Հարցազրույց ինտերնշիփի համար․ 5 կարևոր հարց, որոնք պետք է տաք
Ինտերնշիփը՝ որպես կարիերան սկսելու առաջին քայլ, կարևոր է հատկապես սկսնակների համար։ Ինտերնշիփի համար հարցազրույցին լավ նախապատրաստվելը հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել ընկերությունը և մտածված որոշում կայացնել հետագայում ինտերնշիփի առաջարկն ընդունելու հարցում, ինչը կարևոր է հատկապես այն դեպքում, երբ դիմում եք անվճար ինտերնշիփի համար։ Համաձայնելով աշխատել կամավորական հիմունքներով՝ դուք պետք է վստահ լինեք, որ տվյալ կազմակերպությունում հնարավորություն ունեք ստանալ այն փորձը, որը ուզում եք և արդյունքում ձևավորել այնպիսի պորտֆոլիո, որով կկարողանաք մրցունակ շուկայում ներկայանալ գործատուներին։
Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք այն հարցերին, որոնք ցանկալի է, որ տաք հավաքագրման մասնագետին՝ ինտերնշիփի հնարավորության մասին առավելագույնս իմանալու և ձեզ համար արդյունավետ որոշում կայացնելու նպատակով։
Արդյո՞ք նախատեսում եք ուսուցանում մինչ հիմնական պարտականություններին անցնելը
Քանի որ հաճախ գործատուները նախօրոք սահմանում են ինտերնշիփի տևողությունը, կարևոր է իմանալ, թե որքան ժամանակ է հատկացվելու ուսուցմանը՝ մինչ հիմնական պարտականությունների կատարմանն անցնելը: Օրինակ, եթե խոսքը վաճառքի ոլորտում ինտերնշիփի մասին է, հնարավոր է՝ ձեզ առաջարկեն սովորել մասնագիտացված ծրագիր՝ պատվերներ մուտքագրելու համար: Եթե վերապատրաստման շրջանը երկարատև է, ապա դա կարող է ձեզ ավելի մանրակրկիտ նախապատրաստել աշխատանքին, սակայն ավելի կարճ ուսուցումը կարող է ավելի շատ ժամանակ տրամադրել գործնականում մասնագիտական զարգացման համար: Այստեղ կարևոր է հասկանալ, թե որքանով է նման ժամանակացույցը համապատասխանում ձեր կարիերայի նպատակներին։
Որո՞նք են հիմնական առօրյա պարտականությունները
Որոշ կազմակերպություններ կարող են սահմանել պատասխանատվության բարձր մակարդակ, իսկ մյուսները կարող են խնդրել ձեզ միայն պատասխանել հեռախոսազանգերին։ Հնարավորինս շուտ իմանալը, թե կոնկրետ ինչ աշխատանք եք անելու, կօգնի ձեզ հասկանալ, թե արդյոք տվյալ հնարավորությունը համապատասխանում է ձեր հմտություններին և հետաքրքրություններին, թե դուք իրականում այլ բան եք փնտրում:
Ի՞նչ հատկանիշներ եք կարևորում ինտերնի համար այս պաշտոնում
Անձնական հատկանիշները կարևոր են որոշելու համար, թե արդյոք կկարողանաք արդյունավետ գործունեություն ծավալել։ Այս հարցը նաև ցույց կտա հարցազրուցավարին, որ դուք ցանկանում եք հասկանալ, թե արդյոք կկարողանաք արդարացնել ընկերության ակնկալիքները: Հարցազրուցավարի պատասխանը նաև պատկերացում կտա աշխատակցի կատարողականության և վարքագծի համար ընկերության կողմից սահմանված չափանիշների մասին:
Ի՞նչ մարտահրավերների են ամենից հաճախ բախվում ինտերններն այս պաշտոնում
Ինտերնշիփի նկարագրությունում ոչ միշտ է նշվում, թե ինչպիսի դժվարություններ կարող են առաջանալ աշխատանքի ընթացքում։ Հարցնելով պաշտոնի հետ կապված մարտահրավերների մասին՝ դուք ամբողջական պատկերացում կկազմեք ձեր պաշտոնի վերաբերյալ։ Այս հարցը նաև ցույց է տալիս, որ պատրաստ եք մարտահրավերներ ընդունել և հաղթահարել դրանք։
Ի՞նչ ռեսուրսներ եք տրամադրում՝ ինտերններին աշխատանքի ընթացքում օգնելու համար
Իմանալով, թե ինչ ռեսուրսներ է տրամադրում ընկերությունը, կհասկանաք, թե ինչպես կարող եք լավագույնս օգտագործել ձեր ժամանակն ինտերնշիփի ընթացքում: Դա նաև կօգնի հասկանալ, թե գործատուն որքանով է պատրաստ աջակցել ինտերններին։ Գործատուն, որը հաջողելու համար կտրամադրի անհրաժեշտ գործիքակազմ և խորհրդատվություն, լավագույնս կնախապատրաստի ձեզ կարիերայում առաջընթացի։
Ինչպիսի՞ն է ընկերության մշակույթը
Ընկերության մշակույթը և արժեքները ձևավորում են աշխատանքային միջավայրը: Ընկերության մշակույթի մասին պատկերացում կազմելը կօգնի հասկանալ, թե որքանով է այն համապատասխանում ձեր անձին և արդյոք ինտերնշիփի ընթացքը ձեզ համար արդյունավետ կլինի: Օրինակ, այնպիսի միջավայրում, որտեղ թիմային աշխատանքը մեծ նշանակություն ունի, դուք, ամենայն հավանականությամբ, ավելի շատ բան կսովորեք։
Ինտերնշիփի ավարտից հետո կա՞ հիմնական աշխատանքի անցնելու հնարավորություն
Ինտերնշիփից հետո աշխատանքի առաջարկի հնարավորությունը կարող է որոշիչ գործոն լինել, երբ հերթը հասնի տարբեր առաջարկների միջև ընտրություն կատարելու հարցին։ Այս հարցի միջոցով ցույց եք տալիս, որ լրջորեն եք տրամադրված և պատրաստ եք երկարաժամկետ համագործակցության ընկերության հետ։
Կհետաքրքրեն նաև