Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Կպատմե՞ք ձեր մասին. ինչպե՞ս պատասխանել տարածված հարցին

12.06.2023 | 2001 դիտում

 

«Կպատմե՞ք ձեր մասին». այս հարցը հաճախ կլսեք հարցազրույցի ընթացքում հավաքագրման մասնագետի կողմից։ Վերջինիս տեսանկյունից սա երկխոսությունը սկսելու ամենադյուրին և հարմար տարբերակը կարող է թվալ, սակայն թեկնածուի կարծիքով այն կարող է խնդրահարույց լինել։ Նախ և առաջ, հարցն ընդհանրական բնույթ է կրում և հասկանալի չէ, թե կոնկրետ ինչի մասին է հարկավոր խոսել: Ի՞նչ պատմել՝ շախմատում ունեցած հաջողությունների մասի՞ն, թե՞ միայն աշխատանքային փորձը ներկայացնել․ չէ՞ որ երկու փաստն էլ անձի մասին են։ Իրականում երկուսն էլ կարևոր տեղեկատվություն են հայտնում անձի վերաբերյալ և երկուսին էլ կարելի է անդրադառնալ հարցազրույցի ընթացքում, իսկ թե երբ և ինչպես՝ կիմանանք հաջորդիվ։

 

Այսպիսով, մի կողմից աղոտ և անորոշ թվացող հարցը, մյուս կողմից ունի մի շարք առավելություններ։ Այն չի դնում որևէ սահմանափակում․ դուք կարող եք ասել այն ամենն, ինչը նպատակահարմար գտնեք։ Սա դիտարկեք որպես ինքնաներկայացման միջոցով այլ թեկնածուներից առանձնանալու և ձեր յուրօրինակությունն ու անհատականությունն ընդգծելու հնարավորություն։ Ինչպե՞ս կուզենայիք տպավորվել գործատուի մոտ․ այս հարցի պատասխանը կօգնի ձեզ կողմնորոշվել, թե ձեր մասին պատմելիս ինչն է կարևոր նշելը։

 

Հիշեք` հավաքագրման մասնագետը բազմաթիվ թեկնածուների հետ է շփվում, իսկ դուք ունեք նրա հետ զրուցելու միայն մեկ կարճատև հնարավորություն, հետևաբար մի թերագնահատեք ձեր մասին պատմելու վերաբերյալ հարցը, որը կարող է զրուցակցի մտքում տպավորվելու ձեր միակ հնարավորությունը լինել։

 

Ինչի՞ մասին խոսել և ինչպե՞ս, ինչի՞ց սկսել և ինչի՞ց խուսափել․ այս հարցերին կանդրադառնանք մեր այսօրվա բլոգում։

  

Ինչպե՞ս կարող է նույն հարցը հնչել․ մի քանի տարբերակ

Ձեր մասին պատմելու հարցի պատասխանում հավաքագրման մասնագետը ցանկանում է գտնել ձեր փորձի և հմտությունների մասին ամփոփ տեղեկատվություն՝ պատկերացում կազմելու համար, թե ձեր մասնագիտական որակավորումները որքանով են  համապատասխանում թափուր հաստիքի պահանջներին։ Այս հարցի միջոցով գործատուն նաև փորձում է ճանաչել ձեր անհատականությունը` հասկանալու համար, թե արդյո՞ք որպես թիմակից համապատասխանում եք ընկերության մշակույթին:

Ձեր մասին պատմելու վերաբերյալ հարցը կարող է տարբեր կերպ հնչել։ Ահա մի քանի տարբերակ․

✓ Ի՞նչ պետք է մենք իմանանք Ձեր մասին։

✓ Ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ։

✓ Ի՞նչ հետաքրքիր բան կպատմեք Ձեր մասին։

✓ Պատմեք Ձեր մասին այն, ինչը չենք կարող իմանալ Ձեր CV-ից։

✓ Մենք, իհարկե, ծանոթ ենք Ձեր ռեզյումեին, սակայն կուզենայինք, որ Ձեր մասին ավելին պատմեիք:

✓ Մի փոքր պատմեք Ձեր անցած մասնագիտական ճանապարհի մասին։

 

Ինչպես էլ հարցը հնչի, պատասխանը պետք է լինի ձեր մասին պատմությունը, որը կօգնի գործատուին հասկանալ, թե որ հատկանիշներն են ձեզ դարձնում լավագույն թեկնածուն տվյալ պաշտոնի համար։

 

 

Ի՞նչ պատմել

Անկախ նրանից, թե ինչ կառուցվածքով եք նախընտրում ձևակերպել ձեր խոսքը, բովանդակային առումով պետք է ներառեք հետևյալ կետերը։

 

Ներկայացրեք մասնագիտական փորձառությունը։ Ձեր խոսքը սկսեք՝ ներկայացնելով աշխատանքային փորձը, կրթությունը և մասնագիտական ձեռքբերումները։

 

Մանրամասնեք հմտությունների մասին։ Անդրադարձեք ձեր այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են տվյալ հաստիքում աշխատելու համար։ Ներկայացրեք, թե ինչպես է աշխատանքը համապատասխանում ձեր որակավորումներին: Խոսեք նախորդ աշխատավայրերում ունեցած փորձի մասին, որն առնչվում է հաստիքի պահանջներին։ Ուսումնասիրեք աշխատանքի հայտարարությունը․ ո՞ր հմտություններն է գործատուն կարևորել։ Պահանջվող հմտությունների առկայությունը ձեզ մոտ հիմնավորելու համար, ներկայացրեք, թե կոնկրետ ինչպես եք կիրառել դրանցից յուրաքանչյուրը։

 

Հիմնավորեք փաստերով: Հնարավորության դեպքում կիրառեք քանակական գնահատում, օրինակ ավելի նպատակահարմար է նշել, որ յուրաքանչյուր եռամսյակում 10–15%-ով բարելավել եք հաճախորդների հարցումների արձագանքման արագությունը, քան պարզապես ասել, որ բարելավել եք հաճախորդների սպասարկման որակը։

 

Ներկայացրեք կապը ձեր փորձի և հաստիքի միջև։ Մտածեք, թե ինչպես է ձեր ընթացիկ կամ նախկին փորձառությունը կապված այն հաստիքի հետ, որի համար դիմում եք: Եթե դիմել եք ավելի բարձր պաշտոնում աշխատելու համար, ապա, նշեք, թե ինչպես եք ներկայիս աշխատանքում իրականացնում ավելի շատ պարտականություններ, քան նախատեսված է։ Եթե անցում եք կատարում այլ ոլորտ, ապա ընդգծեք, թե ինչպես են ձեր գիտելիքներն ու հմտություններն օգնելու հաջողել նոր պաշտոնում։

 

Ընդգծեք ձեր անհատականությունը։ Հակիրճ անդրադարձեք ձեր այն հոբբին կամ անձնական հետաքրքրությանը, որը լրացնում է այն հմտությունները, որոնք կարող են օգտակար լինել տվյալ աշխատանքում: Հոբբիներից կարող եք նշել ընթերցանությունը, թիմային սպորտով զբաղվելը, ճանապարհորդելը և այլն: Թե ինչպես ներկայացնել հոբբիները և հետաքրքրությունները, որոնք նշել և որոնք՝ ոչ, կարդացեք մեր նախորդ բլոգներից մեկում։

 

Եզրափակեք ձեր կողմից ներդրվելիք արժեքի մասին խոսելով։ Ավարտեք ձեր պատասխանը՝ նշելով, թե ձեր աշխատանքով ինչպիսի ներդրում կունենաք կազմակերպության գործունեության մեջ: Այդպիսով ընդգծում եք, որ տրամադրված եք կազմակերպությունում դրական ազդեցություն թողնելու և միասին աշխատելու և առաջընթաց գրանցելու պատրաստակամություն ունեք։

 

Ինչպե՞ս ձևակերպել պատասխանը

Ձեր մասին պատմելու վերաբերյալ հարցի պատասխանից է կախված հարցազրույցի ամբողջ ընթացքի տոնը, քանի որ այն, որպես կանոն, հնչում է հարցազրույցի մեկնարկին։ Նախապատրաստվեք հարցին պատասխանելու համար, սակայն մի գրեք սցենար, որը հարցազրույցի ընթացքում անգիր կասեք։ Այդպիսով ձեր խոսքը արհեստականորեն կհնչի և վստահություն չի ներշնչի։

 

Նախապատրաստեք ձեր մասին պատմություն, որով կարող եք կիսվել ոչ ավելի, քան երկու րոպեի ընթացքում: Մեր առանձնացրած մոտեցումները կօգնեն հետևողականորեն կառուցել ձեր խոսքը։ Դրանք առավել հայտնի են «Ներկա, անցյալ, ապագա» և «Անցյալ, ներկա, ապագա» անվանումներով։

«Ներկա, անցյալ, ապագա» մոտեցումը ենթադրում է, որ դուք

✓ սկզբում խոսում եք ձեր ընթացիկ զբաղվածության մասին,

✓ այնուհետև ներկայացնում եք անցյալում կուտակած աշխատանքային փորձը,

✓ անդրադառնում եք ապագայի համար մասնագիտական նպատակներին:

 «Անցյալ, ներկա, ապագա» մոտեցման համաձայն՝ դուք․

✓ սկզբում խոսում եք անցյալում ունեցած ձեր փորձի մասին,

✓ այնուհետև ներկայացնում եք ընթացիկ զբաղվածությունը,

✓ անդրադառնում եք ապագայի համար մասնագիտական նպատակներին։

 

Ընտրեք այս մոտեցումներից մեկը՝ հիմնվելով ձեր այն փորձառության վրա, որն առավելագույնս համապատասխանում է այն թափուր հաստիքի պահանջներին, որին դիմել եք: Օրինակ, եթե ներկայիս աշխատանքում իրականացվող պարտականությունները և հմտությունները մոտ են թափուր հաստիքի պահանջներին, ապա սկսեք ներկա փորձով, իսկ եթե անցում եք կատարում նոր ոլորտ, որին ձեր նախկին փորձն ավելի մոտ է, ապա կարող եք սկսել անցյալի փորձառությունից:

 

 

Ինչպե՞ս չպատասխանել հարցին

Ձեր մասին պատմելիս հաշվի առեք ոչ միայն այն, թե ինչի մասին է հարկավոր խոսել, այլև խուսափեք անցանկալի և ոչ նպատակահարմար տեղեկատվություն հայտնելուց։ Մի անդրադարձեք ստորև ներկայացվող թեմաներին։

 

Անձնական տեղեկություններ։ Խոսակցություններն ամուսնական կարգավիճակի, երեխաների, քաղաքական կամ կրոնական պատկանելության և այլ զգայուն թեմաների մասին անտեղի են հարցազրույցի ընթացքում:

 

Ուժեղ կողմեր՝ առանց հիմնավորող օրինակների: Չափից շատ ուժեղ կողմեր և հմտություններ թվարկելու փոխարեն, ընտրեք մեկ կամ երկու հմտություն, որոնց առկայությունը կարող եք հիմնավորել աշխատանքային փորձով:

 

Մի վերապատմեք ինքնակենսագրականը: Հավաքագրման մասնագետը ծանոթ է ձեր ինքնակենսագրականին, հետևաբար այն պատմելն ավելորդ է։ Փոխարենն անդրադարձեք թափուր հաստիքի պահանջներին առնչվող փորձին և ձեր մասնագիտական գործունեության հիմնական և կարևորագույն կետերին։

 

Ձեր մասին պատմելիս հիշեք հակիրճության և հստակության կարևորությունը։ Նախապատրաստեք ձեր մասին ասելիքը, քանի որ տեղում պատասխանի մասին մտածելիս կարող եք բաց թողնել կարևոր մանրամասներ, ինչպես նաև խոսել չափից ավելի երկար։

 

Անհրաժեշտ է նաև հստակ պատկերացում ունենալ ընկերության առաքելության և գործունեության, ոլորտի զարգացման միտումների և հեռանկարների վերաբերյալ։ Ընդգծեք հանգամանքը, որ ընկերության տեսլականը և արժեքները համահունչ են ձեր մասնագիտական նպատակներին, արտահայտեք նաև ընդհանուր առմամբ ոլորտի նկատմամբ ձեր հետաքրքրությունը։ 

 

Այս ամենին ավելացրեք վստահություն, խոսքի գործնական տոն և հաջորդ անգամ հարցազրուցի ընթացքում լսելով ձեր մասին պատմելու վերաբերյալ հարցը, այլևս չեք երկմտի, թե ինչպես և ինչ պետք է պատասխանեք։

 

Կհետաքրքրեն նաև