Ուղեկցող նամակը սկսելու 3 արդյունավետ ձևեր
Ռեզյումեին կցվող ուղեկցող նամակի նպատակն է գործատուին ցույց տալ, որ դուք հենց այն մարդն եք, ում նրանք փնտրում են տվյալ աշխատանքի համար: Դուք կարող եք ուղեկցող նամակի միջոցով փոխանցել ձեր ոգևորվածությունը՝ ընկերությունում աշխատելու հետ կապված, կամ ընդգծել այն որակավորումները, որոնք ձեզ կօգնեն նոր պաշտոնում արդարացնել գործատուի ակնկալիքները:
Մեր այսօրվա բլոգում անդրադառնում ենք ուղեկցող նամակը սկսելու 3 արդյունավետ ձևերի, ներկայացնում հստակ օրինակներ յուրաքանչյուրի համար, որոնցից օգտվելով՝ կարող եք գրել ձերը։
1․ Արտահայտեք ընկերությունում աշխատելու հետաքրքրվածությունը
Եթե ընկերության բրենդի սիրահար եք կամ նախկինում օգտագործել եք դրա արտադրանքը կամ ծառայությունները, կարող եք նկարագրել ձեր հետաքրքրվածությունը ուղեկցող նամակի առաջին նախադասության մեջ: Սա կհուշի ձեր բարձր մոտիվացիայի մասին։
Օրինակ․ «Տեսնելով, որ ԱԲԳ ընկերությունը փնտրում է միջոցառումների մենեջերի, որը հմուտ է բրենդի իրազեկությունը բարձրացնելու և միջոցառումների միջոցով վաճառքների աճ ապահովելու գործում, որոշեցի դիմել, քանի որ ինքս մասնակցել եմ ձեր ընկերության մի քանի միջոցառումներին: Միջոցառումներ համակարգելու իմ յոթ տարվա փորձով վստահ եմ, որ կհաջողեմ այս պաշտոնում»:
2․ Սկսեք տպավորիչ ձեռքբերումով
Ձեր ուղեկցող նամակի առաջին պարբերությունում նշեք այն տպավորիչ նվաճումների մասին, որոնք ունեցել եք և որոնք ներառում են քանակական արդյունքներ: Այստեղ կարևոր է ընդգծել, թե որքանով է արժեքավոր եղել ձեր կատարած աշխատանքը և ինչպես կարող եք ձեր հմտությունները կիրառել նոր պաշտոնում: Համոզվեք, որ ձեր ձեռքբերումը կապված է այն աշխատանքի հետ, որին դիմում եք:
Օրինակ. «Անցած երեք ամսում ես ավելի քան կրկնապատկեցի ընկերության Instagram-ի հետևորդների քանակը և անցկացրի երկու հաջող սոցիալական մեդիա գովազդային արշավ, որոնց արդյունքում ստացանք ավելի քան երկու միլիոն դրամի պատվեր։ Իմ այս փորձը կօգնի, որպեսզի նույն արդյունավետությամբ աշխատեմ ԱԲԳ ընկերությունում՝ օգտագործելով սոցիալական մեդիայի հնարավորությունները»:
3․ Արտահայտեք ձեր վերաբերմունքը սեփական աշխատանքի հանդեպ
Սեփական զբաղվածությունը սիրելը և աշխատանքը ոգևորությամբ կատարելը կարևոր գործոններ են, որոնց հավաքագրման մասնագետներն ուշադրություն են դարձնում։
Օրինակ. «Ես միշտ սիրել եմ գրելը և ստեղծագործելը՝ ավելի կոնկրետ այն պահից, երբ դպրոցի թերթի գլխավոր խմբագիրն էի: Այնուհետև սկսեցի վարել իմ անձնական բլոգը, որն ունի 10․000 հետևորդ։ Աշխատել եմ հայտնի ամսագրերում և ընդհանուր առմամբ ունեմ 10 տարվա փորձ, որի շնորհիվ կկարողանամ հաջողությամբ աշխատել և շոշափելի արդյունքների հասնել նաև ԱԲԳ ընկերությունում»։
Մեր քննարկած տարբերակներից որևէ մեկն ընտրելիս մտածեք, թե որ մեկի դեպքում եք ձեզ ներկայացնում ավելի նպաստավոր դիրքում։ Եթե ունեք հարուստ փորձ, գուցե երրորդ տարբերակը լավագույնն է ձեզ համար, հակառակ դեպքում դիտարկեք առաջին կամ երկրորդ տարբերակները։
Կհետաքրքրեն նաև