Հաղորդակցման հմտությունները գնահատող տարածված հարցեր․ ինչպե՞ս պատասխանել
Հաղորդակցման լավ հմտություններ ունեցող աշխատակիցները մեծ նշանակություն ունեն ընկերության հաջողության համար: Աշխատավայրում արդյունավետ հաղորդակցությունը նպաստում է կոնֆլիկտների լուծմանը, արդյունավետության բարձրացմանը և հաճախորդների գոհունակությանը: Հիշեք, թե որքան հաճախ եք աշխատանքի հայտարարություններում հաստիքի համար պահանջվող հմտությունների թվում կարդում հաղորդակցման մասին։ Մեր այսօրվա բլոգում կներկայացնենք հաղորդակցության վերաբերյալ այն հարցերը, որոնք հաճախ տալիս են հավաքագրման մասնագետները հաստիքի թեկնածուներին։ Սա ձեզ կօգնի արդյունավետորեն նախապատրաստվել նման հարցերին։
Ի՞նչ է փնտրում գործատուն
Այս հարցերի նպատակը պարզելն է, թե արդյոք դուք արդյունավետ հաղորդակցվող մասնագետ եք։ Սա ենթադրում է մի շարք հմտությունների առկայություն՝ ներառյալ ակտիվ լսելը, մարմնի լեզուն, ինչպես նաև հակիրճ և կենտրոնացված գրավոր ու բանավոր խոսք կառուցելու հմտությունները։
Հաղորդակցման հմտությունները գնահատող հարցեր
Ահա մի քանի հարցեր, որոնք հաճախ հնչում են հարցազրույցների ընթացքում, եթե գործատուն ցանկանում է գնահատել թեկնածուի հաղորդակցման հմտությունները։
•Ինչպե՞ս կբացատրեք բարդ տեխնիկական երևույթը գործընկերոջը կամ հաճախորդին, ով տվյալ ոլորտի մասնագետը չէ:
•Ո՞րն է ձեր նախընտրած հաղորդակցման եղանակը՝ հեռախոսային զրույց, նամակագրություն հավելվածների միջոցով, դեմ առ դեմ:
•Ինչպիսի՞ն կլինի ձեր արձագանքը, եթե մենեջերից ստանաք առաջադրանք, որի կատարման ցուցումներն անհասկանալի լինեն ձեզ համար։
•Երբևէ ստիպված եղե՞լ եք կիսվել մի գաղափարով, որը ձեր գործընկերները կամ ղեկավարը չեն աջակցել: Կարողացե՞լ եք նրանց համոզել։
•Պատմեք մի դեպք, երբ հաջողությամբ կիրառել եք ձեր հաղորդակցման հմտությունները և հասել ցանկալի արդյունքի։
•Երբևէ հարմարեցրե՞լ եք ձեր հաղորդակցման ոճը այլ մշակույթի անձի հետ աշխատելու համար։
•Ինչպե՞ս է ձեզ հաջողվում պարզաբանել թյուրիմացությունները հաղորդակցման միջոցով։
•Ինչպե՞ս կաշխատեք դժգոհ հաճախորդի հետ:
• Ինչպե՞ս կարձագանքեք ընկերության կամ ձեր աշխատանքի վերաբերյալ բացասական կարծիքին:
•Երբևէ աշխատե՞լ եք մեկի հետ, ում հետ դժվարացել եք շփվել: Եթե այո, ապա ո՞րն է եղել խոչընդոտը և ինչպե՞ս եք վարվել:
Ինչպիսի՞ն պետք է լինի ձեր պատասխանը
Եթե հարցը տալիս է օրինակ բերելու հնարավորություն, անպայման ձեր խոսքերը հիմնավորեք համապատասխան օրինակով։ Վարքագծային հարցերի պատասխանելիս, ինչպես օրինակ կոնֆլիկտների լուծման վերաբերյալ հարցի դեպքում, օգտագործեք STAR մեթոդը։ Հակիրճ հիշեցնենք մեթոդի բուն էությունը, իսկ ավելի մանրամասն այս մասին կարող եք ընթերցել մեր այս բլոգում։ Այսպիսով, STAR մեթոդի համաձայն՝ նախ հարկավոր է ներկայացնել իրավիճակը, ապա բացատրել ձեր դերը խնդիրը լուծելու գործում։ Հաջորդիվ նկարագրեք ձեր կատարած գործողությունը և պատասխանը եզրափակեք ներկայացնելով արդյունքները:
Կհետաքրքրեն նաև