Ուղեկցող նամակ գործատուին․ ինչ գրել ռեզյումե ուղարկելիս
Աշխատանքի համար դիմելիս ամենակարևորը նախ և առաջ լավ կազմված ռեզյումեն և մոտիվացիոն նամակն են։ Պակաս կարևոր չէ, սակայն, նաև ուղեկցող նամակը, որին կցում եք վերջիններս։ Ուղեկցող նամակի տեքստն իրականում գործատուի հետ ձեր շփման առաջին կետն է, և կարևոր է, որպեսզի առաջին տպավորությունը դրական լինի։
Մեր այսօրվա բլոգում կանդրադառնանք ուղեկցող նամակի տեքստին, կքննարկենք, թե այն ինչ պետք է ներառի և կդիտարկենք օրինակ, որը կօգնի ձեզ, երբ ինքներդ աշխատանքի համար դիմելիս գրեք ձեր նամակը։
Ուղեկցող նամակը հնարավորություն է տալիս արտահայտել ձեր հետաքրքրությունը հաստիքի նկատմամբ և ներկայացնել դիմումի նյութերը: Այն կարող է ներառել հակիրճ ներածություն, աշխատանք փնտրողի որակավորումների վերաբերյալ նշումներ, պաշտոնի նկատմամբ հետաքրքրության ընդգծում, ինչպես նաև հղումներ՝ ռեզյումեին կամ պորտֆոլիոյին, եթե դրանք առցանց են հասանելի։
Թեև աշխատանքի դիմումները հաճախ ներկայացվում են առցանց, օրինակ՝ ընկերությունների կայքերում, սակայն այն դեպքում, երբ ձեզ խնդրում են էլեկտրոնային հասցեի ուղարկել ձեր ռեզյումեն, ապա նամակի դաշտը պետք չէ դատարկ թողնել։
Ինչո՞ւ է հարկավոր ուղեկցող նամակ՝ աշխատանքի դիմելիս
Նամակի միջոցով ցույց եք տալիս, որ փորձառու մասնագետ եք, ով լրջորեն է տրամադրված աշխատանքի հարցում: Դա խոսում է նաև ձեր հաղորդակցման հմտությունների մասին, վկայում, որ տիրապետում եք պրոֆեսիոնալ նամակագրությանը, կարողանում եք գրել պարզ և հակիրճ ձևով: Այս կարճ նամակը հիմք է ստեղծում ապագա հաղորդակցության համար։
Ի՞նչ գրել նամակում
Մի քանի պարզ քայլերով դուք կարող եք ստեղծել պրոֆեսիոնալ և ազդեցիկ հաղորդագրություն, որը կօգնի ձեզ առանձնանալ որպես ուժեղ թեկնածու: Ստորև բերված մի քանի խորհուրդները կօգնեն ձեզ այդ գործում։
✔ Օգտագործեք հստակ նշում թեմայի դաշտում (subject line): Նշեք հաստիքի անվանումը, որին դիմում եք և ձեր անունն ու ազգանունը։
✔ Դիմեք հասցեատիրոջը, օրինակ, «Հարգելի [մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի անունը]»։ Եթե կոնտակտային անձի անունը նշված չէ աշխատանքի նկարագրության մեջ, օգտագործեք ընդհանուր դիմելաձև, ինչպիսին է X ընկերության հարգելի ՄՌԿ թիմ»։
✔ Սկսեք ներածությունից։ Սկսեք նամակը ձեր մասին հակիրճ ներկայացմամբ, ներառյալ ձեր անունը և պաշտոնը, որի համար դիմում եք: Օգտագործեք առաջին պարբերությունը նշելու համար ձեր նպատակը։ Արտահայտեք ձեր հետաքրքրությունը պաշտոնի նկատմամբ։
✔ Նամակի հիմնական մասում ընդգծեք ձեր համապատասխան որակավորումները, փորձառությունները և հմտությունները, որոնք ձեզ դարձնում են լավագույն թեկնածուն պաշտոնի համար: Կարող եք նաև ներառել ձեր առցանց պորտֆոլիոյի հղումը:
✔ Ավարտեք նամակը՝ շնորհակալություն հայտնելով գործատուին տրամադրված ժամանակի և ձեր դիմումը դիտարկելու համար: Արտահայտեք ձեր պատրաստակամությունը լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու հարցում:
✔ Կցեք անհրաժեշտ նյութերը, օրինակ՝ ռեզյումեն և մոտիվացիոն նամակը։
Նամակի օրինակ
Դիտարկենք նամակի մի տարբերակ։
Թեմա՝ [Հաստիքի անվանումը], [Ընկերության անվանումը] - [Ձեր անունը]
Հարգելի [ՄՌԿ մասնագետի անունը կամ ընդհանրական դիմելաձև],
Ուրախ եմ դիմել [հաստիքի անվանումը] պաշտոնի համար [ընկերության անվանումը]-ում: Որպես միջին մակարդակի մասնագետ, ով ունի [X տարվա] փորձ [ոլորտում], վստահ եմ, որ իմ հմտություններն ու փորձառությունն ինձ դարձնում են ուժեղ թեկնածու այդ պաշտոնի համար:
Ներկայիս աշխատավայրում ես կատարելագործել եմ իմ հմտությունները [թվարկեք, թե որոնք և որ ոլորտում]-ում, որը, կարծում եմ, արժեքավոր կլինի ձեր թիմի համար: Ինձ հատկապես գրավում է ձեր կազմակերպության հեղինակությունը և դիրքը շուկայում, և ես ուրախ կլինեմ իմ փորձառությունը ներդնել ընկերության նպատակներին հասնելու գործում:
Ունեմ նաև [հարակից հմտություններ], որոնք կարող եմ կիրառել նաև այս պաշտոնում աշխատելիս:
Կից ուղարկում եմ իմ ռեզյումեն և ուղեկցող նամակը։ Շնորհակալություն եմ հայտնում իմ դիմումը դիտարկելու համար։ Անհամբեր սպասում եմ ձեր պատասխանին։
Հարգանքով՝
[Ձեր անունը]
[Հեռախոսի համարը]
[Էլեկտրոնային փոստը]
Կհետաքրքրեն նաև