Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինչպես ուսումնասիրել ընկերությունը մինչ հարցազրույցը

Հաճախ ենք նշում, թե որքան կարևոր է հարցազրույցի ներկայանալուց առաջ ուսումնասիրել հաստիքն առաջարկող ընկերությունը։ Այսօրվա մեր բլոգում կներկայացնենք, թե ինչ և ինչպես պետք է իմանալ ընկերության մասին հարցազրույցի գնալուց առաջ։ 

 

Նկատենք, որ թեև խոսքը հարցազրույցին նախապատրաստվելու մասին է, սակայն պակաս կարևոր չէ նաև ընկերությունն ուսումնասիրելը մինչև աշխատանքի համար դիմելը։ Այս փուլում հարցրեք ինքներդ ձեզ, թե որն է ձեր նախընտրած աշխատանքային միջավայրը և ինչպիսի ընկերությունում եք ցանկանում աշխատել։

 

 

Փորձեք պարզել, թե ինչպիսին է ընկերության ղեկավարությունը։ Մարդիկ, ովքեր հիմնել կամ ղեկավարել են ընկերությունը մեծ դեր ունեն դրա ղեկավարման, հիմնական արժեքների սահմանման և ընկերության կորպորատիվ մշակույթի ձևավորման մեջ։ Սովորաբար նման տեղեկատվություն կարող եք գտնել ընկերության կայքի «Մեր մասին» բաժնում: Այս բաժինը հաճախ պարունակում է կոնկրետ տեղեկություններ հիմնադիրների, ղեկավարների և կազմակերպության այլ կարևոր դեմքերի մասին: Երբ պարզեք, թե ովքեր են այդ մարդիկ և որոշ տեղեկություններ իմանաք նրանց մասին, կարող եք նաև դիտել նրանց էջերը սոցցանցերում՝ լրացուցիչ տեղեկությունների համար:

 

 

Պարզեք, թե ինչպես է գործում բիզնեսը, ովքեր են նրանց հիմնական հաճախորդները, որքան ժամանակ է ընկերությունը գործում: Նման հարցերը կարող են ձեզ շատ բան պատմել ընկերության մասին, որը կարող է օգտակար լինել ուղեկցող նամակ գրելիս կամ հարցազրույցի նախապատրաստվելիս: Պարզելով, թե ինչպես է բիզնեսը գործում, դուք կարող եք ավելի լավ ներկայացնել, թե ձեր հմտություններն ու փորձը ինչպես կօգնեն ընդհանուր գործին:

 

 

Բացի պարզելուց, թե ինչ է ասում ընկերությունն իր մասին, օգտակար է իմանալ, թե ինչ են ասում ուրիշները: Որոնման համակարգերը և սոցիալական մեդիա հարթակները այս տեղեկատվությունը գտնելու լավագույն միջոցն են: Կարող եք ֆիլտրել որոնման արդյունքները, որպեսզի դրանք ներառեն միայն նորություններ: Սոցիալական ցանցերում հաճախ կարող եք գտնել, թե մարդիկ ինչ կարծիք ունեն ընկերության մասին։

 

 

Ընկերությանը բավականաչափ ծանոթանալուց հետո կարևոր է իմանալ, թե ինչ տեղեկություններով կարելի է կիսվել հարցազրույցի ընթացքում: Ընկերության առաքելությունն ու տեսլականը, նպատակները և արժեհամակարգը կարող եք ընդգծել՝ հիմնավորելով ձեր համապատասխանությունը կազմակերպությանը և պաշտոնին։ Ընկերության հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ դրական տեղեկությունները, ինչպիսիք են ընդլայնումը կամ նոր պրոդուկտը, հիանալի օրինակներ են, որոնցով կարող եք կիսվել, երբ ձեզ հարցնեն, թե ինչու եք ցանկանում աշխատել տվյալ կազմակերպությունում։ 

Ձեզ կհետաքրքրեն