10 քայլ՝ ավելի լավ ռեզյումե ունենալու համար
Աշխատանքի համար դիմելիս կարևոր է ներկայանալ ճիշտ կազմված ռեզյումեով, որը համապատասխանեցրել եք տվյալ պաշտոնի համար: Ռեզյումեն պարբերաբար վերանայելը կարևոր է ոչ միայն նոր փորձի վերաբերյալ տեղեկատվություն ավելացնելու, այլև ժամանակակից պահանջներին համապատասխան փոփոխելու նպատակով։
Երբեմն մանրուք թվացող վրիպակները կարող են մեծ ազդեցություն ունենալ հաստիքի համար ձեր թեկնածությունը դիտարկելու գործում։ Օրինակ, առաջին հայացքից կարող է թվալ, թե տառասխալները չեն կարող խոչընդոտել, որպեսզի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները նկատեն փորձը։ Անշուշտ, ձեր հարուստ փորձը չի վրիպի գործատուի ուշադրությունից, ինչպես նաև տառասխալները և վրիպակները։ Արդյունքում կարող եք անփույթ կամ թափթփված անձնավորության տպավորություն թողնել, ով զլացել իր մասին փաստաթուղթը ևս մեկ անգամ կարդալ և սխալներն ուղղել։ Նման տպավորությունը ոչ մի կերպ չի կարող ձեզ համար օգտակար լինել, հետևաբար, ձեր ռեզյումեն կազմելիս ուշադրություն դարձրեք բոլոր՝ նույնիսկ թվացյալ անկարևոր և երկրորդական կողմերին։
Ինչպե՞ս արդյունավետորեն ներկայանալ ռեզյումեի միջոցով և ինչպե՞ս բարելավել այն՝ մինչ աշխատանքի համար դիմելը․ այս հարցերին կանդրադառնանք մեր այսօրվա բլոգում։ Դե ինչ, բացեք ձեր ռեզյումեն և քայլ առ քայլ ստուգեք, թե որքանով է այն համապատասխանում ստորև ներկայացվող կետերին և իհարկե պատրաստ եղեք կատարել անհրաժեշտ փոփոխություններ։
Ներառեք աշխատանքի նկարագրության մեջ օգտագործված հիմնաբառերը
Կարդացեք աշխատանքի նկարագրությունը և առանձնացրեք հիմնաբառերը։ Մտածեք, թե ինչպես են դրանք համապատասխանում ձեր մասնագիտական որակավորումներին և հմտություններին և ներառեք դրանք ռեզյումեում: Հիմնաբառերի և արտահայտությունների օգտագործումն ընդգծում է ձեր համապատասխան որակավորումն աշխատանքի համար: Բացի այդ, բազմաթիվ կազմակերպություններում մարդկային ռեսուրսների մասնագետները թափուր հաստիքին համապատասխանող թեկնածուների ցանկը կազմելիս օգտվում են արհեստական բանականությամբ հզորացված ծրագրերից, որոնք թեկնածուների համապատասխանությունը գնահատում են՝ հիմնվելով հիմնաբառերի վրա։
Ընդգծեք տվյալ աշխատանքի համար անհրաժեշտ որակավորումները
Ձեր ռեզյումեն պետք է «համոզի» գործատուին, որ դուք լավագույն թեկնածուն եք տվյալ աշխատանքի համար: Վերանայեք հաստիքի պահանջները և գնահատեք, թե որքանով են ձեր որակավորումները և հմտությունները համապատասխանում աշխատանքին։ Այնպես ձևակերպեք ռեզյումեն, որ լավագույնս ընդգծեք գործատուի կողմից կարևորվող որակավորումները: Համոզվեք, որ ձեր ռեզյումեի փորձի և կրթության բաժինները համապատասխանում են տվյալ հաստիքի պահանջներին: Ներառեք նաև պահանջվող հմտությունները և աշխատանքի համար անհրաժեշտ ծրագրերին տիրապետելու մասին տեղեկատվությունը։
Ներկայացրեք փորձը՝ սկսելով ամենավերջին աշխատավայրից
Եթե թվարկում եք ձեր աշխատանքային փորձը, ապա սկսեք ամենավերջին պաշտոնից, որից հետո նշեք նախորդները։ Այս ձևաչափն օգտագործեք նաև կրթությունը նշելիս։ Նման հերթականությունը կարող եք փոփոխել, եթե, օրինակ, պաշտոնը, որի համար դիմում եք, ավելի շատ առնչվում է այն աշխատանքային փորձին, որն ունեցել եք նախկինում։ Այս դեպքում ձեր հիմնական նպատակը պետք է լինի աշխատանքի համար անհրաժեշտ փորձը ընդգծել հենց սկզբում՝ գործատուի համար հնարավորինս տեսանելի հատվածում։
Նույնը վերաբերում է բաժինների դասավորությանը՝ սկսեք աշխատանքային փորձից և ապա անցեք կրթությանը։ Այս դեպքում հաշվի առեք ձեր ուժեղ կողմերը, օրինակ, եթե դուք փորձառու մասնագետ եք, ձեր կրթությունը չպետք է լինի ձեր ռեզյումեի առաջին բաժինը, սակայն եթե նորավարտ ուսանող եք և չունեք համապատասխան աշխատանքային հարուստ փորձ, ապա առաջնահերթությունը կարող եք տալ կրթության մասին բաժնին։
Ուշադրություն դարձրեք տեսքին և ձևաչափին
Օգտագործեք հեշտ ընթեռնելի և պարզ տառատեսակներ։ Ե՛վ ուղեկցող նամակը, և՛ ռեզյումեն պատրաստեք նույն ոճի մեջ՝ օգտագործելով միևնույն տառատեսակը և գույները: Կարևոր է ուշադիր դիտարկել գույների օգտագործումը: Փորձեք օգտագործել երկու գույն, օրինակ, սևը՝ ընդհանուր տեքստի համար, կապույտի մուգ երանգներից մեկը՝ հղումների կամ այնպիսի տեղեկատվության համար, որը ցանկանում եք ընդգծել, օրինակ՝ բաժինների անվանումները։ Սա կօգնի ձեր ռեզյումեն բարելավել՝ հեշտ կարդալու տեսանկյունից և միևնույն ժամանակ թույլ կտա ընդգծել ամենակարևոր տեղեկատվությունը:
Ուղարկելուց առաջ փոխակերպեք այն PDF ձևաչափի՝ համոզված լինելու համար, որ այլ սարքերի միջոցով ձեր ռեզյումեն ներբեռնելիս և կարդալիս խնդիրներ չեն առաջանա։
Օգտագործեք ձևանմուշներ
Ձևանմուշների օգտագործումը կօգնի հստակ և ճիշտ ներկայացնել ձեր մասին հիմնական տեղեկատվությունը։ Ձևանմուշներում արդեն իսկ առկա են բոլոր այն բաժինները, որոնք անհրաժեշտ են, և ձեզ մնում է միայն լրացնել դրանք։
Համացանցում առկա են ձևանմուշների բազմազան տեսակներ, որոնք կարող եք ներբեռնել և օգտագործել։ Ընտրեք հնարավորինս պարզ կառուցվածքով ձևանմուշներ, որոնցում բացակայում են ավելորդ տարրերը, որոնք գուցե գեղեցիկ թվան, սակայն նպատակահարմար չեն, քանի որ կարող են շեղել հավաքագրման մասնագետների ուշադրությունը։ Վերջիններս գնահատում են ոչ թե տեսքը, այլ բովանդակությունը, իսկ պարզ կառուցվածքը կօգնի արագ գտնել հետաքրքրող տեղեկատվությունը ձեր մասին:
Job.am կայքում առկա են ռեզյումեի բազմաթիվ ձևանմուշներ, որոնցից կարող եք օգտվել։ Պարզապես մուտքագրեք ձեր տվյալները և ընտրեք նախընտրելի ձևանմուշը։ Ստեղծելով ձեր ռեզյումեն Job.am-ում՝ կարող եք այն վերբեռնել և օգտագործել նաև հարթակից դուրս աշխատանքի համար դիմելիս։
Խուսափեք լուսանկար ընդգրկելուց
Ռեզյումեում լուսանկար տեղադրելու կամ չտեղադրելու հարցը հակասական կարծիքների տեղիք է տալիս։ Լավագույն փորձը, սակայն, հուշում է, որ պետք է խուսափել լուսանկար ներառելուց։ Պատճառները մի քանիսն են։ Նախ և առաջ, լուսանկարը կարող է հավաքագրողների ուշադրությունը շեղել ձեր ռեզյումեի հիմնական բովանդակությունից, որի արդյունքում կարևոր տեղեկատվությունը կարող է վրիպել նրանց ուշադրությունից։ Լուսանկար չներառելը նաև ապահովագրում է արտաքին տեսքի պատճառով խտրականության ենթարկվելու հավանականությունից։
Եթե այնուամենայնիվ ցանկանում եք ներառել ձեր լուսանկարը ռեզյումեում, ապա ընտրեք այնպիսին, որում պրոֆեսիոնալ տեսք կունենաք և կլինեք դասական հագուստով։
Ներկայացրեք ձեռքբերումները
Վերհիշեք, թե ինչ ձեռքբերումներ եք ունեցել նախորդ աշխատավայրերում և ներառեք դրանք ռեզյումեում՝ հստակ օրինակներով ցույց տալով ձեր մասնագիտական կարողությունները և արձանագրած հաջողությունները։ Հնարավորության դեպքում թվերի միջոցով հիմնավորեք ձեր ձեռքբերումները։ Օրինակ, ենթադրենք՝ դիմում եք թվային մարքեթինգի մասնագետի հաստիքի համար։ Մի նշեք պարզապես, որ ձեր աշխատանքի արդյունքում աճել է կայքի այցելությունների թիվը, փոխարենը հիմնավորեք ձեր հայտարարությունը թվերով՝ գերադասելով նման ձևակերպում․ «Եռամսյակում վեբկայքի թրաֆիկի 25% աճի ապահովում»:
Սահմանափակվեք մեկ կամ երկու էջով
Հավաքագրման մասնագետները սովորաբար սահմանափակ ժամանակ ունեն ռեզյումեները վերանայելու համար։ Յուրաքանչյուր թեկնածուի ռեզյումեի դիտարկմանը հիմնականում տրամադրվում է միայն մի քանի վայրկյան։ Այդ կարճ ժամանակամիջոցում պետք է կարողանաք ձեր ռեզյումեի միջոցով փոխանցել տվյալ հաստիքի համար հարմար թեկնածու լինելու մասին տեղեկատվությունը։ Մեկ կամ երկու էջը բավական է փորձի և կրթության, ինչպես նաև հմտությունների մասին նշելու համար։ Եթե դժվարանում եք ձեր ողջ փորձը երկու էջով ներկայացնել, ապա մտածեք այն կրճատելու մասին։ Վերանայեք հաստիքի նկարագրությունը և ներառեք միայն այն փորձը և հմտությունները, որոնք համապատասխանում են տվյալ աշխատանքի պահանջներին։
Ավելացրեք լրացուցիչ բաժիններ
Ըստ անհրաժեշտության՝ ավելացրեք լրացուցիչ բաժիններ, որոնք կօգնեն ներկայացնել աշխատանքի համար կարևոր լրացուցիչ հմտություններ։ Օրինակ, կարող եք ավելացնել կամավորական աշխատանքի փորձը, մասնագիտական գործունեության շնորհիվ ստացված մրցանակները, ինչպես նաև հոբբիները և հետաքրքրությունները։
Կարդացեք և սրբագրեք
Երկրորդ անգամ ռեզյումեն նայելը կարող է օգնել ձեզ գտնել և ուղղել բոլոր այն սխալները, որոնք կարող էիք նկատած չլինել առաջին ընթերցման ժամանակ: Իսկ եթե կարողանաք դիմել մեկ այլ անձի օգնությանը՝ խնդրելով վերջինիս նայել ձեր ռեզյումեն, ապա հավանականությունը մեծ է, որ նա կնկատի այն սխալները, որոնք վրիպել են ձեր ուշադրությունից։
Լավ մշակված ռեզյումեն կապահովի ձեր թեկնածության դիտարկումը հավաքագրման մասնագետների կողմից։ Ամեն անգամ աշխատանքի դիմելիս մի մոռացեք վերանայել ձեր ռեզյումեն և կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ հիմք ընդունելով վերոնշյալ խորհուրդները։ Դա կօգնի արդյունավետ կերպով ներկայանալ գործատուին՝ շեշտադրելով այն հմտությունները, որոնք ձեզ դարձնում է լավագույն թեկնածուն տվյալ հաստիքի համար։
You may like