Get our free app. It won't take up space on your device
խորհուրդներ դիմորդներին

Ինչ չասել և ինչ չանել, երբ ձեզ հեռացրել են աշխատանքից

5/3/2024 | 1698 views

Զայրույթ, շոկ, անհանգստություն, վախ ապագայի հանդեպ։ Այս զգացմունքները բնորոշ են մարդուն` աշխատանքից ազատվելու պահին։ Պրոֆեսիոնալիզմի և հանգստության պահպանումն այս պարագայում շատ բարդ է դառնում, գրեթե՝ անհնար։

 

Մեր այսօրվա բլոգում կխոսենք այն մասին, թե կոնկրետ ինչ չի կարելի անել հեռանալիս՝ հանուն ձեր կարիերայի, հեղինակության և ձեր հանդեպ արդեն նախկին գործընկերների հարգանքը պահպանելու համար։

 

 

Վեճ սկսել

Պատկերացրեք` աշխատանքից ազատվելու մասին լուրն իմանալով՝ անձը չի կարողանում զսպել զայրույթը և այն թափում է գործընկերների և հաճախորդների վրա, բղավում է, վատ խոսքեր ասում ղեկավարության հասցեին, խոստանում, որ կգտնի ավելի լավ աշխատանք, և որ նրանք դեռ կզղջան իրեն աշխատանքից ազատելու համար։ Թեև սա սպասելի վարքագիծ է վրդովված անձի կողմից, սակայն չափազանց զգացմունքային արձագանքը վնասում է նրա հեղինակությանը և հետագայում, երբ վերջինս հանդարտվի, միգուցե ափսոսանքի կամ ամոթի զգացում ունենա։ 

 

Նման սցենարից խուսափելու համար հարկավոր է ամեն ջանք գործադրել՝ հանգիստ և պրոֆեսիոնալ մոտեցում դրսևորելով: Եթե ​​կարիք ունեք արտահայտելու ձեր զգացմունքները, դա արեք ոչ թե ձեր գործընկերների, այլ ընկերների մոտ՝ աշխատանքից հետո։

 

Բոլորին պատմել տեղի ունեցածի մասին

Գործընկերների ապրումակցումը կարող է թեթևացնել վատ լուրից տհաճ անակնկալի եկած աշխատակցին։ Աջակցում փնտրելու ձգտման արդյունքում հնարավոր է՝ մեկ ժամվա ընթացքում գրասենյակում արդեն բոլորն իմանան աշխատանքից ազատման մասին։ Ինչո՞ւ ցանկալի չէ նման իրավիճակը։ Ամենայն հավանականությամբ, էմոցիաների պատճառով դուք անփույթ կլինեք ձեր ձևակերպումների մեջ, ինչը լիովին կփչացնի ձեր հարաբերությունները մենեջերի հետ։ Բացի այդ, «պատահական», զգացմունքային, վատ մտածված արտահայտությունները կարող են հեռացնել մարդկանց, ովքեր միգուցե ձեզ խորհուրդ տային կամ միջնորդեին, որպեսզի աշխատանքի անցնեիք մեկ այլ ընկերությունում։

 

 

Հեռանալ առանց հրաժեշտի

Այս դեպքում հնարավոր է՝ ձեր գործընկերները զարմանան և վրդովվեն ոչ միայն այն պատճառով, որ չեք ցանկացել նրանց հետ ևս մեկ անգամ՝ հեռանալուց առաջ տեսնվել, այլև հնարավորություն չեք տվել, որպեսզի նրանք հաջողություն մաղթեն ձեզ նոր որոնումներում և գուցե նաև օգնություն առաջարկեն:

 

Հրաժեշտ տալիս հեռացման պատճառների մասին խոսելիս զուսպ եղեք։ Շնորհակալություն հայտնեք համատեղ աշխատանքի և աջակցության համար՝ հույս հայտնելով, որ հետագայում կարող եք ձեր կապը պահպանել:

 

Չհարցնել պատճառները

Երբեմն ղեկավարությունը սահմանափակվում է ընդհանուր արտահայտություններով, օրինակ՝ աշխատանքի արդյունքները բավարար չեն։ Առանց աշխատանքից ազատման իրական պատճառները պարզելու և առանց հետադարձ կապ ստանալու ձեր աշխատանքի վերաբերյալ, դուք մեծացնում եք նոր աշխատավայրում հին խնդիրներին բախվելու վտանգները: Հետևաբար եթե անգամ ձեզ չեն հայտնում կոնկրետ պատճառ, այլ սահմանափակվում են աղոտ ձևակերպումներով, եղեք հետևողական և խնդրեք, որպեսզի ձեզ հայտնեն հստակ պատճառները։

 

 

Մեղադրանքներ հնչեցնել

Լինում են իրավիճակներ, երբ ընկերության ներսում մրցակցության պատճառով գործընկերներից մեկը, ով հավակնում է ձեր պաշտոնին, երկար ժամանակ դավեր է նյութում ձեր դեմ, որի ադյունքում էլ ձեզ հեռացնում են աշխատանքից։

 

Մի կողմից անհրաժեշտ է հեռանալիս պարզաբանել նաև հարցի այդ կողմը, սակայն, մյուս կողմից, հարկավոր է գիտակցել, որ սկանդալներն ու մեղադրանքները չեն փոխի աշխատանքից ազատվելու փաստը, փոխարենը կարող են համոզել ձեր նախկին գործընկերներին, որ ղեկավարները ճիշտ որոշում են կայացրել։

 

Նման դեպքերում ղեկավարի հետ զրույցում, օրինակ, կարող եք ընդգծել, որ չեք փորձում պահպանել ձեր պաշտոնը, սակայն ցանկանում եք տրամադրել համապարփակ տեղեկատվություն, որպեսզի ձեր մասին անհիմն պատկերացումներ չկազմեն։

 

 

Կորցնել հավատը ինքներդ ձեր հանդեպ

Թերևս այս կետն ամենակարևորն է՝ ձեր հետագա ուղին նախանշելու համար։ Ձեր հուսալքությունը կարտացոլվի ձեր վարքում ու անվստահ խոսքերում, և հավաքագրողները, ովքեր ձեզ հարցազրույցի կհրավիրեն, դա կզգան։ Կենտրոնացեք ձեր ուժեղ կողմերի ու փորձի վրա և ներկայացրեք դրանք ապագա գործատուին։

 

You may like