Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Աշխատանքի որոնում՝ կրճատվելուց հետո. ինչպե՞ս գտնել նոր հնարավորություն

19.06.2023 | 1920 դիտում

 

Փոփոխություններն աշխատավայրում անխուսափելի են՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Թվում է՝ ի՞նչը կարող է լինել ավելի հուսահատեցնող և ճնշող, եթե ոչ աշխատանքից ազատվելը՝ կրճատումների հետևանքով։ Կրճատման պատճառները կարող են տարբեր լինել՝ ընկերության ֆինանսական խնդիրներից մինչև որոշակի հաստիքների գործընթացների ավտոմատացում։ 

 

Ի՞նչ անել, եթե կրճատումների արդյունքում կորցրել եք ձեր աշխատանքը և ինչի՞ ուշադրություն դարձնել նորը փնտրելիս։ Այս հարցերի պատասխանները կգտնեք մեր այսօրվա բլոգում, ինչպես նաև կծանոթանաք այն քայլերին, որոնք պետք է ձեռնարկել՝ կարիերայի անսպասելի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերները հաղթահարելու և նոր աշխատանք գտնելու համար։

 

Անհաջողությունը՝ նոր հնարավորությունների սկիզբ

Որքան էլ աշխատանքից ազատվելը հուսահատեցնող և խուճապի մատնող լինի, այն միաժամանակ նոր՝ ավելի լավ հնարավորություններ փնտրելու առիթ է։ Նման մտածելակերպը կարևոր է նոր աշխատանքի որոնումները սկսելիս։ Սակայն մինչ այդ հարկ է հաղթահարել աշխատանքից ազատվելու հետևանքները, մասնավորապես՝ կապված ֆինանսական և հոգեբանական վիճակի հետ։ 

 

Ստորև մեր առանձնացրած քայլերը կօգնեն վերականգնվել աշխատանքից ազատվելուց հետո և քայլեր ձեռնարկել նոր աշխատանքի որոնման, ինչպես նաև առաջացած որոշակի ազատ ժամանակը մասնագիտական աճի համար օգտագործելու նպատակով։

 

Հաղթահարեք շոկային վիճակը

Աշխատանքից ազատվելուց անմիջապես հետո դուք, ամենայն հավանականությամբ, կլինեք բացասական զգացումների ազդեցության տակ։ Այս պարագայում հիասթափված և տխուր զգալը նորմալ է, հատկապես, եթե հեռացել եք սիրելի աշխատանքից։ Զայրույթը, անորոշության զգացումը և անգամ խուճապը նույնպես հաճախ են հանդիպում նման իրավիճակում: 

 

Այս ընթացքում կարևոր է չմեկուսանալը և շրջապատողներից աջակցություն փնտրելը։ Ընտանիքի անդամների, ընկերների և նախկին գործընկերների հետ շփումն օգտակար կլինի, սակայն փորձեք նաև ինքներդ ձեր մեջ գտնել այն աջակցությունը, որի կարիքն ունեք։ 

 

Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ դուք մեղավոր չէք աշխատանքից ազատվելու համար։ Վերհիշեք ձեր ուժեղ կողմերը․ ի՞նչն էր ղեկավարությունը բարձր գնահատում ձեր աշխատանքում, ինչի՞ համար եք արժանացել խրախուսանքների և ինչո՞վ եք աչքի ընկել՝ թե՛ որպես մասնագետ և թե՛ որպես թիմակից ու գործընկեր։ Նման մոտեցումը կօգնի ձեզ դրական տրամադրվել նոր աշխատանք որոնելու գործընթացի նկատմամբ և ապագայի հանդեպ վստահություն կներշնչի։

 

Կազմեք ծախսերի բյուջե

Վերջնահաշվին սպասելիս վերանայեք ձեր ֆինանսական վիճակը։ Կազմեք բոլոր ծախսերի ցուցակը՝ դրանք դասակարգելով ըստ առաջնահերթության: Գնահատեք, թե որքան երկար կբավականացնեն ձեր խնայողությունները, եթե չկարողանաք անմիջապես աշխատանք գտնել։ Բացառեք ոչ էական ծախսերը, մինչև որ ամբողջական պատկերացում կազմեք այն մասին, թե աշխատանքից ազատվելը ինչպես կարող է ազդել ձեր հետագա ֆինանսական վիճակի վրա:

 

Օգտագործեք առցանց աշխատանքի որոնման հարթակներ

Օգտագործեք առցանց աշխատանքի որոնման հարթակներ, օրինակ, Job.am-ը: Ստեղծեք աշխատանքի ծանուցումներ՝ ձեր չափանիշներին համապատասխանող նոր հնարավորությունների մասին էլեկտրոնային նամակի միջոցով արագ տեղեկանալու նպատակով։ Գրանցվեք հարթակում, ներբեռնեք կամ ստեղծեք ձեր ռեզյումեն՝ պարզեցնելով աշխատանքի համար դիմելու գործընթացը և հնարավորություն տալով գործատուներին գտնել ձեզ։

 


Խուսափեք անմիջապես ռեզյումե ուղարկելուց

Հնարավորինս շուտ նոր աշխատանք գտնելու միտքը կարող է ստիպել, որ անմիջապես վերանայեք ձեր ռեզյումեն, արագ կատարեք որոշակի փոփոխություններ ու թարմացումներ և այն ուղարկեք ցանկացած հաստիքի համար, որը թեկուզ մի փոքր հետաքրքիր թվա:

 

Լավագույնը, սակայն, որ կարող եք անել այս պարագայում, ինքներդ ձեզ ժամանակ տրամադրելն է՝ հաղթահարելու համար հուզական վիճակը և չտրվելու զգացմունքային գործոնով պայմանավորված որոշումների կայացման գայթակղությանը։ Փոխարենը ռազմավարական տեսանկյունից մտածեք ձեր կարիերայի և ձեռնարկելիք քայլերի մասին: Նախ որոշեք, թե կոնկրետ ինչ եք փնտրում և ինչ է ձեզ պետք, ապա անցեք ռեզյումեի վերանայմանը և այն աշխատանքի որոնմանը, որն իրապես ցանկանում եք:

 

Դիտարկեք նոր հնարավորությունները

Վերանայեք ձեր անցած մասնագիտական ուղին և նոր նպատակներ սահմանեք։ Մտածեք նոր ոլորտներ մուտք գործելու մասին։ Միգուցե վաղուցվանից մտածել եք ավելի հեռանկարային ոլորտում աշխատելու մասին, սակայն այդպես էլ մինչ օրս չեք համարձակվել հրաժարվել ընթացիկ զբաղվածությունից․ դե ինչ, այժմ ունեք ամեն ինչ վերանայելու, վերաիմաստավորելու և նոր կարիերա սկսելու հնարավորություն։  

 

Փորձեք թափուր աշխատանքի հայտարարությունների կայքերում փնտրել ամենաբարձր պահանջարկ ունեցող պաշտոնները և համեմատեք դրանց պահանջները ձեր ընթացիկ հմտությունների հետ: Հնարավոր է, որ դուք կարողանաք կիրառել ձեր առկա հմտությունները նոր ոլորտում, թեկուզև ժամանակավորապես։ Սա կօգնի վերականգնել ձեր կյանքում գործընթացների նկատմամբ վերահսկողության զգացումը, որը թվում էր, թե կորցրել եք, իսկ հստակ նպատակների առկայությունը ուղենիշ կդառնա հետագա քայլերի համար։

 

Մտածեք հմտությունների զարգացման և կրթության մասին

Մի անտեսեք անձնական և մասնագիտական զարգացման հնարավորությունը, որն ընձեռում է այն ազատ ժամանակը, որն ունեք մինչև նոր աշխատանք գտնելը։

 

Ուսումնասիրեք ժամանակակից աշխատաշուկան։ Գուցե կան աշխատանքներ, որոնց դիմելու համար ձեզ պակասում են որոշակի հմտություններ, որոնք, սակայն, հնարավոր է ձեռք բերել դասընթացների և սեմինարների միջոցով։ Սա ոչ միայն ապագա գործատուին ցույց կտա մասնագիտական զարգացման և աճի ձեր պատրաստակամությունը, այլև կարող է այլ՝ ավելի պահանջված ոլորտներում աշխատելու հնարավորություն տալ։

 

Պատմեք, որ աշխատանք եք փնտրում

Սկսեք այն մարդկանցից, ում լավ եք ճանաչում, և ովքեր քաջատեղյակ են ձեր մասնագիտական կարողությունների մասին։ Խոսեք այն ընկերությունների հավաքագրման մասնագետների հետ, որտեղ աշխատանքի հնարավորությունը ձեզ հետաքրքրում է: 

 

Մասնակցեք աշխատանքի տոնավաճառների կամ մասնագիտական համայնքում անցկացվող միջոցառումների։ Բաց մի թողեք ձեր ոլորտի մասնագետների հետ սոցիալական մեդիայի հարթակներում կապ հաստատելու հնարավորությունը։ Այս առումով LinkedIn սոցիալական ցանցը կարող է շատ օգտակար լինել։ 

 

Ըստ ԱՄՆ-ում վերջերս անցկացված ուսումնասիրության արդյունքների՝ հավաքագրողների 72%-ն օգտագործում է LinkedIn-ը նոր տաղանդներ հավաքագրելիս, իսկ 67%-ը բարձր է գնահատել հարթակի միջոցով աշխատանքի ընդունված մասնագետների որակը։ Վերանայեք ձեր լինքդինյան էջը, լրացրեք մանրամասն տեղեկատվություն ձեր փորձի, կրթության և հմտությունների մասին, ինչպես նաև օգտվեք աշխատանք որոնելու վերաբերյալ հատուկ նշումից, որի հնարավորությունը LinkedIn-ը տալիս է։

 

 

Աշխատանքի որոնումը դիտարկեք որպես աշխատանք

Երբ արդեն որոշել եք, թե կոնկրետ ինչպիսի աշխատանքների համար եք ցանկանում դիմել, ապա այժմ բավականաչափ ժամանակ հատկացրեք դրանք փնտրելու գործընթացին: Ձեր աշխատանք փնտրելուն վերաբերվեք ինչպես աշխատանքի, որը կատարում եք ամեն օր և որի արդյունքների համար պատասխանատու եք։ Կարող եք նաև տարբեր գործողությունների համար ժամանակացույց կազմել՝ հստակ տևողություն սահմանելով, օրինակ, ռեզյումեն խմբագրելու, աշխատանքի հայտարարություններ փնտրելու, տարբեր հաստիքների դիմելիս հետաքրքրության նամակներ գրելու և ուղարկված դիմումների ընթացքին հետևելու համար:

 

Բարելավեք հարցազրույցի հմտությունները

Նոր աշխատանք փնտրելիս շատ կարևոր է հարցազրույցներին պատրաստ լինելը, քանի որ ցանկացած պահի կարող եք ստանալ հարցազրույցի մասնակցելու հրավեր։ Ժամանակ հատկացրեք հարցազրույցի ընթացքում հաճախ տրվող հարցերն ուսումնասիրելու և պատասխանների տարբերակներ մշակելու համար: Պատրաստ եղեք հակիրճ և բովանդակալից կերպով պատմել ձեր մասին, առանձնացրեք այն հիմնական հմտությունները, որոնք գործատուի համար կարևոր են՝ հատկապես տվյալ հաստիքի համար և անպայման պատրաստեք մի քանի հարց, որոնք հարցազրույցի ավարտին կուզենայիք տալ հավաքագրման մասնագետին։

 

Ուշադրություն դարձրեք վարքագծային հարցազրույցի ընթացքում ձեր ձեռքբերումների վերաբերյալ տրվող հարցերին։ Օրինակ, հավաքագրողը կարող է խնդրել, որպեսզի ներկայացնեք մի դեպք, երբ դուք բարելավել եք անարդյունավետ գործընթացը: Նման հարցերի նպատակն է պարզել, թե ինչպիսի հմտություններ ունեք խնդիրների լուծման, նպատակին հասնելու միջոցների ընտրության, ճնշման տակ աշխատելու, առաջնահերթությունները դասակարգելու, ձախողումը հաղթանակի վերածելու, բարդ ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ խոչընդոտների հաղթահարման գործում: Նախապես մտածեք կոնկրետ օրինակներ, որպեսզի ստիպված չլինեք հարցազրույցի ընթացքում երկար մտածել կամ ընդունել, որ պատասխան չունեք։ 

 

Հնարավոր է՝ հավաքագրողը հարցնի, թե ինչու եք լքել նախկին աշխատավայրը։ Պատրաստ եղեք աշխատանքից ազատման փաստին դրական և կառուցողական ձևով անդրադառնալ՝ ընդգծելով, թե ինչեր եք սովորել նախկին աշխատավայրում ունեցած փորձից և ինչպես է այն նպաստել ձեր մասնագիտական հմտությունների և գիտելիքների աճին։


Պահպանեք դրական մոտեցումը

Աշխատանքի որոնումը կարող է լինել բարդ և ժամանակատար գործընթաց։ Որքան էլ դժվար լինի, փորձեք լավատես լինել և պահպանել դրական տրամադրվածությունը։ Սահմանեք իրատեսական նպատակներ, շրջապատեք ձեզ աջակցող մարդկանցով և կենտրոնացեք ձեր ձեռքբերումների և ուժեղ կողմերի վրա և, իհարկե, մի հուսահատվեք մերժում ստանալիս։


Հիշեք, որ աշխատանքից ազատվելուց հետո նոր աշխատանք գտնելու ճանապարհը տարբեր է յուրաքանչյուր անհատի համար: Համատեղելով վերոնշյալ մոտեցումները վճռականության և ճկունության հետ՝ դուք կգտնեք հաջողության ձեր ճանապարհը և կբացահայտեք նոր հնարավորություններ, որոնք համապատասխանում են ձեր կարիերայի նպատակներին: Ձեր մասնագիտական կյանքի այս շրջանն ընդունեք որպես անցումային փուլ, որը, մարտահրավերային լինելով հանդերձ, հնարավորություն է տալիս աճել և առաջ ընթանալ։

 

Կհետաքրքրեն նաև