Ինչպես դրական տպավորություն թողնել հարցազրույցին
Հարցազրույցի ընթացքում դրական տպավորություն թողնելը կապված է մի շարք գործոնների հետ։ Հարուստ աշխատանքային փորձը և ձեռքբերումները ներկայացնելը բավական չեն լավ տպավորություն թողնելու համար։ Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք առաջին հայացքից ոչ այնքան կարևոր թվացող այն գործոններին, որոնց, սակայն, հարկավոր է ուշադրություն դարձնել հարցազրույցի ընթացքում։
Հարցազրույցի նախորդ օրը նախապատրաստեք հագուստը
Փորձեք բիզնես միջավայրին հարմար հագուստ ընտրել։ Նկատի ունեցեք նաև, որ հաճախ կախված ընկերության ոլորտից՝ այս կամ այն հանդերձանքը կարող է տեղին չլինել։ Օրինակ, մինչ ավանդական ոլորտները, ինչպիսիք են բանկային ոլորտը և ֆինանսները, հաճախ պահանջում են պաշտոնական հագուստ, շատ տեխնոլոգիական ընկերություններ չունեն որոշակի պահանջներ՝ կապված դրես կոդի հետ։
Եկեք մի փոքր շուտ
Պլանավորեք հարցազրույցի վայր հասնել նախատեսված ժամանակից մոտ 10 րոպե առաջ: Հաշվի առեք երթևեկության ծանրաբեռնվածությունը, խցանումները, որպեսզի կարողանաք հաշվարկել, թե երբ կհասնեք: Եթե այնուամենայնիվ ուշանում եք հարցազրույցից, կապ հաստատեք հավաքագրման մասնագետի հետ և տեղեկացրեք, որ անսպասելի հանգամանքների պատճառով մի փոքր կուշանաք։
Բոլորին հարգանքով վերաբերվեք
Բոլոր նրանց, ում հետ կշփվեք գործատուի տարածքում, վերաբերվեք հարգանքով՝ ավտոկայանատեղիի աշխատակիցներից մինչև ընդունարանի աշխատակիցներ: Բոլորի հետ, ում չեք ճանաչում, շփվեք այնպես, ինչպես հավաքագրման մասնագետի հետ կհաղորդակցվեիք: Նույնիսկ եթե այդ մարդիկ առնչություն չունեն հավաքագրման գործընթացի հետ, նրանց կարծիքը կարող է որոշակի ազդեցություն ունենալ գործատուի որոշման վրա:
Տվեք անկեղծ պատասխաններ
Թեև ձեր հմտություններն ու ձեռքբերումները մի փոքր ավելի մասշտաբային ներկայացնելը կարող է գայթակղիչ թվալ, սակայն հիշեք, որ ազնվությունը լավագույն մոտեցումն է: Կենտրոնացեք ձեր հիմնական ուժեղ կողմերի վրա, և այն հարցի, թե ինչու է ձեր փորձը ձեզ դարձնում լավագույն թեկնածուն տվյալ հաստիքի համար։
Պատասխանները կապեք ձեր հմտությունների և փորձի հետ
Փորձեք բոլոր հարցերին պատասխանելիս հիմնվել ձեր փորձի վրա՝ ներկայացնելով կարիերայի ընթացքում արձանագրած արդյունքների կոնկրետ օրինակներ: Օգտագործեք բոլոր հնարավորությունները աշխատանքի նկարագրության մեջ նշված պահանջներին ձեր համապատասխանությունն ընդգծելու համար։
Հակիրճ պատասխանեք հարցերին
Հիշեք, որ հարցազրույցին ձեզ հատկացված ժամանակը սահմանափակ է, ուստի տվեք հստակ պատասխաններ, որոնք կենտրոնացած են հնչած հարցի շուրջ։ Հակիրճ պատասխանները ոչ միայն հնարավորություն են տալիս արդյունավետ օգտագործել ժամանակը և հնարավորինս շատ հարցերի անդրադառնալ, այլև ցույց են տալիս ձեր հաղորդակցման հմտությունները:
Դրական մոտեցում ցուցաբերեք
Երբեք բացասական մի խոսեք նախորդ գործատուների մասին: Եթե ներկա աշխատավայրում ձեր հույսերը չեն արդարացել, պետք չէ վատաբանել գործատուին, փոխարենը կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ փորձ եք ձեռք բերել այս աշխատանքում և ինչպես եք այն կիրառելու նոր աշխատավայրում։
Կհետաքրքրեն նաև