Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

«Ինչի համար եք ամենաշատը ափսոսում»․ ինչպես պատասխանել հարցին

23.10.2024 | 4216 դիտում

«Ինչի՞ համար եք ամենաշատը ափսոսում»․ գործատուները կարող են այս հարցը տալ՝ գնահատելու համար ձեր ինքնագիտակցության մակարդակը և հասկանալու, թե ինչպես եք վարվում դժվար իրավիճակներում հայտնվելիս: Նրանք փորձում են պարզել, թե արդյոք դուք հակված եք պատասխանատվություն կրել ձեր արարքների համար, թե ուրիշներին եք մեղադրում սեփական սխալների համար: 

 

 

Թեև շատերը այս և նմանատիպ հարցերը քննադատում են՝ նշելով, որ դրանք կարևոր տեղեկատվություն չեն տալիս թեկնածուի որակավորումների մասին, այնուամենայնիվ հավաքագրման շատ մասնագետներ շարունակում են ներառել այն իրենց հարցաշարում։ Հետևաբար հարցազրույցի գնալիս պատրաստվեք պատասխանել նաև այս հարցին։ Իսկ թե ինչպես, կպարզենք մեր այսօրվա բլոգում։ 

 

 

Հիշեք, որ պետք է ներկայացնեք ձեր մասնագիտական ​​փորձը, այլ ոչ թե անձնականը։ Մտածեք, թե ինչն եք կիսատ թողել անցյալում։ Նշեք այնպիսի բաց, որի լրացման ուղղությամբ այժմ փորձում եք աշխատել։ Խոսեք այն քայլերի մասին, որոնք ձեռնարկում եք այդ մարտահրավերը հաղթահարելու համար:

 

Դիտարկենք կոնկրետ օրինակ։ Ենթադրենք ​​դուք ափսոսում եք աշխատանքի կամ պաշտոնի բարձրացման առաջարկը մերժելու համար։ Ձեր պատասխանում մանրամասնեք, թե ինչ եք արել այդ ժամանակվանից ի վեր՝ ձեր կարիերայի նպատակներին հասնելու համար: Այս դեպքում պատասխանը կարող է լինել հետևյալը։

 

 

«Տարիներ առաջ աշխատանքի առաջարկ ստացա տեխնոլոգիական ընկերությունում։ Մի կողմից իմ հմտություններն այնքան էլ բավարար չէին տվյալ պաշտոնի համար և մյուս կողմից էլ գոհ էի ընթացիկ աշխատանքիցս։ Վախենում էի, որ եթե կորցնեմ այն ու չկարողանամ նոր ընկերությունում աշխատել, ապա կկանգնեմ այլ աշխատանք փնտրելու բարդ ու ժամանակատար գործընթացի առաջ: Ավելի ուշ ես հասկացա, որ եթե համարձակություն ունենայի ընդունել այդ աշխատանքի առաջարկը, դա կարող էր ինձ համար օգտակար մասնագիտական ​​զարգացման հնարավորություն լինել, ինչի շնորհիվ ես կդառնայի մրցունակ մասնագետ օրեցօր ավելի ու ավելի զարգացող ոլորտում:

 

 

Շատ էի ափսոսում, որ չեմ օգտվել այդ հնարավորությունից։ Արդյունքում սկսեցի փնտրել զարգացման այլ ուղիներ, որոնք կարող էին օգնել ինձ ավելի շատ փորձ ձեռք բերել տեխնոլոգիական ոլորտում: Այժմ ես ավելի լավ եմ նախապատրաստված այնպիսի տեխնոլոգիական ընկերությունում աշխատելու համար, ինչպիսին ձերն է, քանի որ զարգացրել եմ իմ հմտությունները և կարող եմ վստահաբար մուտք գործել ոլորտ»։

Կհետաքրքրեն նաև