Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
խորհուրդներ դիմորդներին

Հեռավար աշխատանք․ դրական և բացասական կողմեր

03.07.2024 | 8920 դիտում

Տնից աշխատելը կարող է գրավիչ թվալ, չէ՞ որ այլևս հարկավոր չէ ժամանակ ծախսել աշխատավայր հասնելու համար կամ մտածել աշխատանքային դրես-կոդի մասին:  Սակայն կախված ձեր նախընտրած աշխատանքային ոճից՝ նման ձևաչափը կարող է ձեզ համար ինչպես օգտակար լինել, այնպես էլ վնասակար:

 

Մեր այսօրվա բլոգում կքննարկենք հեռավար աշխատանքի դրական և բացասական կողմերը, որոնք կօգնեն ձեզ որոշել, թե արդյոք հեռավար աշխատանքը լավագույն տարբերակն է ձեզ համար։

 

 

Հեռավար աշխատանքի դրական կողմերը

 

Ավելի շատ անկախություն

Սա ենթադրում է, որ կարող եք աշխատել առավել հարմար միջավայրում՝ ինքներդ ձեզ համար ստեղծելով աշխատանքային հարմարավետ անկյուն։

 

Աշխատանքի գնալու կարիք չկա

Շատերը երկար ժամանակ են վատնում աշխատավայր հասնելու համար, ուստի ամենօրյա երթևեկությունը բացառելը կարող է նշանակել, որ դուք աշխատանքից դուրս ավելի շատ ժամանակ կունենաք՝ անձնական գործերով զբաղվելու համար։

 

Ավելի ճկուն աշխատանք

Հաճախ հեռավար աշխատանքը թույլ է տալիս ավելի ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատել, ինչը շատ հարմար է հատկապես ծնողների համար, ովքեր, օրինակ, երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց տանելու կարիք ունեն։ Շատ գործատուներ առաջարկում են, օրինակ, ժամային առումով ճկուն աշխատանքային օրվա սկիզբ։

 

 

Տարբեր երկրներում աշխատանք որոնելու հնարավորություն

Հեռավար աշխատանքի պարագայում կարևոր չէ, թե աշխարհի որ կետից եք աշխատում, հետևաբար, աշխատաշուկան ձեզ համար դուրս է գալիս ավանդական ընկալումներից և կարող եք հնարավորություններ փնտրել տարբեր երկրներում։

 

Տեխնիկական հմտությունների զարգացում

Հեռավար աշխատանքի համար հաճախ պահանջվում է օգտագործել տարբեր հավելվածներ, ինչպիսիք են առցանց հանդիպումների, հաղորդակցության և թիմային համագործակցության հարթակները: 

 

 

Հեռավար աշխատանքի բացասական կողմերը

 

Մեկուսանալու վտանգ

Սա թերևս, ամենամեծ խնդրին է հեռավար աշխատողների համար։ Շատերը մեկուսացումից խուսափելու համար փորձում են ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի հետ, իսկ ընկերություններն առաջարկում են կանոնավոր թիմային միջոցառումներ՝ խրախուսելու համար սոցիալականացումը:

 

Տանն աշխատանքային միջավայր ստեղծելու անհրաժեշտություն

Հեռավար աշխատելու համար հաճախ անհրաժեշտ են հատուկ սարքավորումներ, ինչպիսիք են ականջակալները, վեբ-տեսախցիկները կամ ծրագրերը, որոնք հարկավոր են առաջադրանքներն ու նախագծերը կատարելու համար: Գրասեղան, աթոռ և այլ կահույք ձեռք բերելը ևս ծախսեր և ջանքեր է պահանջում։

 


 

Շեղումներ տանը

Բազմաթիվ գործոններ կարող են շեղել ձեզ, ինչպիսիք են տնային գործերը, հեռուստացույցը, ընտանի կենդանիները և այլն՝ դժվարացնելով կենտրոնացումը և նպաստելով արդյունավետության և մոտիվացիայի նվազմանը: 

 

Աշխատավայրից կտրված լինելը

Հեռավար աշխատանքը երբեմն կարող է հանգեցնել ձեր և գործընկերների միջև կապի խզման: Դուք կարող եք բաց թողնել կարևոր տեղեկատվություն, քանի որ ընկերությունում ինչ-որ մեկը ձեզ չի հաղորդել այն: Համոզվեք, որ մշտական կապի մեջ եք գործընկերների հետ։

 

Չափից շատ աշխատելու վտանգ

Ավելի շատ աշխատելը կարող է գերհոգնածության հանգեցնել, ինչից խուսափելու համար հարկավոր է հստակորեն սահմանել աշխատանքային ժամանակացույցը: Որոշ մարդկանց համար կարևոր է ունենալ հատուկ աշխատանքային տարածք, որից կարող են հեռանալ, երբ աշխատանքային օրն ավարտվի:

 

Կհետաքրքրեն նաև