Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ դիմորդներին

Ինչպես ներկայացնել աշխատանքային փորձը հարցազրույցի ընթացքում

1/26/2024 | 5838 views

Հարցազրույցի ընթացքում ամենակարևոր թեմաներից մեկը, որի վերաբերյալ կխնդրեն խոսել, նախորդ աշխատավայրերում ձեռք բերած փորձն է։ Չնայած այն հանգամանքին, որ ձեր ռեզյումեում ցանկալի է, որ ներառեք մանրամասներ նախորդ պաշտոնների մասին, սակայն հարցազրույցի ընթացքում ևս պետք է պատրաստ լինեք ներկայացնել այն՝ մասնավորապես ընդգծելով այն հմտությունները, որոնք ձեզ կօգնեն նոր աշխատավայրում։

 

Ձեր փորձը հնարավորինս լավ և արդյունավետ կերպով ներկայացնելու հարցին ենք անդրադառնալու մեր այսօրվա բլոգում։

 

Ցանկացած աշխատանք ենթադրում է մի շարք պարտականություններ, որոնց համար դուք պատասխանատու կլինեք, հետևաբար ներկայացնելով նախկին փորձը, կարող եք օգնել հարցազրուցավարին հասկանալ, թե որքանով եք պատրաստ նոր աշխատանքին։ Ձեր փորձը գործատուին ճիշտ ներկայացնելու համար պետք է մի քանի քայլեր իրականացնեք։ 

 

 

Նախապատրաստեք պատասխանը

Աշխատանքային փորձի մասին խոսելիս ձեր նպատակն է ներկայացնել այն հիմնական կետերը, որոնք կհամոզեն գործատուին, որ նոր աշխատավայրում դուք կկարողանաք պատշաճ կերպով կատարել ձեր պարտականությունները: Մինչ հարցազրույցը շատերը գրավոր նշումներ են անում՝ հակիրճ կետերի տեսքով՝ մտքերն ավելի հեշտ կառուցելու և ավելի թիրախային խոսելու համար։ Այդ նպատակով մանրամասն ուսումնասիրեք աշխատանքի նկարագրությունը, նշեք, որ ունեք պահանջվող որակավորումները։

 

Վերանայեք ձեր ռեզյումեն և մոտիվացիոն նամակը՝ վերհիշելով, թե կոնկրետ ինչ եք ներկայացրել և պատրաստ եղեք մանրամասնելու և այս կամ այն կետի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն հայտնելու։ 

 

Ուղղակիորեն կապեք ձեր փորձառությունը այն հաստիքի պարտականությունների հետ, որին դիմել եք: Անդրադարձեք նախկինում կատարած այն առաջադրանքներին, որոնք նման են նոր աշխատանքի նկարագրության մեջ նշվածներին: Պատրաստ եղեք քննարկելու, թե որքանով եք ծանոթ ընդհանուր գործընթացներին, հնարավոր խոչընդոտներին։ Կարող եք նաև նշել, թե ինչպիսի գործիքներ եք կիրառում առաջադրանքներն արդյունավետ կատարելու համար։ Այդպիսով ցույց եք տալիս, որ հեշտությամբ կհարմարվեք նոր աշխատանքին։ Ընդհանուր առմամբ, միշտ պատրաստ եղեք քննարկելու ձեր առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները՝ ցուցադրելով ձեր ճկունությունը և խնդիրներ լուծելու կարողությունները։

 

 

Ինչպե՞ս պատասխանել «Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք» հարցին

Գործատուի այս հարցին փորձեք տալ համապարփակ, սակայն միաժամանակ հակիրճ պատասխան։ Կարճ և պարզ նախադասությունները նպաստում են, որ ձեր խոսքը հնչի վստահ և համոզիչ։

 

Հարցազրույցի համար նախատեսված ժամանակն անսպառ չէ, և երկար պատմությունները ձեր փորձի մասին կարող են կամ ժամանակ չթողնել այլ հարցերի համար, կամ էլ հավաքագրման մասնագետը ստիպված կլինի ընդհատել ձեզ՝ բավարարվելով արդեն իսկ ստացած տեղեկատվությամբ, որում, սակայն, դուք չեք նշել ամենակարևոր պահերը։ Ժամանակը խելամիտ օգտագործելու և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներին ավելորդ տեղեկատվությամբ չծանրաբեռնելու նպատակով տրամադրեք միայն անհրաժեշտ մանրամասները։

Խոսեք ձեր փորձի միայն այն ասպեկտների մասին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի պատշաճ կերպով նկարագրեք, թե ինչ կարող եք անել, ինչի եք հասել մինչև այսօր և ինչպես եք նախատեսում հաջողության հասնել այս նոր աշխատանքում: 

 

Բազմիցս անդրադարձել ենք այն հանգամանքին, թե որքան կարևոր, նույնիսկ բեկումնային դեր կարող է ունենալ ձեր փորձը քանակական տվյալներով ներկայացնելը։ Կատարված որակյալ աշխատանքի մասին պնդումների փոխարեն փորձեք ձեռքբերումներին թվային արժեք տալ։ Օրինակ, կարող եք նշել ձեր կատարողականի տարեկան վերանայման թվերը կամ որպես լավ աշխատանքի արդյունք՝ գրանցված աճի տոկոսային չափը։ 

 

 

Հստակ նշեք, թե կոնկրետ ինչ պարտականություններ եք կատարել։ Հրաշալի կլինի, եթե նշեք, թե ինչպես եք ժամանակի ընթացքում կատարելագործել այս կամ այն գործընթացներն իրականացնելու մոտեցումները։

 

Գործատուի համար առաջին հերթին կարևոր է, թե դուք՝ որպես աշխատակից ինչ արժեք եք ներկայացնելու կազմակերպության համար։ Այդ պատճառով էլ նշեք նաև, թե ինչ ներդրում կարող եք ունենալ ձեր աշխատանքով ընկերության ընդհանուր հաջողության մեջ։

 

Այժմ, իմանալով, թե ինչպես պետք է ներկայացնեք ձեր աշխատանքային փորձը, դիտարկենք մեկ օրինակ։ Ենթադրենք անձը դիմել է մարքեթինգի մասնագետի պաշտոնի համար։ Իր փորձի մասին խոսելիս նա կարող է պատմել հետևյալը․ «Իմ փորձը ներառում է մարքեթինգի և գովազդի տարբեր մեթոդների կիրառում: Մասնագիտական գործունեությունս սկսել եմ մարքեթինգային գործակալությունում, որտեղ սկզբում աշխատել եմ որպես մարքեթինգի մասնագետի օգնական՝ վերլուծելով սպառողների տվյալները և կազմելով հաշվետվություններ մարքեթինգի բաժնի ղեկավարի համար: Իմ մյուս պաշտոններում աշխատելիս հմտացա հետազոտությունների իրականացման և տվյալների վրա հիմնված արդյունավետ մարքեթինգային արշավների նախագծման և իրականացման մեջ։ Որպես մարքեթինգի մասնագետ՝ ես կցանկանայի օգտագործել իմ կարողությունները՝ ձեր կազմակերպությունում արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն ներդնելու և իրականացնելու նպատակով»:

 

 

Այսպիսով, հարցազրույցի ժամանակ ձեր աշխատանքային փորձի արդյունավետ ներկայացումը ձեր հմտությունները, փորձառությունը և պաշտոնին համապատասխանությունը ցուցադրելու հնարավորությունն է: Հետևելով մեր քննարկած մոտեցումներին՝ կարող եք մեծացնել կայուն և դրական տպավորություն թողնելու ձեր հնարավորությունները:

 

Ըստ էության, աշխատանքային փորձը ներկայացնելն արվեստ է, որը համատեղում է արդյունավետ հաղորդակցությունը, ինքնագիտակցությունը և սեփական պատմությունը պատմելու հմտությունները: 

 

You may like