Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ դիմորդներին

5 խոչընդոտ՝ կարիերան փոխելու ճանապարհին․ ինչպե՞ս հաղթահարել դրանք

2/23/2024 | 4386 views

Մասնագիտական ճանապարհի կեսին կանգ առնելը և մասնագիտությունը կամ ոլորտը փոխելու մասին որոշում կայացնելը դժվար է, սակայն այն հաջողությունները, որոնց կարող եք հասնել այսօր կայացրած նման որոշման շնորհիվ, վաղը կարող են բերել այնպիսի դրական փոփոխություններ, որոնց մասին չէիք պատկերացնում։ 

 

Այլ ոլորտում մասնագիտանալու ճանապարհին պետք իմանաք, թե ինչ մարտահրավերների կարող եք բախվել և ինչպես է հնարավոր դրանք հաղթահարել։ Այս հարցերի մասին է մեր այսօրվա բլոգը, որը կօգնի ձեզ նախապատրաստվել նոր աշխատանքի որոնմանը և մեծացնել հաջողության հասնելու հնարավորությունները:

 

Դե ինչ, անդրադառնանք այն 5 հիմնական խոչընդոտներին, որոնց ամենայն հավանականությամբ կհանդիպեք կարիերան փոխելու ձեր ճանապարհին:

 


Նոր գիտելիքների և  հմտությունների ձեռքբերում

Ձեր ներկայիս մասնագիտության մեջ հմտանալու համար տարիներ շարունակ սովորել և զարգացրել եք որոշակի հմտություններ, իսկ այժմ, պատրաստվելով փոխել կարիերան, ստիպված եք լինելու նաև նորերը ձեռք բերել։ Սակայն դա այնքան էլ այդպես չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Իրականում արդեն իսկ ունեցած հմտությունները օգտակար կլինեն նաև նոր ոլորտում, քանի որ կան բազմաթիվ հմտություններ, որոնք այս կամ այն չափով պահանջված են ամենատարբեր բնագավառներում։ Նույնիսկ եթե ձեր նոր կարիերան շատ է տարբերվում նախորդից, ամեն դեպքում այնպիսի փափուկ հմտությունները, ինչպիսիք են հաղորդակցությունը, խնդիրներ լուծելու կարողությունը, ժամանակի կառավարումը  և առաջնորդությունը, կարող են արժեքավոր լինել բազմաթիվ պաշտոններում աշխատելու համար: Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ ստիպված եք լինելու նոր հմտություններ ձեռք բերել, հիշեք, որ չեք սկսում զրոյական կետից։ 

 


 

Ավելի ցածր վարձատրությամբ աշխատելու պատրաստ լինելը

Թեև իրավիճակները տարբեր ոլորտներում կարող են տարբեր լինել և վերջիններս միմյանցից երբեմն շատ կտրուկ են տարբերվում վարձատրության չափի առումով, սակայն, նոր ոլորտ մուտք գործող և դեռևս բավարար փորձ չունեցող մասնագետներին հաճախ ավելի ցածր աշխատավարձ են առաջարկում։ 

Այս փուլը հաղթահարելը կարող է բարդ լինել՝ կապված  ֆինանսական դժվարությունների հետ։ Ուսումնասիրեք միջին մեկնարկային աշխատավարձերը այն ոլորտում, որում նախատեսում եք աշխատել՝ արդյո՞ք այն բավարար է ձեզ համար։ Հիշեք նաև, որ աշխատավարձի նվազումը կարող է ժամանակավոր լինել: Տարբեր ոլորտներում աշխատավարձն աճում է փորձի հետ մեկտեղ: 

 

Որոշելը, թե կոնկրետ ինչ աշխատանք եք փնտրում

Թվում է, թե այս հարցի պատասխանը պարզ է։ Համաձայնենք, որ բոլորն էլ ցանկանում են ունենալ լավ վարձատրվող և մասնագիտական առաջընթացի հնարավորություններ ընձեռող աշխատանք։ Սակայն շատերը, դժգոհ լինելով իրենց ընթացիկ աշխատանքից, հստակ պատկերացում չունեն այն մասին, թե կոնկրետ ինչ ոլորտում և ինչպիսի աշխատանք են փնտրում, որը կհամապատասխանի նրանց ակնկալիքներին։

 

Կարիերան փոխելու մասին մտածելիս դիտարկեք տարբեր աշխատանքների հնարավորություններ։ Ձեզ հետաքրքրող աշխատատեղերի ուսումնասիրությունը կարող է օգնել կայացնել տեղեկացված որոշում, որի արդյունքում կզգաք, որ ճիշտ ուղու վրա եք։ Հաշվի առեք այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են ոչ միայն աշխատավարձի չափը, այլև աշխատանքային գրաֆիկը, մասնագիտական աճի հնարավորությունները և աշխատանքի հիմնական պարտականությունները, որպեսզի կարողանաք պարզել, թե ինչն է ձեզ համար ամենակարևորը նոր աշխատանքում։

 


 

Աշխատանքի որոնում` հրաժարվելով կայուն կարիերայից

Կարիերայի փոփոխությունը դժվար է հատկապես այնպիսի մասնագետների համար, ովքեր երկար տարիներ աշխատել են իրենց ներկայիս պաշտոնում, գուցե նաև միևնույն կազմակերպությունում։ Որքանո՞վ է պատրաստ կայունության և ապահովության զգացում ունեցող կայացած մասնագետը կրկին աշխատաշուկա վերադառնալու և աշխատանք որոնելու դժվարին ճանապարհը ևս մեկ անգամ անցնելու հեռանկարին։ 

 

Որքան լավ նախապատրաստվեք նոր կարիերային, այնքան ավելի դյուրին կլինի նոր ոլորտ մուտք գործելը և նոր պայմաններին հարմարվելը։ Նոր տարբերակներ դիտարկելիս համոզվեք, որ համապատասխանում եք տվյալ աշխատանքի չափանիշներին: Աշխատաշուկան և ձեզ հետաքրքրող ոլորտները ուսումնասիրելիս կիրառեք բոլոր հնարավոր մեթոդները՝ բաց աղբյուրներից (կայքեր, սոցցանցեր, վիճակագրություն և այլն) մինչև ձեզ հետաքրքրող ընկերությունում աշխատող ծանոթներ և ընկերներ։ 

 

Նոր նախաձեռնության ճանապարհին մենակ լինելը

Կյանքի տարբեր իրադրություններում օգտակար խորհուրդը կարող է որոշիչ լինել։ Մասնագիտության մասին խոսելիս անհնար է թերագնահատել մենթորների դերը։ Փորձեք կապ հաստատել ոլորտում հաջողակ մասնագետների հետ։ Նրանց խորհուրդները կօգնեն պատկերացում կազմել այն ոլորտի մասին, ուր փորձում եք տեղափոխվել։ Սոցցանցերում հետևեք այն մարդկանց գործունեությանը, ովքեր ոգեշնչում են ձեզ և ում ցանկանում եք մասնագիտական առումով նմանվել:

 

 

Այսպիսով, մեր քննարկած մարտահրավերները, թեև մի կողմից վախի և երկմտանքների տեղիք են տալիս, սակայն մյուս կողմից էլ մասնագիտական աճի և ինքնաբացահայտման հեռանկարներ են բացում։ Ընդունելով դժվարությունները որպես փոփոխությունների անբաժանելի մաս՝ կարող եք բացահայտել ձեր իրական ներուժը և ուղի հարթել դեպի մասնագիտական նոր բարձունքներ:

 

You may like