։ Շատերի համար մաքուր և կազմակերպված միջավայրը խթանում է մտքի հստակությանը և արդյունավետությանը, հետևաբար փորձեք ձեր աշխատանքային տարածքը կոկիկ և մաքուր պահել։

 

 

Շփվեք գործընկերների հետ

Գործընկերների հետ լավ հարաբերություններն էական ազդեցություն ունեն տրամադրության և մոտիվացված աշխատելու վրա՝ ոչ միայն ամռանը։ Ընդմիջումներին շփվեք գործընկերների հետ կամ աշխատանքից հետո միասին այցելեք որևէ հետաքրքիր ժամանցային վայր։ Գործընկերների հետ զրուցեք ընդհանուր նպատակների, մարտահրավերների և հաջողությունների մասին։

 

Գործընկերների հետ շփումը նպաստում է համագործակցությանը և նոր գաղափարների առաջացմանը։ Կարևոր է նաև թիմակիցների կողմից սեփական աշխատանքի վերաբերյալ կարծիքներ լսելը։ Կառուցողական հետադարձ կապը և առաջարկները կարող են ձեզ համար օգտակար լինել՝ աշխատանքի որոշ կողմեր վերանայելու և դրանք կատարելագործելու տեսանկյունից։

 

Մի թերագնահատեք թիմակիցներից սովորելու հնարավորությունը։ Ոլորտի վերաբերյալ մասնագիտական քննարկումները և միմյանց հետ փորձով հաճախակի կիսվելը օգտակար է բոլորի համար:

 

Վերանայեք առաջադրանքների կատարման մեթոդները

Արդյունավետ աշխատելու նպատակով փորձեք կիրառել մեթոդներ, որոնք կօգնեն կենտրոնանալ աշխատանքի վրա։ Օրինակ, 30 րոպե շարունակ, առանց շեղվելու և դադարների կենտրոնացեք կոնկրետ առաջադրանքի վրա և ապա հինգ րոպե տևողությամբ ընդմիջում արեք։

 

Հստակ նպատակներ սահմանելը ևս կարող է օգնել մոտիվացված աշխատելու գործում։ Կազմեք ամեն օրվա ձեր անելիքների ցանկը և յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար սահմանեք համապատասխան ժամանակահատված։ Հստակ իմանալով, թե երբ կավարտեք ձեր առաջադրանքները՝ կաշխատեք ավելի մոտիվացված և աշխատանքը հետաձգելու ցանկություն չեք ունենա։  

 

Ժամանակ հատկացրեք ֆիզիկական ակտիվությանը

Եթե երկար ժամանակ պլանավորել եք ֆիզիկապես ակտիվ կենսակերպ վարել, ապա ամառային թարմ և պայծառ առավոտները շատ հարմար են ձեր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ 

 

Կարող եք սկսել առավոտյան վազքից։ Առավոտյան մեկ ժամ ավելի քնելը, երբ արդեն արևը ծագել է, կարող է գայթակղիչ լինել, սակայն ոչ արդյունավետ։ Ամռանն առավոտյան զբոսանքն անփոխարինելի է՝ թարմանալու և բարձր տրամադրությամբ օրը շարունակելու համար։ Փորձեք արթնանալ սովորականից մեկ ժամ շուտ և համոզվեք, որ ժամանակ եք հատկացնում առավոտյան զբոսանքի կամ վազքի համար: 

 

Բաց մի թողեք ֆիզիկապես ակտիվ լինելու նույնիսկ փոքրիկ հնարավորությունները, օրինակ, կարճ ընդմիջման ընթացքում քայլեք գրասենյակի տարածքում։ Եթե աշխատում եք հեռավար, ապա փորձեք ճաշի ընդմիջումը դրսում անել՝ օգտագործելով բացօթյա ընդմիջման հնարավորությունը։

 

Օգտագործեք հավելվածներ՝ հետևելու համար ձեր ակտիվության մակարդակին։ Նման հավելվածներն օգնում են մոտիվացված մնալ, քանի որ հնարավորություն են տալիս հետևել ձեր առաջընթացին՝ հիշեցնելով ձեր սահմանած նպատակների մասին և տրամադրելով անհատականացված կարծիք ձեր ֆիզիկական ակտիվության վերաբերյալ:

 

 

Օգտվեք հանգստի ձեր իրավունքից

Մեկնեք արձակուրդ՝ որոշակի ժամանակահատվածով կտրվելով աշխատանքային միջավայրից և թարմ ուժերով վերադառնալու հեռանկարով։ Արձակուրդները հնարավորություն են տալիս հանգստանալու ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մտավոր առումով: Այդ ընթացքում կարող եք ազատվել աշխատանքի հետ կապված սթրեսային գործոնների ազդեցությունից: 

 

Արձակուրդի ընթացքում առաջնահերթություն տվեք ձեր անձնական բարեկեցությանը, ժամանակ հատկացրեք հետաքրքրություններին ու հոբբիներին: Հանգստից հետո աշխատավայր կվերադառնաք մոտիվացված և պատրաստ՝ հաղթահարելու նոր մարտահրավերներ։ Պատրաստվեք արձակուրդին՝ նախապես պլանավորելով աշխատանքն այնպես, որ հանգստի ընթացքում հնարավորինս ստիպված չլինեք անդրադառնալ աշխատանքային հարցերի։  

 

Հավելենք, որ ամենամյա արձակուրդը միակ տարբերակը չէ ամառը հնարավորինս ժամանցին և հանգստանալուն տրամադրելու համար։ Եթե աշխատավայրում դեմ չեն, ապա փորձեք շուտ գալ աշխատանքի և շուտ հեռանալ՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով բացօթյա ժամանցին։ 

 

Օգտվեք քիչ աշխատանքի առավելություններից

Բազմաթիվ բիզնեսների համար ամառը ավելի քիչ լարված և ոչ ծավալուն աշխատանքի ժամանակահատված է։ Երբ հրատապ գործերի ցանկն այնքան էլ երկար չէ, մտածեք ազատ ժամանակը մասնագիտական աճի նպատակով օգտագործելու մասին։ Միգուցե վաղուց որոշել էիք ուսումնասիրել թվային գործիքներ, որոնք հեշտացնում են աշխատանքը, սակայն ժամանակ չեք ունեցել։ Դե ինչ, այժմ ունեք ժամանակ՝ ամառը նաև նորը սովորելու նպատակով օգտագործելու համար։ 

 

Գրանցվեք առցանց կարճատև դասընթացների, որոնք ուսուցանում են այնպիսի փափուկ հմտություններ, որոնք ձեզ կդարձնեն ավելի պահանջված և մրցունակ մասնագետ։ Գործատուների կողմից ամենապահանջված 10 հմտություններին ծանոթացեք մեր բլոգում, ընտրեք դրանցից մեկը կամ մի քանիսը և կատարելագործեք դրանք՝ տարբեր դասընթացների և սեմինարների օգնությամբ։

 

Ամառային ջերմ օրերին գրասենյակում նստած աշխատելը դեմոտիվացնող է շատերի համար։ Եթե զգում եք, որ ամռանը նվազում է ձեր արդյունավետությունն աշխատավայրում, ապա առաջին քայլը, որը պետք է անեք, ընդունելն է, որ միայն դուք չեք բախվում նման մարտահրավերի, ընդհակառակը, շատերն են դժվարանում կենտրոնանալ և արդյունավետ աշխատել ամռան ամիսներին։ Օգտագործելով այն մոտեցումները, որոնց անդրադարձանք՝ կկարողանաք և՛ արդյունավետորեն աշխատել, և՛ բաց չթողնել տարվա ամենաջերմ և հաճելի եղանակին հանգստանալու հնարավորությունը։

 

Կհետաքրքրեն նաև