Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Խորհուրդներ դիմորդներին

Երբ հարցեր տալու հերթը ձերն է․ ի՞նչ հարցնել հարցազրույցի ավարտին

09.06.2023 | 2813 դիտում


Գրեթե յուրաքանչյուր հարցազրույցի ավարտին հավաքագրման մասնագետը կհետաքրքրվի, թե արդյոք ունեք հարցեր: Թեև միանշանակ խրախուսելի է մի քանի հարց տալը, սակայն հարկավոր է լինել շրջահայաց և խուսափել այնպիսի հարցերից, որոնք ոչ միայն չեն օգնի ձեր մասին դրական տպավորություն ձևավորել, այլև կվնասեն՝ դառնալով, նույնիսկ, գործատուի կողմից ձեր թեկնածությունը դիտարկելուց հրաժարվելու պատճառ։ 

 

Նման դեպքում հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու նպատակով միգուցե նախընտրեք ընդհանրապես հարցեր չտալ։ Այդպիսով, սակայն, զրուցակիցներին կարող է թվալ, թե հետաքրքրված չեք աշխատանքով։ Բացի այդ, ինքներդ բաց կթողնեք ճշգրտումներ անելու ձեր հնարավորությունը, ինչի արդյունքում ստացած տեղեկատվությունը կարող էր վճռական լինել որոշում կայացնելու գործում։

 

Մեր բլոգի նպատակն է օգնել ձեզ՝ ճիշտ հարցեր տալու միջոցով մյուս թեկնածուներից առանձնանալ և մեծացնել աշխատանքի առաջարկ ստանալու հավանականությունը։ Այսպիսով, ինչո՞ւ է կարևոր հարցազրույցի ավարտին հարցեր տալը, ի՞նչ հարցնել և ինչպե՞ս, ինչպիսի՞ հարցերից խուսափել․ ոչ միայն այս հարցերի պատասխանը, այլև նախընտրելի հարցերի օրինակները՝ ստորև։


 

Ինչո՞ւ է կարևոր հարցեր տալը

Հարցեր տալու միջոցով դուք կարող եք․

✓ ցույց տալ, որ հետաքրքրված եք,

✓ մանրամասն պատկերացում կազմել աշխատանքի մասին, 

✓ հասկանալ՝ արդյո՞ք աշխատանքը տվյալ կազմակերպությունում համապատասխանում է ձեզ,

✓ դրական հարաբերություններ կառուցել հավաքագրման թիմի հետ։

 

Ինչպիսի՞ հարցեր տալ

Մինչ հարցազրույցին ներկայանալը պատրաստեք հարցերը, որոնք կցանկանայիք տալ։ Ձեր հարցերը կարող են վերաբերվել ընկերությանը, թափուր հաստիքին և վերջինիս համար ձեր թեկնածության դիտարկմանը։

 

Ընկերության վերաբերյալ հարցեր

Այս հարցերը տվեք ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով։

 

Ինչպե՞ս կբնութագրեք ընկերության մշակույթը։

Այս հարցով ցույց եք տալիս հարցազրուցավարին, որ կարևորում եք ձեր՝ որպես թիմակցի համապատասխանությունը կազմակերպության մշակույթին։

 

Ինչպե՞ս եք պատկերացում ընկերության զարգացումը հաջորդ մի քանի տարվա ընթացքում:

Ապագայի համար ընկերության տեսլականի մասին տեղեկանալը և զարգացման միտումներին ծանոթանալը կօգնի գնահատել սեփական մասնագիտական աճի հնարավորությունները։

 

Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա աշխատակիցը, որպեսզի ձեր կազմակերպության տեսանկյունից նա համարվի լավ աշխատող։

Այս հարցի միջոցով կհուշեք հարցազրուցավարին, որ հաջողության հասնելու հարցում վճռական եք տրամադրված և ցանկանում եք հաջողության մասին ձեր պատկերացումները համեմատել ընկերության մոտեցման հետ՝ վստահ լինելու համար, որ կարդարացնեք հույսերն ընկերությունում աշխատելիս:

 

Ներկայումս ինչպիսի՞ մարտահրավերների առաջ է կանգնած ընկերությունը։ Մարտահրավերների մասին հարցնելը կարող է հուշել, որ դուք կենտրոնանում եք խնդիրների վրա և պատրաստ եք, հասկանալով, թե որ ոլորտներում են առկա մարտահրավերներ, ձեր հմտություններն օգտագործելով` առաջարկել լուծումներ։

 

Ձեր կարծիքով՝ ի՞նչն է խրախուսում աշխատակիցներին մնալ այս ընկերությունում։

Այս հարցը կարող է օգնել ձեզ ավելի լայն պատկերացում կազմել ընկերության մշակույթի և նրա արժեքների մասին, ինչպես նաև, թե արդյոք այն առավելությունները, որոնք տալիս է ընկերությունը, ձեզ համար ևս կարևոր նշանակություն ունեն։

 

 

Թափուր հաստիքի վերաբերյալ հարցեր

Նման հարցերը ձեզ կօգնեն աշխատանքի մասին համապարփակ պատկերացում կազմել, իսկ գործատուին ցույց կտան, թե ինչն եք կարևորում աշխատանքում։

 

Ի՞նչ եք կարծում, ո՞րն է այս աշխատանքի ամենադժվար կողմը։

Ցանկացած աշխատանքում կարող են լինել մարտահրավերներ, և այսպիսի հարց տալով դուք հաստատում եք, որ պատրաստ եք որոնել դժվարությունների հաղթահարման ուղիներ։

 

Ինչպիսի՞ն է այս հաստիքի համար իդեալական թեկնածուն։

Սա ցույց է տալիս, որ դուք փորձում եք համեմատել ձեր հմտությունների և մասնագիտական որակների համապատասխանությունը աշխատանքին։

 

Այս պաշտոնում հաջողության հասնելու համար պահանջվող տեխնիկական հմտություններից բացի, ձեր կարծիքով ինչպիսի՞ փափուկ հմտություններ են անհրաժեշտ։

Միշտ չէ, որ աշխատանքի նկարագրության մեջ նշվում են այն բոլոր հմտությունները, որոնք գործատուն ցանկանում է տեսնել տվյալ հաստիքում աշխատող մասնագետի մոտ։ Բացի այդ, կախված նրանից, թե ինչպիսի հմտություններ կկարևորի գործատուն, կարող եք պատկերացում կազմել կազմակերպության մշակույթի և արժեքների մասին:

 

Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս պաշտոնը ստանձնողից նրա աշխատանքի առաջին 1-2 ամսվա ընթացքում:

Որքան ավելի շատ իմանաք հաջողության հասնելու ակնկալիքների և չափանիշների մասին, այնքան ավելի հեշտ կլինի ձեր որակավորումները հարմարեցնել` հաստիքի համար ձեր թեկնածության համապատասխանությունն ընդգծելու նպատակով:

 

Կարո՞ղ եք մանրամասնել այս հաստիքում աշխատող անձի առօրյա պարտականությունները:

Եթե դիմում եք բազմաֆունկցիոնալ հաստիքի համար և աշխատելու եք մեծ թիմի կազմում, այս հարցը կօգնի պատկերացում կազմել ամենօրյա աշխատանքի բնույթի մասին։ Այդպիսով կհասկանաք աշխատանքի այն կողմերը, որոնք աշխատանքային պարտականությունների մեջ նշված էին ընդհանրական ձևով։ Արդյունքում կկարողանաք որոշել՝ արդյո՞ք այդ աշխատանքը ձեզ համար է։

 

Ձեր թեկնածության հետ կապված հարցեր

Ինչպիսի՞ ժամանակահատվածում եք նախատեսում տեղյակ պահել արդյունքների մասին։

Այս հարցը կարևոր է տալ՝ իմանալու համար, թե որոնք են լինելու հարցազրույցին հաջորդող քայլերը։ Դա ձեզ նաև հնարավորություն կտա հասկանալու, թե երբ ինքներդ կապ հաստատեք գործատուի հետ` պատասխան չստանալու դեպքում։ Իսկ թե ինչ անել և ինչպես կապ հաստատել գործատուի հետ հարցազրույցից հետո նշված ժամանակահատվածում պատասխան չստանալու պարագայում, կարդացեք մեր բլոգում։

 

Կա՞ ինչ-որ բան, որը իմ կողմից պարզաբանման կամ մանրամասնելու կարիք ունի։ 

Հավաքագրման մասնագետը կգնահատի թե՛ ռեզյումեում և թե՛ հարցազրույցի ընթացքում ձեր հաղորդած տեղեկատվության հետ կապված լրացուցիչ հարցերի պարզաբանման պատրաստակամությունը։

 

 

Ինչպիսի՞ հարցեր չտալ

Կան թեմաներ, որոնց վերաբերյալ հարցազրույցի ընթացքում հարցեր տալը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր թեկնածության դիտարկման վրա։

 

Աշխատավարձ և բոնուսներ։ Նախնական հարցազրույցի ժամանակ սովորաբար տեղին չէ հարցնել աշխատավարձի և առավելությունների մասին: Նման հարցերը սովորաբար քննարկվում աշխատանքի առաջարկ ստանալու փուլում։

 

Հարցեր, որոնց արդեն պատասխանել են։ Պետք չէ հարցնել ուղղակի ինչ-որ բան հարցնելու համար։ Եթե հարցազրույցի ընթացքում արդեն իսկ անդրադարձել են ձեր հարցին, ապա խուսափեք կրկնությունից։ 

 

Քննադատական հարցեր։ Խուսափեք ընկերության, նրա մշակույթի կամ աշխատակիցների մասին քննադատական հարցեր տալուց: Փոխարենը կենտրոնացեք կառուցողական և դրական հարցերի վրա, որոնք ընդգծում են ձեր հետաքրքրությունը ընկերության նկատմամբ:

 

Հարցեր, որոնք ցույց են տալիս, որ չեք պատրաստվել։ Մի տվեք այնպիսի հարցեր, որոնց պատասխանները կարող էիք հեշտությամբ գտնել մինչև հարցազրույցի գալը, օրինակ կազմակերպության գործունեության և առաքելության մասին տեղեկատվությունը կգտնեք նրանց կայքում, հետևաբար այդ մասին հարցնելով՝ խոստովանում եք, որ չեք ուսումնասիրել կազմակերպության գործունեությունը։ Ցույց տվեք, որ ժամանակ եք հատկացրել՝ կազմակերպության գործունեությանը և ոլորտին ծանոթանալու համար:

 

Ինչպե՞ս ձևակերպել հարցերը

Վերևում ներկայացված հարցերը ձեզ կուղղորդեն, իսկ հետևյալ խորհուրդները կօգնեն համոզվել, որ ճիշտ հարցեր եք տալիս։

 

✓ Տվեք, այսպես կոչված, բաց հարցեր։ Խոսքն այնպիսի հարցերի մասին է, որոնց պատասխանները պահանջում են ավելին, քան պարզապես «այո»-ն կամ «ոչ»-ը։

✓ Խուսափեք այնպիսի հարցեր տալուց, որոնք չափազանց երկար պատասխան են պահանջում։

✓ Մինչ հարցազրույցը նախապատրաստեք մինչև 10 հարց, որպեսզի կարողանաք ընտրել ամենահարմարները՝ ըստ զրույցի ընթացքի:

✓ Փորձեք 3-ից ավելի հարց չտալ:

✓ Եթե ձեր բոլոր հարցերի պատասխաններն արդեն իսկ հնչել են հարցազրույցի ընթացքում, ապա նշեք, որ հարցազրույցի ընթացքում ստացել եք այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք ցանկանում էիք տալ։

 

Հարցազրույցի ընթացքում ձեր բոլոր ջանքերն ուղղված են հավաքագրման մասնագետին համոզելու, որ հենց դուք եք այն մասնագետը, ում հետ ընկերությունն արդյունավետ ճանապարհ կանցնի։ Հարցազրույցի ավարտին լավ մտածված հարցեր տալը ևս մեկ հնարավորություն է հավաքագրման թիմի մոտ դրական տպավորություն թողնելու համար։ 

 

Սա երկուստեք օգտակար է թե՛ ձեզ և թե՛ գործատուի համար․ քանի որ դուք կարող եք հասկանալ, թե արդյոք աշխատանքը համապատասխանում է ձեր կարիերայի նպատակներին և ձգտումներին, իսկ գործատուին ձեր հարցերը լրացուցիչ հուշումներ կտան ձեր մասնագիտական և անհատական հատկանիշների մասին։ Կախված նրանից, թե ինչպիսի հարցերի եք առաջնահերթություն տալիս՝ գործատուն ավելի լավ կճանաչի ձեզ՝ հասկանալով, թե ընկերության և աշխատանքի հետ կապված ինչն եք կարևորում։


 

Կհետաքրքրեն նաև