Հաղորդակցման խնդիրներ․ ինչպե՞ս կազմակերպել շփումն աշխատակիցների հետ
Ամենից հաճախ ղեկավարը շփվում է իր աշխատակիցների հետ՝ անկախ այն բանից, թե ինչ տեսակի ընկերության մասին ենք խոսում առհասարակ։ Թե՛ բյուրոկրատական հիերարխիկ համակարգում, թե՛ ժամանակակից անմիջական ընկերություններում առաջնային նշանակություն ունի հաղորդակցումը։
Քիչ չեն օրինակները, երբ սխալ հաղորդակցության պատճառով մենք ականատես ենք լինում աշխատանքային կոնֆլիկտների, կառավարման արդյունավետության անկման և նմանատիպ այլ խնդիրների։
Մենք որոշել ենք անդրադառնալ հաղորդակցման մեջ ղեկավարների թույլ տված տարածված սխալներին։
Չկա հաղորդակցման հստակություն
Այս սխալն առաջանում է այն ժամանակ, երբ ղեկավարի գործողությունների մեջ չկա հստակություն։ Օրինակ՝ ղեկավարը պետք է հստակ ձևակերպի աշխատակցի առաջադրանքը, բայց ժամանակ չունի երկար զրույցների, փոխարենը նա արագ, «ոտքի վրա» պատմում է առաջադրանքը՝ առանց մանրամասնելու տեխնիկական նկարագրությունները և պարզելու՝ արդյո՞ք աշխատակիցն ամեն ինչ հասկացավ։
Բնականաբար, աշխատակիցների մեծ մասը կատարում են առաջադրանքն այնպես, ինչպես հասկացել են։ Որպես արդյունք՝ առաջադրանքը կատարված է սխալ կամ թերացումներով, իսկ ղեկավարը զայրանում է։ Այսպիսի իրավիճակները հանդիպում են շատ հաճախ, և դրանց պատճառը հստակության բացակայությունն է։
Ինչպե՞ս հաղթահարել այս խնդիրը․ ղեկավարը պետք է դադարի վերոհիշյան ոճով հանձնարարություններ տալ, փոխարենն ընտրի այլ ճանապարհ։ Աշխատանքային հարաբերություններում տեղ չպետք է ունենան չասվածությունը, թերի հանձնարարությունները։ Ղեկավարը պետք է գիտակցի, որ աշխատակիցը չի կարող նրան կես բառից հասկանալ, քանի որ մեծ է սխալ մեկնաբանվելու ռիսկը։
Առաջադրանքները պետք է ձևակերպել հստակ, մանրամասն ներկայացնել դրանք աշխատակցին, կիրառել առաջադրանքները գրավոր կերպով ամրագրելու փորձը։ Ամեն ինչ պետք է լինի հստակ և հասկանալի։ Ղեկավարը պետք է ստուգի՝ արդյո՞ք աշխատակցի համար ամեն ինչ հասկանալի է և չեն մնացել մութ կետեր։ Սա է արդյունավետ հաղորդակցման գաղտնիքներից մեկը։
Հաղորդակցության անհամաչափություն
Աշխատակիցների հետ շփման ընթացքում շատ կարևոր է գտնել ոսկե միջինը։ Ծայրահեղությունները շատ վատ հետևանքներ կարող են ունենալ։ Երբ շփումն աշխատակիցների հետ բացակայում է կամ շատ սակավ է, դա ստիպում է մտածել, որ ղեկավարը դժգոհ է և ցանկություն չունի շփվելու։ Երբ շփումը չափից շատ է, ասենք՝ ղեկավարն ամբողջ օրը շփման մեջ է աշխատակիցների հետ, հսկում է, խորհուրդներ ու նոր հանձնարարություններ է տալիս, շատ ակտիվ է իրեն պահում, աշխատակիցները չեն կարողանում կատարել իրենց բուն պարտականությունները՝ անընդհատ շեղվելով ղեկավարի հետ շփման վրա։
Ինչպես տեսնում ենք, նշված երկու տարբերակներն էլ հեռու են ողջամիտ, կառուցողական հաղորդակցումից։
Ինչպե՞ս հաղթահարել այս խնդիրը․ պետք է միշտ հիշել ոսկե միջինի և անհատական մոտեցման մասին։ Աշխատակիցների մի մասի համար կարևոր է ակտիվ շփումը ղեկավարության հետ, մյուսները նախընտրում են ստանալ առաջադրանքներ և կատարել դրանք՝ առանց ավելորդ քննարկումների։ Աշխատակիցները տարբեր են, տարբեր խառնվածք ունեն, և դա բնական է։ Այդ է պատճառը, որ զարգացող աշխարհում շատ մեծ դեր ունի անհատական մոտեցումը։ Պետք է պարզապես նախապես մշակել աշխատակիցների հետ հաղորդակցության մոդելը և գտնել այն տարբերակը, որը կգոհացնի բոլորին։
Թերի հետադարձ կապ
Հաղորդակցման ամենակարևոր բաղադրիչներից մեկը հետադարձ կապն է։ Միայն դրա շնորհիվ է հնարավոր ունենալ երկկողմանի շփում։ Ցավոք, շատ հաճախ ընկերություններն արհամարհում են հետադարձ կապը, չեն հասկանում դրա կարևորությունը։ Առանց հետադարձ կապի հաղորդակցումը կորցնում է իր արդյունավետությունը։
Շատ կարևոր է, որ ղեկավարը, հանձնարարությունները տալուց և դրանք կատարված ստանալուց հետո աշխատակիցներին նաև տրամադրեն հետադարձ կապ՝ նշելով, թե ինչն էր լավ, ինչն էր թերի, ինչպես է պետք անել հաջորդ անգամ։ Սա շատ կարևոր օղակ է թե՛ հաղորդակցման, թե՛ աշխատանքի կազմակերպման տեսանկյունից։
Ինչպե՞ս հաղթահարել խնդիրը․ պետք է մշակել հետադարձ կապի հստակ մեխանիզմ և պարտադիր հետևել դրան։ Այն պետք է գործի աշխատանքի կատարման տարբեր փուլերում, ինչի շնորհիվ կբարձրանա աշխատանքի որակը և աշխատակիցների մոտիվացվածությունը։ Բացի դա, շատ կարևոր է, որ հետադարձ կապը չլինի միայն քննադատական․ եթե աշխատակիցը անթերի կատարել է առաջադրանքը, պետք է նրան գնահատել, գովել, քանի որ դա ոչ նյութական մոտիվացիայի կարևորագույն բաղադրիչներից է։
Կարևոր է, որ հետադարձ կապը լինի երկկողմանի։ Եթե ընկերությունը դեռևս պատրաստ չէ բաց և առանց կաշկանդվելու քննարկել և կարծիք հայտնել այս կամ այն բանի վերաբերյալ, պետք է դա կազմակերպել անանուն հիմքով։
Ամփոփելով թեման՝ պետք է նշենք, որ հաղորդակցական խնդիրներն ավելի շատ են, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Ղեկավարը պետք է կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը, վերհանի սխալներն ու աշխատի դրանք շտկելու ուղղությամբ։
Հաղորդակցման խնդիրների պատճառով առաջանում են մի շարք այլ, ավելի խորը և ավելի լուրջ խնդիրներ։ Դրանք կանխելու համար պետք է պարզապես ուշադրություն դարձնել հաղորդակցման որակին և անընդհատ կատարելագործել այն։
You may like