Արդյունավետ նեթվորքինգի կանոններ, որոնք կօգնեն աշխատանք փնտրելիս
Նեթվորքի կամ մասնագիտական համայնքի մի մասը լինելն ընձեռում է աշխատանք փնտրելու լրացուցիչ հնարավորություններ։ Ընդլայնելով ձեր մասնագիտական շփումները՝ ոչ միայն կծանոթանաք ձեր ոլորտում նոր զարգացումներին, կներգրավվեք մասնագիտական քննարկումների մեջ, այլև կկարողանաք բացահայտել աշխատանքի նոր հնարավորություններ:
Որո՞նք են արդյունավետ նեթվորքինգի կանոնները և ինչպե՞ս դառնալ մասնագիտական ցանցի անդամ․ այս մասին է մեր այսօրվա բլոգը։
Սկսեք նպատակների սահմանումից
Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչ եք փնտրում այն մասնագիտական հանրության շրջանակներում, ուր ցանկանում եք մուտք գործել: Նախատեսո՞ւմ եք կապ հաստատել կոնկրետ ապագա գործատուի հետ: Ցանկանո՞ւմ եք հանդիպել նոր մենթորի հետ, ով կարող է աջակցել կարիերայի ուղղորդման հարցում: Ցանկանո՞ւմ եք ընդլայնել ոլորտում ծանոթ մասնագետների ցանկը։ Սահմանելով հստակ նպատակ՝ ավելի կառուցողական կլինեք ձեր շփումներում և ձեզ համար կարևոր և նպատակային հարցեր կկարողանանք տալ։
Մի մոռացեք ընկերների մասին
Շփումն այն մարդկանց հետ, ում ճանաչում ենք, միշտ ավելի հաճելի է, չէ՞ որ չկա ավելորդ անհանգստություն և լարվածություն, որը կարող է լինել նոր զրուցակցի հանդիպելիս։ Քննարկեք ընկերների հետ նրանց կարիերայի ուղիները և ոլորտում ընտրության հնարավորությունները: Ձեր զրույցը կենտրոնացնելով նրանց մասնագիտական փորձի վրա՝ կբացահայտեք նոր հեռանկարներ և գաղափարներ ձեզ համար: Միգուցե ձեր նոր մասնագիտական ուղին հենց այն կազմակերպությունում սկսելու հնարավորություն ունենաք, որտեղ այժմ ձեր ընկերներն են աշխատում։
Մասնակցեք միջոցառումների և ծանոթացեք նոր մարդկանց հետ
Թեև առցանց հարթակում նեթվորքինգը ևս հզոր գործիք է, բայց դեմ առ դեմ շփումն անփոխարինելի է: Ոլորտային միջոցառումների ընթացքում կհանդիպեք ոլորտի ներկայացուցիչների, հավաքագրողների և նոր աշխատակիցներ փնտրող ընկերությունների։ Պահպանեք կապը նոր ծանոթների հետ սոցիալական ցանցների միջոցով։ Ոլորտի զարգացումներից և նոր պահանջներից մինչև բովանդակալից անհատական զրույցներ․ ահա այն կարևոր հնարավորությունները, որոնք կունենաք այցելելով մասնագիտական միջոցառումների։
Կառուցեք նեթվորքի մատրիցա
Թիրախավորեք այն ընկերությունները, որոնցով հետաքրքրված եք, և փնտրեք մարդկանց, ովքեր աշխատում են այնտեղ։ Կառուցեք «Ով + Որտեղ» մատրիցա՝ ով է անձը և որտեղ է աշխատում։ Բազմաթիվ ընկերություններում աշխատակիցները ստանում են բոնուս՝ նոր թեկնածուի ուղղորդելու համար։ Այդպիսով նոր ծանոթությունը կարող է շահավետ լինել թե՛ ձեր և թե՛ ընկերության աշխատակցի համար։
Հետևողական եղեք
Միջոցառումներից հետո հետևողական եղեք կապը պահպանելու գործում։ Փոխանակվեք կոնտակտային տվյալներով, փորձեք գտնել նոր ծանոթներին այնպիսի սոցիալական ցանցներում, ինչպիսին LinkedIn-ն է։
Նեթվորքի կառուցումը և ընդլայնումը բարձրացնում է ձեր՝ որպես թեկնածուի տեսանելիությունը ոլորտում։ Հարաբերություններ կառուցեք այն մարդկանց հետ, ովքեր բանիմաց են և կարող են առաջնորդել և օգնել ձեզ:
Կհետաքրքրեն նաև