Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Հանգստի սպասումով․ ինչպե՞ս նախապատրաստվել արձակուրդին

05.07.2023 | 2281 դիտում

Արդյունավետության բարձրացում, սթրեսի նվազեցում, աշխատանք-անձնական կյանք հավասարակշռության պահպանման հնարավորություն․ երկար կարելի է թվարկել աշխատակիցների համար արձակուրդի դրական ազդեցությունները։

 

Այս սպասված ժամանակահատվածը նախատեսված է աշխատանքային առօրյայից հեռանալու, հանգստանալու, վերալիցքավորվելու և հետաքրքիր ժամանցի համար: Որքան էլ արձակուրդի մասին մտքերը ոգևորիչ լինեն, այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ մինչ արձակուրդ մեկնելն աշխատանքի պլանավորում իրականացնելու մասին, որը կօգնի ժամանակն առավելագույնս տրամադրել հանգստին՝ ստիպված չինելով պարբերաբար արձակուրդի ընթացքում աշխատանքային հարցերի անդրադառնալ։ 

 

Ի՞նչ է հարկավոր անել մինչ արձակուրդ գնալը, ինչպե՞ս կարող են ընկերություններն արդյունավետորեն կազմակերպել աշխատակիցների՝ արձակուրդ մեկնելու հետ կապված հարցերը․ այս մասին և ոչ միայն՝ մեր այսօրվա բլոգում։

 

Նախապես պլանավորեք 

Նախ և առաջ զրուցեք ձեր մենեջերի հետ և հստակեցրեք արձակուրդի ժամանակացույցը։ Ընտրեք այնպիսի ժամանակահատված, երբ ձեր բացակայության ընթացքում հնարավոր կլինի ապահովել աշխատանքային սահուն գործընթացը։

 

Համոզվեք, որ փոխանցել եք անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթղթերն այն թիմակիցներին, ովքեր ձեր փոխարեն հարկ եղած դեպքում, կարող են որոշակի գործառույթներ իրականացնել։ Ձեռնարկեք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ նախագծերը ճիշտ ընթացքի մեջ պահելու և աշխատանքներում ձեր բացակայության պատճառով հնարավոր խոչընդոտների առաջացումը կանխելու համար:

 

 

Առաջնահերթություն տվեք սուղ վերջնաժամկետներով ծրագրերին

Արձակուրդ գնալուց մի քանի շաբաթ առաջ ձեր մենեջերի հետ քննարկեք առաջին հերթին այն ծրագրերը, որոնք ներառում են սեղմ վերջնաժամկետներ։ Նման ծրագրերն անտեսելը կամ վերջին պահին դրանց անդրադառնալը կարող է հանգեցնել արձակուրդից առաջ դրանք ավարտելու շտապողականության։ Արդյունքում մեծանում է ձեր կողմից սխալներ թույլ տալու և խնդիրներին ոչ արդյունավետ մոտեցում ցուցաբերելու հավանականությունը: Մտածելով սեղմ վերջնաժամկետներ ունեցող ծրագրերի մասին ավելի վաղ՝ կխուսափեք ավելորդ սթրեսից և կապահովեք ծրագրի սահուն հանձնումը գործընկերներին կամ ավարտը։

 

Նկատենք նաև, որ այն միտքը, որ հոգացել եք կարևորագույն նախագծերի մասին, թույլ կտա լիարժեք վայելել ձեր արձակուրդը` առանց անավարտ աշխատանքի մասին անհանգստացնող մտքերի և արձակուրդի ընթացքում պարբերաբար աշխատանքային հարցերի անդրադառնալու անհրաժեշտության։ 

 

Իրազեկեք թիմակիցներին

Գործընկերներին էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկացրեք, թե որքան ժամանակ եք գտնվելու արձակուրդում։ Նույն նամակով ներկայացրեք նաև ընթացիկ նախագծերի կարգավիճակը։ Եթե ձեր որոշակի գործառույթներ պատվիրակել եք գործընկերներից մեկին, ապա նշեք նաև, թե որ հարցերի պարագայում ում կարող են դիմել թիմակիցները։ Մի մոռացեք ավելացնել հրատապ հարցերի դեպքում ձեզ հետ կապ հաստատելու միջոցները՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով կոնտակտային տվյալներ, որոնցով հասանելի կլինեք։

 

Հստակեցրեք հաղորդակցման ձևաչափը

Գործընկերների հետ հստակեցրեք, թե օրվա որ ժամերին կլինեք հասանելի, նշեք, թե որ դեպքերում է անհրաժեշտ ձեզ հետ կապ հաստատել, ինչպես նաև պարզաբանեք, թե կապի որ միջոցներով ձեզ հետ անհրաժեշտության դեպքում կարող են հաղորդակցվել։ Օրինակ, եթե պլանավորում եք արձակուրդի ընթացքում չստուգել էլեկտրոնային փոստը, ապա գուցե նախընտրեք, որ ձեզ հաղորդագրություն գրեն կամ զանգահարեն։

 

Գործընկերներին պատվիրակեք որոշակի գործառույթներ 

Արձակուրդի մեկնող աշխատակցի համար կարևոր է իմանալ, որ բոլոր կարևոր նախագծերը կարող են հաջողությամբ շարունակել իրականացվել՝  առանց իրենց ներկայության: 

 

Մենեջերի հետ քննարկեք, թե գործընկերներից ում պետք է խնդրեք որոշակի կարևոր գործառույթներ իրականացնել, քանի դեռ դուք արձակուրդում եք։ Գործընկերներին առաջադրանքների պատվիրակումն ապահովում է աշխատանքի անխափան ընթացքը՝ առանց հետաձգումների կամ խոչընդոտների՝ սահմանված վերջնաժամկետների շրջանակներում։ Այն նաև խթանում է կազմակերպության ներսում համագործակցությունը և թիմային աշխատանքը։

 

Անավարտ գործեր մի թողեք 

Երբ  համաձայնեցված են արձակուրդի վերաբերյալ բոլորը հարցերը, միայն առաջիկա հանգստի և ժամանցի կազմակերպման մասին մտածելու գայթակղությունը մեծ է։ Այս ընթացքում գուցե ոչ հրատապ առաջադրանքներ հայտնվեն, որոնք նախատեսեք կատարել արձակուրդից հետո։ 

 

Հիշեք, սակայն, որ արձակուրդից հետո գուցե ստիպված լինեք ավելի ծանրաբեռնված աշխատել․ չէ՞ որ ի թիվս այլ գործառույթների, ստիպված եք լինելու ստուգել էլեկտրոնային փոստում կուտակված նամակները և արձագանքել դրանց, տեղեկանալ աշխատանքների ընթացքին, տեղի ունեցած փոփոխություններին և այլն։ Այսպիսով, մի երկմտեք կատարել այն առաջադրանքները, որոնք հնարավոր է ավարտին հասցնել մինչ արձակուրդ մեկնելը։ Փորձեք ավարտել ցանկացած կիսատ կամ թերի մնացած առաջադրանք։ Այս դեպքում արձակուրդից վերադառնալուց հետո գրասենյակում ձեզ ավելի քիչ աշխատանք կսպասի։ 

 

 

Հեռացեք աշխատանքային առօրյայից

Արձակուրդը հանգստանալու և ուժերը վերականգնելու համար նախատեսված այն ժամանակն է, որը պետք է առավելագույնս ծառայի իր նպատակին։ Հետևաբար հեռացեք աշխատանքի հետ կապված գործունեությունից և նվիրեք ժամանակն  իսկապես հանգստանալուն: 

 

Այդ նպատակով խուսափեք աշխատանքի հետ կապված հաղորդակցությունից։ Որոշակի ժամանակով հրաժեշտ տվեք ամեն օր էլեկտրոնային փոստը ստուգելու սովորությանը, փորձեք չմասնակցել աշխատանքի հետ կապված քննարկումներին:

 

Սահմանափակեք նաև թվային սարքերի օգտագործումը և կենտրոնացեք արձակուրդը հետաքրքիր և հիշարժան կերպով անցկացնելու վրա․ չէ՞ որ այն եզակի հնարավորություն է անելու այն ամենը, ինչի համար ժամանակ հատկացնել չէր հաջողվում։ Օրինակ, զբաղվեք ձեր հոբբիներով, ժամանակ անցկացրեք ընտանիքի և ընկերների հետ, այցելեք հետաքրքիր վայրեր և այլն։

 

Մտածեք հետագայի մասին

Արձակուրդը նաև ժամանակ է տալիս վերանայելու ձեր մասնագիտական ուղին և սահմանելու նոր նպատակներ: Մտածեք, թե ինչ քայլեր կարող եք ձեռնարկել՝ ձեր աշխատանքը կարիերայի երկարաժամկետ նպատակներին համապատասխանեցնելու նպատակով և մասնագիտական աճին ջանքեր հատկացնելու նպատակով։

 

Մի մոռացեք անհատական աճի մասին

Օգտագործեք ամառային արձակուրդը որպես սովորելու և անձնական զարգացման հնարավորություն։ Բացահայտեք կրթական այնպիսի հնարավորություններն, ինչպիսիք են սեմինարները, աշխատարանները, ինչպես նաև մշակութային ծրագրերը կամ տարբեր հետաքրքիր հմտություններ ուսուցանող միջոցառումները։ 

 

Մտածեք աշխատանքի և հանգստի կարգավորման մասին

Փնտրեք աշխատանք-անձնական կյանք հավասարակշռությունը պահպանելու միջոցներ՝ նաև աշխատանքի վերադառնալուց հետո։ Նախ գնահատեք, թե որքանով է ներկայումս ձեզ հաջողվում պահպանել աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռությունը: Մտածեք, թե ինչ կարող եք փոխել աշխատանքի վերադառնալուց հետո՝ ավելի արդյունավետ աշխատելու և հանգստին ևս պատշաճ ժամանակ հատկացնելու նպատակով։ 

 

Պլանավորեք վերադարձը

Չնայած արձակուրդը վայելելը կարևոր է, բայց նույնքան կարևոր է պլանավորել աշխատանքի վերադառնալը: Արձակուրդի ավարտից առաջ որոշ ժամանակ հատկացրեք՝ վերանայելու համար ընթացիկ աշխատանքները, կազմեք ձեր առաջիկա անելիքների ցանկը: Այս նախաձեռնողական մոտեցումը կօգնի ձեզ առանց լարվածության և անհանգստության վերադառնալ աշխատավայր՝ խուսափելով ծանրաբեռնվածությունից։

 

 

Ինչպե՞ս կազմակերպել աշխատանքը, երբ աշխատակիցը մեկնում է արձակուրդ 

Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն այս կամ այն աշխատակցի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում շարունակել անխափան աշխատանքային գործընթացը։

 

Իրականացրեք աշխատանքի ծավալի և ռեսուրսների գնահատում։ Ուսումնասիրեք ընթացիկ ծրագրերը, վերջնաժամկետները և կարևոր առաջադրանքները, որոնք պետք է ավարտվեն այն ընթացքում, երբ աշխատակիցը գտնվելու է արձակուրդում: Գնահատեք թիմի կարողությունները և բացահայտեք, թե արդյոք հնարավոր է հասնել սահմանված նպատակներին՝ արձակուրդի մեկնող աշխատակցի բացակայության պայմաններում:

 

Խնդրեք աշխատակիցներին հնարավորինս վաղ դիմել արձակուրդի համար։ Խնդրեք աշխատակիցներին արձակուրդ գնալու իրենց մտադրության և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկացնել հնարավորինս վաղ։ Դա թույլ կտա արդյունավետորեն բաշխել ռեսուրսները և առաջադրանքները՝ նվազագույնի հասցնելով ընթացիկ ծրագրերում հնարավոր հետաձգումները և խոչընդոտները։ Դա նաև հնարավորություն կտա մյուս աշխատակիցներին կողմնորոշվել և որոշել արձակուրդի համար իրենց նախընտրած ժամանակահատվածը։

 

Նախաձեռնեք աշխատակիցների փոխադարձ ուսուցում։ Արձակուրդների ընթացքում աշխատողների բացակայությունների ազդեցությունը մեղմելու համար կազմակերպեք աշխատակիցների փոխադարձ վերապատրաստումներ: Խրախուսեք թիմակիցների միջև գիտելիքների փոխանակումը և փոխադարձ վերապատրաստումը, ինչը թույլ կտա ավելի ճկուն և հարմարվող աշխատակազմ ունենալ։ Նման թիմի համար դժվար չի լինի հարկ եղած դեպքում կատարել այն գործընկերների պարտականությունները, ովքեր գտնվում են արձակուրդում։

 

Աջակցեք թիմակիցների աշխատանք-անձնական կյանք հավասարակշռությանը։ Ընդունեք  աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռության կարևորությունը և խրախուսեք աշխատակիցներին առավելագույնս օգտագործել իրենց արձակուրդային ժամանակը: Աշխատակիցներն իրենց ավելի գնահատված կզգան, եթե տեսեն, որ ընկերությունը կարևորում է իրենց հանգիստը: Աշխատակիցների բարեկեցության գնահատումը դարձրեք ձեր ընկերության մշակույթի մի մասը։

 

Թե՛ աշխատակիցների և թե՛ կազմակերպության մենեջմենթի կողմից հստակ պլանավորված արձակուրդներն ապահովում են ոչ միայն աշխատակիցների հանգստանալու և վերականգնվելու հնարավորությունը, այլև միաժամանակ չեն խոչընդոտում աշխատանքների սահուն և կայուն ընթացքին։

 

Կհետաքրքրեն նաև