Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Աշխատակիցներին տրամադրվող արձակուրդ․ օրենսդրական պահանջներ և կարգավորումներ

06.07.2023 | 2468 դիտում

Երբ դրսում արևոտ օրեր են և դժվար է կենտրոնանալ առօրյա աշխատանքային պարտականությունների վրա, գուցե ժամանակն է մտածել արձակուրդ գնալու մասին։ Մեր երկրի ներպետական օրենսդրությամբ կարգավորվում են աշխատակիցների ինչպես հանգստի՝ ընդհանուր առմամբ, այնպես էլ, մասնավորապես, ամենամյա արձակուրդի հետ կապված հարցերը։ Վաստակած հանգստի իրավունքն օգտագործելուց առաջ կարևոր է պատկերացում կազմել արձակուրդից օգտվելու սեփական իրավունքների և պարտականությունների մասին։

 

Աշխատակիցների՝ արձակուրդի հետ կապված օրենսդրական կարգավորումների համապարփակ իմացությունը հավասարապես կարևոր է թե՛ աշխատակիցների և թե՛ գործատուների համար։ Արձակուրդին հատկացված օրերի քանակից մինչև այն տեղափոխելու և չօգտագործված արձակուրդի փոխարեն փոխհատուցում ստանալու վերաբերյալ դրույթները մի քանիսն են ՀՀ աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարցերից։ 

 

Ամենամյա արձակուրդի հատկացման հետ կապված օրենսդրական դրույթները բավականին ճկուն են և հնարավորություն են տալիս ընտրել արձակուրդի ժամանակահատվածը, այն օգտագործել մասերով, ինչպես նաև տեղափոխել այն կամ հրաժարվել արձակուրդից՝ ստանալով արձակուրդի փոխարեն կատարված աշխատանքի դրամական փոխհատուցում։ Այս բոլոր հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է իմանալ համապատասխան օրենսդրական դրույթները, ծանոթանալ դրանցից օգտվելու կարգին, ինչպես նաև առկա սահմանափակումներին։

 

Այսպիսով, որո՞նք են ամենամյա արձակուրդի տեսակները և որքա՞ն է դրանցից յուրաքանչյուրի տևողությունը, ովքե՞ր կարող են օգտվել սահմանվող արձակուրդների տեսակներից, և ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն աշխատակիցները և գործատուները՝ ամենամյա արձակուրդի տրամադրման հետ կապված հարցերում․ այս բոլոր հարցերին, ինչպես նաև ընթացիկ տարում աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններին կանդրադառնանք մեր այսօրվա բլոգում։

 

 

Որքա՞ն ժամանակահատվածով է տրամադրվում ամենամյա արձակուրդ

Աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար․ այսպես է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում ամենամյա արձակուրդը։ Օրենսգրքում նշվում է՝ պահպանվում է արձակուրդում գտնվող աշխատակցի աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը: Օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում:

 

ՀՀ օրենսդրության համաձայն՝ արձակուրդ գնալու համար անհրաժեշտ է աշխատողի դիմումը, որից հետո գործատուն տրամադրում է արձակուրդ: Նշենք, որ ոչ լրիվ աշխատաժամանակի պարագայում աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:

 

Օրենսդրությունը սահմանում է ամենամյա արձակուրդի երեք տեսակ՝ համապատասխան տևողություններով։

 

Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունն է․

     ✓ 20 աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 

     ✓ 24 աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: 

 

Աշխատակցի և գործատուի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, որի դեպքում արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի․

     ✓ առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, 

     ✓ առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

 

Երկարացված ամենամյա արձակուրդ տրամադրվում է ՀՀ կառավարության կողմից սահմանվող առանձին կատեգորիայի աշխատողների համար։ Խոսքն այնպիսի աշխատողների մասին է, ում աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ: 

Ամենամյա երկարացված արձակուրդի տևողությունն է․

     ✓ 25 աշխատանքային օր (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր)` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 

     ✓ 30 աշխատանքային օր (բացառիկ դեպքերում` 42 աշխատանքային օր)` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

 

Ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման հնարավորություն օրենքը տալիս է աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում և չնորմավորված աշխատանքային օրով աշխատող անձանց, ինչպես նաև հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին։ 

 

Լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատողների ցանկը, արձակուրդի տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

 

 

Արձակուրդի արժեքը․ ինչպե՞ս է վճարում գործատուն՝ ամենամյա արձակուրդի համար

Ամենամյա արձակուրդը սկսելուց երեք օր առաջ գործատուն արձակուրդի համար աշխատողին վճարում է միջին աշխատավարձ։ Այն հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:

 

Օրենքը պարտադրում է գործատուին աշխատակցին դրամական հատուցումը վճարվել՝ չօգտագործված ամենամյա արձակուրդի համար։ Այդ փոխհատուցումն աշխատակիցը ստանում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: 

 

Պարտադիր հանգիստ․ նոր կարգավորումներ՝ ամենամյա արձակուրդի վերաբերյալ

2023 թվականին ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ առաջարկվեցին, որոնք ընդունվեցին ՀՀ Ազգային ժողովի կողմից մայիսին։ Ի թիվս այլ հարցերի՝ նոր կարգավորումները վերաբերում էին նաև աշխատակիցներին տրամադրվող արձակուրդին։ Անդրադառնանք նոր կարգավորումներին։

 

Պարտադիր արձակուրդի հատկացում։ Ինչպես նշեցինք, արձակուրդը տրամադրվում է աշխատակցի դիմումի համաձայն։ Ըստ նոր կարգավորումների՝ եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից, ապա գործատուն այն տրամադրում է առանց աշխատողի դիմումի։ Միաժամանակ նոր կարգավորումները սահմանում են գործատուի կողմից աշխատակցին տուժանք վճարելու դրույթն այն դեպքում, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չի տրամադրում ամենամյա արձակուրդ։

 

Արձակուրդի իրավունք՝ մինչև տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը։ Հիշեցնենք, որ ամենամյա արձակուրդն աշխատանքի առաջին տարվա համար, որպես կանոն, տրամադրվում էր տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Օրենսգրքի վերանայման և փոփոխությունների արդյունքում ամրագրվել է, որ աշխատակցի և գործատուի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը։

 

Ուսումնական արձակուրդ՝ պահպանելով աշխատատեղը։ Հաշվի առնելով հանգամանքը, որ գործատուները հաճախ կողմ են, որպեսզի իրենց աշխատակիցները կրթվեն և զարգացնեն մասնագիտական հմտությունները՝ օրենսդիր մարմնում փոփոխությունների են ենթարկել նաև ուսումնական արձակուրդի ձևակերպման հետ կապված դրույթները։ Մասնավորապես, օրենքը տալիս է մինչև երկու տարի ժամկետով ուսումնական արձակուրդ ձևակերպելու հնարավորություն՝ աշխատատեղը պահպանելով։ Այսպիսով, այժմ գործատուն, ցանկության դեպքում, կարող է պահպանել աշխատակցի աշխատատեղը, երբ վերջինս գտնվում է ուսումնական արձակուրդում։ Հավելենք նաև, որ թեև այդ ընթացքում աշխատողը չի վարձատրվում, սակայն պահպանվում է նրա աշխատատեղը:

 

 

Երբ խաթարվել է արձակուրդը․ արձակուրդի տեղափոխում

Օրենքը կարգավորում է նաև ամենամյա արձակուրդի տեղափոխման և երկարաձգման հետ կապված հարցերը։ Արձակուրդի տեղափոխումը կազմակերպվում է աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ այնպիսի դեպքերում, երբ, օրինակ, աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում կամ մասնակցում է տարերային աղետների և արտակարգ բնույթ կրող դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման աշխատանքների:

 

Եթե տարբեր պատճառներով հնարավոր չի եղել, որ աշխատակիցն օգտագործի իր ամենամյա արձակուրդը, ապա աշխատողի և գործատուի համաձայնությամբ այն կարող է տեղափոխվել այլ ժամանակահատված: Եթե արձակուրդին խոչընդոտող պատճառներն առաջացել են արձակուրդի ընթացքում, ապա այն երկարաձգվում է աշխատակցի կողմից արձակուրդին չհատկացված օրերի քանակով:

 

Նման դեպքերում օրենքը հնարավորություն է տալիս աշխատակցին ընտրել իր արձակուրդը ստանալու հետևյալ տարբերակներից մեկը․ 

     ✓ տեղափոխված ամենամյա արձակուրդը ստանալ նույն աշխատանքային տարում, մասնավորապես 18 ամսվա ընթացքում՝ սկսած աշխատողին չհատկացված կամ մասնակիորեն հատկացված արձակուրդի աշխատանքային տարվա վերջից,  

     ✓ արձակուրդի չօգտագործված մասը տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

 

Բազմազբաղ աշխատանքային առօրյայում, երբ շատ հաճախ անհրաժեշտություն է լինում աշխատել նաև ոչ աշխատանքային օրերին և աշխատանքին հատկացնել ավելի շատ ժամեր, քան նախատեսված է, հեշտ է ուժասպառ լինել։ Ամենամյա արձակուրդը հնարավորություն է տալիս հանգստանալ, վերականգնել ուժերը և աշխատավայր վերադառնալ ֆիզիկապես և հոգեպես թարմացած և ուժերը վերականգնած՝ պատրաստ անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը՝ նոր ավյունով և ոգևորությամբ։ 

 

Յուրաքանչյուր աշխատակցի՝ ամենամյա արձակուրդ մեկնելու իրավունքն ամրագրված է օրենսդրությամբ։ Հստակ պատկերացում կազմելով արձակուրդի հետ կապված իրավական հարցերի մասին՝ կարող եք ձեզ համար օրենքով նախատեսված հանգստի վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնել։ 

 

Մենք անդրադարձանք այն հիմնական օրենսդրական կարգավորումներին, որոնք անհրաժեշտ է իմանալ՝ անկախ նրանից, թե պատրաստվում եք արդյոք օգտվել ամենամյա արձակուրդ մեկնելու ձեր իրավունքից, թե գերադասում եք շարունակել աշխատանքը, քանզի եթե անգամ չեք ուզում արձակուրդ մեկնել, այս դեպքում ևս պետք է իմանաք, թե դա իրավական առումով ինչ հետևանքներ կարող է ունենալ։

 

Ծանոթացեք նաև մեր նախորդ բլոգին, որում անդրադարձել ենք արձակուրդի պլանավորմանը և կիսվել ենք խորհուրդներով, որոնք կօգնեն առավելագույն արդյունավետությամբ օգտագործել արձակուրդային ժամանակահատվածը՝ ապահովելով ձեր հանգիստը և միաժամանակ չխաթարելով աշխատանքային գործընթացը։

 

Կհետաքրքրեն նաև