Որո՞նք են ձեր թույլ կողմերը․ ինչպես պատասխանել հարցին
Դուք ներկայանում եք հարցազրույցի և հույս ունեք խոսել ձեր հմտությունների և մասնագիտական կարողությունների մասին՝ այդպիսով համոզելով հավաքագրման մասնագետին, որ լավագույն թեկնածուն եք թափուր աշխատանքի համար։ Սակայն ի թիվս այլ հարցերի ձեզանից հետաքրքրվում են, թե ինչ թույլ կողմեր ունեք։ Թեև այս հարցը թեկնածուներին տալը լավ նախաձեռնություն չի համարվում մարդկային ռեսուրսների կառավարման բազմաթիվ մասնագետների կողմից, և շատերը կարծում են, որ ոչ մի արժեքավոր տեղեկատվություն չեն ստանա, սակայն փաստն այն է, որ հավաքագրմամբ զբաղվող մասնագետների մի ստվար զանգված էլ շարունակում է այս հարցը տալ, ավելին, նույնիսկ սահմանում է քանական չափանիշ, օրինակ՝ նշեք չորս թույլ կողմ, որ ունեք կամ նշեք չորսական ուժեղ և թույլ կողմեր։
Անկախ այն հանգամանքից, թե դուր է գալիս ձեզ այս հարցը, թե ոչ, ինչ կարծիք եք կազմում նման հարց տվող մասնագետի մասին, ինչ ենթատեքստ եք տեսնում դրանում, միևնույն է, պետք է պատրաստ լինեք պատասխանել։ Եթե դուք այնքան հետաքրքրված եք տվյալ աշխատանքով, որ ջանքեր չեք խնայել (գրել եք մոտիվացիոն նամակ, ուղարկել եք ինքնակենսագրականը, կատարել եք թեստային առաջադրանքը) հարցազրույցի փուլին հասնելու համար, ապա համաձայնեք, որ բոլոր հարցերին հնարավորինս արդյունավետ և մտածված պատասխանելը պետք է ձեր գերակա նպատակը լինի։
Այս հարցին պատասխանելու դժվարությունը կայանում է նրանում, որ պետք է փորձեք բացասական երևույթի՝ թույլ կողմերի մասին խոսել դրական ձևակերպումներով։ Նկատենք նաև, որ այս հարցը որքան էլ մարտահրավերային է թվում, միաժամանակ հնարավորություն է տալիս, որ ձեր պատասխանի շնորհիվ աչքի ընկնեք և առանձնանաք այլ թեկնածուներից։ Եթե փորձենք ընդհանուր ձևակերպել, թե ինչպիսին պետք է լինի այս հարցի պատասխանը, ապա պետք է այնպես ներկայացնել թույլ կողմերը, որ դրանք անուղղակի կերպով վկայեն ուժեղների մասին։ Դա կօգնի ցույց տալ հարցազրուցավարին, որ դուք բավականաչափ գիտակ եք, որպեսզի իմանաք այն ոլորտները, որոնք բարելավելու կարիք ունեք:
Որպես թույլ կողմեր կարող եք նշել փոքր մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելը, խնդրանքները մերժել չկարողանալը, որոշ ոլորտներում քիչ փորձ ունենալը, ինքնավստահության պակասը, գործընկերներից օգնություն խնդրելու մեջ դժվարանալը, որոշակի անհատականությունների հետ աշխատելու դժվարությունը, աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռության պահպանումը։ Անդրադառնանք մի քանիսին առանձին-առանձին և ուսումնասիրենք պատասխանի տարբերակներ։
Ես չափից շատ եմ կենտրոնանում մանրուքների վրա
Մանրամասներին ուշադիր լինելը լավ հատկանիշ է, բայց եթե դուք հակված եք չափազանց շատ ժամանակ ծախսել նախագծի առանձնահատկությունների վրա, դա կարող է նաև թուլություն համարվել: Ձեր պատասխանում բացատրեք, թե ինչպես եք բարելավումներ անում այս ոլորտում՝ փորձելով խուսափել մանրուքներից և տեսնել ավելի մեծ պատկերը։ Իհարկե տարբեր մասնագիտությունների դեպքում օրինակները տարբեր են, սակայն այժմ դիտարկենք այս մեկը․ «Իմ ամենամեծ թուլությունն այն է, որ ես երբեմն չափազանց շատ եմ կենտրոնանում նախագծի մանրամասների վրա և չափազանց շատ ժամանակ եմ ծախսում ավելի նուրբ կետերը վերլուծելու վրա: Ես ձգտել եմ կատարելագործվել այս ոլորտում՝ ուղղորդելով ինքս ինձ կենտրոնանալ ավելի մեծ պատկերի վրա: Ես համոզվել եմ, որ այդ կերպ աշխատանքի որակը չի տուժում, չի նվազում արդյունավետությունը կամ թիմի կատարողականը»:
Ես կարող էի ավելի հմուտ լինել այս կամ այն ոլորտում
Եթե կա ինչ-որ գիտելիք կամ հմտություն, որը կցանկանայիք բարելավել, ապա այդ մասին խոսելով ցույց եք տալիս հարցազրուցավարներին, որ գիտեք այդ բացի մասին և ցանկանում եք մարտահրավեր նետել ինքներդ ձեզ: Դա կարող է լինել որևէ ծրագիր, օրինակ՝ «Ես կուզենայի բարելավել Microsoft Excel ծրագրի իմացությունը»։ Այստեղ կարևոր է հիշել, որ որպես թույլ կողմ չպետք է նշեք այնպիսի հմտություն, որի առկայությունը չափազանց կարևոր է այն աշխատանքի համար, որին դիմել եք։
Հաճախ դժվարանում եմ պահպանել աշխատանք-անձնական կյանք հավասարակշռությունը
Այս համատեքստում կարող եք նշել խնդիրը և քայլերը, որոնք ձեռնարկում եք դրանք լուծելու համար․ «Քանի որ ես շատ սիրում եմ իմ աշխատանքը և ունեմ կարիերայի հավակնոտ նպատակներ, ինձ համար երբեմն դժվար է հավասարակշռություն գտնել իմ մասնագիտական և անձնական կյանքի միջև: Այժմ փորձում եմ վերկանգնել այդ հավասարկշռությունը՝ ավելի շատ ժամանակ անցկացնելով ընտանիքիս և ընկերներիս հետ»:
Այսպիսով, երբ հարցնում են թույլ կողմերի մասին, հիշեք, որ ձեր պատասխանի մի մասը պետք է լինի այն մասին, թե կոնկրետ ինչ քայլեր եք ձեռնարկում ներկայումս՝ թույլ կողմերը բարելավելու ուղղությամբ, որպեսզի արդյունքում դրանք վերածեք ուժեղների:
You may like