Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Ինչպես հասնել մասնագիտական աճի փոքր կազմակերպություններում

20.09.2024 | 4985 դիտում

Մի շարք արտոնություններ, կարիերայի հստակ հեռանկարներ, ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու կամ ընկերության՝ այլ երկրում գտնվող մասնաճյուղ տեղափոխվելու հնարավորություններ։ Հենց այս պատճառներով են շատերը երազում աշխատել մեծ ընկերություններում։ Սակայն ի՞նչ անել, եթե դուք աշխատում եք փոքր ընկերությունում, ձեզ դուր է գալիս այնտեղ և չեք նախատեսում այլ աշխատանք փնտրել: 

 

Մեր այսօրվա բլոգում կխոսենք այն մասին, թե որոնք են փոքր կազմակերպությունում աշխատելու առավելությունները և ինչպես կարելի է աճել նման միջավայրում։

 

 

Փոքր կազմակերպությունում աշխատելու առավելությունները

Շատ հաճախ բարդ հիերարխիկ կառուցվածքի և խիստ կանոնակարգերի բացակայության պատճառով փոքր ընկերությունում ավելի հեշտ է լինում մասնագիտական աճի հասնելը։ Այստեղ կարող եք արագ զարգացնել հմտությունները և ձեռք բերել նոր գիտելիքներ՝ շատ և տարաբնույթ առաջադրանքներ ստանալու շնորհիվ։ Հաճախ փոքր ընկերություններն առաջարկում են ավելի ճկուն աշխատանքային ժամեր և գործընթացներ։ Այստեղ դուք ղեկավարության հետ անմիջականորեն աշխատելու և ընկերության ռազմավարական որոշումների վրա ազդելու ավելի շատ հնարավորություններ ունեք։

 

 

Ինչպես հասնել մասնագիտական աճի 

Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն մասնագիտական ձեռքբերումների հասնել փոքր կազմակերպություններում։

 

Եղեք նախաձեռնող և ստանձնեք պարտականություններ

Առաջարկեք գաղափարներ ապրանքը կամ ծառայությունը բարելավելու համար, փնտրեք աշխատանքային գործընթացները օպտիմալացնելու ուղիներ։ Գտեք հնարավորություններ խնդիրների մեջ և պատրաստ եղեք ստանձնել պատասխանատվություն և հանդես գալ առաջնորդի դերում, երբ նման հնարավորություն ընձեռվի։

 

 

Զարգացրեք հմտությունները և փորձ կուտակեք

Անընդհատ թարմացրեք ձեր գիտելիքները և ձեռք բերեք հմտություններ դասընթացների և թրեյնինգների միջոցով: Եթե ընկերության ղեկավարությունը չի աջակցում ձեզ այս հարցում, ապա ինքներդ փնտրեք ուղիներ։ Փորձեք ձեզ տարբեր ոլորտներում և առաջադրանքներում, ինչի շնորհիվ կդառնաք ունիվերսալ մասնագետ:

 

Խորացեք բիզնեսի մեջ

Ձգտեք հասկանալ ոչ միայն ձեր դերը ընկերությունում, այլև այն, թե ինչպես է ձեր աշխատանքը ազդում բիզնեսի վրա: Ուսումնասիրեք գործընթացները և հետևեք ոլորտի միտումներին: Առաջարկեք ձեր սեփական մոտեցումներն ու լուծումները:

 

 

Գտեք մենթորի

Դա կարող է լինել ինչպես ընկերության հիմնադիրն, այնպես էլ մենեջերներից մեկը կամ պարզապես փորձառու աշխատակիցը։ Օգտագործեք նրանից սովորելու հնարավորությունները։ Փորձեք նրանից պարբերաբար հետադարձ կապ ստանալ՝ ձեր հմտությունները բարելավելու և մարտահրավերները հաղթահարելու համար:

 

Հաշվի առնելով վերոնշյալ խորհուրդները՝ կկարողանաք մասնագիտական աճ գրանցել՝ աշխատելով փոքր ընկերությունում։ Սակայն կարևոր է հիշել, որ առաջընթացի գործում առանցքային է մտածելակերպը։ Եթե դուք տրամադրված եք հարմարվելու փոփոխվող պայմաններին և պահանջներին և միշտ պատրաստ եք սովորել նորը, ապա հաջողությունը երկար չի սպասեցնի։

 

Կհետաքրքրեն նաև