Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ դիմորդներին

ՏՏ ոլորտում պահանջված 5 մասնագիտություն․ ինչպիսի՞ հմտություններ են հարկավոր հաջողելու համար

3/2/2024 | 4316 views

Ժամանակակից աշխատաշուկայում ՏՏ-ն ամենապահանջված ոլորտներից մեկն է, որն աչքի է ընկնում բարձր վարձատրությամբ և մասնագիտական աճի լայն հնարավորություններով։ Շատերը ՏՏ ոլորտի զարգացմանը զուգահեռ վերանայեցին իրենց զբաղվածությունը, ձեռք բերեցին իրենց հարմար նոր մասնագիտություններ հենց այս ոլորտում։

 

Եթե մտածում եք ՏՏ դինամիկ զարգացող ոլորտ տեղափոխվելու մասին, ապա ձեր հմտությունները, կրթությունը և փորձը կարող են օգտակար լինել նոր ոլորտում կարիերա սկսելիս։ Հասկանալու համար, թե որքանով եք այժմ պատրաստ մուտք գործել ոլորտ, ինչպիսի նախադրյալներ ունեք, որոնք ձեզ կօգնեն այդ հարցում, հարկավոր է պատկերացում կազմել ՏՏ ոլորտում պահանջված մի քանի մասնագիտությունների և դրանցում հաջողելու համար անհրաժեշտ հմտությունների մասին։ 

 

 

1․ Ծրագրավորող

Այս մասնագետի հիմնական պարտականությունները ներառում են ծրագրավորման տարբեր լեզուների կիրառմամբ վեբկայքերի և հավելվածների նախագծում և ստեղծում։ Ծրագրավորողի աշխատանքի հիմքում համակարգչային գիտությունը և մաթեմատիկական վերլուծությունն են։

 

Ծրագրավորողի համար կենսական նշանակություն ունի ոլորտում անընդհատ հայտնվող և զարգացող տեխնոլոգիաների մասին իրազեկ լինելը, նոր գործիքակազմերին ծանոթանալը և դրանք իրենց աշխատանքում կիրառելը։ Նպատակը մեկն է՝ գոհացնել պատվիրատուներին։

 

Տարբեր տվյալներով՝ այժմ կա ավելի քան 700 ծրագրավորման լեզու։ Հետևաբար, կարևոր է ուսումնասիրել աշխատաշուկան՝ պարզելու համար, թե ինչպիսի լեզուներն են արդիական, որպեսզի յուրացնեք հենց դրանք։

 

Ծրագրավորողները պետք է օժտված լինեն տրամաբանական դատողությամբ, տիրապետեն այնպիսի հմտությունների, ինչպիսիք են վերլուծությունը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը: Ծրագրավորողը պետք է գերազանց պատկերացում ունենա տվյալների կառուցվածքների և ալգորիթմների մասին:

 

 

2․ Ցանցային ադմինիստրատոր

Սա ոլորտի տեխնիկապես ավելի դժվար մասնագիտություններից մեկն է։ Ցանցային ադմինիստրատորի գործառույթը ներառում է կազմակերպության տեղական ցանցերի, կապի համակարգերի և լայնածավալ ցանցերի կառավարում, ստեղծում և պահպանում: Ցանցային ադմինիստրատորները նաև պատասխանատու են տվյալների պահպանման և անվտանգության համար: Նրանք սովորաբար ունեն մի շարք մասնագիտացված տեխնիկական որակավորումներ: Այս դերի համար անհրաժեշտ են համակարգչային գիտության վերաբերյալ խորը գիտելիքներ։

 

Այս մասնագիտության համար պահանջվող հիմնական հմտությունների թվում է խնդիրներ լուծելու կարողությունը։ Այս մասնագետները պետք է կարողանան ցանցի խնդիրները գտնել և լուծելու՝ վերացնելով անսարքությունները։ Նրանք պետք է ունենան ցանցի մոնիտորինգի և կառավարման գործիքների խորը իմացություն:

 

 

3․ Բիզնես վերլուծաբան

Բիզնես վերլուծաբաններն այն մասնագետներն են, ովքեր զրուցում են բիզնեսի ղեկավարների, տեխնոլոգիական ոլորտի մասնագետների և արտադրանքի վերջնական օգտագործողների հետ: Նրանք օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաները՝ բացահայտելու համար ընկերության գործունեության բարելավման ներուժը: Այս մասնագետը հիմնականում կենտրոնանում է նախագծերի տարբեր բաղադրիչների վրա՝ սկսելով հաճախորդի կարիքների վերլուծությունից։

 

Բիզնես վերլուծաբաններին անհրաժեշտ է ունենալ ներկայացման, միջանձնային  հաղորդակցության, նախագծերի կառավարման հմտություններ։ Կարևոր են նաև վերլուծական և խնդիրներ լուծելու հմտությունները։ Նրանցից պահանջվում է բիզնես գործընթացների մոդելավորման տեխնիկաների իմացություն, ինչպես նաև բիզնեսի կարիքները տեխնիկական պահանջների վերածելու ունակություն։

 

 

4․ UI/UX դիզայներ

Չնայած իրենց կատարած տարբեր գործառույթներին՝ UI և UX դիզայներները սերտորեն համագործակցում են՝ ավելի մեծ արդյունքների հասնելու համար, իսկ շատ հաճախ երկու ուղղություններով էլ աշխատում է միևնույն մասնագետը՝ UI/UX դիզայները։ Աշխատանքի UX բաղադրիչը կենտրոնանում է օգտատերերի փորձի վրա, մինչդեռ UI-ի պարագայում խոսքը գնում է արտադրանքի՝ վեբկայքի կամ բջջային հավելվածի արտաքին տեսքի մասին։ Այս մասնագետները սերտորեն համագործակցում են ծրագրավորողների հետ: Նրանք մշակում են նախատիպեր՝ հաշվի առնելով թվային դիզայնի առանձնահատկությունները՝ միաժամանակ մանրակրկիտ ուսումնասիրելով օգտատերերի փորձը և վարքագիծը՝ գնահատելու համար օգտատիրոջ կամ հաճախորդի և բիզնեսի թվային բաղադրիչի միջև փոխգործակցությունը:


UI/UX դիզայները պետք է տիրապետի դիզայնի այնպիսի գործիքների, ինչպիսիք են Figma, Adobe XD, Sketch և այլն: Նրանց համար առանցքային է վեբ դիզայնի սկզբունքների իմացությունը, թվային հարթակներում օգտատերերի վարքագծի վերլուծությունը։ Այս մասնագետներից պահանջվում են հաղորդակցման և համագործակցության ուժեղ հմտություններ, ինչպես նաև ստեղծարար մոտեցում և ուշադրություն մանրուքների նկատմամբ:

 

 

5․ Նախագծերի ղեկավար

Նախագծերի ղեկավարը պատասխանատու է աշխատանքները պլանավորելու, կազմակերպելու, ղեկավարելու համար։ Այս մասնագետները համակարգում են թիմի անդամների, շահագրգիռ կողմերի և պատվիրատուների հետ հաղորդակցությունը, կառավարում ժամանակացույցերը և բյուջեները, բաշխում են ռեսուրսները, վերահսկում են առաջընթացը, նվազեցնում ռիսկերը և ապահովում ծրագրի հաջող ավարտը։

 

Նախագծերի ղեկավարը պետք է ունենա առաջնորդության, թիմային կառավարման, հաղորդակցության, բանակցելու, ռիսկերի կառավարման, խնդիրների ու կոնֆլիկտների լուծման հմտություններ: Նրանից պահանջվում է նախագծերի կառավարման այնպիսի մեթոդոլոգիաների իմացություն, ինչպիսիք են՝ Agile, Scrum կամ Waterfall:

 

Այսպիսով, այժմ, իմանալով ՏՏ ոլորտում պահանջված բազմաթիվ մասնագիտություններից մի քանիսի մասին, կարող եք ընտրել այն մեկը, որը լավագույնս համապատասխանում է ձեր հմտություններին և մասնագիտական նպատակներին:

 

You may like