Get our free app. It won't take up space on your device
Խորհուրդներ գործատուներին

Ինչպե՞ս պահպանել լավագույն աշխատակիցներին

9/7/2023 | 6674 views

Ավելի բարձր աշխատավարձ, ավելի լավ աշխատանքային միջավայր, մասնագիտական աճի ավելի մեծ հնարավորություններ․ բազմաթիվ են պատճառները, թե ինչու են աշխատակիցները որոշում հեռանալ ընթացիկ աշխատանքից: Լավագույն աշխատակիցների պահպանումը հավասարապես կարևոր է թե՛ մեծ կորպորացիաների և թե՛ փոքր բիզնեսների համար․ չէ՞ որ ցանկացած արդյունավետ և որակյալ գործ լավ աշխատողների ներդրած ջանքերի արդյունք է։ 

 

Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք աշխատակիցներին պահպանելու կարևորությանը և կքննարկենք մի շարք գործնական մոտեցումներ, որոնք կօգնեն պահպանել լավագույն տաղանդներին՝ ապահովելով ընկերության անխափան գործունեությունը։ Սակայն մինչ այդ պարզենք, թե որոնք են այն հիմնական պատճառները, որոնցից ելնելով աշխատակիցները ցանկանում են շարունակել իրենց մասնագիտական ուղին այլ կազմակերպություններում։

 

 

Աշխատակիցների հեռանալու 7 պատճառ

Բազմաթիվ հարցումներ և հետազոտություններ են իրականացվել՝ պարզելու համար, թե ինչու են աշխատակիցները լքում աշխատավայրը՝ տեղափոխվելով այլ կազմակերպություն։ Տարբեր տվյալների համաձայն՝ աշխատողների` աշխատանքից հեռանալու պատճառների 78%-ը կարող էր կանխվել գործատուի կողմից: Աշխատավայրը փոխած անձանց մեծ մասը հիմնականում նշում է հեռանալու հետևյալ 7 հիմնական պատճառները.

 

   • Ոչ բավարար վարձատրություն

   • Մասնագիտական աճի հեռանկարի բացակայություն

   • Աշխատանք - անձնական կյանք հավասարակշռության խաթարում

   • Ղեկավարների ոչ պրոֆեսիոնալ պահվածք 

   • Ճկունության բացակայություն

   • Բացասական միջավայր և մշակույթ

   • Թերագնահատվածության զգացում

 

Աշխատակիցների պահպանման 10 արդյունավետ ռազմավարություն

Մարդկային ռեսուրսների կառավարման գործում ոչ միայն կարևոր է լավագույն մասնագետներին գտնելը և թիմում ներգրավելը, այլև նրանց պահպանելը։ Ստորև ներկայացվող մոտեցումները կօգնեն պահպանել ձեր լավագույն տաղանդներին, որոնց աշխատանքով է պայմանավորված ընկերության հաջող գործունեությունը։

 

1․ Առաջարկեք մրցունակ աշխատավարձ և առավելություններ

Մարդկանց՝ աշխատանքից հեռանալու ամենագլխավոր պատճառներից մեկն այն է, որ նրանք բավար չեն համարում վարձատրության չափը: Համոզվեք, որ ձեր աշխատակիցները գիտեն, որ իրենց վարձատրությունը համապատասխանում է ոլորտի ընդունված չափանիշներին: Եթե չեք կարողանում մրցունակ աշխատավարձ առաջարկել, փորձեք առաջարկել առավելությունների փաթեթ, որը կփոխհատուցի ցածր աշխատավարձը, օրինակ, առողջապահական ապահովագրություն, բոնուսներ և այլն։

 

2. Կենտրոնացեք հավաքագրման գործընթացի վրա

Աշխատանքի ընդունեք այնպիսի մասնագետի, ով լավագույնս է համապատասխանում հաստիքի և ընկերության պահանջներին: Իսկ լավագույններին գտնելը բարդ գործընթաց է, որը հարկավոր է սկսել աշխատանքի մանրամասն նկարագրությունից։ Թվարկեք այն բոլոր հմտությունները, որոնք պետք է ունենան թեկնածուները՝ տվյալ պաշտոնում հաջողելու համար։ Համոզվեք, որ հավաքագրման մասնագետները հստակ գիտեն, թե ինչպիսի աշխատակցի են փնտրում՝ ճիշտ որոշում կայացնելու նպատակով։

 

 

3․ Խթանեք մասնագիտական աճը

Մասնագիտական զարգացման հնարավորությունների և կարիերայի առաջխաղացման ապահովումը հիանալի միջոցներ են աշխատողներին կազմակերպությունում պահելու համար: Մարդիկ ցանկանում են առաջադիմել իրենց կարիերայում և հաճախ հեռանում են այնպիսի աշխատավայրից, որտեղ լճացման վտանգ են զգում։ Առաջարկեք վերապատրաստման դասընթացներ կամ փոխհատուցեք սեմինարների մասնակցության վճարները։ Դա հնարավորություն կտա աշխատակիցներին զգալ, որ իրենք կարող են դեռ երկար ճանապարհ անցնել կազմակերպության հետ։

 

Փորձեք պաշտոնի բարձրացումներ առաջարկել այն աշխատակիցներին, ովքեր արժանացել են դրան իրենց գործով և նվիրվածությամբ։ Այդպիսով նրանք չեն մտածի այլ աշխատավայրում ավելի բարձր պաշտոն փնտրելու մասին։

 

4․ Վերապատրաստեք մենեջերներին

Աշխատակիցներից շատերն իրենց ժամանակի մի մեծ մասն աշխատավայրում ծախսում են ղեկավարության հետ շփումների և քննարկումների վրա։ Աշխատակիցների հետ արդյունավետորեն համագործակցող ղեկավարություն ունենալը կարող է բարելավել նրանց հետ դրական հարաբերությունները: Մարդիկ ցանկանում են աշխատել այնպիսի մենեջերների հետ, ովքեր ունեն հաղորդակցության և կոնֆլիկտների լուծման հմտություններ, ինչպես նաև վստահելի գործընկերներ և արդյունավետ առաջնորդներ են։ Հետևաբար մի խնայեք ժամանակ և միջոցներ՝ աշխատակիցների հետ անմիջականորեն շփվող մենեջերների վերապատրաստման համար:

 

5․ Խրախուսեք թափանցիկ հաղորդակցությունը

Խնդիրներն ամենուր անխուսափելի են։ Դրանք ի հայտ են գալիս բոլոր կազմակերպություններում, սակայն կարևորն այն է, թե ինչպիսին է դրանց նկատմամբ մոտեցումը: Ստեղծեք այնպիսի միջավայր, որտեղ աշխատակիցները պատրաստակամ կլինեն բարձրաձայնել առկա խնդիրների մասին և դրանք քննարկել ղեկավարության հետ։ Այդ պարագայում հնարավոր է արագ լուծել դրանք և շարժվել առաջ։ Խրախուսեք աշխատակիցներին արտահայտել իրենց կարծիքները և կիսվել այս կամ այն խնդիրը լուծելու վերաբերյալ իրենց պատկերացումներով և առաջարկություններով։

 

 

6․ Գնահատեք աշխատակիցների ջանքերը

Երբեմն պարզապես շնորհակալություն հայտնելը բավական է, որպեսզի աշխատակիցը զգա, որ նկատում և գնահատում են իր ջանքերը։ Թիմակիցների համար կարևոր է աջակցող միջավայրում աշխատելը։ Նման մոտեցումը մի կողմից կօգնի աշխատակիցների հետ դրական հարաբերություններ հաստատել և կնպաստի նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, մյուս կողմից էլ կաջակցի լավագույն տաղանդներին պահպանելու հարցում: 

 

7․ Հասկացեք, թե ինչու են մարդիկ հեռանում ընկերությունից և ինչու են նախընտրում մնալ

Ցանկացած խնդիր լուծելու համար նախ հարկավոր է համապարփակ պատկերացում կազմել դրա պատճառների մասին։ Եթե աշխատակիցների հաճախակի փոփոխությունը դառնում է խնդրահարույց, ապա պարզեք, թե ինչու են մարդիկ հեռանում ձեր ընկերությունից։ Հեռացող աշխատակցի հետ դեմ առ դեմ զրույցի ընթացքում հարցրեք պատճառների մասին։ Դա թույլ կտա գործուն քայլեր ձեռնարկել՝ բարելավելու համար աշխատանքային այն պայմանները, որոնք ստիպում են մարդկանց այլ ընկերությունում զբաղվածություն փնտրել։

 

Աշխատակիցների պահպանման համատեքստում կարևոր են նաև նրանց գոհունակության վերաբերյալ հարցումները: Պարբերաբար անցկացրեք անանուն հարցումներ՝ խնդրելով գործընկերներին նշել, թե ինչն է նրանց դուր գալիս ընկերությունում և ինչը՝ ոչ։ Անանուն հարցման պարագայում պատասխաններն ավելի անկեղծ կլինեն։ 

 

8․ Խրախուսեք ընկերական հարաբերությունները

Թիմակիցների միջև դրական փոխհարաբերությունների խթանումը նպաստում է ընկերությունում առողջ մթնոլորտի ձևավորմանը։ Կազմակերպեք տարբեր միջոցառումներ, թիմբիլդինգներ, որոնք կխթանեն ընկերական միջավայրի ստեղծմանը։ Խրախուսեք թիմային աշխատանքը, ընդգծեք մեկ ընդհանուր նպատակի շուրջ բոլորի համատեղ գործունեության կարևորությունը։ 

 

9․ Կարևորեք աշխատանք - անձնական կյանք հավասարակշռությունը

Երբ աշխատանքը դառնում է չափից ավելի շատ, իսկ վերջնաժամկետները՝ ավելի ու ավելի սուղ, մարդիկ ստիպված են լինում աշխատել արտաժամյա։ Տևական ժամանակ նման ծանրաբեռնված գրաֆիկը հանգեցնում է դժգոհության աճի։ Արդյունքում, ձեր լավագույն թիմակիցները կարող են մտածել հեռանալու մասին։ Նման բան թույլ չտալու համար hամոզվեք, որ ձեր աշխատակիցներին չի սպառնում մասնագիտական այրումը։ Հետաքրքրվեք, թե արդյո՞ք նրանք մեկնում են արձակուրդ կամ հաճա՞խ են ստիպված լինում աշխատել ազատ օրերին։ Աջակցեք նրանց՝ աշխատանք - անձնական կյանք հավասարակշռությունը պահպանելու վերաբերյալ կրթելով և համապատասխան քայլեր ձեռնարկեք, երբ զգում եք, որ աշխատակիցներն ունեն ժամանակի արդյունավետ կառավարման խնդիր։

 

 

10․ Ճկունության ապահովում

Հատկապես Քովիդ-19 համավարակի ընթացքում զգացվեց ճկուն աշխատելու անհրաժեշտությունը։ Երբ բազմաթիվ գրասենյակներ փակվեցին, շատերը ստիպված եղան սովորել աշխատել տնից՝ հաղթահարելով տեխնիկական խնդիրները և ժամանակի կառավարման ու տանն աշխատանքի վրա կենտրոնանալու հետ կապված մարտահրավերները։

 

Ներկայումս տնից աշխատելը դարձել է սովորական ձևաչափ, որին շատերն են ձգտում։ Քիչ չեն այն մասնագետները, ովքեր չեն ցանկանում վերադառնալ գրասենյակում ամբողջ դրույքով աշխատանքի։ Հաշվի առնելով հեռավար աշխատանքի հնարավորության կարևորումը՝ գործատուները ստիպված են որոշակի փոխզիջումների գնալ՝ աշխատանքային գրաֆիկն ավելի ճկուն դարձնելու նպատակով։ Արդեն իսկ շատ կազմակերպություններ առաջարկում են աշխատանքի հեռավար կամ հիբրիդային տարբերակ։ 

 

Լավագույն աշխատակիցներին չկորցնելու նպատակով հարկավոր է ուշադրություն դարձնել նրանց նախապատվություններին, երբ խոսքը վերաբերում է աշխատանքի ձևաչափին։ Թեև հեռավար կամ հիբրիդային աշխատանքն ունի իր մարտահրավերները և պահանջում է առանձնակի հետևողականություն, այնուամենայնիվ, շուկայի զարգացման միտումները ցույց են տալիս, որ վաղ թե ուշ կազմակերպությունները ստիպված են լինելու ընդունել այդ մարտահրավերները, քանի որ մարդիկ գնալով ավելի մեծ նշանակություն են տալիս ճկուն աշխատանքային ռեժիմին։ Հեռավար աշխատանքի արդյունավետ կազմակերպման մասին կարդացեք մեր այս բլոգում։

 

Լավ աշխատակիցներ գտնելը բարդ է, սակայն պակաս դժվար չէ նրանց պահպանելը։ Կիրառելով վերոնշյալ ռազմավարությունները՝ կարող եք համոզված լինել, որ ձեր լավագույն աշխատակիցները դեռ երկար կմնան ձեր կազմակերպությունում։

 

You may like