Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Ինչպե՞ս նախապատրաստվել առցանց հարցազրույցի

12.05.2023 | 2314 դիտում

Վերջին տարիներին առցանց հարցազրույցներն արագ տարածում գտան` պայմանավորված նախ և առաջ Covid-19 համավարակով։ Շատ կազմակերպություններ անցան հեռավար աշխատանքի՝ առօրյա օրինաչափություն դարձնելով առցանց հանդիպումները և քննարկումները։ 

 

Հեռավար հաղորդակցությունը չշրջանցեց նաև աշխատանքի թեկնածուների հետ հարցազրույցի կազմակերպման գործընթացը։ Ընկերությունները սկսեցին ավելի հաճախ աշխատանքի դիմորդների հետ առցանց հարցազրույցներ անցկացնել։ Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներից շատերը հաճախ ընդգծում են, որ նախընտրում են առցանց հարցազրույցը՝ որպես պակաս ժամանակատար և ավելի հարմար տարբերակ՝ կանխատեսելով, որ այն ավելի լայն կիրառություն կունենա ապագայում։ 

 

Որո՞նք են առցանց հարցազրույցի առավելությունները, ինչպե՞ս նախապատրաստվել և ի՞նչ անել լավագույնս ներկայանալու համար։ Այս հարցերի բոլոր պատասխանները՝ մեր այսօրվա բլոգում։

 

Ինչո՞ւ է առցանց հարցազրույցը հարմար

Առաջին հերթին, առցանց հարցազրույցը պակաս սթրեսային է, քանի որ դուք գտնվում եք ավելի հարմարավետ և ձեզ ծանոթ միջավայրում:

 

Առցանց հարցազրույցները հարմար են նաև պլանավորման տեսանկյունից։ Տարբեր ժամային գոտիները և գտնվելու վայրերը պատճառ չեն հարցազրույցը հետաձգելու կամ չեղարկելու համար։ Եթե անգամ երկրում չեք կամ ֆիզիկապես չեք կարող այցելել ընկերության գրասենյակ, ապա միևնույնն է, ձեր հարցազրույցը տեղի կունենա․ միայն թե հատկացրեք ժամանակ և համոզվեք, որ ունեք հասանելիություն համացանցին։

 

Հաջորդ դրական կողմը ժամանակի տնտեսումը և արդյունավետ օգտագործումն է։ Բացի այն, որ ստիպված չեք երկար ճանապարհ անցնել՝ գործատուի գրասենյակ հասնելու համար, կարող եք նաև չմտահոգվել, թե արդյոք տրանսպորտի պատճառով չեք ուշանա, կամ ավելի շուտ հասնելու պարագայում անհարմար դրության մեջ չեք դնի գործատուին, ով ստիպված կլինի սպասեցնել ձեզ։ 

 

Չնայած բոլոր առավելություններին՝ առցանց հարցազրույցը միայն առաջին հայացքից է ավելի դյուրին թվում: Այս դեպքում թեկնածուների ընտրության գործընթացն ավելի սուբյեկտիվ է․ հավաքագրողներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում թեկնածուի արտաքին տեսքին, նրա էմոցիոնալ վիճակին, բնակարանում տիրող իրավիճակին՝ այն ամենին, ինչը հնարավոր է տեսնել տեսախցիկի օբյեկտիվից: 

 

 

Ձեր առցանց հաջողության գրավականը․ ինչպե՞ս նախապատրաստվել 

Հարցազրույցի մասնակցելիս՝ լինի դա առցանց հարթակում, թե ընկերության գրասենյակում, նախապատրաստվելը հաջողության գրավականներից մեկն է։ Ուսումնասիրեք կազմակերպության պատմությունը և գործունեությունը, պատրաստեք պատասխաններ հնարավոր հարցերի համար, ինքներդ պատրաստեք հարցեր, վերանայեք հաստիքի պահանջները և այլն։ Առցանց հարցազրույցի նախապատրաստվելու պարագայում՝ վիրտուալ հաղորդակցության առաձնահատկություններով պայմանավորված, ձեր նախապատրաստական աշխատանքներն ավելանում են։

 

Դուք՝ տեսախցիկից այն կողմ

Հարցազրույցին պատշաճ ներկայանալու համար հաշվի առեք հետևյալ գործոնները։

 

Ֆոն։ Ի՞նչ է տեսնելու զրուցակիցը ձեր մեջքի ետևում։ Եթե խոհանոցային պարագաներով լի պահարան կամ թափթփված ննջասենյակ, ապա առաջին տպավորությունը ձեր մասին դժվար թե դրական լինի։ Գործնական հանդիպման նախապատրաստվելիս գործնական մոտեցում ցուցաբերեք։ Պատը և գրապահարանը հարմար են որպես ֆոն։ Եթե այնուամենայնիվ տարածքում հարմար ֆոն չեք գտնում կամ վստահ չեք, թե ինչպես այն կդիտվի տեսախցիկից այն կողմ, ապա օգտվեք առցանց հանդիպումների ծրագրերի կարգավորումներից, որոնք թույլ են տալիս օգտագործել վիրտուալ ֆոն։ 

 

Այս դեպքում ընտրությունը կարող է լայն լինել, սակայն մի տրվեք գունագեղ բնապատկեր կամ աստղազարդ երկինք ընտրելու գայթակղությանը․ նախապատվությունը տվեք չեզոք ֆոնին կամ դարձրեք ձեր իրական ֆոնը մշուշոտ, որպեսզի մանրամասները տեսանելի չլինեն:

 

Լուսավորություն։ Գործատուներն ավելի լավ են ընկալում մարդուն դրական ու լուսավոր միջավայրում։ Նստեք դեմքով դեպի լույսը։ Եթե ​​լույսն ընկնում է դեմքին ներքևից, վերևից կամ կողքից, ապա դեմքի վրա առաջանում են ստվերներ, աչքերի տակ՝ կապույտ երանգ։

 

Ցանկալի է նստել ցերեկային լույսի ներքո, որը բնականորեն լուսավորում է դեմքը։ Եթե ​​դա հնարավոր կամ բավարար չէ, ապա օգտագործեք լամպի լույս։ 

 

Դիրք։ Ուղիղ նստեք։ Համակարգիչը տեղադրեք սեղանին, մոտ 70 սանտիմետր հեռավորության վրա: Տեսախցիկը պետք է լինի աչքերի մակարդակին: Այդ կերպ առցանց հաղորդակցությունը կնմանվի դեմ առ դեմ զրույցի: Եթե համակարգիչը դրված է ավելի ցածր, օրինակ ծնկներին, ապա խոսելիս ստիպված կլինեք անընդհատ ներքև նայել։ 

 

Փորձարկեք ձեր սարքավորումը 

Տեխնիկական խնդիրը կարող է ձախողել այնքան սպասված հարցազրույցը՝ ջուրը լցնելով ձեր բոլոր ջանքերը։ Այդ պատճառով ժամանակ մի խնայեք ստուգելու այն սարքավորման տեխնիկական վիճակը, որով պատրաստվում եք միանալ հարցազրույցին։

 

Ստուգեք ինտերնետ կապի որակը, տեսախցիկի դիրքը, համոզվեք, որ ձեր պատկերը հստակ տեսանելի է զրուցակցի համար։ Ստուգեք ձայնը և ֆոնը։ Հնարավորության դեպքում հարթակի միջոցով զանգահարեք ընկերոջը, համոզվեք, որ կապը նորմալ է, հստակ տեսնում և լսում եք միմյանց։ Փորձեք նաև մյուս հնարավորությունները, որոնք կարող են պետք գալ հարցազրույցին՝ ֆայլ կցելը, էկրանով կիսվելը, խոսափողը միացնելը և անջատելը և այլն։

 

Եթե ամեն օր չեք օգտագործում առցանց հարթակը (Google Meet, Zoom, Microsoft Teams և այլն), որով անցկացվելու է հարցազրույցը, ապա ստուգեք այն մոտ 10 րոպե առաջ․ միգուցե փոքրիկ շտկումների կարիք լինի, օրինակ՝ ծրագիրը թարմացում պահանջի։ Համոզվեք, որ ձեր օգտահաշվում անունը և ազգանունը ամբողջությամբ և ճիշտ գրված են։ Գործնական միջավայրին բնորոշ հագուստով լուսանկարը, որում թեթևակի ժպտում եք, շատ հարմար տարբերակ է օգտահաշվում ներբեռնելու համար։ 

 

Եթե հարթակը, որով միանալու եք, ձեզ անծանոթ է, ապա օգտագործման կանոններին ծանոթացեք նախօրոք, որպեսզի ստիպված չլինեք զրուցակցին սպասեցնել հարցազրույցի ընթացքում։

 

Անջատեք ծանուցումները սոցցանցերից, որոնք կարող են ցանկացած պահի հայտնվել էկրանին։

 

 

Բացառեք աղմուկը

Եթե պատրաստվում եք տնից միանալ, ապա ընտանիքի անդամներին տեղեկացրեք, որ հարցազրույցի համար նախատեսված ժամանակահատվածում ձեզ չանհանգստացնեն։ Ապահովեք լիակատար լռություն․ ֆոնային ձայները խանգարում են և կարող են կարճ ժամանակ անց լիովին շեղել  զրուցակցի ուշադրությունը։

 

Այս հարցում ձեզ կօգնի ականջակալը։ Օգտագործեք խոսափողով ականջակալներ, որոնք, սովորաբար, եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն խլացնում են կողմնակի աղմուկը՝ ապահովելով, որ ձեր ձայնը լսվի պարզ և հստակ։

 

Աղմուկը լիովին բացառելու համար լավ տարբերակ է հարցազրույցին տնից՝ առանձին սենյակից միանալը։ Սակայն եթե դա հնարավոր չէ, փնտրեք այնպիսի վայր, որտեղ աղմուկ չի լինի, կբացակայեն կողմնակի մարդիկ, որոնց ներկայությամբ ստիպված կլինեք կամաց խոսել։ Անաղմուկ փողոցում կամ բակում կանգնեցված ձեր մեքենայի սրահում հարցազրույցին միանալն այս դեպքում ևս կարող է լավ տարբերակ լինել։

 

Հագնվեք պատշաճ կերպով

Մտածեք այսպես՝ դուք պաշտոնական հանդիպման եք, թեկուզև առցանց ձևաչափով, և պետք է պատշաճ հագնված լինեք։ Մինչև գոտկատեղը դասական հագուստով, գոտկատեղից ներքև՝ սպորտային կամ նույնիսկ գիշերազգեստի տաբատ հագնելը լավագույն որոշումը չէ։ Դուք երբեք չեք կարող լիովին համոզված լինել, որ տեղից վեր կենալու կարիք չեք ունենա։ Ի՞նչ անել, եթե հանկարծ անհրաժեշտ լինի ոտքի կանգնել, օրինակ՝ փաստաթղթեր կամ նոթատետր վերցնելու համար:

 

Նախապատրաստեք կարևոր նյութերը

Ձեռքի տակ ունեցեք ձեր ռեզյումեն և աշխատանքի նկարագրությունը: 

 

Կարող եք նույնիսկ փոքրիկ թղթերի վրա հուշող բանալի բառեր գրել, որոնք կարող են օգտակար լինել ձեր փորձի մասին պատմելիս կամ տարածված հարցերին պատասխանելիս։ Սակայն այս հարցում հարկավոր է զգույշ լինել և ճիշտ օգտագործել այդ «հուշաթերթիկները»։ Մի գրեք ամբողջական նախադասություններ՝ հարցազրույցի ընթացքում դրանք կարդալու նպատակով, քանի որ տեսախցիկից այն կողմ զրուցակիցը կնկատի դա։

 

Եթե ​​ձեր մասնագիտության կարևոր պահանջներից մեկը պորտֆոլիոն է, ապա ձեր աշխատանքների օրինակները պատրաստ ունեցեք առանձին թղթապանակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք արագ կիսվել դրանցով։


Եղեք ճշտապահ

Մի ուշացեք հարցազրույցից։ Առցանց հանդիպումների հարթակներից շատերն առաջարկում են սպասել վիրտուալ սպասասրահում, հետևաբար պարտադիր չէ հանդիպմանը միանալու կոճակը սեղմել վերջին րոպեին։ Միացեք հանդիպմանը 5 րոպե առաջ և հարկ եղած դեպքում սպասեք մինչև ձեզ կմիանան հարցազրույցի մասնակիցները։

 

 

Պահպանեք աչքերի կոնտակտը

Աչքերի կոնտակտը պահպանելը միջանձնային արդյունավետ հաղորդակցության նախապայմաններից մեկն է։ Այս մասով ամեն ինչ հեշտ է և հասկանալի կենդանի շփման մեջ, սակայն առցանց հաղորդակցության պարագայում կարող է մի փոքր մարտահրավերային թվալ։ Այս դեպքում ձեզանից պահանջվում է աչքերի կոնտակտ պահպանելու տպավորություն ստեղծել, իսկ դա անելու միակ միջոցը տեսախցիկին նայելն է։ 

 

Այսպիսով՝ նայում եք ոչ թե էկրանին, ձեր կամ մասնակիցների պատկերին, այլ տեսախցիկին։ Սկզբում գուցե այսպես ձեզ մի փոքր անհարմար զգաք. թվում է՝ ինքդ քեզ հետ ես խոսում։ Սակայն պատկերացրեք, թե տեսախցիկից ձեր զրուցակիցն է նայում և կհաղթահարեք անհարմարության զգացումը։

 

Հետևեք «մարմնի լեզվին»‎

Հետևեք ձեր ժեստերին և դեմքի արտահայտությանը։ Աթոռի վրա պտտվելը կամ հաճախակի նստած դիրքում ետ ու առաջ շարժվելը, խոսելիս ձեռքերը թափահարելը, ականջակալի հետ խաղալը կամ մազերն անընդհատ ուղղելը կարող են նյարդայնացնել զրուցակցին։ Որոշ ժամանակ անց, նրանց ուշադրությունը կշեղվի ձեր խոսքից և նրանց մոտ կտպավորվեն միայն ձեր նյարդայնացնող ժեստերը։

 

Խոսեք հստակ

Ուշադրություն դարձրեք ձայնին։ Ձեր նպատակը ներկայանալի և բնական հնչելն է։ Հիշեք՝ դուք այնպիսի ձևաչափով եք շփվում, որի դեպքում ձայնն ավելի մեծ դեր ունի անձի մասին տպավորություն ստեղծելու գործում, քան դեմ առ դեմ հարցազրույցի պարագայում։ Ուշադրություն դարձրեք ձայնի տոնին և արտահայտություններին, որոնք օգտագործում եք։ Խոսեք պարզ, ընկերական տոնով։

 

Խոսելիս պարբերաբար դադար տվեք և հարցրեք՝ արդյո՞ք ձեր ձայնը լսելի է կամ պարզապես թույլ տվեք, որ հարցազրուցավարն արձագանքի դադարի ընթացքում: Ուշադրություն դարձրեք՝ զրուցակցի պատկերին․ լինում են տհաճ իրավիճակներ, երբ թվում է, թե զրուցակիցը երկար ժամանակ լռել է և լսում է ձեզ, սակայն իրականում կապն է անհետացել։


Հիշեք, որ հաջող առցանց հարցազրույցը պահանջում է ինչպես տեխնիկական, այնպես էլ միջանձնային հմտություններ: Հետևեք վերոնշյալ խոհուրդներին և եթե ձեր հերթական գործատուն առաջարկի առցանց հարթակում անցկացնել հարցազրույցը, վստահորեն ընդունեք առաջարկը։

 

Կհետաքրքրեն նաև